«Հոծ բազմության մեջ լուսահոգի հորս ձեռքը բռնած հայտնվեցի «Հրազդան» մարզադաշտում` կյանքում առաջին անգամ: 1974-75 թվականներն էին»:
Սրանք Սեդրակ Մամուլյանի խոսքերն են, որին Հայաստանում ճանաչում են որպես հայտնի խոհարարի, սակայն քչերը գիտեն, որ նա նաեւ ֆուտբոլի մեծ երկրպագու է եւ «Արարատ, Հուպ Տուր» ֆուտբոլասերների միության հիմնադիր նախագահը:
Մամուլյանը պատմում է, որ մինչեւ առաջին անգամ մարզադաշտ այցելելն էլ հետեւել է «Արարատ»-ի ելույթներին եւ փոքրուց թիմի մոլի երկրպագու եղել, ինչում իր մեծ դերակատարում է ունեցել հայրը:
«Զավեշտալին այն է, որ ժամանակի ընթացքում մենք բաժանվեցինք հակադիր բեւեռների, որովհետեւ ես «Բարսելոնա» էի երկրպագում, իսկ նա «Ռեալ»,- ժպիտով պատմել է նա:
Ի՞նչ զգացողություններ են ունեցել «Արարատ»-ի երկրպագուները տասնյակ տարիներ առաջ, ինչպիսի՞ն են եղել հասարակական ընկալումները թիմի վերաբերյալ: Այս հարցերին պատասխանելու համար լարում է հիշողությունը.
«Շատ սպասելի հանգստյան օրեր էինք ունենում՝ չնայած շատ ծանր ժամանակներ էին: Այնուամենայնիվ կար մի լուսավոր բան, որ շաբաթը կվերջանա, կգնամ իմ սիրելի թիմին երկրպագելու, եւ ամեն ինչ կանցնի։ Այն ժամանակ նման մտածելակերպ կար»:

Լուսանկարը` FC Ararat
Հիշելով թիմի փառահեղ անցյալը, պատմում է իր հետ տեղի ունեցած մի դեպք.
«1983 թվականի մայիսին ծառայում էի խորհրդային բանակում: Հրամանատարները ինձ արձակուրդ էին տվել, եւ ստացվել էր այնպես, որ այդ ընթացքում՝ մայիսի 13-ին, «Արարատ»-ը պետք է սեփական հարկի տակ մրցեր ուկրաինական «Չեռնոմորեց»-ի դեմ: Թռիչքից անմիջապես հետո գնացի խաղին, որտեղ էլ Խորեն Հովհաննիսյանը մի չքնաղ գոլ խփեց։ Տուգանային հրապարակի ձախ եզրում փոխանցում ստացավ եւ թռիչքով ձախ ոտքով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի վերին ձախ անկյունը։ Հաղթեցինք 3:0 հաշվով»:
Մյուս դեպքը եղավ նույն թվականի աշնանը՝ նոյեմբերի 6-ին, երբ արարատցիները պետք է մրցեին «Մետալիստ»-ի դեմ:
«Ես եւ մի քանի հայեր նոյեմբերի 3-ին զորացրվել էինք եւ որոշեցինք Կիեւից գնալ Խարկով՝ մարզադաշտից խաղը նայելու։ Շատ լավ տպավորվել է այն, որ մարզադաշտում գտնվող բոլոր մարդիկ միաձայն վանկարկում էին «Խորիկ, Խորիկ»: Իսկ խաղից հետո իջանք ներքեւ, որտեղ մեզ լավ ընդունելության արժանացրին։ Դա ինձ համար հիշարժան օր էր»։
Ակումբն իր գոյության հաջորդող ժամանակահատվածում այլեւս չցուցադրեց այն խաղը եւ չգրանցեց այն արդյունքը, ինչ նախկինում էր ստացվել, սակայն երկրպագուների սերն ու հավատարմությունը դրանից չփոխվեցին: Ընդհակառակը, նրանք դարձան ավելի միասնական, ինչի վառ վկայությունն է նաեւ 2019 թվականին «Արարատ Հուպ Տուր» ֆուտբոլասերների միության հիմնադրումը:

Լուսանկարը` FC Ararat
«Ունենք կանոնադրություն, որի միջոցով ենք աշխատում։ Այնտեղ նշված են բոլորի պարտականություններն ու իրավունքները: Ամեն ինչ անում ենք ըստ դրա։
Մենք՝ մեր ֆուտբոլասերների միությամբ միշտ հանդիպում, խոսում, քննարկում ենք ակումբի շուրջ ստեղծված իրավիճակը եւ հանրայնացնում մեր կարծիքը, քանզի այն վիճակը, որը կա հիմա, հարիր չէ ակումբին։
Անկախ ամեն ինչից՝ այն մնում է իմը եւ շարունակում եմ երկրպագել նրան»:
2008 թվականի նոյեմբերի 19-ին «Արարատ»-ը Փյունիկի դեմ խաղն անցկացրեց առանց երկրպագուների. նրանք չէին կարողացել մարզադաշտում զբաղեցնել իրենց հասանելի տեղերը:
2007/08 մրցաշրջանի ավարտին երկու թիմերն ունեին հավասար 59 միավոր և չեմպիոնության հարցը վճռվեց «ոսկե խաղի» արդյունքում, որտեղ «Փյունիկ»-ը հաղթեց 2:1 հաշվով և հռչակվեց Հայաստանի չեմպիոն:
«Ես լավ եմ հիշում այդ օրը, երբ մենք թիմին երկրպագում էինք մարզադաշտի հարակից տարածքից: Այդ դժվար օրերն էլ են լավ տպավորվել: Երկրպագումը հենց այդպիսինն է»:
«Նռնագույններ»
«Մինչեւ այդ դեպքը «Փյունիկ»-ի ու բոլոր հայկական ակումբների խաղերը նայել եմ բացառապես հեռուստացույցով, բայց հանկարծ մտքովս անցավ գնալ մարզադաշտից հետեւել ու հասկանալ, թե ինչ է ակումբային ֆուտբոլը»,- ասում է «Sector 18» ֆան շարժման անդամ Հենրիկ Ավդալյանը:
Հիշում է՝ 2015 թվականի Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի խաղն էր, եւ թիմը հաղթեց Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե»-ին 2:1 հաշվով, իսկ խաղից մեծ տպավորություններ չի ունեցել՝ երկրպագուական մթնոլորտի բացակայության պատճառով:
«2018 թվականին ֆան ակումբի ստեղծման մեջ իր ներդրումն է ունեցել նաեւ ակումբը: Այդ ժամանակ նրանք ձգտում էին այլ նշաձող սահմանել ակումբային ֆուտբոլում եւ դրա համար քայլեր ձեռնարկեցին, որ ստեղծվի «Sector 18»-ը: Երբ 2019 թվականի մարտին անդամակցության հրավեր եղավ, չմերժեցի ու հենց առաջին խաղում 0:2 հաշվով հաղթեցինք «Շիրակ»-ին: Շատ հետաքրքիր էր:

Լուսանկարը` FC Pyunik
Մեզնից շատերի «սիրտը կպել էր» ռուս մասնագետ Անդրեյ Տալալաեւի գլխավորած «Փյունիկ»-ին, որովհետև այն առաջին հայկական ակումբն էր, որը հասել էր եվրագավաթների որակավորման 3-րդ փուլ եւ դա արել էր երիտասարդ կազմով ու համեստ ռեսուրսներով: Որոշների մոտ այդ սերն առաջացել է Եղիշե Մելիքյանի թիմը գլխավորելու ժամանակից ի վեր»:
2022 թվականի հուլիսի 13-ին կայացած «Կլուժ»-ի դեմ արտագնա մրցավեճը թիմի երկրպագուները համարում են իրենց ամենասիրելին եւ հիշում խաղավերջում ունեցած հուսահատության, իսկ հետո՝ ցնծության պահերը, երբ դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի անձնուրաց խաղը թիմին հաղթանակ պարգեւեց:
«Ամեն անգամ այդ խաղը հիշելիս մարմնովս դող է անցնում»:
«Սեւ ու սպիտակներ»
«Այդ ժամանակ ես պատկերացում չունեի ֆան ակումբի մասին ու այդ խաղի ժամանակ եմ առաջին անգամ տեսել երկրպագուներին»:
2019 թվականին օգոստոսի 6-ին Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ Արմենիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց վրացական «Սաբուրթալո»-ին ու պարտվեց 1:2 հաշվով: Հենց այդ խաղից հետո է ինչ-որ բան ստիպել Սերգեյ Սիրունյանին անհամբերությամբ սպասել թիմի հաջորդ խաղերին:
«Պատասխան խաղից առաջ ինքս ինձ խոսք էի տվել, եթե հաղթենք, մյուս խաղին երկրպագուների հետ եմ գնալու: Արդեն հոկտեմբերին վերջնականապես որոշեցի, որ սա իմ գործն է ու թիմի հանդեպ ունեցած սերն այնքան է, որ պատրաստ եմ բավարար ուժ, եռանդ եւ ժամանակ տրամադրել դրան ու աջակցել թիմին: 2019 թվականի հոկտեմբերի 29-ին առաջին անգամ որպես «Ալֆա ֆան ակումբ»-ի անդամ եմ գնացել մարզադաշտ, ցավոք, 1:2 հաշվով պարտվեցինք «Ալաշկերտ»-ին»։

Լուսանկարը` FC Ararat-Armenia
«Ալֆա ֆան ակումբ»-ը պաշտոնապես ձեւավորվել է 2019 թվականին եւ մինչ այժմ ակտիվ գործունեություն է ծավալում:
«Կյանքը երկրպագուի աչքերով»
«Հայկական ակումբի երկրպագելը տարօրինակ եւ հաճելի զգացում է»,- խոստովանում են զրուցակիցները:
Երբ առօրյադ պլանավորում ես կախված թիմի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, երբ կարող ես կիսատ թողնել աշխատանքն ու ուսումը հանուն սիրելի թիմի հանդիպմանը ներկա լինելու: Այս ամենը շատերի համար կարող է տարօրինակ թվալ, քանզի հասարակական ընկալումներն այս հարցի շուրջ միանշանակ չեն:
«Երբ լսում են, որ հայկական ակումբի ես երկրպագում, տարօրինակ հայացքով նայում են դեմքիդ ու հարցնում են ինչո՞ւ: Ցավոք սրտի մարդիկ հայկական ֆուտբոլին հետեւելը ժամանակի կորուստ են համարում, ինչը մեղմ ասած անհասկանալի է: Անհնար է, լինել ֆուտբոլասեր եւ ասել նման բան»:
Որ թիմին էլ, որ աջակցեն, ֆուտբոլը եղել ու մնում է խաղ, որ միավորում է ամենատարբեր մարդկանց՝ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ 90 րոպե թույլ տալով միմյանց հետ կիսել ամենաթեժ ու վառ էմոցիաները: Ֆուտբոլն ակնթարթային սեր չէ:
Հեղինակ՝ Գեւորգ Թովմասյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: