Այնպես ստացվեց, որ հունիսյան ընկերական հանդիպումներին ՀՖՖ-ի պատվիրակության կազմում այլ լրագրողների հետ ես էլ էի մեկնել Կոսովոյի ու Մոնտենեգրոյի հետ ընկերական հանդիպումներին:
Վրաստանի ընտրանուց 9:1 ընդհանուր հաշվով Ազգերի Լիգայում կրած պարտություններից հետո բոլորս ակնկալում էինք գոնե մի քիչ տարբեր հավաքական տեսնել, սակայն իրականությունն այլ էր:
Այդ ուղեւորությունն ամփոփել եմ «5 օր հավաքականի հետ կամ որքանով հասցրի ճանաչել մեր թիմին» հոդվածում:
Եթե անկեղծ, տպավորություններս թիմային մթնոլորտից ու մեր խաղացողների ոգուց այդքան էլ լավը չէին: Այն ժամանակ բավական մեղմ էի այդ մասին արտահայտվել՝ չցանկանալով էլ ավելի բացասական ճնշում գործադրել հավաքականի վրա: Բայց զգացողություններս ու տեսածս ընդհանրապես գոհացուցիչ չէին: Ասես ընկել էի կատարյալ անծանոթներով մի վայր, որտեղ իրար հետ հաղորդակցվելն ու փոխադարձ շփումը բնավ էլ պարտադիր չէին:
Դրանում միայն Ջոն վան’տ Սխիպի մեղավորությունը չէր, թեեւ արդեն այն ժամանակ զգացվում էր, որ իրեն այդքան էլ հարմարավետ չի զգում հավաքականում: Նույնիսկ զրույցների ընթացքում լրագրողներով նշում էինք, որ սեպտեմբերին մեկնարկող ԱԱ-ի ընտրական մրցաշարը հնարավոր է ավարտին չհասցնի, սակայն դեռ 2 ամիս առաջ չէինք էլ պատկերացնում, որ այն նույնիսկ չի էլ սկսի: Թեեւ Կոսովոյի (2:5) հետ խաղից հետո մարզչին հարցրել էինք հնարավոր հրաժարականի մասին ու նա հետեւյալն էր ասել.
«Ես մարզել եմ միջին ու ավելի ցածր կարգ ունեցող թիմեր, եւ նրանց հասցրել բարձր մակարդակի, ավելի ուժեղների հետ էլ եմ աշխատել։ Պարզապես արդյունքի հասնելու համար ավելի շատ ժամանակ է պետք։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հրաժարականի մասին դեռ չեմ մտածում, միայն կենտրոնացած եմ ֆուտբոլիստների որակների բարելավման վրա։ 61 տարեկան եմ, շատ բաների եմ հասել ու համբավս վաստակել որպես ֆուտբոլիստ ու մարզիչ։ Հասկանում եմ, որ իրավիճակը բավական բարդ է, եթե անհանգստանայի իմ անվան ու հեղինակության մասին, կդադարեի զբաղվել այս աշխատանքով, իմ նպատակը ֆուտբոլիստներին օգնելն է»:
Մի բանում հոլանդացին իսկապես իրավացի էր, որ ինքներս էլ գիտենք սեփական կադրերի ունակությունները, իրենց ակումբներում ոչ միշտ խաղաժամանակ ստանալն ու Հայաստանի առաջնության մակարդակը: Այդ առումով ոչ նա, ոչ էլ նորանշանակ մարզիչ Եղիշե Մելիքյանը ոչինչ անել չեն կարող: Ժամանակն է, որ ֆուտբոլիստներն իրենք էլ պատասխանատվության զգացում ու անսպառ նվիրվածություն ցուցաբերեն, ոչ մի մարզիչ դա նրանց փոխարեն անել չի կարողանա, Եղիշե Մելիքյանն էլ բացառություն չէ:
Ուրախալի է, որ 2020 թվականից հետո հավաքականը վերջապես հայազգի մարզիչ ունի, 2022-ին մի կարճ ժամանակով ժամանակավոր պաշտոնակատար էր եղել Ռոման Բերեզովսկին: Իսկ դրանից առաջ վերջին հայաստանցի մարզիչը Աբրահամ Խաշմանյանն էր, որից հետո թիմը հաջորդաբար մարզել էին Խոակին Կապառոսը (2 տարի), Ալեքսանդր Պետրակովը (1 տարի) եւ Ջոն վան’տ Սխիպը (մարտից օգոստոս): Նա երեւի հավաքականի պատմության ամենակարճատեւ գլխավոր մարզիչն է:

Լուսանկարը` Մեդիամաքս
Վերջին շրջանում ընտրանու անհաջող ելույթներից հետո հաճախ էին երկրպագուներն իրենց դժգոհությունն արտահայտելիս հայ մարզիչ պահանջում, շատերը հենց Եղիշե Մելիքյանի թեկնածությունն էլ առաջ էին քաշում:
Իհարկե, նախապես հնարավոր չէ ասել, թե որ մարզիչն է ստեղծված հավաքական գլխավորելու համար: Հիմա էլ չգիտենք թիմի ղեկին իրեն ինչպես կդրսեւորի Եղիշե Մելիքյանը, որը հիանալի ճանապարհ է անցել «Փյունիկ»-ի հետ, թիմի հետ 2 անգամ Հայաստանի չեմպիոն դարձել ու հասել մինչեւ Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլ: Բայց հավաքականն այլ մակարդակ ու պատասխանատվություն է, ինչը չի նշանակում, որ պետք չէ համարձակություն հավաքել ու նրա հետ անցնել այդ բարդ ու քննադատություններով լի ճանապարհը:
2023 թվականին Mediamax Sport-ի հետ զրույցում Մելիքյանը խոսել է նաեւ մի օր հավաքականը գլխավորելու ցանկության ու պատրաստականության մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Իսկ ի՞նչ է ազգային հավաքականի մարզիչ լինելը՝ թիմային աշխատանք: «Փյունիկ»-ում տեսնում եմ իմ ղեկավարներին, որոնց հետ միասին ճանապարհ ենք անցնում: Նույնն էլ պետք է լինի ֆեդերացիայի դեպքում: Ֆեդերացիայի այսպիսի մոտեցման պարագայում ինձ դեռ հավաքականում չեմ տեսնում: Իրենք պետք է փոխվեն, չեմ ասում, թե ընդհանրապես հետները չեմ համագործակցի, բայց քանի դեռ մոտեցումները նույնն են, միասին անելիք չունենք: Վաղ թե ուշ՝ լինելու եմ հավաքականի գլխավոր մարզիչ, դա իմ նպատակն է»:
Դեռ ամիսներ առաջ թվում էր, որ ՀՖՖ-ն վճռական է իր որոշման մեջ ու միայն արտասահմանցի մասնագետների հետ է կապում հավաքականի ապագան, բայց փաստորեն բոլորն էլ փոխում են իրենց որոշումները, Արմեն Մելիքբեկյանն ու նրա թիմն էլ բացառություն չեն: Այսօր ՀՖՖ-ի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, առհասարակ փոխել են Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունն ու գուցե առաջիկայում այլ անսպասելի որոշումների էլ ականատես կլինենք.
«Հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից»:
Այս ընթացքում Մելիքբեկյանի, ՀՖՖ-ի ու Եղիշե Մելիքյանի միջեւ քիչ ջրեր չեն հոսել, փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ հնչել: Լավ է, որ կողմերը կարողացել են բոլոր տարաձայնություններն ու անհամաձայնությունները մի կողմ դնել ու միասին նոր ճանապարհ սկսել հանուն հայկական ֆուտբոլի ու նրա հնարավոր լավ ապագայի:

Լուսանկարը` Getty Images
Մեկ բան հաստատ է, որ նոր գլխավոր մարզչի ճանապարհը հեշտ ու առանց փորձությունների չի լինելու, հենց առաջին մրցակիցն ԱԱ-ում սեպտեմբերի 6-ին Երեւանում սեփական հարկի տակ Ազգերի Լիգայի չեմպիոն Պորտուգալիան է:
Եվ ինչպես օրեր առաջ սպասվող հանդիպման մրցավայր՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Ջենիֆեր Լոպեսը հազարավոր երկրագուներին «Let's get loud» կոչ արեց, նույն կերպ էլ մենք ենք նորանշանակ մարզչին մաղթում, որ նրա աշխատանքն անաղմուկ չանցնի, բուռն ու տպավորիչ հաղթանակներ լինեն եւ ողջ ընթացքը միասին անցնենք:
Երբ խոսքն ազգային ընտրանուն ու ֆուտբոլին է հասնում, բոլորս մի-մի մարզիչ ենք ու բոլորից լավ ենք ամեն ինչ հասկանում: Բայց հիմա եկեք մի քիչ շունչ քաշենք մինչեւ սեպտեմբեր, թոթափենք ամառվա անտանելի շոգն ու արդեն Մելիքյանի ուսերին դնենք հավաքականի ծանր բեռը՝ նրան մաղթելով համբերություն, իմաստնություն ու նորից հայկական ոգին Հայաստանի հավաքական բերելու կարողություն:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: