Հունվար 10, 2025
93 դիտում

Նվեր Ռաֆայել Նադալից. Անկեղծ նամակ երկրպագուներին


Լուսանկարը` theplayerstribune.com

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP


2024-ի տարեվերջին Ռաֆայել Նադալը հայտնեց իր երկարատեւ ու փայլուն կարիերայի ավարտի մասին: Նրա հրաժեշտը հուզիչ ու տխուր ստացվեց, իսկ անցած ճանապարհից քաղած դասերի մասին իսպանացի թենիսիստը պատմել է The Players' Tribune-ի սյունակում:

Երբ երիտասարդ էի, դասեր քաղեցի, որոնք մինչեւ հիմա հետս են:

Հստակ չեմ կարող ասել, թե քանի տարեկան էի, բայց կարծում եմ՝ 12: Այդ տարիքում սիրում էի ձկնորսության գնալ: Սիրում էի ծովը, որովհետեւ Մալյորկայից եմ, եւ իմ դեպքում ծովը կյանքիս մի մասն էր:

Ծովին մոտ՝ ընտանիքիդ ու ընկերներիդ հետ քարին նստած կամ նավակում զգացածդ պահերը, ունեցած անջատումն ու խաղաղությունը յուրահատուկ են:

Մի օր գնացի ձկնորսության, երբ կարող էի դրա փոխարեն մարզվել: Հաջորդ օրը, պարտվեցի: Հիշում եմ, որ տուն վերադառնալու ճանապարհին արտասվում էի մեքենայում, եւ հորեղբայրս, որն այդքան վաղ տարիքից մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա եւ ում շնորհիվ սիրահարվել եմ թենիսին, ասաց. «Ամեն ինչ կարգին է, պարզապես հանդիպում էր: Մի արտասվիր, հիմա դրա կարիքը չկա բնավ: Եթե ուզում ես ձկնորսության գնալ, այդպես էլ արա: Խնդիր չկա: Բայց զիջելու ես: Եթե ուզում ես հաղթել, պարտավոր ես առաջին հերթին անել այն, ինչ պետք է անես»: Դա կարեւոր դաս էր ինձ համար:

Եթե մարդիկ ինձ պերֆեկցիոնիստ են համարում, ապա դա այն ներքին ձայնից է առաջացել, որն ինձ մեքենայով տուն վերադառնալու ճանապարհին կանչում էր: Այդ ձայնն ինձ երբեք չի լքել: Մի օր կլինեմ ծովափին, բայց այսօր ու հիմա ես պարտավոր եմ մարզվել:

Լուսանկարը` ATP


Այնպիսի երեխա չէի, որն իսկապես սպորտային կուռքեր ուներ:

Կարծում եմ՝ դա Մալյորկայի շնորհիվ ձեռք բերած բնավորության պատճառով էր: Իմ հերոսները մարդիկ էին, որոնց իրական կյանքում էի ճանաչում: Երբ 12 տարեկան էի, առաջին անգամ խաղացի Կառլոս Մոյայի դեմ: Իմ հայրենակիցներից մեկի, ով նույնպես Մալյորկայից է: Ռոլան Գարոսի հաղթող է ու առաջին իսպանացի թենիսիստն, ով ATP-ի առաջին ռակետն է դարձել: Այնքան անհանգիստ էի նրա հետ խաղալու պատճառով: Անմոռանալի փորձառություն էր ինձ համար, պատուհան դեպի մեկ այլ աշխարհ: Թենիսին ինձ համար տրանսֆորմացիայի ենթարկվեց՝ պարզապես մանկական զվարճալի խաղից վերափոխվելով կյանքի իրական նպատակի: Այն ինձ ստիպեց երազել ավելիի մասին: Մի օր, հնարավոր է, ես էլ խաղամ Ռոնալ Գարոսում:

Բայց ցավը կյանքի ամենամեծ ուսուցիչներից մեկն է

17 տարեկանում վնասվածք ստացա ու ինձ ասացին, որ հնարավոր էլ այլեւս չկարողանամ թենիս խաղալ: Սովորեցի, որ ամեն ինչ կարող է շատ հանկարծակի ավարտվել:

Այն ոչ թե փոքրիկ ճաք էր ոտքիս մեջ, այլ իսկական հիվանդություն: Բուժում չկա, միայն կառավարում:

Վայսի համախտանիշ, ի՞նչ է դա նշանակում: Մեծագույն ուրախությունից հետո հաջորդ առավոտյան արթնանում ես ու չես էլ կարողանում քայլել: Բազում օրեր եմ արտասվելով տանն անցկացրել, բայց դրանք համեստության դասեր են տվել ինձ: Երջանիկ էի հորս պես ազդեցիկ մարդ կողքիս ունենալու համար, որը միշտ այնքան դրական էր: «Մենք լուծում կգտնենք: Նույնիսկ եթե չգտնենք էլ, այնքան բազում հետաքրքրություններ կան թենիսից բացի»,- ասում էր նա: Այդ խոսքերը լսելիս հազիվ էի դրանք մարսում, բայց շնորհակալություն Աստծուն, որ այդքան ցավից, վիրահատություններից, վերականգնումից ու արցունքներից հետո, լուծումը գտնվեց, եւ այս բոլոր տարիներին կարողացա այդքան պայքարել ու ամեն բան հաղթահարել:

Լուսանկարը` ATP


Թենիսն այնպիսի մարզաձեւ է, որ քեզնից անչափ շատ է պահանջում, բայց նաեւ շատ պահեր է տվել, որոնք երբեք չեմ մոռանա:

Դրանցից են 2004-ի Դեւիսի Գավաթը, 2005-ի Ռոլան Գարոսը եւ, իհարկե, 2008-ի Ուիմբլդոնը: Ապա իմ առաջին US Open-ն էր, երբ ավարտեցի Մեծ Սաղավարտների շրջափուլը Մելբուռնում: Չեմ մոռանա նաեւ իմ հայրենիքում Մադրիդի ու Բարսելոնայի տնային մրցաշարերը, Ինդիան Ուելսը Մայամիում, կամ Ցինցինատին, որտեղ առաջին անգամ հաղթեցի 2013-ին: Ապա հաջորդեց գեղեցիկ Մոնտե Կառլոյի մրցաշարը, հատուկ ապրումներ ունեցա Հռոմում, ապա Շանհայում, Պեկինում, որտեղ երկրպագուներն իսկապես զարմանալի էին: Կանադա, Մեքսիկա, Չիլի, Բրազիլիա, Բունեոս Այրես, այլ երկրներ….

Լցված եմ անհավանական հիշողություններով: Մինչդեռ երբեք չեք կարող դադարել ձեզ առաջ մղել: Երբեք չեք կարող թուլանալ: Միշտ առաջընթացի կարիք ունեք, եւ հենց դա է եղել իմ կյանքում ամենահաստատուն բանը: Միշտ առաջ տանել սահմաններն ու զարգանալ: Ահա թե ինչպես եմ ես ավելի լավ խաղացող դարձել:

Լուսանկարը` ATP


30 տարվա ընթացքում այն պատկերը, որն ես արտացոլում էի աշխարհին, միշտ չէր այն, ինչ զգում էի ներքուստ:

Անկեղծ, նյարդայնանում էի իմ անցկացրած ամեն հանդիպումից առաջ, այդ զգացողությունը երբեք չի լքել ինձ: Խաղից առաջ ամեն գիշեր գնում էի քնելու այն մտքով, որ կարող եմ զիջել (նույնն էլ առավոտյան արթնանալուց հետո էի ապրում): Թենիսում խաղացողների միջեւ տարբերությունը շատ քիչ է, իսկ մրցակիցների միջեւ՝ նույնիսկ ավելի փոքր:

Կորտում ամեն ինչ էլ կարող է պատահել, եւ քո բոլոր զգայարանները պետք է արթուն լինեն, կենդանի: Եվ այդ ներքին կրակն ու անհանգստությունը, կորտ մտնելու ու մարդկանց տեսնելու ադրենալինը շատ դժվար է նկարագրել: Այդ զգացողությունը շատ քչերը կարող են հասկանալ, ու կան բաներ, որ կարիերադ ավարտելուց հետո էլ նույնը չեն լինելու: Կարող եմ ցուցադրական խաղերի մասնակցել կամ այլ մարզաձեւերով զբաղվել, միշտ էլ մրցելու եմ ու փորձեմ անել լավագույնը, ինչին ունակ եմ, բայց այլեւս երկրպագուների բազում աչքերի առաջ ստադիոն մտնելու նույն զգացողությունը չի լինելու:


Կարիերայիս մեծ մասի ընթացքում կարողացել եմ վերահսկել էմոցիաներս, բացառությամբ մեկ անգամվա….

Մի քանի տարի առաջ շատ ծանր հոգեբանորեն խնդիրների միջով էի անցնում:  Ֆիզիկական ցավին սովոր էի, բայց կորտում մի քանի անգամ եղավ, որ չէի կարողանում վերահսկել շնչառությունս ու չէր ստացվում հանդես գալ բարձր մակարդակով: Հիմա դժվար չէ այդ մասին խոսել: Վերջ ի վերջո մենք էլ մարդիկ ենք, ոչ թե սուպերհերոսներ: Եվ նա, ում տեսնում եք կորտի կենտրոնում գավաթը ձեռքին, նույնպես մարդ է: Հոգնած, թեթեւացած, երջանիկ, շնորհակալ, բայց միեւնույն է մարդ:

Լուսանկարը` Reuters


Բարեբախտաբար, չեմ հասել նրան, որ չկարողանամ կառավարել անհանգստությունը, բայց ամեն խաղացողի հետ էլ պատահում են պահեր, երբ դժվարանում է վերահսկել միտքը, բայց երբ դա տեղի է ունենում, էլ ունակ չես խաղի թելը ձեռքումդ պահել: Եվ կար մի ընթացք, երբ ցանկանում էր որոշակի ժամանակով դադար վերցնել, որպեսզի մաքրեմ միտքս:

Ամեն օր աշխատում էի, որ ավելի լավը դառնամ: Դրան հասա ամեն օր առաջ շարժվելով ու դանդաղ նորից վերգտա ինձ: Ամենաշատը հպարտ եմ նրա համար, որ պայքարել եմ, բայց երբեք չեմ հանձնվել: Միշտ անում էի առավելագույնը:
 
Թենիսն ինքնին կյանքի ուսուցիչ է:

Սովորաբար չես հաղթում բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցում ես: Էական չէ, թե ով ես դու, բայց շաբաթների մեծ մասի վերջում հիմնականում պարված ես լինում: Իրական կյանքում էլ է այդպես: Պետք է սովորես ապրել ուրախության ու ցավի պայմաններում, պետք է փորձես դրանց վերաբերվել նույն կերպ: Լավ պահերին չէի մտածում, թե Սուպերհերոս եմ, իսկ վատերին ինձ ձախողակ չէի համարում:

Այն, ինչը ձեզ օգնում է աճել որպես անհատ, հենց ինքը կյանքն է՝ անհաջողությունները, նյարդերը, հոգեկան ցավը, ուրախությունը, ամեն օր արթնանալն ու նպատակիդ հասնելու ճանապարհին փորձերը դառնալ ավելի լավը:

Երբ հոգու խորքում ամեն ինչ ասված է ու արված, մարդը ստանում է այն, ինչ տալիս է:

Հույս ունեմ՝ իմ ժառանգությունն այն է, որ բոլորին միշտ փորձել եմ խորին հարգանքով վերաբերվել: Դա իմ ծնողների ոսկե կանոնն է: Երբ երեխա էի, հայրս ինձ միշտ ասում էր. «Գյուտ անելը դժվար է, կրկնօրինակելը շատ ավելի հեշտ է»: Նա թենիսը նկատի չուներ, կյանքի մասին էր խոսում:

Լուսանկարը` ATP


Նայեք ձեր շուրջն ու ուշադրություն դարձրեք մարդկանց, որոնցով հիանում եք: Ինչպես են նրանք վերաբերվում մարդկանց: Նրանց ի՞նչն եք սիրում: Գործեք նրանց պես, եւ հավանաբար կապրեք երջանիկ կյանքով:

Այդ դասերն ինձ հետ են եղել ամեն հանդիպման ընթացքում: Ինձ մրցակիցների նկատմամբ ոչ թե ատելությունն էր սնուցում, այլ հարգանքն ու հիացմունքը: Իսկապես ամեն առավոտ փորձում էի ավելի լավ մարդ արթնանալ, որպեսզի նրանցից հետ չմնամ: Այդ ամենը միշտ չէ, որ ստացվում էր: Բայց ես փորձում էի, միշտ էի փորձում:

Ավելի քան 30 տարի ամեն ինչ եմ տվել այս խաղին:

Փոխարենը ստացել եմ ուրախություն եւ երջանկություն, սեր ու ընկերություն եւ նույնիսկ ավելին:

Անկեղծորեն, Ռաֆա:



Թարգմանությունը՝ Հասմիկ Բաբայանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին