Մայիս 30, 2025
exclusive
201 դիտում

Հիասթափություն, հակառեկորդներ, հեռացում ու սկանդալներ․ Հայաստանի ավարտված առաջնությունը


Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC West Armenia

Լուսանկարը` FC Van

Լուսանկարը` FC Gandzasar

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC BKMA

Լուսանկարը` FC Noah


Հայաստանի առաջնության 2024-25թթ մրցաշրջանը լի էր բուռն իրադարձություններով՝ թեժ էր թե՛ ֆուտբոլային դաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Թիմերը պայքարում էին բոլոր հնարավոր եւ անհնարին տարբերակներով՝ հաճախ անցնելով թույլատրելիի սահմանները։ Այս ամենին զուգահեռ ընթանում էր ՀՖՖ-ն ընդդեմ ակումբների բանավեճ, որը վերաճեց անգամ հակամարտության։ Մեր առաջնության շուրջ տիրող այս մթնոլորտն անշուշտ ամբողջացնում եւ ավելի հետաքրքիր է դարձնում այն։ Պետք չի խուսափել կարծիքների եւ մտքերի բախումից՝ պատրաստակամ լինելով լսելու դիմացինին։

Առաջնության հիասթափությունը՝ «Վեստ Արմենիա»

Լուսանկարը` FC West Armenia


Արդեն սովորական է դարձել, որ առաջնությունը սկսած ոչ բոլոր թիմերն են ավարտում այն («Լոռի», «Երեւան»)։ Այս տարի նման ճակատագիր ունեցավ բազմատանջ «Վեստ Արմենիա»-ն։ Թիմը մեկնարկեց այլ սեփականատերերով, հետո եղավ ակումբի վաճառք, բայց անգամ դա չփրկեց։ Ակումբի նախկին տերերն անընդհատ մեղադրվում էին  պայմանավորված խաղերի մեջ, ինչը փաստացի չհաստատվեց։ Ղեկավարությունը սակայն չէր կարողանում վճարել աշխատակիցներին եւ ֆուտբոլիստներին, ուստի միակ ելքը դարձավ այն վաճառելը։

Անգամ այս կտրուկ որոշումը դրական ազդեցություն չունեցավ ակումբի ճակատագրի վրա։ Անկայուն վիճակը, հեռանկարի ու որոշակիության բացակայությունը խանգարում էին ֆուտբոլիստներին կենտրոնանալու բուն խաղի վրա։ Թվում էր նոր ղեկավարությունը կկարողանա լուծել ֆինանսական խնդիրները, բայց ոչ։ Ֆուտբոլիստներն ուղղակի հրաժարվեցին դաշտ դուրս գալ եւ թիմն ունեցավ 3 տեխնիկական պարտություն։

Ցավալի է, որ ակումբները նման հեշտությամբ են անհետանում՝ թողնելով սեփական ֆուտբոլիստների նկատմամբ չկատարված ահռելի պարտավորություններ։ Թիթեռի կյանք ունեցող ակումբները խաղում են Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում եւ կարող են ուղղակի լուծարվել՝ չավարտելով մրցաշրջանը։ Սա մեծ բաց է, որտեղ ֆուտբոլի ֆեդերացիան դեռ մեծ աշխատանք ունի անելու։

Հակառեկորդների շարք «Գանձասար»-ից

Լուսանկարը` FC Gandzasar


Կապանյան թիմը կարողացավ սահմանել բոլոր հակառեկորդները՝ պարտությունների քանակ, բաց թողած գոլեր եւ այլն։ Առաջնության սկզբնամասում երեւում էր, որ Կարեն Բարսեղյանի ղեկավարած թիմը չի ցուցադրում Բարձրագույն խմբին բնորոշ խաղամակարդակ՝ խոշոր հաշիվներով զիջելով մրցակիցներին։ ԲԿՄԱ-ից կրած պարտությունից հետո թիմից հեռացան որոշ ֆուտբոլիստներ՝ մեղադրվելով  մտադրված պարտության եւ խաղադրույքներ կատարելու մեջ։ Բայց ի պատիվ «Գանձասար»-ի պետք է նշել, որ առաջնության գարնանային հատվածից սկսած թիմը կերպարանափոխվեց եւ դարձավ ավելի մրցունակ։

Զարմանալի չէ, որ հենց այս հատվածում կապանցիները սկսեցին միավորներ վաստակել (անգամ տոնեցին իրենց միակ հաղթանակը)։ «Վեստ Արմենիա»-ի որակազրկումից հետո դեռ պարզ չէ կիջնի՞ արդյոք «Գանձասար»-ը Հայաստանի Առաջին խմբի առաջնություն, թե ոչ։ Բայց եթե ակումբը հնարավորություն ստանա մնալու Բարձրագույն խմբում, ապա պետք է համապատասխան հետեւություններ անի, տրամադրի ավելի մեծ միջոցներ եւ ուժեղացնի կազմը։

Գլխավոր հայտնություն «Վան»-ը եւ հեղինակություններ չճանաչող  ԲԿՄԱ-ն

Լուսանկարը` FC Van


Նախորդ մրցաշրջանում ձեւավորեց մեր առաջնության «մեծ քառյակը», որոնք միմյանց հետ են պայքարում հաղթողի կոչման համար՝ «Արարատ-Արմենիա», «Նոա», «Փյունիկ», «Ուրարտու»։ Այս ակումբները զգալիորեն գերազանցում են մնացածին իրենց հնարավորություններով։ Սակայն այս տարի վերոնշյալ քառյակի հետ հավասարը հավասարի պայքար էր մղում Չարենցավանի «Վան»-ը։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբի ղեկավարությունը վստահեց Վահե Գեւորգյանին եւ չսխալվեց։ Մարզիչը կարճ ժամանակամիջոցում կարողացավ ստանալ կուռ եւ մրցունակ թիմ, որը խաղում է ժամանակակից եւ գեղեցիկ ֆուտբոլ։ Կարեւոր է նաեւ «Վան»-ի համագործակցությունը բուլղարական «Բոտեւ» եւ ռուսական «Վիստա» ակումբների հետ։ Այս հանգամանքը ավելի գրավիչ է դարձնում չարենցավանյան ակումբը ֆուտբոլիստների համար հետագա հեռանկարների տեսանկյունից։ Եթե ակումբը չշեղվի իր զարգացման հստակ ծրագրից, ապա վստահաբար կարելի է ասել, որ «Վան»-ը կպայքարի ամենաբարձր հորիզոնականների համար։

Լուսանկարը` FC BKMA


Այս առաջնությունն առանձնահատուկ էր նաեւ ԲԿՄԱ-ի համար։ Թիմը նախորդ մրցաշրջաններում սովորաբար հանգրվանում էր մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում։ Արմեն Գյուլբուդաղյանցի առաջին ամբողջական մրցաշրջանում ամեն ինչ փոխվեց։ Առաջնության մեկնարկից սկսած բանակայինները ցույց տվեցին, որ անկախ մրցակցի ուժից խաղում են իրենց հարձակողական ֆուտբոլը։ Առհասարակ բանակայինները ապացուցում են, որ միայն հայ ֆուտբոլիստներով կարելի է հասնել դրական արդյունքի եւ այս տարի ամրապնդվեցին առաջնության միջնամասում։

ՀՖՖ vs Արթուր Սողոմոնյան բազմամյա հակամարտությունն ավարտվեց վերջինիս հեռացմամբ

Լուսանկարը` FC Pyunik


Մրցաշրջանը լի էր նաեւ սկանդալներով։ Առաջնության մասնակից ակումբներն («Փյունիկ», «Շիրակ», «Արարատ-Արմենիա») ու իրենց երկրպագուները պահանջում էին ՀՖՖ ղեկավարների հրաժարականը։ Երկրպագուները ընդհատում էին խաղերը բողոքի ակցիաներով, որոնք հաճախ ավարտվում էին բախումներով։ Բողոքող ակումբներն ու ՀՖՖ-ն ուղղակի չէին կարողանում երկխոսել՝ մեղադրելով մեկմեկու։ Դժգոհության պատճառները շատ էին՝ հավաքականի չտպավորող արդյունքներ, մանկապատանեկան ֆուտբոլի ոչ բարվոք վիճակ, կանխակալ վերաբերմունք որոշ ակումբների նկատմամբ եւ այլն։

Այս պայքարում միշտ կարկառուն տեղ է զբաղեցրել «Փյունիկ»-ը հանձին ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի եւ մարզիչ Եղիշե Մելիքյանի։ Վերջինս մեկ անգամ չէ, որ մատնանշել է ֆեդերացիայի սխալները չընդունելու եւ միայն իրենց իրավացիության վրա վստահ լինելու հանգամանքը։ Իսկ Սողոմոնյանն անընդհատ մեղադրում էր Արմեն Մելիքբեկյանին ոչ պրոֆեսիոնալ կառավարման եւ ֆեդերացիայի ձախողման մեջ։ Սողոմոնյանը որոշեց վաճառել ակումբը եւ հեռանալ։ Սա, իհարկե, շատ վատ անդրադարձավ «Փյունիկ»-ի վրա եւ դուրս թողեց թիմին առաջին հորիզոնականի համար մղվող պայքարից։

Առհասարակ, ՀՖՖ-ն իրականում ունի շատ խնդիրներ եւ բացեր։ Դրանցից ամենակարեւորը թերեւս մրցավարության որակն է։ Սխալները շատ են եւ հաճախ ճակատագրական։ Խաղերը հաճախ նշանակվում են աշխատանքային ժամերի, ինչն էլ ավելի է նվազեցնում առանց այդ էլ սակավաթիվ երկրպագուների քանակը։ Ֆեդերացիան պետք է վեր լինի միջանձնային հարաբերությունների մակարդակից՝ խուսափելով կանխակալ վերաբերմունք ցույց տալ իրենից դժգոհ մարզիչներից կամ երկրպագուներից։ Ի վերջո հայկական ֆուտբոլը բոլոր տարիքային խմբերում զարգացնելու համար անհրաժեշտ է առողջ համագործակցություն  ակումբների եւ ՀՖՖ-ի միջեւ։ Դրան հասնելու համար առաջին քայլը պետք է անի հենց ֆեդերացիան՝ ցույց տալով իր խոհեմությունն ու կառուցողականությունը։

Հայաստանում ձեւավորվու՞մ է տեղի ՊՍԺ

Լուսանկարը` FC Noah


Այս մրցաշրջանում «Նոա»-ի նոր սեփականատերերի ներդրումները տվեցին արդյունքը։ Թիմը ոսկե դուբլ գրանցեց՝ դառնալով Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր։ Դժվար է այս հաջողությունն անվանել անսպասելի, որովհետեւ անցած մրցաշրջանից երեւում էր թե ինչ ահռելի միջոցներ են ներդրվում ակումբի մեջ։ Առաջնության մեկնարկից առաջ թիմը համալրվեց նոր ուժեղագույն կադրերով եւ փորձառու մարզչով։ Ռուի Մոտան կարողացավ ստանալ չեմպիոնական թիմ շատ կարճ ժամանակահատվածում՝ ուրախացնելով ֆուտբոլասերներին նաեւ միջազգային ասպարեզում։

«Նոա»-ն գերազանցում է առաջնության մնացած մասնակիցներին իր ունեցած հնարավորություններով, ինչն անշուշտ տալիս է նրանց մեծ առավելություն։ Այս տարին ցույց տվեց, որ «Նոա»-ն հավակնում է առաջնության հեգեմոնի վերածվելու եւ ունի դրա բոլոր շանսերը։ Սա դրական է երկրպագուների համար, քանզի կստիպի էլ ավելի զարգանալ չեմպիոնի կոչմանը հավակնող մնացած ակումբներին։

Այս մրցաշրջանում շատ լավ մարզավիճակում էին նաեւ «Արարատ-Արմենիա»-ն եւ «Ուրարտու» -ն, բայց դա բավարար չեղավ նորընծա չեմպիոնին արժանի պայքար առաջարկելու համար։ Եւ այս ամենը նշանակում է միայն մի բան, որ հաջորդ մրցաշրջանը լինելու է էլ ավելի դիտարժան ու մրցակցային։ Ուստի մնում է միայն հետեւել մեր առաջնությանը եւ հնարավորինս սիրել այն։

Դավիթ Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին