Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շարունակում է փայլուն ու վստահ հանդես գալ Չեննայում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայում:
Այսօր հայ շախմատիստները 2,5:1,5 հաշվով առավելության են հասել Հնդկաստանի ընտրանու նկատմամբ:
3 դիմակայություն՝ Հրանտ Մելքումյան-Վիդիթ Սանթոշ, Սամվել Տեր-Սահակյան-Արջուն Էրիգայսի եւ Ռոբերտ Հովհաննիսյան-Նարայանան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Ամենավերջինն իրենց պարտիան առաջին խաղատախտակին ավարտել են Գաբրիել Սարգսյանն ու Պենտալա Հարիկրիշնան: Հայ գրոսմայստերը համառ պայքար է ծավալել ու Հայաստանի ընտրանուն բերել կարեւոր հաղթական միավոր:
Հայաստանը 15 միավոր ունի ու առաջատարն է, այն 1 միավորով գերազանցում է Հնդկաստանի 2-րդ թիմին ու Ուզբեկստանին:
Համաշխարհային Օլիմպիադայի ավարտին մնացել է 3 տուր, վերջին պարտիաները կայանալու են օգոստոսի 9-ին:




















