Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այս տարեսկզբին որոշեց փոփոխություններ կատարել հավաքականների մարզչական շտաբերում։
Տղամարդկանց ընտրանու պաշտոնը ստանձնեց Ռուդիկ Մկրտչյանը, որը փոխարինեց Կարեն Աղամալյանին։
Mediamax Sport-ը զրուցել է Մկրտչյանի հետ, որը պատմել է առաջիկա անելիքների, նոր անուններ բացահայտելու եւ սպասվող մրցաշարերի մասին։
«Երկար ժամանակ աշխատել եմ հավաքականի հետ, այդ առումով փորձ եմ հավաքել ու վստահ եմ զգում։ Թիմը գլխավորելու մասին խոսակցությունը կար, սպասեցի տարին ավարտվեր ու նոր սկսվող փուլից միացա աշխատանքին։ Մտածել եմ եւ ընդունել առաջարկը։
Կարեն Աղամալյանից ես լավ ժառանգություն եմ ստացել, թիմում ունենք շատ ուժեղ բռնցքամարտիկներ։ Մեր մարզչական շտաբի հիմնական նպատակը տղաներին բարձր նվաճումների հասցնել է։
Լուսանկարը` Մեդիամաքս
Շատ կարեւորում ու սպասում եմ երիտասարդների, ովքեր կտեղափոխվեն մեծահասակների թիմ ու կամրապնդվեն այնտեղ։ Հայաստանի առաջնությունում ես առանձնացրի երկու երիտասարդ մարզիկի, ովքեր կընդգրկվեն թիմի կազմում։
Գտնում եմ, որ պետք է աշխատենք տղաների ընդհանուր ֆիզիկական վիճակը բարձրացնելու, տեխնիկատակտիկական որակները բարելավելու վրա։ Միայն այդպես կկարողանանք դիմակայել ուժեղագույն երկրների բռնցքամարտիկներին։
Լուսանկարը` Մեդիամաքս
Իհարկե, լավ չէ, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեի եւ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի հարաբերությունները լավ վիճակում չեն, ինչը միայն վնասում է բռնցքամարտին։ Բայց այն միշտ էլ Օլիմպիական ձեւ է եղել, կարծում եմ, որ այդպիսին էլ կմնա։ Ամեն բան կհարթվի եւ կկարողանանք պատրաստվել Լոս Անջելեսի խաղերին։
Մարտին հավաքականը մարզումների կմեկնի Ծաղկաձոր, ապա կաշխատենք Երեւանում ու կմասնակցենք մեր երկրում կայանալիք միջազգային մրցաշարին։
Լուսանկարը` Մեդիամաքս
Դրանից հետո կրկին հավաք կլինի, որին կհաջորդի Աշխարհի առաջնությունը։ Դեռ պարզ չէ, թե որտեղ այն կանցկացվի, սպասում ենք հաստատման։ Այս տարի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կայանալու է Երեւանում։ Ձգտելու ենք այստեղ եւս հաջող հանդես գալ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: