Մայիս 12, 2025
161 դիտում

«Բայեր»-ը եւ Ալոնսոն հրաժեշտ տվեցին միմյանց, իսկ Մադրիդում սպասում են նրան


Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen


Խաբի Ալոնսոն երիտասարդ տարիքում սկսեց հաջողություններ գրանցել մարզչական գործում։ Նրա մասին արդեն տեւական ժամանակ է խոսում են բոլորը եւ կանխատեսում հիանալի կարիերա։


Լեվերկուզենի «Բայեր»-ը հաջողություն մաղթեց սիրելի մարզչին՝ կազմակերպելով հուզիչ հրաժեշտ։

«Պրոֆեսոր։ Ավելին, քան մարզիչ, լեգենդ։ Շնորհակալություն ամեն ինչի համար, Խաբի՛»,-հայտնել են ակումբից։

43-ամյա Ալոնսոյի հետ ակումբի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2026 թվականը։ Ինչպես երեւում է, ղեկավարները զիջել են նրա խնդրանքներին ու ժամանակից շուտ ազատ արձակել։



Իսկ նրա խնդրանքը, մեծ հավանականությամբ, Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելն է։ Ամիսներ առաջ սկսեցին խոսել, որ արքայական ակումբը հրաժեշտ է տալու Կառլո Անչելոտիին, իսկ նրա փոխարեն ցանկանում է տեսնել Ալոնսոյին։ Վերջինս Մադրիդում բազմաթիվ հիանալի հանդիպումներ է անցկացրել ու տիտղոսներ նվաճել։ Այսօր արդեն գրեթե կասկած չկա, որ նա վերադառնալու է հարազատ ակումբ։

«Իմ նոր ակո՞ւմբը։ Ստիպված ենք դեռ սպասել։ Բայց հայտարարությունը երկար սպասեցնել չի տա»,-այսպես է արտահայտվել Ալոնսոն։

Իսպանական լրատվամիջոցները գրում են, որ Ալոնսոն Մադրիդ է տանելու նաեւ իր մարզչական շտաբի ներկայացուցիչներին։ Թիմ է հրավիրելու նոր ֆուտբոլիստների, որոնց թվում է նաեւ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, մի շարք խաղացողներ էլ կհեռանան։ Արդեն հայտնի են նաեւ նրա ներկայացման ժամկետները։ Սպասվում է, որ կգլխավորի մինչեւ Աշխարհի ակումբային առաջնությունը, որը մեկնարկելու է հունիսի 14-ին։

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen


«Մեծագույն շնորհակալությունս «Բայեր»-ին, իմ խաղացողներին, ողջ անձնակազմին, իհարկե, հիանալի երկրպագուներին։ Մեր հաջողությունը թիմային անհավանական աշխատանքի արդյունք է։ Այս ակումբը, որն իմ նկատմամբ մեծ վստահություն է ցուցաբերել, արժանի էր Բունդեսլիգայում իր առաջին հաղթանակը տոնելուն»,-ասել է Ալոնսոն։

Իսկ «Բայեր» նա եկավ «Ռեալ Սոսյեդադ»-ից։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա աշխատանքի անցավ «Ռեալ»-ում՝ գլխավորելով մինչեւ 14 տարեկանների թիմը։ Մեկ մրցաշրջան այնտեղ աշխատելուց հետո տեղափոխվեց «Ռեալ Սոսյեդադ»-ի երկրորդ թիմ, որին կարողացավ բարձրացնել մեկ դիվիզիոն վերեւ։

«Իհարկե, հաղթանակը լավ բան է, բայց կցանկանայի աշխատել առաջին թիմի հետ»,-այդ ժամանակ ասել էր մարզիչը։

3 տարի «Սոսյեդադ»-ի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ աշխատելուց հետո նրանով սկսեցին հետաքրքրվել տարբեր ակումբներ։ Դրանց մեջ էր նաեւ նրա հարազատ «Լիվերպուլ»-ը։

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen


«Նույնիսկ այստեղ՝ Սան Սեբաստյանում, ես զգում եմ «Լիվերպուլ»-ի երկրպագուների աջակցությունը։ Բայց այս պահին թիմը գլխավորում է Կլոպը, նման խոսակցությունները տեղին չեն»,-նշել էր Ալոնսոն։

2022-ի հոկտեմբերին նա գլխավորեց «Բայեր»-ը։ Այդ պահին թիմը Գերմանիայի առաջնությունում 17-րդ տեղում էր, իսկ Ալոնսոյի գալուց հետո պատկերը փոխվեց։ Կատարելով մի շարք փոփոխություններ ու տոնելով կարեւոր հաղթանակներ՝ թիմը տարին ավարտեց 6-րդ տեղում։ Բացի այդ «Բայեր»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։

Արդեն մյուս մրցաշրջանում Ալոնսոյի թիմն էլ ավելի հետաքրքիր ձեռագիր ստացավ, համալրվեց նոր խաղացողներով, դարձավ համակարգված ու միմյանց հասկացող։ Իսկ արդյունքն առանց պարտությունների շարք անցկացնելն ու չեմպիոնության հայտ ներկայացնելն էր։ Ակումբը Գերմանիայի մշտական չեմպիոնի կարգավիճակ ստացած «Բավարիա»-ից առաջ էր 16 միավորով ու դեռ առաջնությունը չավարտված՝ հռչակվեց չեմպիոն։ 11 տարի անց չեմպիոնական գավաթը Մյունխենում չէր։ Իսկ ահա Ալոնսոյի թիմը 51 խաղ անընդմեջ չպարտվեց։

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen


Ի դեպ, սա «Բայեր»-ի առաջին չեմպիոնությունն էր, ինչի համար լեվերկուզյան ակումբը հավերժ շնորհակալ է լինելու Ալոնսոյից։ «Բայեր»-ը նվաճեց Գերմանիայի գավաթը եւ սուպերգավաթը։ Այս մրցաշրջանում նրա թիմը 2-րդն տեղում է ու հնարավորություն է ստացել հանդես գալ Չեմպիոնների լիգայում։

Նրան արդեն մեծ ցնծությամբ սպասում են Մադրիդում ու հավատով կանխատեսում, որ նոր սկսվող մրցաշրջանում կարողանալու են անհավանական նվաճումների հասնել։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին