Ապրիլ 25, 2025
exclusive
208 դիտում

ՉԼ․ 4 թիմ, 4 ոճ, 4 մարտավարություն եւ միայն 2 ուղեգիր․ ով կանցի եզրափակիչ


Լուսանկարը` dailysabah.com

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Եվրոպայի լավագույն չորս ակումբներն արդեն հայտնի են՝ «Արսենալ», «ՊՍԺ», «Բարսելոնա» եւ «Ինտեր»։ Թիմերից յուրաքանչյուրն ունի իր ուրույն ոճը եւ մարտավարությունը, եւ կիսաեզրափակիչները դառնալու են հմտության, տոկունության, տակտիկական վարպետության եւ փորձի թեժ հակամարտություններ։

«Արսենալ» vs «ՊՍԺ»

«Արսենալ»․ Մադրիդի «Ռեալ»-ի հետ խաղում լոնդոնցիները ցույց տվեցին հասուն եւ հավասարակշռված խաղ՝ ոչ մի շանս չտալով Անչելոտիի սաներին։ Միկել Արտետայի «Արսենալը» կառուցված է 4-3-3 դասավորության շուրջ կեղծ 9 համարով՝ շեշտը դնելով դիրքային խաղի եւ բարձր պրեսինգի վրա։ Եզրային պաշտպանները (Լեւիս-Սկելլի եւ Տիմբեր) ստեղծում են թվային առավելություն կենտրոնում։ Դաշտի կենտրոնում Ռայսը, Օդեգորդը եւ Փարտին ապահովում են եւ՛ պաշտպանություն, եւ՛ հարձակողական հոսք։

Լուսանկարը` Reuters


«ՊՍԺ»․ Լուիս Էնրիկեն վերափոխել է «ՊՍԺ»-ն՝ ստեղծելով հավասարակշռված ու կազմակերպված թիմ։ Այն գործում է հիմնականում 4-3-3 (հարձակվողական) դասավորությամբ, որտեղ Ֆաբիան Ռուիզը կենտրոնում ապահովում է պաշտպանությունը, իսկ Վիտինյան եւ Զայեր-Էմերին տեխնիկական հմտությամբ ու դիմացկունությամբ աջակցում են հարձակմանը։ Այդ գծում հիմնական ուժը Դեմբելեն է, իսկ Բարկոլան ու Կվարացխելիան ապահովում են արագություն ու անկանխատեսելիություն եզրերում։

Լուսանկարը` Reuters


Հիմնական մենամարտներ

Սակա vs Մենդեշ․ Արսենալի աջ եզրը շատ վտանգավոր է՝ պայմանավորված Սակայի ակտիվությամբ։ Մենդեշը ստիպված է լինելու խաղալ իր լավագույն ֆուտբոլը եւ շատ չմիանալ հարձակումներին՝ սուր հակագրոհներից խուսափելու համար։

Դեմբելե vs Ուայթ եւ Սալիբա․ Դեմբելեի արագությունն ու ճկունությունը կդառնան լուրջ մարտահրավեր «Արսենալի» պաշտպանների համար։

Օդեգորդ vs Վիտինյա․ Դաշտի կենտրոնում հաղթողը կկարգավորի խաղի ընթացքը եւ կբարձրացնի իր թիմի եզրափակիչ դուրս գալու շանսերը ։

Ի՞նչի սպասել

«Արսենալը» կփորձի տիրել գնդակին եւ խոցել ՊՍԺ-ի եզրերը։ ՊՍԺ-ն կնախընտրի հակագրոհներ՝ օգտագործելով հարձակման գծի արագությունը։ Երկրորդ խաղը Փարիզում բաց ու գոլային կլինի, եթե «Արսենալը» չօգտվի տնային առավելությունից։

Լուսանկարը` Reuters


Առանցքային ֆուտբոլիստներ

Դեկլան Ռայս․ Նրա դերը մեծ է հակագրոհները կասեցնելու գործում, ինչը կարող է վճռորոշ դառնալ։

Ջանլուիջի Դոննարումա․ Եթե նա փայլի Լոնդոնում, «ՊՍԺ»-ն կարող է փրկվել։

Կանխատեսում

«ՊՍԺ»-ն կարող է ամբողջ խաղի ընթացքում գրոհել, սակայն Արտետայի սաները ունեն շատ հավասարակշռված պաշտպանություն։ «Արսենալը» իր տակտիկական ճշգրտությամբ ու պաշտպանական ամուր խաղով առավելություն ունի։ Այսօր «Արսենալի» խնդիրը ընդգծված հարձակվողի բացակայությունն է, բայց «Ռեալ»-ի հետ խաղում այդ թերությունը նրանք վարպետորեն թաքցրեցին՝ խաղալով կենտրոնում խորքից։

Եզրափակիչ դուրս գալու շանսերը գնահատում ենք այսպես․ «Արսենալ»՝ 65%, «ՊՍԺ»՝ 35% ։  

«Բարսելոնա» vs «Ինտեր»

«Բարսելոնա»․ Հանսի Ֆլիկը բարձրացրել է թիմի կարգապահությունը եւ խաղամակարդակը հասցրել գրեթե կատարյալի։ Պեդրի, դե Յոնգ եւ Ֆերմին եռյակը կենտրոնում ապահովում է գնդակի պահպանում եւ հարձակման կառուցում։ Սակայն թիմը որոշակի խոցելիություն ունի պաշտպանությունում, հատկապես երբ եզրային պաշտպանները բարձր են առաջանում․ դա տեսանք Դորտմունդի «Բորուսիայի» հետ պատասխան խաղում, որտեղ «կապտանռնագույնները» պարտվեցին 3-1 հաշվով։

Լուսանկարը` Reuters


«Ինտեր»․ Սիմոնե Ինձագիի «Ինտեր»-ը գործում է 3-5-2 դասավորվածությամբ եւ խաղում է կատարելագործված «կատենաչո»։ Հարձակման ժամանակ նկատելի է, որ կենտրոնական պաշտպաններն ավելի առաջ են տեղակայված, քան կիսապաշտպանները։ Դիմարկոն եւ Դումֆրիսը ապահովում են լայնություն, իսկ Բարելան, Մխիթարյանը ու Չարխանօղլուն կապում են խաղի օղակները։ Լաուտարո Մարտինեսը փայլում է գոլային զգացողությամբ եւ շարժման տակտիկական խորությամբ։

Լուսանկարը` Reuters


Հիմնական մենամարտներ

Յամալ vs Դիմարկո․ Երիտասարդ աստղը կփորձի հաղթել փորձարու լատեռալի արգելքը։

Պեդրի vs Բարելա․ Դաշտի կենտրոնի համար ճակատամարտ, որտեղ որոշվելու է խաղի տեմպը։

Լաուտարո vs Արաուխո/Կուբարսի․ «Բարսելոնայի» պաշտպաններ ստիպված են լինելու անթերի խաղ անցկացնել եւ պահպանել կենտրոնի ինտենսիվությունը։

Լուսանկարը` Reuters


Ի՞նչի սպասել

«Բարսելոնան» կփորձի պահել գնդակը, սակայն «Ինտերը» կնախընտրի սպասել սխալների։ Քառորդ եզրափակչում «Բավարիայի» հետ խաղում իտալացիները ցույց տվեցին, որ բավական է մեկ սխալ եւ նրանք կքաղեն առավելագույնը։

«Ինտերի» եզրային խաղացողները կարող են բացել «Բարսայի» պաշտպանությունը։

Սան Սիրոյում Ինտերը կփորձի միջին դաշտի պրեսինգով ճնշել կատալոնացիներին՝ դիմավորելով կենտրոնում։

Առանցքային ֆուտբոլիստներ

Շչեսնի․ Նրա կարգապահ եւ հուսալի խաղը կարող է վճռորոշ լինել։

Բարելա, Մխիթարյան եւ Չալհանօղլու․ Նրանց դերը դաշտի կենտրոնում կարող է կոտրել «Բարսելոնայի» պրեսինգը եւ հաջողություն ապահովել։

Կանխատեսում

«Բարսելոնան» կարող է տիրել խաղին եւ խաղալ «տոտալ ֆուտբոլ», սակայն «Ինտերի» համբերատարությունը, տակտիկական հստակությունն ու ճկունությունը կօգնեն օգտվել հակագրոհներից եւ ստանդարտներից։

Տոկոսաին հարաբերակցությամբ առավելոթյունը «Ինտեր»-ինն է՝ 60%-ը 40%-ի դեմ։

Այս կիսաեզրափակիչներն առանձնանում են ոճերի բախմամբ։ Չորս ուժեղ թիմեր, եզրափակչի երկու ուղեգիր։ Այս փուլում ամեն մանրուք կարեւոր է, եւ հաղթելու են նրանք, ովքեր ավելի պատրաստ կլինեն թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն։

Դավիթ Մակարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին