Սեպտեմբեր 08, 2024
exclusive
1210 դիտում

Աղամալյանը հույս ունի, որ Չալոյանն ՕԽ-ում եւս կկարողանա իրեն լավ դրսեւորել


Լուսանկարը` IBA


Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 50 օր անց Փարիզում մեկնարկող Օլիմպիական խաղերում ունենալու է մեկ մասնակից։

Դավիթ Չալոյանը +92 կգ քաշային կարգում օրեր առաջ ապահովեց իր մասնակցությունը եւ այժմ արդեն Հայաստանում է։

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասել է, որ որոշ ժամանակ հանգստանալուց հետո Չալոյանը կսկսի պատրաստվել խաղերին։

«Որոշ ժամանակ Դավիթը կվերականգնվի, թեթեւ խնդիրներ կան, դրանք կբուժի։ Աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճելուց հետո Չալոյանը երկար ժամանակ չէր կարողանում խոշոր հաջողություններ գրանցել։ Շատ ուրախ եմ, որ հիմա նրան հաջողվեց ուղեգիր նվաճել։ Հույս ունեմ, որ ՕԽ-ում եւս կկարողանա իրեն լավ դրսեւորել, մանավանդ, որ իր քաշային կարգում ամենաքիչ բռնցքամարտիկներն են հայտավորված՝ ընդամենը 16 հոգի»,-ասել է Աղամալյանը։

Մարզիչն ավելացրել է, որ հունիսի վերջից հավաք են անցկացնելու Ծաղկաձորում, բացի Չալոյանից թիմում կընդգրկվեն նաեւ այլ ծանր քաշայիններ։ Բռնցքամարտի թիմն Օլիմպիական խաղերից առաջ վերջին մարզումներն ունենալու է Երեւանում։


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին