Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նամակ է ուղարկել ՖԻԴԵ Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանին Թուրքիայում ընթացող միջազգային մրցաշարից հեռացնելու վերաբերյալ հիմնավորումներ ստանալու պահանջով:
Հայրապետյանը ընդունել է Գեւորգյանին եւ նրան ներկայացրել այն նամակը, որն ուղարկել է ՖԻԴԵ:
Թուրքիայում այս օրերին ընթանում է Sivas Buruciye մրցաշարը, որին հրավիրել էին մասնակցելու նաեւ Գեւորգյանին: Սակայն մեկնարկից մի քանի օր առաջ կազմակերպիչներից Մուսթաֆա Էրօղլուն Գեւորգյանին հայտնել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները հրաժարվում են մասնակցությունից:
Պատճառն այն է, որ նույն մրցաշարում պետք է հանդես գա նաեւ հայ շախմատիստուհին: Գեւորգյանն այլեւս հնարավորություն չի ունեցել մեկնելու, քանի որ ծախսերը պետք է հոգար հրավիրող կողմը, որն էլ, հրաժարվել է:
«Հերթական անգամ առերեսվում ենք սպորտի մեջ ռասիզմի ու արմենոֆոբիայի դրսեւորման խիստ դատապարտելի երեւույթին: Շախմատային մրցաշարը ոչ թե Ադրբեջանում է անցկացվում, այլ երրորդ երկրում՝ Թուրքիայում: Փաստացի, ադրբեջանական կողմը ճնշում է գործադրել՝ առաջնորդվելով ռասիստական հռետորաբանությամբ:
Դիմում եմ Շախմատի միջազգային ֆեդերացիային ուսումնասիրել ստեղծված իրավիճակը եւ տրամադրել պատասխաններ: Դատապարտող հայտարարություններն այլեւս չեն կարող վերականգնել մեր մարզուհու մասնակցությունը մրցաշարին ու արդեն իսկ անդրադարձել են նրա բարոյահոգեբանական վիճակի վրա, սակայն կարող են թույլ տալ խուսափել ռասիստական ու այլատյացության հետագա դրսեւորումներից»,-գրել է Հայրապետյանը նամակում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: