Լեւոն Արոնյանը մի քանի օրից մեկնարկելու է Մոսկվայում կայանալիք հավակնորդների մրցաշարում: Նա խոստովանել է, որ սիրում է այդ մրցաշարը, որում հաղթում է միայն ուժեղագույնը: Չի թաքցրել նաեւ, որ շատ է ցանկանում Աշխարհի չեմպիոն դառնալ:
«Սովորաբար հենց սկզբից լավ խաղ ցույց տվողն էլ կարողանում է վերջում հաղթանակի հասնել: Կարծում եմ՝ ոչ մի պատահական մարդ դեռեւս չի կարողացել թագի համար պայքարելու իրավունք ձեռք բերել»,- sport-express.ru-ին ասել է հայ շախմատիստը:
Արոնյանն ընդգծել է, որ ուզում է ամեն տեղ լավագույնը լինել ու հիմա վճռական քայլն անելու ճիշտ ժամանակն է:
Վերջերս նա հանդես էր եկել Ցյուրիխի մրցաշարում, որտեղ ելույթն ավարտել էր 5-րդ տեղում: Շախմատիստը հասկացել է, որ դեռ հեռու է իր մարզական ու հոգեբանական լավագույն վիճակից. «Երբ վատ ես խաղում, երբեք էլ չես կարող գոհ լինել քեզանից: Հավակնորդների մրցաշարից առաջ պետք է աշխատել ու շտկել բոլոր թերությունները: Անգհրաժեշտ է ոչ միայն ֆիզիկապես պատրաստ լինել, այլ նաեւ շախմատային տեսանկյունից»:
Արոնյանը նշել է, որ իր բախտը բերել է հավակնորդների մրցաշարում ընդգրկվելու համար, թեեւ չի կարծում, որ արժանի է եղել դրան:
«Ես բարի մարդ եմ, ու այդ է պատճառը, որ ինքս ինձ լիցքավորելու կարիք եմ ունենում: Ափսոս, որ Լեոպոլդի մուլտֆիլմի պես կատաղեցնող դեղ չկա: Ես ամբողջ ուժով փորձում եմ կատաղել ինձ, մրցակիցներիս ու շուրջս կատարվող ամեն ինչի վրա, սակայն չի ստացվում, քանի որ դա հատուկ չէ ինձ: Իսկ շախմատում կարեւոր է այդ գործոնը»,- ասել է նա:
Հավակնորդների մրցաշարը կայանալու է մարտի 11-28-ը Մոսկվայում: Առաջին տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Անիշ Գիրին (Հոլանդիա):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: