Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է Հայաստանի առաջնությունը, որտեղ հաղթողների կոչման համար պայքարում են 100 բռնցքամարտիկներ:
Առաջնությունը որոշիչ է լինելու մարզիկների համար, քանի որ դրա արդյունքներով ձեւավորվելու է երկրի հավաքականը, որն էլ մասնակցելու է տարվա կարեւորագույն մրցաշարերին: Դրանցից մեկն էլ ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերն են, որտեղ Հայաստանը ներկայացնող 6 մարզաձեւերի թվում է լինելու նաեւ բռնցքամարտը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը նշել է, որ Բաքու մեկնողներին կընտրեն առաջնության հաղթողներից: Միայն լավագույններն այնտեղ իրենց դրսեւորելու հնարավորություն կստանան:
«Նրանց կընտրի ֆեդերացիան, սակայն մարզիկների կարծիքները եւս հաշվի կառնվեն: Եթե նրանք չցանկանան մեկնել, ոչ ոք չի ստիպի: Բռնցքամարտիկները Բաքվում մասնակցելու փորձ ունեն: Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեր միակ ուղեգիրը Անդրանիկ Հակոբյանը հենց այնտեղ է ձեռք բերել: Ես համոզված եմ, որ այս անգամ էլ հաջող ենք մասնակցելու ու մեդալներով վերադառնալու»,- ասել է նա:
Նրա խոսքով, ցավոք, ոչ բոլոր քաշային կարգերում Հայաստանն ունի բարձրակարգ բռնցքամարտիկներ, որոնք կարող են լավագույնս հանդես գալ, այդ պատճառով էլ հնարավոր է Եվրոպական խաղերում ոչ բոլոր քաշերում հայ բռնցքամատիկները հանդես գան:
Գեւորգյանը գտնում է, որ այս անգամ բարոյահոգեբանական տեսանկյունից հայ մարզիկների համար ավելի հեշտ կլինի, քանի որ անվտանգության ամենաբարձր երաշխիքներն են տրված. «Մարզիկներն ավելի մարտական են տրամադրված: Առաջին անգամն է լինելու նաեւ, որ Հայաստանի թիմը մնալու է Օլիմպիական գյուղում բոլորի հետ, ոչ թե նախորդ անգամների պես առանձին հյուրանոցում»:



















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: