Դեկտեմբեր 26, 2024
3306 դիտում

Լեւոն Արոնյան. Մեր պարտականությունն է պաշտպանել հայ ազգը


Լուսանկարը` Անձնական արխիվից


Լեւոն Արոնյանը համոզված է, որ իրենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչները, պետք է միավորվեն եւ միմյանց կապեն ազգերը:

«Ես մեծ հարգանք ունեմ ադրբեջանցի շատ շախմատիստների, երաժիշտների, մարդկանց հանդեպ: Պատճառը, որ ես չեմ կարողանում լռել այն է, որ իմ երկիրը ենթարկվում է հարձակման ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից: Սա ինձ համար անհավատալի երեւույթ է, քանի որ գրեթե յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ընդունել է 1915-1918 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը, որի հետեւանքով սպանվեց մոտ մեկուկես միլիոն հայ:

Օրինակ բերեմ: Պատկերացնենք, որ 1960-ականներին իսրայելա-պաղեստինյան պատերազմի ընթացքում Գերմանիան զորք ուղարկեր Իսրայելի դեմ կռվելու, ապա Գերմանիայի նախագահը հայտարարեր, որ հրեական ժողովրդին հարկավոր է դաս տալ: Սյուրռեալիստական է չէ՞: Այսպիսով, նվազագույնը, որ ես կարող եմ անել նման իրավիճակում, իրազեկելն ու իմ ժողովրդին ամեն ինչով աջակցելն է:

Չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչպես է սկսվել մեր երկրների միջեւ թշնամանքի զգացումը: 1980-ականների վերջին Սումգայիթում եւ Բաքվում հայ բնակչության ջարդեր տեղի ունեցան, ինչից հետո շուրջ 250 հազար հայեր թողեցին եւ հարգված ու հաջողակ մարդկանցից վերածվեցին փախստականի:

Ցավոք, պատերազմական ոճրագործություններ եղան երկու կողմից էլ: Սա ինձ համար այս պահին կարեւոր չէ: Պարզապես ես մի բան գիտեմ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի խելամիտ մարդիկ հանդիպում են, ավելի շատ հասկացվածություն եւ հարգանք է լինում, քան այն, ինչ տեսնում ենք առցանց հարթակում:

Եվ խնդրում եմ, ինձ մի ասեք, թե հնարավոր չեն լուծումներ բանակցությունների միջոցով: Յուրաքանչյուր երկխոսություն փոխադարձ հարգանքի կարիք ունի, որպեսզի չվերածվի պարզապես երկու մենախոսության:

Ես աննկարագրելի տխրում եմ, երբ նոր-նոր կյանք սկսած երիտասարդները զոհվում են պատերազմի պատճառով: Ամեն անգամ, երբ նման բան է պատահում, մտածում եմ, որ եթե ես զոհվեի պատերազմում, կիմանայի որ հացրել եմ ապրել, ժամանակ եմ ունեցել հաջողությունների հասնել:

Ես այդ ցավը զգում եմ յուրաքանչյուր զինվորի ու քաղաքացիական անձի ծնողների համար:

Ես գիտեմ, որ այս աշխարհից հեռանալու եմ հպարտությամբ, եթե ես, իմ ընկերները, իմ ապագա երեխաները կարողանանք պաշտպանել մեր ազգը: Դա մեր պարտականությունն է, եւ որպես հին ազգ, մեր գոյության համար պարտական ենք հերոսներին, ովքեր եղել են մեզնից առաջ եւ օգնել մեզ գոյատեւել որպես ազգ:

Թող Աստված խաղաղություն եւ բարգավաճում բերի բոլորիս»:

Հովհաննես Մելքունյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին