Մայիս 02, 2025
exclusive
206 դիտում

Խոհարար, մեղվապահ ու գործարար. Դեւիդ Բեքհեմը նշում է 50-ամյակը


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` People

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Netflix

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` MU

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Netflix

Լուսանկարը` Inter-Miami

Լուսանկարը` MU

Լուսանկարը` people.com

Լուսանկարը` MU

Լուսանկարը` MU

Լուսանկարը` Vogue


Անգլիայի 6-ակի չեմպիոն, գավաթակիր եւ Սուպերգավաթակիր, Իսպանիայի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի հաղթող, ՈւԵՖԱ-ի վարկածով 1999-ի լավագույն ֆուտբոլիստ եւ Բրիտանական կայսրության շքանշանի սպա Դեւիդ Բեքհեմն այսօր նշում է 50-ամյակը:


Դեւիդ Բեքհեմը ծնվել է 1975 թվականի մայիսի 2-ին Լոնդոնում: Հայրը՝ Էդվարդ Ալան Բեքհեմը զբաղվում էր խոհանոցների տեղադրմամբ, իսկ մայրը՝ Սանդրա Ջորջինա Ուեսթը ոճաբան եւ վարսահարդար էր: Դեւիդն ընտանիքի միջնեկ երեխան է՝ նա ավագ ու կրստեր քույրեր ունի:

Քանի որ ընտանիքն ու մասնավորապես հայրը երկրպագում էին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, ինքն էլ փոքր տարիքից սկսեց սիրել այդ ակումբը: Հենց տղան սկսեց քայլել, հայրը նրան ֆուտբոլ խաղալ սովորեցրեց: Հենց հոր ազդեցությամբ էլ Դեւիդն արդեն 3 տարեկանում հմտորեն վարվում էր գնդակի հետ:

Սկզբում բակում հասակակիցների հետ էր խաղում, իսկ 7 տարեկանում ընդունվեց Բոբի Չարլթոնի ֆուտբոլային ակադեմիա: Այն տնից 300 կմ հեռավորության վրա էր գտնվում, բայց ամեն շաբաթ ծնողները նրան այցելության էին գնում:  

Լուսանկարը` անձնական արխիվից


Դեռ փոքր տարիքից Դեւիդը մեկ երազանք ուներ՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ, բայց շատ մարզիչներ եւ ուսուցիչներ թերահավատորեն էին վերաբերվում նրա ընտրությանը: Համարում էին, որ ակադեմիայում սովորող ամեն տղա չէ, որ հետագայում կկարողանա ֆուտբոլիստ դառնալ:

1988-ին Բեքհեմը հաղթեց Բոբի Չարլթոնի անվան ֆուտբոլային մրցաշարում եւ թիմային հաղթանակից բացի նաեւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզաշապիկին արժանացավ:

Նրա ու եւս մի քանի խաղացողների տաղանդն անուշադրության չմատնվեց ու նրանց հրավիրեցին ՄՅՈւ, 14-ամյա Դեւիդն իր առաջին պայմանագիրը կնքեց ակումբի ակադեմիայի հետ:

Դրանից 3 տարի անց Բեքհեմը «Բրայթոն»-ի դեմ խաղում նորամուտը նշեց Լիգայի Գավաթում եւ շուտով ակումբի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց: 1994-ին էլ առաջին անգամ «Մանչեսթեր»-ի կազմում մասնակցեց Չեմպիոնների Լիգային:

1996-1997 մրցաշրջանում նա արդեն ակումբի եւ Անգլիայի հավաքականի հիմնական կազմի խաղացող էր: Առաջին իսկ տարում Բեքհեմն իրեն այնքան լավ դրսեւորեց, որ Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ:

Լուսանկարը` անձնական արխիվից


ՄՅՈւ-ն նրա օգնությամբ չեմպիոն հռչակվեց ու ՉԼ-ում հասավ մինչեւ կիսաեզրափակիչ: 1999-ին Դեւիդ Բեռքհեմն Անգլիայի ամենահայտնի խաղացողներից մեկն էր, թիմի հետ 4 տիտղոսի էր տիրացել, այդ թվում՝ նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը:

Անգլիայի հավաքականի ավագի ու ՄՅՈւ-ի ֆուտբոլիստի կարգավիճակն ավելի աստղային դարձավ Spice Girls խմբի երգչուհի Վիկտորիա Ադամսի հետ սիրավեպից հետո:

1996-ին Անգլիայի հավաքականի կազմում 1998-ի ԱԱ-ի ընտրական մրցաշարում Վրաստանի հետ խաղից պատրաստվելիս Բեքհեմը հյուրանոցի համարում Գարի Նեւիլի հետ էր մնում եւ այդ ժամանակ էլ հեռուստացույցով տեսավ Վիկտորիային: Նա միանգամից հավանեց սեւահեր երգչուհուն ու ընկերոջը հայտնեց, որ նրա հետ ամուսնանալու է:

Սուրբ Ծնունդից առաջ «90 minutes» ամսագիրն իր շապիկին Spice Girls խմբին էր տեղադրել, երգչուհիներն իրենց սիրելի ակումբների մարզաշապիկներով էին, քանի որ Վիկտորիան ֆուտբոլի սիրահար չէր, ընտրել էր ՄՅՈւ-ում Բեքհեմի շապիկը: Դա ֆուտբոլիստին հույս ներշնչեց, որ Վիկտորիան էլ իրեն է հավանում:

Լուսանկարը` People


Նրանք վերջապես հանդիպեցին 1997-ին, երբ երգչուհին եկել էր մանկունիական ակումբի հանդիպումը դիտելու, բայց Բեքհեմն ամաչեց հետը խոսել: Երբ նա հերթական անգամ այցելեց ՄՅՈւ-ի տնային ստադիոն, Դեւիդը վերջապես համարձակություն հավաքեց ու նրան ընթրիքի հրավիրեց: Վիկտորիան մերժեց, քանի որ հյուրախաղերի էր մեկնում, բայց փոխարենն իր հեռախոսահամարը տվեց:

Սիրավեպը շատ բուռն ընթացք ստացավ, զույգի հարաբերություններին ողջ Անգլիան էր հետեւում: Նախ նրանք որդի ունեցան, որին Բրուքլին անունը տվեցին, ապա 4 ամիս անց՝ 1999-ի հուլիսի 4-ին, շքեղ հարսանիք կազմակերպեցին իռլանդական Լաթրելսթոուն ամրոցում: 2002-ին ծնվեց Ռոմեոն, 3 տարի անց՝ Քրուզը, իսկ երկար սպասված դուստրը՝ Հարփեր Սեւենին ունեցան 2011-ին:

Բեքհեմը ոչ միայն ամուր ընտանիք ու հաջող ֆուտբոլային կարիերա, այլ նաեւ հսկայական բիզնես կայրություն կառուցեց: Հաջողակ նախագծերը ֆուտբոլիստին միլիոնավոր դոլարներ են բերել: «Forbes» -ը հաշվարկել է, որ Բեքհեմը վաստակել է 1,05 մլրդ դոլար, իսկ նրա օրական եկամուտը կազմում է 68 հազար դոլար:  

Լուսանկարը` Getty Images


Նրան հատկապես մեծ գումարներ են բերել գովազդային պայմանագրերը Breitling, Armani ու Gillette-ի հետ, ւ հանդիսանում է Maserati-ի դեսպանն ու Cellular Goods ընկերության բաժնետոմսերի կեսի սեփականատերն է: 2014-ին հիմնել է

David Beckham Ventures Limited (DBVL)-ը, մեկ տարի անց այն ընդգրկվել է Global Brands Group-ի կազմի մեջ, որը վերահսկում է այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Quiksilver-ը, Tommy Hilfiger-ը, Guess-ը, Calvin Klein-ը:

DBVL հաճախ է համագործակցում Adidas-ի, Tudor-ի, H&M-ի, Haig Club-ի ու նման մեծ ընկերությունների հետ: Բեքհեմի David Beckham Eyewear-ը նաեւ օծանելիք եւ արեւային ակնոցներ է թողարկում:

The Mirror-ի տվյալներով՝ 2020-ին Բեքհեմը 17,4 մլն ֆունտ սթերինգի ակնոց, հագուստ եւ կոշիկներ է վաճառել: 2019-ին նա թողարկել է եւս մեկ ընկերություն՝ Studio 99-ը, որը զբաղվում է վավերագրական ֆիլմերով ու հեռուստաշոուներով: Բեքհեմը նաեւ «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի համասեփականատերն է:

Բեքհեմի ընտանիքը սեփականություն ունի ամբողջ աշխարհով մեկ, հայրենիքում նրանք սովորաբար բնակվում են 14 մլն եվրո արժողությամբ առանձնատանը: ԱՄՆ-ում էլ Բեքհեմները մի քանի առանձնատուն ունեն, որոնցի առաջինը 2019-ին ձեռք են բերել 24 մլն դոլարով: 20-րդ դարում կառուցված այդ տունը 123 սենյակ ունի, լողավազան, սպորտային խաղահրապարակ, ավտոկայանատեղիներ ու շատրվաններ:

Լուսանկարը` Getty Images


Բեքհեմը մեքենաների մեծ սիրահար է, նա Cadillac Escalade ESV, Porsche 911, McLaren 720S, Lamborghini Gallardo, Hummer H2, Bentley Bentayga, Aston Martin V8 Vantage X-Pack Volante ունի: Նա պաշտում է Ferrari-ն եւ իր հավաքածուն ներառում է 360 Spider, 575 Maranello, 612 Scaglietti ու F430 Scuderia մոդելները:

Նաեւ արվեստի գործերի սիրահար է եւ 44 մլն դոլարի կտավներ ու քանդակներ ունի:

Ազատ ժամանակը Դեւիդը անցկացնում է իր առանձնատներից մեկում, որտեղ այգում աշխատում է, բանջարեղեն ու մրգեր աճեցնում, որոնք աշնանը մթերում է ձմռան համար: Դեւիդը նաեւ հավանոց ունի, որը Վիկտորիան է նվիրել, իսկ համավարակի ժամանակ տարվել է մեղվապահությամբ եւ ինքնուրույն էլ քամում է մեղրը:

Հիմա թողարկում է սահմանափակ քանակությամբ D Bee, Seven Honey եւ Goldenbees  մեղր: Իր ապրանքը նա նվիրել է նաեւ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ին:



Ֆուտբոլիստը սիրում է խոհանոցում ժամանակ անցկացնել ու բլիթներ պատրաստելու մեծ վարպետ է, հաճախ է տեսնայութերով ցույց տալիս, թե ինչպես է դրանք վարպետորեն շրջում թավայում:

Չնայած իր բազմազբաղ առօրյային ու տարատեսակ հետաքրքրություններին՝ շարունակում է սիրել ֆուտբոլն ու ապրել դրանով.

«Ֆուտբոլն ամեն օր եմ կարոտում: Երբեմն ինձ թվում է, որ անգամ հիմա կարող եմ վերադառնալ խաղադաշտ: Անգամ 50-ում եմ նայելու Անգլիայի հավաքականին ու մտածելու. «Չէ՞ որ ես էլ այդպես կարող եմ խաղալ»: Բախտս շատ է բերել, որ հիանալի թիմակիցներ եմ ունեցել ու ստացել երկրպագուների անհավանական աջակցությունը: Երջանիկ եմ, որ նման փայլուն կարիերա եմ ունեցել»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին