768 դիտում

IBA-ի ՕԽ-2024-ի որակավորման մրցաշարերը ՄՕԿ-ն անօրինական է համարել


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` IBA


Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի եւ Միջազգային Օլիմպիական կոմիտեի միջեւ եղած տարաձայնությունները կրկին սրվեցին երեկ, երբ IBA-ն ներկայացրեց Փարիզի Օլիմպիական խաղերի որակավորման իր համակարգը:

Բանն այն է, որ ՄՕԿ-ը դեռ 2022-ի հունիսին հայտարարել էր, որ զրկում է բռնցքամարտի ասոցիացիային վարկանշային մրցումներ կազմակերպելու իրավունքից եւ այդ պարտականությունը կատարելու է ինքը:


Եւ ահա, երեկ IBA-ն քննադատել է ՄՕԿ-ին ու նշել, որ այդ կառույցն ուշացնում է մրցաշարերի մասին հստակ տեղեկություններ տրամադրել եւ ինքը, որպես բռնցքամարտը կառավարող մարմին, իրավասու է ինքնուրույն որոշել այդ հարցը:

«2023 թվականի կանանց (մարտի 15-26) եւ տղամարդկանց (մայիսի 1-14) Աշխարհի առաջնությունները լինելու են 2024 թվականի Օլիմպիական խաղերի գլխավոր վարկանշային մրցաշարերը: Մեզ համար ընդունելի չէ ՄՕԿ-ի առաջարկած մոդելը,  սա արդար չէ մարզիկների համար: IBA-ն վերահաստատում է, որ բաց է համագործակցել ՄՕԿ-ի հետ՝ ի շահ բռնցքամարտի»,-հայտնում են IBA-ից:  

Լուսանկարը` IBA


Նշվում է, որ կկազմակերպվեն նաեւ վարկանշային մայրցամաքային մրցաշարեր, ուղեգրեր կտրամադրվեն նաեւ «Ոսկե գոտի» շարքի մասնակիցներին, որի վերջնական որակավորման պայքարը կկայանա հաջորդ տարվա մայիսին Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ընդհանուր առմամբ հասանելի կլինի 248 տեղ՝124-ը տղամարդկանց, 124-ը կանանց համար:

Ինչպես եւ սպասվում էր, ՄՕԿ-ն այս որոշմանը արձագանքել է եւ հաստատել, որ միջազգային ֆեդերացիան ոչ մի իրավունք չունի կազմակերպել Փարիզ-2024-ի վարկանշային մրցումները: ԱԱ-ի ժամանակ ոչ մի ուղեգիր չի խաղարկվելու եւ ՄՕԿ-ը դա չի ընդունելու:

Լուսանկարը` IBA


«Բռնցքամարտի միակ վավերական որակավորման համակարգը Փարիզի 2024-ի համար այն է, ինչը հաստատվել է ՄՕԿ-ի կողմից 2022 թվականի սեպտեմբերին եւ տրամադրվել է ազգային կոմիտեներին ու բռնցքամարտի ազգային ֆեդերացիաներին: 2019 թվականին ՄՕԿ-ի Քննչական կոմիտեի կողմից իրականացված հետաքննությունից հետո բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ճանաչումը ՄՕԿ-ի կողմից կասեցվել է։ Այս կասեցումն այսօր էլ ուժի մեջ է»,-հայտնել են ՄՕԿ-ից։

Օլիմպիական կոմիտեն դեռ 2022-ին որոշել է, որ Փարիզ-2024-ի ուղեգրեր կխաղարկվեն այս տարվա մայրցամաքային մրցաշարերում: Եվրոպայի համար դա կլինի Եվրոպական խաղերի ժամանակ: 2024-ին կկազմակերպվի աշխարհի որակավորման երկու մրցաշար, որից հետո էլ բռնցքամարտիկները կսկսեն պատրաստվեն հուլիսին մեկնարկող Օլիմպիական խաղերին:

Լուսանկարը` Reuters


Այս տարի ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ բոյկոտելու է Աշխարհի առաջնությունները, քանի որ IBA-ի նախագահ ռուսաստանցի Ումար Կրեմլյովը համաձայնել է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին թույլ տալ ազգային դրոշների ներքո հանդես գալ իրենց բոլոր մրցաշարերին:

Բոյկոտին արդեն միացել են Իռլանդիան, Չեխիան, Կանադան, Շվեդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները եւ Մեծ Բրիտանիան: IBA-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն տալ այդ երկրների մազրիկներին, որպեսզի նրանք մասնակցել ԱԱ-ին ու չխառնվեն «քաղաքական խաղերին»:

Լուսանկարը` IBA


ՄՕԿ-ի ու IBA-ի միջեւ եղած այս տարաձայնությունները նոր չեն ու կապված չեն միայն Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսված պատերազմով: Դեռեւս 2019-ին ՄՕԿ-ի պատվերով տարվել էր անկախ հետաքննություն ու պարզվել, որ այդ կառույցում մրցավարության, ֆինանսական եւ կառավարման հետ կապված բազմաթիվ խնդիրներ ու կոռուպցիոն ռիսկեր կան: Այդ պատճառով Տոկիոյի խաղերի որակավորման մրցումները կազմակերպել էր ՄՕԿ-ի բռնցքամարտի աշխատանքային խումբը:

Օլիմպիական կոմիտեից IBA-ին կոչ էին արել վերափոխել աշխատանքը, սակայն նման բան տեղի չի ունեցել: Որպես նախազգուշացում որոշվել էր Փարիզի խաղերի նախապատրաստությունը եւս կազմակերպել ՄՕԿ-ի կողմից, իսկ ահա 2028-ի Լոս Անջելեսի խաղերի նախնական ծրագրում բռնցքամարտ մարզաձեւն ընդգրկված չէ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին