Միջին Արեւելքում շարունակվող հակամարտության լայնածավալ հետեւանքների շարքում քննարկվում է Իրանի ֆուտբոլի հավաքականի մասնակցությունն Աշխարհի առաջնությանը։ Այդ թեման սպորտային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հատկապես, երբ ՖԻՖԱ-ն տվեց մեկնարկին 100 օր մնալու հետհաշվարկը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր համար միեւնույնն է՝ Իրանը կմասնակցի՞ Աշխարհի առաջնությանը, թե՞ ոչ։
«Ալ Ջազիրա»-ն վերլուծել է իրավիճակն ու փորձել հասկանալ, թե ինչպե՞ս կազդի Իրանի հավաքականի դուրս գալը համաշխարհային սպորտի վրա։
Լուսանկարը` Getty Images
ԱՄՆ-ի եւ Իսրայելի հայտարարած պատերազմից հետո Իրանում արդեն զոհվել է ավելի քան 1000 մարդ։ Հակամարտությունն ընդգրկել է ողջ տարածաշրջանը, զոհեր կան նաեւ մի շարք արաբական երկրներում եւ Իսրայելում։
Սպորտի եւ աշխարհաքաղաքականության առաջատար փորձագետ, Շանհայի «Էմլիոն» բիզնես դպրոցի աֆրո-եվրասիական սպորտի պրոֆեսոր Սայմոն Չադվիկը «Ալ Ջազիրա»-ին ասել է, որ Իրանի մասնակցությունը մրցաշարին լուրջ կասկածի տակ է՝ հյուրընկալող երկրներից մեկի եւ մասնակցի միջեւ զինված հակամարտության պայմաններում։
«Դիվանագիտական լուծումը կլինի այն, որ Իրանը պարզապես մի կողմ քաշվի եւ դուրս գա մրցաշարից։ ԱՄՆ-ը չի ցանկանա ընդունել իրանցի ֆուտբոլիստներին, պաշտոնյաներին կամ թիմի հետ ժամանող բժիշկներին։ Եթե հաշվի առնենք, որ Իրանի երեք հանդիպումն էլ կայանալու է հենց ԱՄՆ-ում, ես քիչ հավանական եմ համարում, որ նրանք կմեկնեն այնտեղ։ Միեւնույն ժամանակ գտնում եմ, որ Իրանը երկար կմտածի վերջնական որոշում կայացնելուց առաջ»,-ասել է նա։
Լուսանկարը` Getty Images
Սպորտային միջոցառումների ամենամեծ բոյկոտները եղել են Օլիմպիական խաղերի ժամանակ։ Մոսկվայի 1980 եւ Լոս Անջելեսի 1984 թվականների խաղերից նախ հրաժարվել են ԱՄՆ-ը եւ արեւմտյան երկրները, իսկ չորս տարի անց նույն բանն արել են ԽՍՀՄ-ը եւ սոցիալիստական բլոկին հարող երկրները։ Իսկ ահա ֆուտբոլի Աշխարհի առաջնությունների ժամանակ նման բան սովորաբար տեղի չի ունենում։
«Իրանի դուրս գալը ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ֆինանսական ազդեցություն կունենա։ Մենք ապրում ենք խիստ առեւտրային ժամանակներում եւ միակողմանիորեն աշխարհի ամենամեծ սպորտային միջոցառումից հրաժարվելու ֆինանսական հետեւանքներն ինքնավնասման ակտ կլինեն Իրանի համար։ Նաեւ չգիտենք, թե ինչպես կարձագանքի ՖԻՖԱ-ն, եթե որեւէ թիմ հրաժարվի ուղեգրից»,-ավելացրել է մասնագետը։
Չնայած ԱԱ-ն ընդունելու է երեք երկիր, բայց Իրանի բոլոր խաղերը նախատեսված են ԱՄՆ-ում։ Միգուցե կազմակերպիչներն այդպես են արել, որովհետեւ իրանական մեծ համայնք կա այնտեղ ու իրենց թիմին աջակցելու կգան բազմաթիվ իրանցիներ։
Չադվիկը կարծում է, որ եթե Իրանը խաղերն անցկացներ Կանադայում կամ Մեքսիկայում, Իրանի ֆուտբոլային ղեկավարները կարող էին ազդել ընդունվող որոշման վրա ու մեկնեին մրցավայր։ Սակայն կազմակերպիչները, հավանաբար, խաղերն ԱՄՆ-ից չեն տեղափոխի․ «Չեմ կարծում, որ մեկ երկրին հարմարվելու համար խաղերը տեղափոխեն, հատկապես, երբ ՖԻՖԱ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները, կարծես, շատ մտերիմ են»։
Լուսանկարը` Getty Images
Չնայած ՖԻՖԱ-ն հստակ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ, գլխավոր քարտուղար Մաթիաս Գրաֆսթրոմն ասել է, որ իրենք հետեւում են հակամարտությանը եւ դրանից բխող իրավիճակին։ Քանի որ մրցաշարից մնացել է գրեթե երեք ամիս, «ՖԻՖԱ-ն կշարունակի շփվել ընդունող երկրների կառավարությունների հետ»։
«ՖԻՖԱ-ն կխուսափի այնպիսի զարգացումից, որտեղ Իրանը կհեռացվի մրցաշարից։ Հավանական է, որ սպորտային դիվանագիտությունն, իսկապես, ակտիվանա։ Վերջին բանը, որ ՖԻՖԱ-ն կցանկանա, այն է, որ որեւէ երկիր հեռացվի կամ չներկայանա առաջնությանը։ Դա նախադեպ կդառնա եւ հետագայում մեծ ճնշում կլինի ՖԻՖԱ-ի վրա»։
Քանի որ հակամարտությունն ավելի է տարածվում ու ավարտի մասին կողմերը չեն էլ մտածում, Իրանի հրաժարվելն ԱԱ-ից կարող է հանգեցնել սպորտային ճգնաժամի։ Փորձագետը կարծում է, որ դրա հետեւանքները կարող են լինել լայնածավալ եւ երկարաժամկետ։
«Քաղաքական առումով դա, հնարավոր է, մեզ տանի դեպի նոր սպորտային «սառը» պատերազմ։ Ռուսաստանը (որի հավաքականը զրկված է ֆուտբոլի միջազգային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից, խմբ․) եւ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ են տանում «Խաղաղության խաղեր» անվամբ սպորտային Աշխարհի առաջնություն ստեղծելու գաղափարը, որը կարծես նման է լինելու Օլիմպիական խաղերին, բայց, բնականաբար, դա Օլիմպիական խաղեր չեն։ Ռուսաստանին արդեն իսկ հաջողվել է ներգրավել ավելի քան 70 երկրի՝ մասնակցելու այդ մարզական միջոցառմանը»։
Լուսանկարը` Getty Images
Չի բացառվում, որ այն կարող է աջակցություն ստանալ Իրանի կողմից եւս, եթե նա այլընտրանք չունենա, քան հրաժարվել Աշխարհի գավաթի խաղարկությունից։
Անհավանական չէ, որ ապագայում որոշ երկրներ կարող են ստեղծել ֆուտբոլի Աշխարհի առաջնության իրենց այլընտրանքը, հատկապես այն դեպքում, երբ ՖԻՖԱ-ն եվրոպացիների կողմից ստեղծված կազմակերպություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Եվրոպայում, իսկ նախագահները սովորաբար եվրոպացիներ են։
Չնայած ներկայիս իրավիճակին եւ հակամարտության ընդլայնմանը, Չադվիկը կարծում է, որ կազմակերպիչներն ու առաջնորդները դեռ կարող են միջոց գտնել Իրանին Աշխարհի առաջնությունում ներգրավելու համար։
«Եթե հակամարտության ավարտին ի հայտ գա նոր Իրան, որտեղ խոշոր հագուստի ընկերությունները կարող են վաճառել իրենց արտադրանքն առանց պատժամիջոցների, կամ հեռարձակողները կարող են խոշոր պայմանագրեր շահել, ապա Աշխարհի առաջնությունը դեր կխաղա ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դիվանագիտության կապերի կառուցման, ինչպես նաեւ Իրանի՝ միջազգային հանրությանը վերաինտեգրման գործում»,- ավելացրել է Չադվիկը։
Գոհար Նալբանդյան




















