Հայաստանի ակումբային ֆուտբոլում թիմերն ավելի մրցունակ են դառնում։ Իհարկե, դա մեծապես լեգիոնականների ներգրավման արդյունք է, սակայն նրանց կողքին սկսում են ի հայտ գալ նաեւ հայ որակյալ ու մրցունակ ֆուտբոլիստներ։ Այս մրցաշրջանում խաղերը դարձել են ավելի ներկայանալի եւ աչքին հաճելի, ինչը շատ կարեւոր է երկրպագուների համար։
Եթե դուք դեռ չեք հետեւում տեղական առաջնությանը, ապա շտապեք ուղղել այդ սխալը՝ դիտելով գոնե 1-2 մրցավեճ։ Իսկ Mediamax Sport-ը կօգնի ձեզ՝ առանձնացնելով յուրաքանչյուր տուրում տեղի ունեցած հետաքրքրաշարժ, հակասական եւ վճռորոշ իրադարձությունները։
ԲԿՄԱ-«Վեստ Արմենիա»՝ 3:0

Լուսանկարը` ԲԿՄԱ-ի ֆեյսբուքյան էջ
Տուրը մեկնարկեց մրցաշարային աղյուսակի միջնամասում գտնվող թիմերի մրցավեճով։ Հաճախ չէ, որ աղյուսակի միջնամասում կամ ստորին հատվածում գտնվող թիմերի պայքարը լինում է գոլառատ եւ դիտարժան։ Սակայն սա այդ դեպքերից չէր։
Յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ ԲԿՄԱ-ն սկսում է գրեթե 0-ից թիմ հավաքել, քանի որ շատ են հեռացող ֆուտբոլիստները եւ նրանց փոխարինող նորեկները։ Ուստի զարմանալի չէ, որ թիմը սկսում է ավելի կայուն արդյունքներ ցույց տալ առաջնության հենց այս հատվածում՝ վաստակելով կարեւոր միավորներ: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները սկսել են խաղալ գնդակի տիրապետման վրա հիմնված, դինամիկ ու դիտարժան ֆուտբոլ՝ չվախենալով համարձակ որոշումներից։ Թիմն ունի իր ուրույն ու տարբերվող խաղային ձեռագիրը՝ վերածվելով լուրջ մրցակցի առաջնության բոլոր թիմերի համար։ Բացառապես հայազգի ֆուտբոլիստներից կազմված ԲԿՄԱ-ում դժվար է առանձնացնել ընդգծված առաջատարների, բացառությամբ միայն ավելի փորձառու Դանիել Աղբալյանին, ով դաշտի կենտրոնից կառավարում է խաղը՝ գնդակներ մատակարարելով հարձակման գծի խաղացողներին։
Տուրն անհաջող ստացվեց «Վեստ Արմենիա»-ի ֆուտբոլիստների համար։ Կարծես թիմը խաղադաշտ էր դուրս եկել առանց հստակ ծրագրի կամ առնվազն չէր կարողանում կյանքի կոչել այն։ 11-մետրանոց սեփական դարպասին, կարմի քարտ, երբ թվում էր հնարավորություն կա դեռ ինչ-որ բան փրկելու, եղավ չիրացված 11-մետրանոցի դրվագը։ Սա էլ վերջնականապես հուսահատեցրեց «Վեստ Արմենիա»-ի ֆուտբոլիստներին։ Չօգնեց անգամ ԲԿՄԱ-ի հարձակվող Էդիկ Վարդանյանի կարմիր քարտը։ Պատրիկ Պապյանի ղեկավարած թիմն ունի գոլահարի կարիք։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Զախար Տարասենկոյին (7 գոլ) կորցնելուց հետո գարնանային հատվածում թիմն ունի ընդամենը մեկ գոլ։ Չնայած այս ամենին, թիմն ի զորու է ուշքի գալ եւ խաղալ ավելի մրցունակ ֆուտբոլ։
«Արարատ»-«Գանձասար» ՝ 1:1

Լուսանկարը` Արարատի ֆեյսբուքայն էջ
Մրցաշրջանի ընդգծված հետնապահ «Գանձասար»-ը շատ մոտ էր վերջապես առաջնությունում առաջին հաղթանակը տոնելուն, սակայն «Արարատ»-ը կարողացավ ոչ-ոքի կորզել խաղի 97-րդ րոպեին։ «Գանձասար»-ը վաստակել է ընդամենը 3 միավոր՝ գրանցելով վատագույն արդյունքները բոլոր ցուցանիշներով։ Ակնհայտ է, որ վերջին մի քանի հանդիպումներում Կարեն Բարսեղյանի ղեկավարած թիմն ունի խաղային պրոգրես, սակայն միշտ ինչ-որ մի բան չի բավականացնում «Գանձասար»-ին հաղթանակ տոնելու համար։
«Արարատ»-ն արդեն մի քանի մրցաշրջան հանդիսանում է աղյուսակի միջնամասում հանգրվանող ամուր թիմ եւ այս տարին եւս բացառություն չէ։ Եթե առաջնության սկզբում արդյունքներն ավելի լավն էին, ապա թիմի գլխավոր ռմբարկու Հիլարիոն Գուրի (7 գոլ) «Գենտ» վաճառքից հետո գործերն էլ ավելի վատացան։ Ունենալով շատ փորձառու եւ որակյալ ֆուտբոլիստներ, անշուշտ, «Արարատ»-ը դեռ կարող է իր պատմությանն արժանի պայքար մղել առաջնությունում։
«Արարատ-Արմենիա»-«Փյունիկ»՝ 3:2

Լուսանկարը` Փյունիկ ֆեյսբուքյան էջ
Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ չեմպիոնության համար պայքար մղող եւ արդեն իսկ սկզբունքային մրցակիցներ դարձած այս 2 թիմերի միջեւ։ Հանդիպումը նշանավորվեց մի քանի իրադարձություններով․ այն դարձավ 400-րդը «Արարատ-Արմենիայի» հենակետային Կարեն Մուրադյանի համար, եւ նրա թիմն իրական նվեր մատուցեց՝ կատարելով անհավանական քամբեք 0:2 հաշվից հետո։
Կարեւոր էր նաեւ ձմռանը «Արարարատ-Արմենիա» վերադարձած Ժիրայր Շաղոյանի տուգանայինից խփած գնդակը, ինչը վստահություն կհաղորդի երիտասարդ ֆուտբոլիստին։ Այդ երեկո սեփական որակներով փայլեց Տենտոն Եննեն, ով անընդհատ տեղաշարժվելով ու դիրքերը փոխելով թիմակիցների հետ՝ իրական խառնաշփոթ էր առաջացրել «Փյունիկ»-ի տուգանային հրապարակում։
«Փյունիկ»-ն անցկացրեց հրաշալի առաջին խաղակես, բայց թիմը կարծես ֆիզիկապես պատրաստ չէր ամբողջ հանդիպումը բարձր տեմպով խաղալու։ Ինչպես խաղից հետո խոստովանեց Եղիշե Մելիքյանը, նա այդքան էլ գոհ չէ ձմռանն անցկացրած սելեկցիայից, ինչպես նաեւ թիմի մարզավիճակից։ Հավելյալ հոգնածություն է առաջացնում նաեւ արհեստական խոտադաշտից հետո բնական ծածկույթի վրա խաղալը։ Ինչ խոսք, հաճախ չես տեսնի 2-րդ համարով խաղացող ու հակագրոհող «Փյունիկ», ինչը եւս լավ էր ստացվում Մելիքյանի սաների մոտ։ Առհասարակ, այս մրցավեճը լի էր իրադարձություններով․ երկու 11-մետրանոց, անզիջում պայքար եւ գեղեցիկ ֆուտբոլ։
«Ալաշկերտ»-«Վան»՝ 2:2

Լուսանկարը` Վանի ֆեյսբուքյան էջ
Տուրի հաջորդ ուշագրավ քամբեքի հեղինակն «Ալաշկերտ»-ն է` խաղավարտին մոտ խփած 2 գնդակով։ Գտնվելով աղյուսակի ստորին հատվածում`«Ալաշկերտ»-ի համար կարեւոր է յուրաքանչյուր միավոր։ Թիմն ունի մարտունակ կազմ, որը համադրված է երիտասարդ ու փորձառու ֆուտբոլիստներով։ Հուսանք, որ Էդգար Թորոսյանը կունենա ժամանակ եւ վստահություն ակումբի ղեկավարության կողմից կյանքի կոչելու իր մարզչական գաղափարները։ Բայց դեռեւս «Ալաշկերտ»-ը շատ հախուռն է թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում առանց հստակ խաղային ձեռագրի։
Ի տարբերություն «Ալաշկերտ»-ի, «Վան»-ն այս մրցաշրջանում հանդիսանում է առաջատարների խմբի («Նոա», «Ուրարտու», «Արարատ-Արմենիա», «Փյունիկ») գլխավոր հետապնդողը։ Անշուշտ այս ամենի մեջ մեծ է թիմի մարզիչ Վահե Գեւորգյանի ներդրումը։ «Վան»-ը խաղում է շատ էներգատար ֆուտբոլ՝ հիմված բարձր պրեսինգի եւ գնդակի տիրապետման վրա։ Ուստի զարմանալի չէ, որ ֆուտբոլիստները հաճախ ֆիզիկապես չեն կարողանում պահպանել տեմպը ամբողջ 90 րոպեների ընթացքում՝ գնդակներ բաց թողնելով հենց հանդիպման վերջնամասում։ Այս տարի «Վան»-ը ցուցադրում է գերարդյունավետ խաղ եւ դրա մեջ մեծագույն ներդրում ունի Կարեն Նալբանդյանը (5 գոլ եւ 6 գոլային փոխանցում)՝ վերածվելով թիմի որոշումներ կայացնող կենտրոնի։ Եթե ուզում եք ականատես լինել էմոցիաներով լի եւ դիտարժան ֆուտբոլի, ապա անպայման բաց մի թողեք «Վան»-ի խաղերը, որոնք վստահաբար կզարմացնեն ձեզ։
«Շիրակ»-«Նոա»՝ 1:2

Լուսանկարը` Շիրակի ֆեյսբուքյան էջ.
Այս տուրում կարող էր տեղի ունենալ առաջնության գլխավոր անակնկալներից մեկը՝ «Նոա»-ի պարտությունը (առաջնությունում վերջին պարտությունը կրել է սեպտեմբերի 29 ին)։ «Շիրակ»-ը տնային խաղերում միշտ ցուցաբերում է կամային որակներ՝ ունենալով տրիբունաների հզոր աջակցությունը։ Այս խաղը եւս բացառություն չէր։ «Շիրակ»-ի նորանշանակ մարզիչ Ռաֆայել Նազարյանը դասեր էր քաղել թիմերի նախորդ խաղից՝ գերադասելով կիրառել ավելի չափավոր պրեսինգ եւ պաշտպանությունից դուրս գալ ուղղահայաց փոխանցումներով։ Չնայած պարտությանը, այս մրցավեճը պետք է գրանցել «Շիրակ»-ի դարպասապահ Դարկո Վուկաշինովիչի օգտին․ 2 հետ մղած 11-մետրանոց, մի քանի անհավանական սեյվեր եւ վստահ խաղ։ Սակայն անգամ այս ամենը չբավականացրեց «Շիրակ»-ին գոնե 1 միավոր վաստակելու համար։ Նազարյանը դեռ շատ աշխատանք ունի տանելու, որպեսզի իր իսկ որակավորած ոչ այդքան ուժեղ կազմից քամի առավելագույնը։
Դժվար ինչ-որ մեկը վիճարկի, որ առաջնության ամենաուժեղ թիմն այս պահի դրությամբ «Նոա»-ն է։ Թիմը գերազանցում է մրցակիցներին կազմով, ֆինանսական միջոցներով եւ հնարավորություններով, իսկ եվրագավաթներից դուրս մնալուց հետո իր ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել է ներքին առաջնության վրա։ Անգամ առաջնության լավագույն ռմբարկու Գոնսալո Գրեգորիոյի (17 գոլ) չիրացրած երկու 11- մետրանոցներից հետո, թիմը հոգեբանորեն չկոտրվեց եւ կարողացավ կորզել հաղթանակ այսպիսի բարդ խաղում։ Իհարկե, 11-մետրանոցների դրվագները բավական վիճահարույց էին, բայց ապահովեցին արդյունք։ Այս խաղը լավ խթան կհանդիսանա առաջնության այլ թիմերի համար, որոնք կհասկանան, որ իրենց ռեսուրսներով հնարավոր է պայքարել տեղի գրանդի հետ։
Դավիթ Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: