Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթի»-ն արդեն մի քանի տարի աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է, բայց, ինչպես ցանկացած մեծ թիմում, լինում են ժամանակահատվածներ, երբ արդյունքները չեն համապատասխանել թիմի իրական ներուժին եւ ակնկալիքներին։ Փորձենք հասկանալ վերջին շրջանում թիմի ճգնաժամի եւ պարտությունների աննախադեպ շարքի պատճառները եւ դիտարկել հնարավոր լուծումները։
Վերջին երկու հաղթանակներից հետո «սեւ գիծն» ընդհատվեց, սակայն ճգնաժամից վերջնականապես դուրս գալու մասին խոսելը դեռեւս վաղ է։
Լուսանկարը` REUTERS
Գվարդիոլան հայտնի է իր ճկունությամբ եւ տակտիկական փոփոխություններով, բայց երբեմն չափազանց շատ փորձարկումները կարող են անկայունության բերել։ Անհրաժեշտ է վերադառնալ այն հիմքերին, որոնք թիմին բերել են հաջողության՝ բարձր պրեսինգ, արագ անցումներ հարձակման, ինչը, իհարկե, բարդ է առանց վնասվածքից ապաքինվող Ռոդրիի։
Թիմից Ֆեռնանդինյոյի հեռանալուց եւ Ռոդրիի վնասվածքից հետո ակնհայտ է կախվածությունն առանձին ֆուտբոլիստներից։ Ակումբը կարող է դիտարկել մեկ այլ ուժեղ կիսապաշտպանի ձեռքբերման տարբերակը՝ ռոտացիան ապահովելու համար։
Մարզչական շտաբին անհրաժեշտ է վերլուծել այն թիմերի խաղը, որոնք գտել են «Սիթիի» ուժեղ կողմերը չեզոքացնելու միջոցները։ Ակնհայտ է, որ մրցակիցները հարմարվել են «քաղաքաբնակների» խաղաոճին, եւ պետք է տակտիկական նոր մոտեցումներ մշակել։
Լուսանկարը` REUTERS
Ճգնաժամի պատճառներից է նաեւ թիմի հիմնական կազմի խաղացողների ոչ բավարար ֆիզիկական պատրաստվածությունը, բժշկական եւ ֆիզպատրաստության անձնակազմերն անելիքներ ունեն ռոտացիան օպտիմալացնելու համար։
1․ Հոգեբանության կառավարում
2023 թվականի տրեբլից հետո թիմը կարող է կորցնել մոտիվացիան։ Բացի այդ, փորձառու առաջատարների կորուստն անդրադառնում է մթնոլորտի վրա հանդերձարանում։ Կարեւոր է, որ թիմի ավագներն ու հիմնական խաղացողները վերականգնեն հաղթողի հոգեբանությունը։
2․ Տակտիկական փոփոխություններ
Մրցակիցները հարմարվել են Գվարդիոլայի ոճին։ Նրանք արդեն կարողանում են փակել կենտրոնով պաշտպանական գծերը հատող փոխանցումները, որոնք իդեալական ստացվում էին «Սիթիի» մոտ ոչ վաղ անցյալում: Ուստի կարեւոր է գտնել նոր տակտիկական լուծումներ։
Օրինակ՝
– Կենտրոնական պաշտպանների դերի ավելացում հարձակողական գործողություններում,
– Արագ խաղ՝ երկու հպումով՝ երկարատև վերահսկման փոխարեն,
– Վերադարձ «կեղծ ինը համարով» խաղին, ինչպես մինչեւ Հոլանդն էր (այստեղ հիշում ենք Ալվարեսի ծառայություններից հրաժարվելու մասին, որն իդեալական կհամապատասխաներ այդ դիրքին)։
3․ Տրանսֆերներ եւ ֆուտբոլիստներ
Թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք առանցքային դեր ունեին հաղթական թիմում, սակայն արդեն կամ բավականին մեծ են տարիքով, կամ չեն կարողանում հանդես գալ նախկին կայունությամբ։ Նրանցից են Գյունդողանը, Ուոլկերը, կայունությամբ աչքի չի ընկնում նաեւ Կեւին դե Բրույնեն։
Լուսանկարը` REUTERS
Դե Բրույնեի անկայունության պատճառները մի քանիսն են․ ոչ լրիվ վերականգնումը վնասվածքից, անդադար խոսակցությունները եւ առաջարկները Սաուդիան Արաբիա տեղափոխվելու մասին, նաեւ նոր հանձնարարությունները խաղադաշտում, որոնց առայժմ չի ստացվում հարմարվել։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարելի է ուժեղացնել կիսապաշտպանությունը։ Դիտարկենք մի քանի երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր կարող են օգնել քաղաքայիններին։
- Նիկոլո Ֆաջիոլի («Յուվենտուս»)․ հարձակողական ոճի կիսապաշտպան,
- Արթուր Վերմերեն («Անտվերպեն»)․ կարող է լրացնել Ռոդրիի դիրքը մինչ նրա վերադարձը,
- Ջերեմի Ֆրիմպոնգ («Բայեր» Լեւերկուզեն)․ ունիվերսալ աջ պաշտպան եւ Ուոլկերի արժանի փոխարինող։
Այս երեք ֆուտբոլիստները կարող են թարմություն, մոտիվացիա, մրցակցություն բերել թիմ։
4․ Գնդակի կորուստ
«Սիթիի» խազում վերջերս շատ են գնդակի կորուստները։ Գվարդիոլան փորձում է Րիկո Լյուիսից ստանալ Ժոան Կանսելո («Ալ Հիլալ») կամ Յոզուա Կիմիխ («Բավարիա»), բայց առայժմ չի ստացվում։
Լյուիսի համար տարածք բացում է Կեւին դե Բրույնեն, ու գնդակը ստանալուց հետո տպավորություն է, որ նա չգիտի հաջորդ քայլը․ հետեւում է գնդակի կորուստ։ Լյուիսը հաճախ է ձախողվում պաշտպանական գործողություններում, եւ սա Սիթիի վատ արդյունքների ամենագլխավոր պատճառներից մեկն է։ Սա Պեպի հերթական փորձարկումներից է, սակայն հաջողելու համար կամ անհրաժեշտ է ավելի լավ որակներով խաղացող այդ դիրքում կամ տակտիկայի փոփոխություն։
5․ Պաշտպանության կայունացում
Սխալները պաշտպանությունում հաճախ դառնում են կորցրած միավորների պատճառ։ Տեսնենք, թե ինչպես «Սիթի»-ի դեմ խաղում «Էվերթոնը» հավասարեցրեց հաշիվը (1:1):
«Էվերթոնը» օգտագործում է դասական տակտիկա. գնդակը համար 2-ի մոտ է, հենակետային Գեյեն (4) նահանջում է, եւ պաշտպանները (2՝ Տարկովսկի, 3՝ Բրանթուեյթ) բացվում են դեպի եզրեր։ Եզրային պաշտպանները ստանում են հնարավորություն առաջ գնալու․ աջ եզրային պաշտպանը զբաղեցնում է աջ հարձակվողի դիրքը, իսկ աջ հարձակվողը (6՝ Հարիսոն) մոտենում է կենտրոնական հարձակվողին (7՝ Նդիայե) եւ տուգանայինում ստեղծվում է «երկուսը երկուսի դեմ» իրավիճակ։ Մնում է միայն գնդակը «կախել» տուգանային հրապարակ։ 2-րդ փորձից սխալվում են արդեն պաշտպանները (4՝ Ականջի, 3՝ Լյուիս), գնդակը գալիս է հարձակվողի մոտ (7՝ Նդիայե)․ որակյալ հարված ու գոլ: Սա ընդամենը մեկ օրինակ է, սակայն նմանատիպ սխալներ «Մանչեսթեր Սիթի»-ի խաղում վերջին շրջանում շատ են։
Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի ուժեղացնել եզրային պաշտպաններից մեկին՝ կազմի խորության համար։
Կարեւոր է նաեւ կատարելագործել համագործակցությունը կենտրոնական պաշտպանների և դարպասապահի միջեւ մրցակից թիմերի հակագրոհների ժամանակ։
6․ Թիմային աշխատանք կամ թիմբիլդինգ
Հաճախ ճգնաժամերը կապված են թիմում տիրող տրամադրության հետ։ Թիմային միջոցառումների կազմակերպումը եւ խաղադաշտից դուրս համատեղ աշխատանքը (եւ ոչ միայն) կարող են վերականգնել միասնականության ոգին։
«Մանչեսթեր Սիթի»-ի ապագայի կանխատեսում
Այնպիսի ներուժ ունեցող ակումբը, ինչպիսին է «Մանչեսթեր Սիթի»-ն, եւ Պեպ Գվարդիոլայի մակարդակի մարզիչն անպայման դուրս կգան ցանկացած ճգնաժամից։ Կարեւոր է պահպանել կայունությունը եւ կենտրոնանալ երկարաժամկետ նպատակների վրա։ «Սիթի»-ի համար հիմնական առաջադրանքն է ոչ միայն վերադառնալ հաղթանակների ուղի, այլեւ շարունակել զարգանալ՝ ֆուտբոլային աշխարհի գագաթին մնալու համար։
Լուսանկարը` REUTERS
Պեպ Գվարդիոլային պետք է աջակցեն ղեկավարությունը եւ երկրպագուները։ Մարզիչներին ժամանակ է պետք նոր գաղափարներ մշակելու եւ դրանք կյանքի կոչելու համար։
Դավիթ Մակարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: