Լեւոն Արոնյանն արդեն 7-րդ տարին է մասնակցում է «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» միջոցառմանը, որի ժամանակ նա շախմատային սեանս է անցկացնում:
Այս անգամ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը նրա մրցակիցները ներառական կրթություն իրականացնող դպրոցների աշակերտներն էին: Միջոցառման կազմակերպիչը «Հույսի կամուրջ» ՀԿ-ն էր:
Լեւոն Արոնյան
Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի համար կարեւոր է լավ գործ անելը: Պետք է բոլորին հավասար ապրելու հնարավորություն տանք, մեր երկրում սա ամենակարեւոր քայլերից պետք է լինի, որի համար պետք է աշխատենք բոլորս:
Ինձ համար նշանակություն չունի մրցակիցս ունի՞ հաշմանդամություն, թե ոչ, դա է պատճառը, որ ես հոգեբանորեն դժվարություն չեմ ունենում: Շախմատն այն մարզաձեւերից է, որը խրախուսում է հավասարությունը, խաղալու համար շատ բան հարկավոր չէ, ուղղակի պետք է երեխան ցանկություն ունենա: Շախմատը մտերմացնում է մարդկանց:
Միշտ փորձում եմ գտնել լավագույն քայլը: Ես ամբողջ ուժով եմ խաղում, ինչը երեխաներին ոգեւորում է, ու նրանք ձգտում են իմ դեմ լավ խաղալ:
«Հույսի կամուրջի» նախագահ Սուսաննա Թադեւոսյան
Լեւոնից անչափ շնորհակալ ենք, որ այս տարիների ընթացքում մեզ հետ քարոզում է բոլորի համար հավասար հնարավորություններ եւ իր հեղինակությամբ փոխում է շատ մարդկանց մտածելակերպ հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ:
«Հույսի կամուրջն» այս տարի դառնում է 20 տարեկան: Մենք մեր բոլոր աջակիցների ու Լեւոնի պես մարդկանց շնորհիվ կարողացել ենք շատ բաներ փոխել մեր երկրում՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցող մարդկանց: Մենք չենք կարող հանգիստ ապրել ու վայելել ամեն ինչ, եթե մեր կողքին կան հաշմանդամություն ունեցողներ, ովքեր զրկված են տեղաշարժվելու կամ կրթություն ստանալու իրավունքից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: