Ապրիլ 28, 2024
1571 դիտում

Խավի Ալոնսոյի մարզչական ինտելեկտն ու մարդկային գրավչությունը


Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen


Մարտի 3-ին «Բայեր»-ը հաղթեց «Քյոլն»-ին ու իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 34-ի՝ 30 հաղթանակ ու 4 ոչ-ոքի: Այն եվրոպական գրանդ առաջնություններում հանդես եկող միակ թիմն է, որ չի զիջել մրցակիցներին: Հիմա գլխավոր մարզիչ Խավի Ալոնսոն 50 հանդիպումներում 33 հաղթանակ ունի գրանցած, ինչը Բունդեսլիգայում 3-րդ ցուցանիշն է: Առաջին 50 խաղերում ամենաշատը հաղթել է Պեպ Գվարդիոլան (42), ապա Հանս-Դիտեր Ֆլիկը (40):

Ալոնսոյի հետեւից իսկական որս են սկսել մի քանի գրանդ ակումբներ, նրան իրենց մարզչի պաշտոնում են ուզում տեսնել նաեւ Մադրիդի «Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը:

Ժոզեի գովասանքը, առաջին քայլերը, տարբերող ձեռագիրը

«Ալոնսոն Չավիի պես մտածողություն ունեցող ֆուտբոլիստ է, չեմ կասկածում, որ մի օր մեծագույն մարզիչ է դառնալու: Հիմա էլ խաղադաշտում իրեն մարզչի պես է պահում: Համոզված եմ, որ մի օր մրցելու եմ հետն արդեն մարզչի կարգավիճակում»,- դեռ 2011-ին Ալոնսոյին այսպես է գովել նրան մարզող Զոժե Մոուրինյոն, որի «Ռոմա»-ն շատ մեծ դժվարությամբ է «Բայեր»-ին հաղթել Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակչում:

2017 թվականին կարիերան ավարտելուց հետո ֆուտբոլիստը ժամանակն իզուր չկորցրեց, մեկ տարի անց արդեն գլխավորում էր Մադրիդի «Ռեալ»-ի մինչեւ 14 տարեկանների թիմը, նրա հետ ֆուտբոլիստները առաջնության ավարտից 3 տուր առաջ չեմպիոն դարձան:

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen


Երեխաներին մարզելուն զուգահեռ՝ Ալոնսոն բարձրացրեց իր որակավորումը: 2019-ի հունիսին ստացավ ՈւԵՖԱ-ի ՊՐՈ արտոնագիր, իսկ մեկ ամիս անց՝ գլխավորեց «Ռեալ Սոսիեդադ B»-ն, որտեղ սկսել է իր կարիերան: Ակումբի հետ նա երկու տարվա պայմանագիր կնքեց:

«Ես հաջողակ եմ, կարիերայիս ընթացքում բախտս բերել է ֆուտբոլից խոսել Անչելոտիի, Մոուրինյոյի, Գվարդիոլայի, Բենիտեսի հետ: Ամեն մեկից էլ ինչ-որ նոր բան եմ սովորել»,- խոստովանել է Ալոնսոն:

Հիմա 42-ամյա մարզիչը հիանալի ու տպավորիչ ճանապարհ է անցնում «Բայեր»-ի հետ: Մեկ տարի է ընդամենը անցել, երբ Գվարդիոլայից հետո երկրորդ իսպանացի մարզիչը գլխավորեց Բունդեսլիգայից դուրս մնալու վտանգի տակ հայտնված «Բայեր»-ը:

Կարճ ժամանակում Ալոնսոյին ոչ միայն հաջողվեց վերակենդանացնել թիմը, այլ նրան նոր շունչ ու նպատակներ հաղորդել, ձեռագիր հաղորդել, դուրս բերել Եվրոպայի Լիգա, անգերազանցելի թվացող «Բավարիա»-ի համար լուրջ մրցակցություն ստեղծել ու իր ակումբի մասին խոսելու բազում առիթներ տվել:

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen


Սթրեսակայունությունն ու հուսալիությունը

2004-2005 թթ. Չեմպիոնների Լիգայի հայտնի եզրափակչում հանդիպել էին «Միլան»-ն ու «Լիվերպուլ»-ը, առաջին խաղակեսից հետո իտալական ակումբը հաղթում էր 3:0 հաշվով: «Լիվերպուլ»-ն ոչ միայն կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ 3:3 դարձրեց հենց Ալոնսոն, այլ նաեւ այդ պատմական եզրափակչում հաղթեց:

«Նման խաղերում մոռանում ես վախի մասին: Դա իմ կարիերայում առաջին 11-մետրանոցն էր, բայց խաղադաշտում այնպիսի էներգիա էր տիրում, որ կասկածի նշույլ չունեի: Հստակ գիտեի, թե որտեղ եմ գնդակն ուղարկելու: Հարվածը վատը չէր, սակայն Դիդան հիանալի սեյվ կատարեց, ու ես ցույց տվեցի կյանքումս ունեցած ամենաարագ ռեակցիան, այդ գոլն ինձ խելահեղ վստահություն տվեց մնացած կարիերայիս համար»,-2021-ին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին պատմել է Ալոնսոն:

Ալոնսոյի դիրքը խաղադաշտում նրանից միշտ կայունություն էր պահանջում, բայց դա երբեք նրան չէր խանգարում ոչ սովորական գործել: Նրա անկաշկանդությունն ու սթրեսադիմացկունությունն ավելի մեծացան 2006 թվականի 2 ֆանտասիկ գոլերից հետո: 2006-ին Գավաթային խաղում գոլի հեղինակ դարձավ 60 մ հեռավորությունից («Լիվերպուլ»-ի երկրպագուներից մեկը խաղադրույք էր դրել, որ իր թիմը գոլ խփի սեփական կիսադաշտից ու 200 ֆունտ սթերլինգ էր դրել, արդյունքում ստացավ 25 հազար), իսկ նույն տարվա աշնանը այդկերպ խաբեց նաեւ «Նյուքասլ»-ի դարպասապահին:



«Ոչ մի ռիսկի էլ չէի դիմում, եթե գոլ չստացվեր, սարսափելի ոչինչ չէր լինի: Այդ իրավիճակում անհարմար վիճակում միայն դարպասապահները հայտնվեցին: Երբեք չեմ անում այնպիսի բաներ, որոնց պատճառով հիմարի տեսք կունենամ: Երբեւէ ինձ տեսե՞լ եք պաշտպաններին հնարքներով խաբելիս ու տուգանային հրապարակ մտնելիս»,- շարունակել է նա:

Նպատակասլաց ու ինքն իր վրա աշխատող

Փոքր տարիքից Ալոնսոյի մոտ ամեն ինչ հեշտ էր ստացվում՝ դպրոցում լավ էր սովորում ու հատկապես բարձր գնահատականներ ստանում մաթեմատիկայից: Ֆուտբոլային տաղանդի շնորհիվ էլ 18 տարեկանում նորամուտը նշեց «Սոսիեդադ»-ի կազմում, իսկ 20-ում՝ արդեն ավագ էր: Սակայն նրան թուլանալ չէին թողնում ծնողները, հատկապես՝ մայրիկը: 15 տարեկանում Խավին ձախողել էր իսպաներենի թեստն, ինչից հետո մայրը մեկ ամսով նրան արգելեց ֆուտբոլ խաղալ:

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen


«Պատանի ֆուտբոլիստի համար շատ կարեւոր է, որ նա լիարժեք մանկություն ունենա, չկենտրոնանա միայն մարզումների վրա: Շնորհակալ եմ ծնողներիս, ինձ այնպես են դաստիարակել, որ մինչեւ 16 տարեկանը չեմ էլ մտածել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին: Դա ինձ օգնում էր լրացուցիչ ծանրաբեռնվածություն զգալ»:

Ալոնսոն «Ռեալ Սոսիեդեդ»-ի հայտնի ակադեմիայի սան է, որտեղ մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդ սերնդի ոչ միայն ֆիզիկական պատրաստվածությանը, այլ նաեւ՝ հոգեբանական:

«Կարիերայիս սկզբում ամեն ինչի փորձում էի հասնել քայլ առ քայլ, այդ ամենը գլխիս մեջ էի պահում, երբ հերթական հանդիպմանն էի պատրաստվում կամ նոր ակումբ տեղափոխվում: Միայն ամենօրյա աշխատանքն է արդյունք բերում: Ամեն օր ցանկացած մարդ պիտի հարցնի իրեն, արդյոք ճիշտ ուղղությամբ է առաջ գնում»:  

Այդպես Ալոնսոյին միայն մեկ մրցաշրջան պետք եղավ հասկանալու, որ «Ռեալ»-ի ակադեմիան իր տեղը չէ: Անկախ արդյունքից՝ քիչ հավանական էր, որ կարողանաս դառնալ ակումբի գլխավոր մարզիչ, դրա համար էլ տեղափոխվեց «Սոսիեդադ»: Այնտեղ նա միասնական թիմ ստեղծեց, հիմա ակումբում հանդես են գալիս սեփական սաներից 14-ը:

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen


Տակտիկական բազմազանություն, վստահության աճ, ինքնանվիրում

Ակումբի երկրորդ թիմի հետ 3 տարվա աշխատանքի արդյունքում Ալոնսոն բավական հմտացավ ու ժամանակն էր անցում կատարելու ավելի բարձր մակարդակի: 2021-ին նա «Ռեալ Սոսիեդադ B»-ին 60 տարվա մեջ առաջին անգամ դուրս բերեց Իսպանիայի երկրորդ դիվիզիոն, թեեւ միանգամից էլ այն լքեցին, սակայն խաղերի մեծ մասում Խավիի սաները 70 % տիրում էին գնդակին: Այն ժամանակ էլ նա կարող էր հայտնվել Գերմանիայում, սակայն մերժեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»՝ պատճառաբանելով, որ ավելի շատ ժամանակի կարիք ունի:

2022-ին «Բայեր»-ի հետ պայմանագիր կնքելուց հետո Ալոնսոն առաջին հերթին զբաղվեց խաղացողների հոգեբանական պատրաստվածությամբ:

«Աչքերը գետնին հառած, հանդերձարանում՝ քար լռությամբ ոչնչի չես կարողանա հասնել: Փորձեցի ֆուտբոլիստներին վստահություն հաղորդել, իսկ երբ ստացվեց, թիմը սկսեց մեծ թափ հավաքել»,- պատմել է մարզիչը, որը հատկապես գնահատում է ակումբում Գվարդիոլայի աշխատանքային տարիները: Հենց իսպանացի մարզիչն է նպաստել, որ 2014-ին Ալոնսոն տեղափոխվի Գերմանիա։

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen


«Այնքան էի ուզում իմանալ Գվարդիոլայի գաղտնիքները: Նա բնությունից չթուլացող խանդավառություն ունի: Ֆուտբոլային մրցաշրջանները երկար են, բայց թվում էր մինչեւ վերջ էլ չի հոգնում, ինչը խաղացողներին լրացուցիչ մոտիվացիա էր տալիս, երբ դա առավել քան անհրաժեշտ էր լինում»,- The Athletic-ին ասել է Ալոնսոն:

Նրա գլխավորությամբ թիմն այնքան լավ մեկնարկեց, որ կարողացավ 7 անպարտելի խաղերից շարք ունենալ՝ ամենաերկարը 2002 թվականից հետո: Դրանցից մեկը հատկապես կարեւոր էր մարզչի համար՝ սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեցին «Բավարիա»-ին, իսկ նույն մրցակցի հետ հաջորդ խաղում 2:2 գրանցեցին, դա մասնավորապես հաջողվեց Ալոնսոյի մտահաղացման շնորհիվ՝ հանդիպման ընթացքում թիմը հմտորեն փոխեց մարտավարությունը:

Երբ այս տարվա փետրվարին 3:0 հաշվով գերազանցեցին մյունխենյան ակումբին ու ամրապնդվեցին մրցաշարային աղյուսակի 1-ին տեղում, Ալոնսոն շատ գեղեցիկ քայլով ընդգծեց ողջ մարզչական շտաբի կատարած աշխատանքը: Երբ ֆուտբոլիստները մոտեցան տրիբունեներին, որպեսզի երկրպագուների հետ կիսեն այդ կարեւոր հաղթանակը, մարզչին էլ կանչեցին: Մինչդեռ Ալոնսոն հրավիրեց իր մարզչական թիմի բոլոր անդամներին, որպեսզի նրանք էլ վայելեն այդ յուրահատուկ պահը:



Նախորդ մրցաշրջանում «Բայեր»-ը մեծ տարբերությամբ առաջատար էր մրցակցի կիսադաշտում փոխանցումներ կատարելու քանակով՝ 1820, որին 1537-ով հաջորդում էր մյունխենյան ակումբը: «Բայեր»-ի կազմի 11 տարբեր ֆուտբոլիստներ 4 ու ավելի գոլեր էին խփել մրցակիցներին, ինչը եւս լավ ցուցանիշ է, մարզիչը խաղը միայն մի քանի հոգու շուրջ չի կառուցվում:

«Եթե խաղադաշտի 1/3-ում որակյալ եք գործում, գոլեր անպայման կլինեն»,- համոզված է նա:

Ինտելեկտուալ, արվեստը գնահատող, ժամացույցների սիրահար

Խավին 9 տարեկան էր, երբ իսպանացի ռեժիսոր Խուլիո Մեդեման ծեծեց նրանց տան դուռը՝ ֆուտբոլի մեծ սիրահարը տղայի էր փնտրում իր «Կովը» ֆիլմում նկարահանելու համար: Մարզումներից մեկի ժամանակ տեսել էր Խավիին ու հավանել խաղը: Ծնողները վախեցան, որ նկարահանումները կխանգարեն դասերին ու մերժեցին, Ալոնսոն երբեք չնեղացավ ծնողներից, քանի որ գիտեր՝ ամեն աշխատանքում հաջողության գրավականը կենտրոնացվածությունը պահելն է: Ծնողներից է սովորել կյանքում անել այն, ինչը կօգնի իրեն ավելի լավը դառնալ:

16 տարեկանում 1,5 ամսով մեկնեց Իռլանդիա, որպեսզի լավացնի անգլերենը, ինքնուրույն էր ընտրել այդ ծրագիրը՝ առանց որեւէ մեկի օգնության: Այդ ընթացքում շատ է խաղացել տեղական ֆուտբոլ, որը նման է ռեգբիին:

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen


«Շատ ծանր էր, բայց դիմանում էի: Այդ դաժան խաղն ինձ անչափ կոփել է»,- հիշել է Ալոնսոն, որի «Բայեր»-ը խաղում է նման ուժային եւ ագրեսիվ ֆուտբոլ:

Գվարդիոլայի գլխավորությամբ մարզված շատ խաղացողներ խոստովանել են, որ նա ֆուտբոլային տակտիկայի մասին բազմաթիվ գրքեր ունի եւ դրանցից մեջբերումներ է անում նաեւ պարապմունքների ժամանակ: Ալոնսոն էլ նման մոտեցում ունի, նա բաց է նոր ինֆորմացիայի համար ու միշտ ձգտում է սովորել, դրա հետ մեկտեղ էլ բազմակողմանի զարգացած անձնավորություն է:

«Պաշտում եմ կարդալ, եւ ոչ միայն ֆուտբոլային գրականություն՝ թերթեր, ամսագրեր, պատվածքներ, կենսագրություններ ու թրիլլերներ: Ամեն ինչ: Շատ հետաքրքրասեր եմ, ինձ գրավում է կինոն, երաժշտությունը, տնտեսությունը, դիզայնը, ճարտարապետությունը: Նաեւ սիրում եմ մարդկանց, որոնք տարբերվում են մյուսներից, որոնց ներսում բացառիկ մի բան կա: Այդպիսիք են Լեոնարդ Քոհենն՝ իր բանաստեղծություններով ու երգերով, Լարս ֆոն Թրիերն՝ իր ֆիլմերով: Սիրում եմ հետեւել նման անսովոր ու խարիզմայով մարդկանց»:

Լուսանկարը` Bayer 04 Leverkusen


2010-ի ԱԱ-ից հետո Մադրիդի Տիսեն-Բորնեմեսի թանգարանը խաղացողներին նվիրել է անսահմանափակ VIP անցաթուղթ, որի շնորհիվ կարելի է դիտել մասնավոր հավաքածուներ եւ ցուցադրություններ, դրանց թվում են Ռեմբրանտի, Ռուբենսի, Ռաֆայելի ու շատ հայտնի նկարիչների աշխատանքներ: Հավաքականից միայն Ալոնսոն է օգտվել այդ հնարավորությունից:

Արվեստից ավելի շատ Ալոնսոն սիրում է միայն ժամացույցներ՝ նա արդեն 20 տարի է անվանի բրենդների գործեր է հավաքում: Հատկապես գնահատում է Franck Muller ժամացույցը, որը նա եւ «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները նվեր են ստացել Ստամբուլի եզրափակչից հետո: Ալոնսոյի ժամացույցի վրա փորագրված է 14 համարը:

Նրան դուր են գալիս հայտնի շոտլանդացի մարզիչ Բիլ Շենքլիի խոսքերը. «Ֆուտբոլը կյանքի ու մահվան հարց չէ, այն ինչ-որ բան ավելի է»: Հենց այդ մտքին էլ նա փորձում է համապատասխանել իր աշխատանքով ու ազդեցություն թողնել որքան հնարավոր է շատ մարդկանց վրա:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին