2014-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ դեռեւս գտնվում է կայացման ճանապարհին: Դրանով է բացատրվում թիմի անկայուն խաղը, անսպասելի եւ անակնկալ հաղթանակներն ու ցավալի պարտությունները:
Մեդիամաքս-ն իր զրուցակիցների հետ ամփոփել է ընտրական ցիկլը, ներկայացրել հավաքականի բացթողումներն ու ձեռքբերումները:
10 խաղերում Հայաստանի ընտրանին վաստակեց 13 միավոր` ելույթն ավարտելով 5-րդ տեղում
2014 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը հանդես եկավ իր հնարավորություններից բավականին ցածր եւ չկարողացավ ընդգրկվել այն 32 հավաքականների ցանկում, որոնք պայքարելու են Բրազիլիայի խաղադաշտերում:
Լուսանկարը՝ PanArmenian Photo:
ԵՎՐՈ-2012-ի ընտրական մրցաշարում լավ ելույթից հետո հայ երկրպագուներն իրենց սիրելի ֆուտբոլիստներից պահանջում էին եթե ոչ գերազանցել, ապա գոնե կրկնել նախորդ հաջողությունը:
Սակայն 2012թ. սեպտեմբերին ազգային ընտրանին բոլորովին այլ խաղ ցույց տվեց: Հավաքականի խաղային ճգնաժամն ու խնդիրներն ակնհայտ կերպով երեւում էին դեռ առաջին խաղում, երբ հյուրընկալվելիս հայերը մեծ դժվարությամբ երեք միավոր կորզեցին Մալթայից: Այնուհետեւ բավական «չարաբաստիկ» դասավորվեց բուլղարացիների հետ խաղը, որից հետո երկարատեւ ժամանակով շարքից դուրս եկավ պաշտպան Լեւոն Հայրապետյանը, իսկ Գեւորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին որակազրկվեցին երկու խաղով:
Հաջորդեցին պարտություններ Իտալիայից (1:3), Չեխիայից (0:3), Մալթայից (0:1): Ընտրական մրցաշարում Վարդան Մինասյանի սաներին հաջողվեց հաղթել նախորդ հաղթանակից միայն 10 ամիս անց: Սակայն որքան տպավորիչ, գեղեցիկ ու գոլառատ էր այդ հաղթանակը: Հայաստանի ընտրանին Կոպենհագենում 4:0 հաշվով ջախջախեց դանիացիներին: Մինչ ընտրական մրցաշարի ավարտը հայ ֆուտբոլիստները տոնեցին եւս երկու հաղթանակ: Նրանք կարողացան 2:1 հաշվով առավելության հասնել Չեխիայի նկատմամբ եւ Երեւանում նույն հաշվով վրեժխնդիր լինել Բուլղարիայից: 14 ամիս տեւած ընտրական ցիկլում միայն մեկ անգամ հայերը հասան ոչ ոքի արդյունքի, այն էլ դրսում՝ Եվրոպայի փոխչեմպիոն իտալացիների հետ (2:2):
Լուսանկարը՝ PanArmenian Photo:
10 խաղերում Հայաստանի ընտրանին կորցրեց 17 միավոր՝ B խմբում ելույթն ավարտելով 5-րդ տեղում 13 միավորով: Ֆուտբոլիստներին հաջողվեց խփել 12 գնդակ եւ բաց թողնել 13-ը: Թեեւ ազգային հավաքականն արդյունքի առումով ձախողվեց եւ չկարողացավ դուրս գալ Մունդիալի եզրափակիչ փուլ, բայց ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում շոշափելի առաջընթաց արձանագրեց՝ բարձրանալով իր համար ռեկորդային 34-րդ տեղը:
B խմբում միայն մեկ ակնհայտ ուժեղ թիմ կար, եւ այն էլ նվաճեց ուղեգիր
Վարդան Մինասյանը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս:
Վարդան Մինասյանը, որը ԱԱ ընտրական մրցաշարի ավարտից հետո հայտարարեց հավաքականից հեռանալու մասին, նշել է, որ վատ խաղի հիմնական պատճառը կայուն կազմի ու ֆուտբոլիստների խաղային պրակտիկայի բացակայությունն էր: Նա նաեւ գտնում է, որ B խմբում միայն մեկ ակնհայտ ուժեղ թիմ կար, եւ այն էլ նվաճել է ուղեգիր:
«Խմբից դուրս չգալը մեզ համար ձախողում չէ, որովհետեւ մենք ակնհայտ ֆավորիտ չէինք, ինչպես Գերմանիան կամ էլ Իտալիան: Բացի Մալթայից կրած ցավալի պարտությունից, տղաները հիմնականում լավ խաղ են ցույց տվել»,- ասել է հավաքականի նախկին մարզիչը:
Ռուբեն Հայրապետյանը:
Լուսանկարը՝ Photolure:
Իսկ ահա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով, հավաքականը ձախողել է ընտրական մրցաշարը, քանի որ չի կարողացել կատարել իր առջեւ դրված առաջնային խնդիրը՝ հաղթահարել խմբային փուլի արգելքը. «Հավաքականը կրել է շատ տխուր եւ ցավալի պարտություններ: Ես մինչ օրս չեմ կարողանում հասկանալ Մալթայից կրած պարտության պատճառները: Դրանից հետո թիմը երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ, գուցե հենց այդ երեք միավորն էլ մեզ չբավականացրեց»:
Այդ խաղում պարտվելու իր բացատրությունն ունի մարզիչը. Վարդան Մինասյանի խոսքերով, թիմը զիջեց, քանի որ թերագնահատել էր մրցակցին: «Բացի այդ էլ, արագ գոլ բաց թողեցինք, հետո փորձեցինք ուղղել սխալը, բայց ավելի ծանր վիճակում հայտնվեցինք, որովհետեւ ընթացքից փոփոխություններ անելն ավելի է բարդացնում իրավիճակը»,- նշել էր Մինասյանը:
Հայերը կրկին սպասելու են մեկ բանի` տեսնել իրենց ընտրանուն ԵԱ եզրափակիչ փուլում
Լեւոն Հայրապետյանը:
Մալթայից կրած պարտությունը մեծ ցավով են հիշում նաեւ հավաքականի ֆուտբոլիստները: Պաշտպան Լեւոն Հայրապետյանը վնասվածքի պատճառով այդ խաղին հետեւել է տրիբունայից ու չի կարողանում հավատալ, որ նման մրցակցի հետ կարելի էր երեք միավոր կորցնել: «Այդ պարտությունը սառը ցնցուղ էր մեզ համար: Դրանից հետո պետք էր արագ ինչ-որ բան անել, փոխել խաղը, կրկին վերադարձնել երկրպագուների վստահությունը: Ու 4 օր անց մենք տեսանք բոլորովին այլ հավաքական, որը փայլուն հաղթանակ տարավ Դանիայի նկատմամբ՝ վերականգնելով հեղինակությունը»,- ընդգծել է Հայրապետյանը:
Նա նաեւ խոստովանել է, որ բոլոր հանդիպումների ժամանակ տղաները «վառվում էին» հաղթելու անսահման ցանկությամբ, ինչն էլ խանգարում էր արդյունքի հասնել. «Չնայած մեզ մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում էր, բայց մեր հավատարիմ երկրպագուները շարունակում էին մեր կողքին լինել ու աջակցել, ինչի համար շատ շնորհակալ ենք նրանցից: Այս ընտրական փուլում ես զգացի, որ որպես թիմ մենք ավելի միաձուլվեցինք ու միասնական դարձանք: Դրանում չափազանց մեծ է Վարդան Մինասյանի ներդրումը»:
Արթուր Եդիգարյանը:
Կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն էլ դրական է համարում այն փաստը, որ ուժերը փորձելու հնարավորության ունեցան Իտալիայի, Դանիայի ու Չեխիայի պես հավաքականների դեմ խաղերում:
«Հավաքականն այդքան էլ հաճախակի չի հանդիպումներ անցկացնում, ու մենք ավելի շատ խաղալու կարիք ենք զգում: Մեծ փորձ էր նման թիմերի հետ խաղալը, հատկապես ուրախալի է, որ մեր հաշվին հաղթանակներ ու ոչ ոքի էլ ենք գրանցել նրանց հետ պայքարում»,- ասել է նա:
Եդիգարյանն էլ իր թիմակցի պես համարում է, որ թեեւ իրենք չեն կարողացել եզրափակիչ փուլ դուրս գալ, բայց ավելի կարեւոր ու մնայուն բան են ձեռք բերել՝ դարձել են միասնական ու սկսել հավատալ սեփական ուժերին: «Թեեւ առաջիկայում մեզ փոփոխություններ են սպասվում՝ նոր մարզիչ ենք ունենալու, բայց միշտ կհիշենք Մինասյանի ամենակարեւոր խորհուրդները՝ հայրենասեր ու միասնական կմնանք»,- եզրափակել է ֆուտբոլիստը:
Լուսանկարը՝ Photolure:
Այս մրցաշրջանն ավարտված է Հայաստանի հավաքականի համար, ու ժամանակն է պատրաստվել առաջիկա խաղերին: 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը մեր թիմը հանդես է գալու այլ մարզչի գլխավորությամբ: Այդ ընտրական փուլում եւս հայ երկրպագուները մեծ հույսով սպասելու են մեկ բանի` տեսնել իրենց ընտրանուն ԵԱ եզրափակիչ փուլում: Իսկ այդ շանսերն ավելի են մեծանում, քանի որ Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանն իրավունք են ստանալու խաղալ 24 երկրների հավաքականներ:
Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: