Հայազգի բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանի թիմը Հայաստանում մենամարտ կազմակերպելու համար ժամանել էր Երեւան:
Mediamax Sport-ի թղթակիցը հանդիպել է բռնցքամարտիկի եւ նրա թիմի ներկայացուցիչների հետ եւ փորձել պարզել մենամարտի հետ կապված տարբեր մանրամասներ:
«Մենք հանդիպել ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նրանք իրար հետ պետք է բանակցեն, հուսանք, որ կկարողանանք մենամարտը կազմակերպել Հայաստանում: Մի քանի օրից ամեն ինչ հստակ կլինի»,- ասել է Միսկիրտչյանի մամուլի խոսնակ Ֆելիքս Փայտյանը:
Միսկիրտչյանը վերջին մենամարտում հաղթանակ է տոնել եւ իրավունք ստացել IBF վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար հանդիպել Եվգենի Գրադովիչի հետ:
Ըստ Միսկիրտչյանի մենեջեր Ալան Վանակերի, հիմա դեռ ոչինչ պարզ չէ, ու շարունակում են մենամարտի հետ կապված աշխատանքներ տանել:
«Միսկիրտչյան- Գրադովիչ հանդիպումը պետք է կայանա չորս ամսվա ընթացքում, սակայն դեռ հստակություն չկա, թե որտեղ կամ երբ կլինի: Ամեն ինչ բանակցությունների փուլում է»,- նշել է Վանակերի:
Ըստ նրա, Հայաստանում մենամարտ անցկացնելը նաեւ կզարգացնի պրոֆեսիոնալ բռնցքամարտը մեր երկրում. «Պրոֆեսիոնալ բռնցքամարտն Ամերիկայից արդեն դուրս է եկել ու այլ երկրներում էլ է տարածվում: Հովանավորներ ունենալով՝ ինչո՞ւ այն չզարգացնել նաեւ Հայաստանում»:
Եթե Միսկիրտչյան- Գրադովիչ մենամարտը կայանա Հայաստանում, ապա այն չի լինի օրվա միակ հանդիպումը, բռնցքամարտի երեկոյի կազմակերպիչները ցանկանում են նաեւ այլ հայտնի մարզիկների հրավիրել:
«Որպեսզի հեռուստատեսությունը հետաքրքրված լինի, պետք է կազմակերպել լավ երեկո, իսկ դրա համար նաեւ լավ բյուջե է պետք: Ինձ համար հիմա կարեւորն Ալեքսի մենամարտը կազմակերպելն է, սակայն երեկոյին կփորձենք հրավիրել, ինչու ոչ, նաեւ Արթուր Աբրահամին: Մնում է գտնենք լավ հովանավոր»,- եզրափակել է հայ բռնցքամարտիկի մենեջերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: