«Լավ կլիներ, որ Պողոս Մկրտիչովիչն իմանար, որ ես գոնե որեւէ բան եմ արել հայ ժողովրդի համար»: «Արարատ-73»-ի հետ ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր դառնալուց հետո այսպես էր ասում լեգենդար Նիկիտա Սիմոնյանը:
Նրա կյանքի արարատյան հատվածի մասին է պատմում ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Ոսկե դուբլ» ֆիլմը: 22 տարի Մոսկվայի «Սպարտակ»-ում աշխատելուց հետո Նիկիտա Սիմոնյանը փոխարինելու է գալիս պաշտոնանկ արված Նիկոլայ Գլեբովին: Ու թեեւ նրանից բացի քչերն էին հավատում, որ մեկ տարում կկարողանա թիմի հետ երկու մեծ տիտղոսի արժանանալ, Սիմոնյանն այդ նպատակը իրականություն դարձրեց:
Ցավոք, ֆիլմում նրա անցած բարդ ճանապարհն ու դժվարությունները խորապես չեն ներկայացված: Սիմոնյանին ֆիլմում մարմնավորող Եգոր Բերոեւի մոտ մասամբ է ստացվել ներկայացնել համեստ ու աննկուն Սիմոնյանի մարդկային եւ առավել եւս հզոր մարզչական կողմը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Սպորտային դրամայի համար սյուժեն բավական կաղում է ու անավարտության զգացում է թողնում, հատկապես այն հատվածներում, երբ գործի մեջ պետք է տեսնենք «Արարատ»-ի ֆուտբոլիստներին, որոնց անհավանական ջանքերի, չհանձնվելու ու մինչեւ վերջ իրենց հավատալու շնորհիվ իրականություն դարձավ «Արարատ-73» լեգենդը:
Խաղացողներին չափազանց քիչ տեղ է հատկացված ֆիլմում, փոխարենը շատ են նոստալգիկ ու հուշեր արթնացնող դրվագները: Ֆիլմի հեղինակներն աշխատել են ցույց տալ հին ու բարի ժամանակների Հայաստանը, երբ մարդկային հարաբերություններն առաջնային էին, հարեւանները մի ընտանիքի պես էին ու նրանց կյանքում ամենակարեւորը հենց «Արարատ»-ն էր:
Բայց, ահա այդ «Արարատ»-ի իսկական ոգին այնքան էլ ակնհայտ չէ: Թիմը մարզչի հետ փոխհարաբերությունների արդյունքում հոգեկան ու սպորտային աճ է գրանցել, ժամանակի ընթացքում հասունացել ու նոր միայն միասնական դարձել: «Արարատ»-ը մեծ անհատների եւ ուժեղ ֆուտբոլիստների ակումբ էր, բայց ցավոք խաղացողներին այդքան էլ շատ տեղ չի հատկացված: Համարյա հիշատակում չկա Նիկոլայ Ղազարյանի պես ֆուտբոլսիտի մասին, որը թիմի լավագույն խաղացողներից մեկն էր: Իսկ Հովհաննես Զանազանյանը՝ «Արարատ»-ի ոգին ու անզուգական ավագն ընդհանրապես նման չէ իրեն: Նրա մեծությունն ու թիմում ունեցած ազդեցությունը չափազանց փոքր են ներկայացված:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Արարատ-73»-ի անվանի կիապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն «Ոսկե դուբլ»-ը 2 անգամ է դիտել, նա ներկա է եղել նաեւ Մոսկվայում կայացած պրեմիերային ու այսպիսի մտահոգություն է հայտնել.
«Մենք ֆիլմում համարյա չկանք, մեկ խաղ են ցույց տալիս, որում զիջում ենք Լվովի «Կարպատներ»-ին: Մրցաշրջանի ընթացքում 18 հաղթանակ ենք տարել, դրանց մասին պիտի պատմեին: Կամ այսպիսի մի հատված կա. «Բոնդարենկոյին ասեք գնդակները շուտ փոխանցի», ամենամաքուր փոխանցողը ես էի։ Մեզ «Լեգենդար «Արարատ»» են անվանում, հենց այդ հպարտանալու պահերը պետք է ցույց տային»: Գիտեմ, որ փաստագրական ֆիլմ չէ, բայց միեւնույն է ցավալի է, որ մեր երկրորդ մարզիչ Հովհաննես Աբրահամյանը ֆիլմում ընդհանրապես չկա։ Մենք հին տղաներ ենք ու նման բաները կարեւորում ենք: ԽՍՀՄ-ի չեմպիոն ու գավաթակիր են դարձել 15 ֆուտբոլիստներ ու 3 մարզիչներ: Նիկիտա Սիմոնյանը սուրբ մարդ էր, նրա ցավը տանեմ, մեր 2-րդ մարզիչը Հովհաննես Աբրահամյանն էր, իսկ 3-րդը՝ Հարություն Քեհեյանը։ Թիմի պետ Ռոբերտ Ծաղիկյանին ֆիլմում գլխավոր դեր է հատկացված, ուզում եմ մյուսների անուններն էլ հիշատակել՝ մեր բժիշկը Արամ Յուսուֆյանն էր, մերսողը՝ Լյուդվիգ Մելիքյանը, ադմինիստրատորը՝ Լեւոն Զանազանյանը, կարեւոր էր նաեւ Աշոտ Մանուկյանը: Մեր կողքին շատ մարդիկ կային, նրանք իսկական թիմ էին ու մեզ օգնեցին այդ հրաշքը կյանքի կոչել»:
Բոնդարենկոն ափսոսում է, որ երիտասարդ սերունդն իրենց այդքան էլ լավ չի ճանաչի ու ամբողջական պատկերացում չի կազմի թիմի մասին: Բայց նաեւ շնորհակալ է ֆիլմի ստեղծագործական թիմին ու դերասաններին կատարած աշխատանքի համար:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այս ֆիլմը հիմնականում երիտասարդների համար է, որ իմանան նման ֆուտբոլիստներ ենք ունեցել։ Մեր հասակակիցները բոլորիս ճանաչում են ու դաշտում տեսել են: Կարեւոր է, որ ֆուտբոլիստների նոր սերունդը ծանոթանա «Արարատ-73»-ի հետ: Շնորհակալ ենք բոլոր դերասաններից ու ստեղծագործական կազմից, որ ֆիլմը որպես հիշողություն կմնա մեզ ու նոր սերնդի համար»,-սրանք էլ թիմի ֆուտբոլիստ Նորայր Մեսրոպյանի խոսքերն են:
Ու որպեսզի Բոնդարենկոյի մտահոգությունը գոնե մի քիչ փարատենք, Սիմոնյանի խոսքերով կհիշատակենք բոլոր այն առանցքային մարդկանց, որոնք իրականություն են դարձրել լեգենդար թիմի ոչ պակաս լեգենդար պատմությունը.
«Արկադի Անդրեասյանն այդ մրցաշրջանի հերոսներից մեկը դարձավ: Չնայած հիմա էլ դժվարանում եմ որեւէ մեկին առանձնացնել։ Արտակարգ խաղ ցուցադրեց Էդուարդ Մարկարովը, Լեւոն Իշտոյանն ու Նիկոլայ Ղազարյանը փայլեցին հարձակման գծում, կենտրոնում հիանալի համագործակցեցին Սերգեյ Բոնդարենկոն ու Հովհաննես Զանազանյանը, իսկ պաշտպանությունն ապահովում էր Ալեքսանդր Կովալենկոյի, Նորայր Մեսրոպյանի եւ Արմեն Սարգսյանի հուսալի խաղը, նրանց էլ փրկում էր մեր հրաշալի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը։ Մնացած խաղացողներն էլ չէին զիջում նրանց ու նույնպես գերազանց մարզավիճակում էին, ամբողջ թիմը բարձրակարգ ֆուտբոլ խաղաց։ Մրցաշրջանի ընթացքում մեզ հաջողվեց հանդերձարանում եւ խաղադաշտում լիարժեք փոխըմբռնում հաստատել, ինչում իր վճռորոշ դերը խաղաց թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը»:
Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի






























Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: