Մայիսի 2-ին Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմի ծննդյան օրն է: Այս առիթով հավաքել ենք նրա ոգեշնչող ու մոտիվացնող մտքերը:
Ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ «Ռեալ»-ում, «Լոս Անջելես Գալաքսի»-ում, «Միլան»-ում եւ ՊՍԺ-ում: Ընդհանուր առմամբ նա 724 հանդիպման է մասնակցել ու դարձել 127 գոլի հեղինակ:
Ֆուտբոլը
Հենց մանկուց ինձ հետ մեծ հույսեր են կապել: Դրա համար էլ այլ ելք չունեի, պարտավոր էի հայտնի դառնալ:
Իմ կարիերայի ընթացքում շատ բաների եմ հասել՝ եղել Անգլիայի ու ՄՅՈւ-ի ավագը, խաղացել «Ռեալ»-ում, բայց մինչեւ հիմա չեմ կարող ասել, որ ամեն ինչ արել եմ: Շատ հանդիպումներ եմ ունեցել, բայց միեւնույն է ամեն ինչ չէ, որ հասցրել եմ:
ՄՅՈւ-ում պետք է ամեն օր տքնաջան աշխատեի, որպեսզի պայմանագիրս արդարացնեի: Հիմա անգլիական ֆուտբոլում ամեն ինչ այլ է: Բավական է 10 հանդիպում անցկացնել Պրեմիեր Լիգայում՝ արդեն հսկայական մեքենա են վարում եւ աջ ու ձախ փողերը ծախսում: Այդ ամենն ինձ զայրացնում է:

Լուսանկարը` MU
Հաջողակ թիմ ունենալու համար, պետք է ունենալ հիանալի խաղացողներ, բայց առաջին հերթին անհրաժեշտ է, որ նրանք մեծ անհատականություններ ու լավ մարդիկ լինեն:
Թիմային աշխատանքը շատ կարեւոր է, ոչ մի առանձին ֆուտբոլիստ չի կարող միայնակ հաղթանակ գրանցել:
Միշտ երիտասարդ խաղացողներին ասում եմ, որ ֆուտբոլը մտքի խաղ է: Հաջողության հասնելու համար պետք է հոգեպես ուժեղ լինել: Երազանքների եւ իրականության միջեւ ընկած տարածությունը կոչվում է կարգապահություն:
Ֆուտբոլում ամենամեծ մարտահրավերը ոչ թե մրցակիցն է, այլ սեփական եսը։ Հաջողության բանալին վախերն ու կասկածները հաղթահարելն է:
Յուրաքանչյուր դժվարություն հնարավորություն է բարձրանալու եւ ցույց տալու քո իրական ներուժը:

Լուսանկարը` MU
Ֆուտբոլը լեզու է, որը կարող է միավորել տարբեր ծագում եւ մշակույթ ունեցող մարդկանց: Այն իսկական ապրելակերպ է:
Ֆուտբոլը կախարդական խաղ է: Ընդունեք այն ձեր ամբողջ սրտով:
Իր մասին
Միշտ ցանկացել եմ վարսահարդար լինել, բայց դա անցյալում էր, իսկ հիմա մենք ապագայում ենք:
Ֆուտբոլում կարեւոր է լավ սանրվածք ունենալ, հանդիպումները շատ մարդիկ ու հատկապես կանայք են տեսախցիկներով գալիս դիտելու: Ձեր արտաքին տեսքից է նաեւ կախված խաղի հայտնիությունը:
Պարզապես ուզում եմ, որ մարդիկ իմ մեջ նկատեն աշխատասեր ֆուտբոլիստի, որը տարված է խաղով:
Որպես ֆուտբոլիստ ինձ միշտ ցանկացել եմ ստուգել լավագույնների կողքին:
Միշտ մեծ պատիվ էր, որ երկրպագուները ցանկանում էին գնել մարզաշապիկս ու գալիս էին հենց իմ խաղը դիտելու:

Լուսանկարը` FC Real
Սիրում եմ, երբ ինձ վրա ուշադրություն են դարձնում, բայց դրա հետ մեկտեղ լրիվ սովորական տղա եմ:
Իմ կարիերան երբեք էլ կապված չի եղել միայն փողերի հետ, միշտ զբաղվել եմ իմ սիրելի ֆուտբոլով:
Ինձ միշտ առաջ է մղել խաղի նկատմամբ կիրքն ու սերը, ոչ թե փառքը, որն առաջանում է լավ խաղի արդյունքում:
Մինչեւ հիմա մղձավանջներ եմ տեսնում 1998-ի Աշխարհի առաջնության մասին: Այդ ամենը ստորացուցիչ էր ու հետս կմնա ողջ կյանքում:
Համառ մարդ եմ ու դա ինձ ֆուտբոլում շատ է օգնել:
Երբեք չեմ ափսոսացել կարիերաս ավարտելու որոշմանս մասին: Զգում էի, որ մարմինս էլ այն չէ, բացի այդ էլ՝ միեւնույն է այդ քայլին դիմելու էի:
Ֆուտբոլում միակ սնահավատությունս երկար թեւերով մարզաշապիկ կրելն էր անգամ շատ շոգ եղանակին: Հաճախ մարդիկ չէին հասկանում, թե ինչու եմ 39 աստիճան շոգին երկարաթեւ, բայց այդ սովորությունից երբեք չհրաժարվեցի:

Լուսանկարը` PSG
ԱՄՆ-ում ամենաշատը սիրում եմ այն, որ այնտեղ կարողանում են մարզիկներին իսկապես հարգել:
Ֆուտբոլն աշխարհի մեծագույն խաղն է, իսկ ԱՄՆ-ն՝ մեծագույն սպորտային ազգը: Իսկ ինչո՞ւ այդ երկուսը չմիավորել:
Հետադարձ հայացքը հրաշալի բան է: Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, բայց դա չի նշանակում, որ երբեք չեմ մտածում. «Ինչի՞ մասին էի մտածում այդ ժամանակ»:
Մեծանալիս գիտակցում ես, որ կան երեխաներ, որոնք քեզ չեն ճանաչում:
Նախընտրում եմ ունենալ 3 իսկապես լավ ընկեր, քան 20 լավ ընկերներ:
Երբեք որեւէ գործով կես ուժով չեմ զբաղվում: Շարունակելու եմ տքնաջան աշխատել ու անել հնարավորը, որպեսզի հաջողության հասնեմ ցանկացած աշխատանքում:
Ինչով էլ զբաղվում եմ, ուզում եմ միայն լավագույնը լինել:
Միշտ կարելի է ավելիին սպասել:

Լուսանկարը` MU
Մոտիվացիան
Անհնարինը պարզապես բարձրագոչ բառ է, որի տակ թաքնվում են փոքր մարդիկ: Նրանք նախընտրում են ապրել սովորական աշխարհում, քան իրենց մեջ ուժ գտել եւ փոխել այն: Անհնարինը փաստ չէ: Այն միայն կարծիք է: Անհնարինը դատավճիռ չէ, այն մարտահրավեր է, հնարավորություն քեզ ստուգելու: Անհնարինը հավերժ չէ: Անհարինը հնարավոր է:
Բոլորն էլ ծանր ժամանակներ են ունենում, բայց պետք է կարողանալ ուժ գտնել եւ դրանք հաղթահարել:
Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում քննադատությանը, ես նախընտրում եմ պայքարել:
Կարեւոր է հիշել, որ ուրիշ մարդկանց կարծիքը ձեր մասին չի որոշում, թե ով եք դուք իրականում: Միակ մարդն եք, որը գիտի սեփական արժեքն ու կարեւորությունը:
Նորմալ է, երբ ժամանակ առ ժամանակ մարդիկ անհարմար կամ անինքնավստահ են զգում իրենց: Բայց այդ ընթացքում կարեւոր է չկորցնել լավատեսությունն ու հավատը ինքներդ ձեր նկատմամբ:

Լուսանկարը` Անձնական արխիվ
Միշտ համոզված եմ եղել, եթե կյանքում ցանկանում եք որեւէ արտառոց ձեռքբերման հասնել, պարտավոր եք աշխատել, աշխատել ու նորից շատ աշխատել: Ճշմարիտ է, որ աշխատասիրությունն ու նվիրվածությունը կարեւոր գործոններ են ցանկացած բնագավառում: Բայց պետք է գիտակցել, որ արդյունքի հասնելու ճանապարհին այլ հանգամանքներ էլ կան՝ տաղանդը, հնարավորությունը եւ հաջողությունը:
Տառապեք կարգապահության կամ էլ ափսոսանքի ցավից, ընտրությունը ձերն է:
Մի վախեցեք ձախողվելուց: Անհաջողության արդյունքում է, որ սովորում ենք ու կարողանում աճ գրանցել:
Որպես ֆուտբոլիստ երբեք չպետք է դադարեք սովորել։ Շարունակեք ինքներդ ձեզ ամեն օր կատարելագործվել:
Միշտ մնացեք այնպիսին, ինչպիսին կաք: Մի փորձեք նմանվել ուրիշներին:
Մի եղեք մարդկանց մեծամասնության պես: Շատերը սովորաբար հրաժարվում են իրենց երազանքներից:
Միակ դեպքը, երբ հնարավորությունները սպառվում են, այն է, երբ դադարում եք դրանք օգտագործել:
Կարող եք լինել միլիոնից մեկը, մի հուսահատվեք հաջողության հասնելու քիչ հավանականությունից:

Լուսանկարը` Անձնական արխիվ
Անցյալը փոխել չեք կարող, բայց կարող եք կերտել ապագան: Այն կանխատեսելու լավագույն միջոցը ստեղծելն է:
Հաջողությունը միայն գավաթներ նվաճելը չէ, այլ խաղադաշտում եւ դրա սահմաններից դուրս դրական ազդեցություն ունենալը:
Մեծություն դառնալը նպատակակետ չէ, այլ շարունակական ճանապարհ: Բայց նաեւ համեստ ու խոնարհ մնացեք, քանի որ միշտ ավելացնելու տեղ կա:eatness
Հավատացեք ձեզ, եւ ուրիշներն էլ կհավատան:
Թիմակիցներն ու ընկերները
Համարում եմ, որ ժամանակակից ֆուտբոլում մեծագույնը Զիդանն է: Կանտոնան հատուկ է, նա եղել է «Օլդ Թրաֆորդ»-ի արքան, հենց այդպես էլ նրան կհիշեն: Էրիկը հիանալի տղա է, մեծ խաղացող, լավագույններից մեկը, որի հետ երբեւէ խաղացել եմ, բայց միեւնույն է կարծում եմ, որ Զիդանն անգերազանցելի է:
Մեսսիի ու Ռոնալդուի պես ֆուտբոլիստներն անհայտ տեղից չեն հայտնվում: Նրանք շատ են աշխատում, հենց դա էլ փորձում եմ բացատրել իմ ու մյուս երեխաներին, որ այդքան լավ են հանդես գալիս միայն տքնաջան աշխատանքի շնորհիվ:

Լուսանկարը` Adidas
Ալեքս Ֆերգյուսոնն աշխարհում լավագույն մարզիչն է: Միշտ եմ հարգել ու հարգելու եմ նրան, ինձ համար հոր պես է եղել:
Իմ ամենահայտնի ընկերը Թոմ Քրուզն է: Նա շատ ավելի մեծ ճանաչում ունի աշխարհում, քան ես:
Ընտանիքը
1996 թվականին Գարի Նեւիլի հետ դիտում էինք Spice Girls-ի տեսահոլովակը, շրջվեցի ու նրան ասացի. «Տեսա՞ր այն աղջկան, Պատրաստվում եմ ամուսնանալ հետը»:
Ես կնոջս 110 տոկոսով եմ վստահում: Երբ մարդիկ Վիկտորիային «կիսաշրջազգեստով տղամարդ» են անվանում, դրանից միայն ուրախանում եմ:
Շատ նվաճումներ ու հաղթանակներ եմ ունեցել, բայց ինձ համար ամենամեծ ձեռքբերումը ընտանիքս ու երեխաներս են: Փորձում եմ հնարավորինս լավ ամուսին ու հայր լինել եւ ընտանիքիս հետ շատ ժամանակ անցկացնել:
Երբ երեխաներ ունես, իսկապես մեծանում ես: Հիմա եմ սկսել այդ ամենը գիտակցել՝ երեխաներ ունենալը փոխում է աշխարհը:
Ես ուժեղ մարդ եմ, հայր ու ամուսին, իսկական ընտանիքի մարդ եմ:
Ինչպես ցանկացած ծնող, երեխաներիս համար լավագույնն եմ ցանկանում: Ինքները կորոշեն կյանքում ինչ ուղի ընտրել, իսկ մենք պարզապես կողքներին կլինենք, որպեսզի աջակցենք ու քաջալերենք:

Լուսանկարը` Անձնական արխիվ
Ծնողներս միշտ շատ խիստ են եղել, բայց նրանք ինձ ճիշտ համոզմունքներ են հաղորդել ու սովորեցրել, թե ինչպես է պետք վարվել մարդկանց հետ: Նույնն էլ ես եմ փորձում փոխանցել երեխաներիս:
Ծնողներս միշտ են եկել խաղս դիտելու, անգամ երբ 7 տարեկան էի:
Օրվա վերջում միշտ ուրախ եմ, այն ամենի համար ինչ ունեմ ու ինչով զբաղվում եմ: Բայց ինձ որեւէ առումով առավել չեմ համարում այն մարդկանցից, որոնք նույնպես շատ են աշխատում ու ընտանիքի լավ հայր են:
Երբեք չեմ մոռանա, թե որտեղից եմ ծնունդով ու որտեղ են իմ արմատները: Կարեւոր չէ, թե որտեղ եմ հիմա ապրում: Ես անգլիացի եմ ու վերջ:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: