Ապրիլ 29, 2024
1091 դիտում

Բռնցքամարտի մշուշոտ ապագան. Երեւանի արտահերթ նիստը չի գոհացրել ՄՕԿ-ին


Լուսանկարը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA


Երեւանը երեկ ընդունել էր բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի արտահերթ նիստը, որտեղ պետք է կայանային կառույցի նախագահի նոր ընտրությունները:

Սակայն կոնգրեսը դեմ է քվեարկել այդ ընտրությանը, ինչը նշանակում է, որ IBA-ն շարունակելու է գլխավորել գործող նախագահ Ումար Կրեմլյովը:

Ընդհանրապես, նման նիստ կայացել է միայն այն պատճառով, որ ռուս Կրեմլյովի մրցակից հոլանդացի Բորիս վան դեր Վորստն ավելի վաղ դիմել էր Մարզական արբիտրաժային դատարան եւ ապացուցել, որ ամիսներ առաջ Ստամբուլում կայացած նախորդ արտահերթ նիստի արդյունքները, երբ կրկին Կրեմլյովին թողել էին նույն պաշտոնում, արդար չեն:

Դատարանը բավարարել էր նրա պահանջը, Կրեմլյովի ընտրությունը համարել անօրինական ու նշանակել նոր ընտրություն: Սակայն երեկ Երեւանում 106 անդամ երկրներ դեմ են քվեարկել ու որոշել պաշտոնում թողնել Կրեմլյովին: Ընտրության անցկացմանը կողմ է եղել 36 երկիր:

Լուսանկարը` IBA


Հետաքրքիր է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կոնգրեսի մեկնարկից առաջ անջատվել է էլեկտրաէներգիան, միջոցառումն սկսվել է մոտ 45 րոպե ուշացումով: Այս փաստը եւս չի վրիպել մի շարք ներկայացուցիչների ու լրատվամիջոցների աչքից:

Արդեն հայտնի է, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեն «չափազանց անհանգստացած է» այս արդյունքներով: ՄՕԿ-ի պահանջը եղել է ոչ թե նիստ հրավիրել ու քվեարկել ընտրություն չանցկացնելու օգտին, այլ հենց նոր ընտրություն կազմակերպել եւ դրա արդյունքում ունենալ ընտրված նախագահ:

«Պահանջը հետեւյալն էր. անցկացնել ընտրություն, ինչը չի եղել: Սա շատ մտահոգիչ է: Բացի այդ, ՄՕԿ-ն ի թիվս այլ մտահոգությունների, նշում է նաեւ այն փաստը, որ կոնգրեսի մեկնարկից կարճ ժամանակ առաջ վիճելի պատճառներով կասեցվել է Ուկրաինայի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի անդամակցությունը կառույցին, ինչը եւս լրացուցիչ քաոս է ստեղծել: Կասկածելի են նաեւ քվեարկության ընթացակարգի հանգամանքները»,-ՄՕԿ-ի կարծիքը մեջբերում է The Guardian-ը:  

IBA-ից նշել են, որ Ուկրաինայի ֆեդերացիայի նկատմամբ նման որոշում կայացրել են «կազմակերպության աշխատանքին պետության միջամտության պատճառով»: Հայտնել են նաեւ, որ սա չի խանգարի ուկրաինացի բռնցքամարտիկներին մասնակցել բոլոր մրցաշարերին:

Լուսանկարը` IBA


ՄՕԿ-ն ավելի վաղ արդեն «լուրջ մտահոգություն» էր հայտնել IBA-ի ղեկավարության վերաբերյալ եւ մարզաձեւը դուրս թողել 2028 թվականի խաղերի նախատեսված նախնական ցանկից: Բացի այդ, ՄՕԿ-ը հայտարարել էր, որ Փարիզ-2024-ի վարկանշային բոլոր մրցաշարերը կազմակերպելու եւ անցկացնելու է ինքը:


Բոլոր մտահոգություններն Օլիմպիական կոմիտեն բռնցքամարտի ասոցիացիային հայտնել է բազմիցս՝  մայիսին եւս նամակ ուղարկելով ու նշելով, որ կառույցում պետք է փոփոխություններ կատարվեն: Սակայն երեկվա դեպքերից հետո գրեթե կասկած չի մնում, որ բռնցքամարտի ապագան մշուշոտ է:

«Այս անհանգստացնող զարգացումներից հետո ՄՕԿ-ի գործադիր խորհուրդը ստիպված կլինի ամբողջությամբ վերանայել իրավիճակը իր հաջորդ նիստում»,- ՄՕԿ-ի ներկայացուցիչը հայտնել է Insidethegames-ին:

Իսկ ահա պաշտոնում մնալուց հետո Կրեմլյովը հանդես է եկել ելույթով ու նշել հետեւյալը. «Ես աշխատում եմ ոչ թե այլ կազմակերպության, այլ ձեզ համար: Ուրիշ ոչ ոք չպետք է ազդեցություն ունենա մեր կազմակերպության վրա: Մենք պետք է ասենք ոչ թե Օլիմպիական, այլ IBA-ի բռնցքամարտ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին