2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի իսկական սենսացիայի հեղինակը բուլղարացի Լորա Խրիստովան է, որը մինչ այդ իր կարիերայում երբեք լուրջ նվաճումների չէր հասել ու անգամ լավագույն տասնյակում չէր ընդգրկվել:
Ծանոթանանք այդ յուրահատուկ մարզուհուն ու թե ինչպես նրան հաջողվեց անել անհնարինը: Սակայն նրանից բացի պատմելու ենք նաեւ բիաթլոնի նույն 15 կմ անհատական մրցավազքի Օլիմպիական չեմպիոնուհու՝ Ժյուլյա Սիմոնի քրեական անցյալի մասին:
Անհավանական Խրոստովան
Խրիստովայի մեդալակիր դառնալն այնքան անսպասելի էր, որ Բուլղարիայի թիմը նրա համար նույնիսկ շքերթային հագուստ չէր պատրաստել ու միայն վերջին պահին կարողացավ գտնել: Իր վերարկուն տրամադրեց թիմակից Միլենա Տոդորովան, որպեսզի Խրիստովան կարողանա բարձրանալ մեդալակիրների համար նախատեսված պատվոհարթակին:
Իհարկե, անհատական մրցավազքը միշտ էլ լի է անակնկալներով, սակայն այդքան անսպասելի պայքար 21-րդ դարի ձմեռային խաղերում դեռ չէր եղել: Նույնիսկ բիաթլոնի մի քանի հայտնի ներկայացուցիչների փայլուն արդյունքներն են խամրում փետրվարի 11-ին Անտհոլցում տեղի ունեցածի համեմատ: Խրիստովան կարողացավ լավագույն եռյակ ներխուժել հատկապես անվրեպ կրակելու շնորհիվ:
Լուսանկարը` Olympic
Սկսենք նրանից, որ 22-ամյա Լորան Աշխարհի գավաթներում նույնիսկ 20-յակում չէր ընդգրկվել: Նրա լավագույն արդյունքը եղել էր 23-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի Աշխարհի առաջնությունում 13-րդն էր:
Խրիստովան պրոֆեսիոնալ մակարդակում հանդես է գալիս 2021 թվականից, 2022-ին բավական երիտասարդ տարիքում արդեն մասնակցել է Պեկինի խաղերին եւ սպրինտում ընդամենը 89-րդը եղել:
«Խոսքեր չունեմ։ Այնքան ուրախ եմ։ Ամբողջ ընթացքում ինձ տեղեկացնում էին, թե որ հորիզոնականում եմ ընթանում, բայց փորձում էի չմտածել այդ մասին, որպեսզի կարողանայի կենտրոնանալ մրցավազքի եւ կրակելու վրա: Կրակելիս ինձ հաջողվեց զսպել հույզերս եւ չմտածել արդյունքի մասին, քանի որ Օլիմպիական խաղերը մեծ ճնշում են գործադրում հոգեկան աշխարհիդ վրա։ Պատկերացնում էի, թե սովորական մրցաշարի եմ մասնակցում:
Լուսանկարը` Olympic
Շատ ուրախ եմ, որ Բուլղարիան էլ ներկայացուցիչ ունեցավ մրցանակաբաշխությունում: Մրցավազքը սկսեցի 23 համարով, որն իմ ծննդյան օրն է խորհրդանշում։ Վստահ էի ուժերիս։ Գիտեի, որ կարողանում եմ լավ կրակել ու վազել: Հիանալի է, որ լավագույն մարզավիճակիս հասա, քանի որ մրցաշրջանի մեկնարկում ինձ այնքան էլ լավ չէի զգում», - խոստովանել է Օլիմպիական բրոնզե մեդալակիրը:
Օլիմպիական խաղերում Բուլղարիան 2002 թվականից հետո բիաթլոնում առաջին մեդալը նվաճեց: Իսկ երկրի պատմության մեջ այս մեդալը 3-րդն էր՝1998-ին Եկատերինա Դաֆովսկան է հաղթել, իսկ 2002-ին Իրինա Նիկուլչնան բրոնզե մեդալ նվաճել: Հետաքրքիր է, որ 2026-ի բիաթլոնի մեդալակիրներին պարգեւատրել է հենց Դաֆովսկան, երեւի խաղերի կազմակերպիչները նախապես ինչ-որ բան զգացել են:
Խրիստովան բիաթլոնով է զբաղվում 11 տարեկանից ու հենց ամենասկզբից երազել է Օլիմպիական մեդալ նվաճելու մասին:
«Մեկ անգամ չէ, որ այդ նպատակիս մասին բարձրաձայնել եմ ու երջանիկ եմ, որ վերջապես այն իրականություն դարձրի: Մրցավազքից առաջ ցանկանում էի միայն ողջ ընթացքում կենտրոնացած լինել ու որեւէ արդյունք չակնկալել: Ձգտում էի մինչեւ եզրագիծը հատելը լավագույնս մասնակցել»,- պատմել է նա:
Լուսանկարը` Olympic
Մեդալ նվաճելուց հետո Խրիստովան շնորհակալություն է հայտնել գերմանացի մարզիչ Վոլֆգանգ Պիհլերին. «Հենց ամենասկզբից զգում էի, թե որքան վստահ է նա: Մարզիչը բոլորիս շատ էր օգնում եւ նշում, որ կարող ենք Օլիմպիական խաղերում լավ արդյունք գրանցել: Հենց Պիհլերն է ինձ ոգեշնչել հասնել նման արդյունքի»:
Գերմանացի մասնագետը Բուլղարիայի հավաքականի հետ աշխատում է 2024 թվականից: Նա իր զարմանքն ու ոգեւորությունն այսպես է արտահայտել. «Սա իմ մարզչական կարիերայի ամենաանսպասելի մեդալն էր: Շատ նվաճումների եմ հասել սաներիս հետ, բայց այս մեկը շատ բարձր եմ գնահատում: Հիմա կարող եմ քայլել գլուխս բարձր պահած։ Լորային ասել էի, որ չենք պլանավորում Օլիմպիական խաղերից առանց մեդալի վերադառնալ»:
Պիհլերն ավելի վաղ խոստովանել էր, սա իր վերջին Օլիմպիական խաղերը կլինեն: Նա արդեն 71 տարեկան է, նախկինում սրտի կաթված է ունեցել ու կոմայի մեջ հայտնվել: Հիմա որոշել է վերջապես հոգ տանել իր առողջության մասին:
Լուսանկարը` Olympic
Չեմպիոնի քրեական անցյալը
15 կմ անհատական մրցավազքում լավագույն արդյունքը ցույց տվեց ֆրանսիացի Ժյուլյա Սիմոնը: Նա հենց նույն մարզուհին է, որին թիմակիցները կասկածում էին գողության մեջ ու ինչպես պարզվում է՝ դրա համար բավարար հիմքեր ունեին: Սիմոնը 15 հազար տուգանք է վճարել բանկային քարտերի հետ կապված խարդախության ու 4-ից ավել թիմակիցների անձնական իրերն ու գումարը գողանալու պատճառով:
29-ամյա մարզուհու պայմանական ազատազրկման ժամկետը լրացել է միայն հունվարին, ինչից հետո նա մեկնել է Իտալիա՝ մասնակցելու խաղերին, որտեղ նախ փոխանցումավազքում է ոսկի նվաճել, ապա նաեւ անհատական պայքարում:
2022-ին մարզական աշխարհը ցնցեց L’équipe պարբերականի հոդվածը, որը բացահայտեց Ֆրանսիայի բիաթլոնի հավաքականում առկա խնդիրները: Նշվում էր, որ Սիմոնն օգտագործել էր թիմակից Ժյուսթին Բերզազ-Բուշեի ու ֆրանսիական թիմի եւս մեկ անդամի քարտային տվյալները, որպեսզի 1620 եվրո արժողությամբ GoPro տեսախցիկներ գնի: Բուն քարտերը չէին օգտագործվել, սակայն իմացել էին բանկային տվյալները:
Լուսանկարը` IBU
Շուտով Ժյուսթինն ինքն էլ ամեն ինչ հաստատեց: Նա քարտի վրայից գումարի գանձումը հայտնաբերելուց հետո փորձել էր ամեն ինչ պարզել ու կասկածել էր, որ իր տվյալները միայն Սիմոնը կարող էր իմանալ: Նա կապվել էր Ֆրանսիայի բիաթլոնի ֆեդերացիայի հետ, սակայն սպորտային պաշտոնյաները հրաժարվել էին որեւէ գործողություն ձեռնարկել։
«Ես անկեղծորեն փորձեցի քննարկել այս իրավիճակը, բայց ոչինչ չստացվեց։ Իմ բոլոր փորձերն անհաջող էին: Ստիպված էի դիմել ոստիկանություն։ Հեշտ որոշում չէր, բայց ապացույցներ չունենալու դեպքում այդպես չէի վարվի», - նշել էր մարզուհին:
Պատմությունը ձգձգվել է ողջ 2022/2023 մրցաշրջանի ընթացքում։ Թեեւ թիմում բոլորն են տեղյակ եղել իրավիճակից, սակայն մամուլին այդպես էլ ոչ մի տեղեկություն չեն փոխանցել: Հետագայում ֆրանսիական թիմի ներկայացուցիչները խոստովանել են, որ մթնոլորտն իսկապես շատ լարված էր:
Լուսանկարը` IBU
Այդ մրցաշրջանն ամենահաջողն էր Սիմոնի համար՝ նա առաջին անգամ նվաճեց Աշխարհի Գավաթը: Ողջ ամռան ընթացքում մարզվում էր անհատական ծրագրով, սակայն հոկտեմբերին թույլ տվեցին միանալ Ֆրանսիայի հավաքականին:
Փաստաբանները պնդում էին, որ մարզուհին խաբեության զոհ է դարձել՝ խարդախներն իմացել են բանկային տվյալներն ու գնումները նրա անունից կատարել: Նրանք նաեւ նշում էին, որ 2021/2022 մրցաշրջանի ընթացքում Սիմոնը 65 հազար եվրո է վաստակել ու կարող էր իրեն թույլ տալ 2000 եվրոյի գնում կատարել:
Ինքը Սիմոնը լռությունը խախտեց միայն Ֆրանսիայի ազգային հավաքականում աշխատանքը վերսկսելուց հետո: Նա բացատրեց, որ իրեն իսկապես զոհ է համարում: Պնդում էր, որ իր տեխնիկան ու սոցիալական ցանցերի հաշիվները կոտրվել են, դրա համար էլ դատական հայց է ներկայացրել X սոցիալական ցանցի դեմ:
«Դեկտեմբերին փորձեցի հավաքականի աղջիկներին բացատրել իրավիճակը։ Բայց ինձ համար դժվար է նման բաների մասին խոսել։ Թիմի ներսում լարվածությունը միայն մեծացավ, ստիպված էի ամեն ինչ միայնակ հաղթահարել։ Ապշած էի տեղի ունեցածից, ուստի ինձ եւս տուժած կողմ եմ համարում: Համակարգիչս գողացել են ու տվյալներս իմացել»,- պատմել էր նա։
Լուսանկարը` Olympic
2 տարվա քաշքշուքներից հետո վերջապես եղավ դատարանի որոշումը՝ Սիմոնը մեղավոր ճանաչվեց: Օլիմպիական մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ Սիմոնը դատարանում խոստովանեց խարդախությունը։ Մարզուհին նշեց, որ առաջին անգամ մեղադրանքների մասին իմանալուց հետո խուճապի է մատնվել, իսկ ավելի ուշ՝ ներողություն խնդրել զոհերից եւ Ֆրանսիայի ֆեդերացիայից, բայց չի կարողացել նշել իր արարքի դրդապատճառները։
«Ես չեմ կարող բացատրել, թե հետս ինչ է կատարվել նման քայլի դիմելիս: Այդ ամենին որեւէ բացատրություն տալ չեմ կարող»,- անցկեղծացել է նա:
Ֆրանսիայի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովն ամեն դեպքում որոշել է ի վնաս իրեն չգործել եւ լավագույն մարզուհուն չզրկել Օլիմպիական խաղերին մասնակցելուց: Սիմոնն արդարացրել է հույսերն ու Ֆրանսիայի համար 2 ոսկե մեդալ է նվաճել:
Հասմիկ Բաբայան























