Ապրիլ 01, 2025
exclusive
1505 դիտում

Թոփ 4 ֆուտբոլային տակտիկաներ, որոնք թրենդային են վերջին տարիներին


Լուսանկարը` sportingnews.com

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Ֆուտբոլը մտել է նոր տակտիկական բարդության դարաշրջան, որտեղ հաջողության համար անհրաժեշտ է նորարարություն: Մարզիչները մշտապես կատարելագործում են ռազմավարությունները, ինչը հանգեցնում է առաջադեմ մոտեցումների, որոնք բնութագրում են ժամանակակից խաղը: Այս հոդվածում կանդրադառնանք վերջին ժամանակներում հաջողության հասած մարտավարություններին եւ տակտիկանական սխեմաներին՝ շրջված պաշտպաններ, պրեսինգ ռազմավարություններ, բարձր պաշտպանություն եւ դիրքային խաղ:

1․ Բարձր պաշտպանական գծերի ազդեցությունը ժամանակակից ֆուտբոլի վրա

Ֆուտբոլի տակտիկական էվոլյուցիան երբեք կանգ չի առնում, եւ վերջին տասնամյակներում բարձր պաշտպանական գծերի կիրառումը դարձել է առաջնային մոտեցում առաջատար մի շարք թիմերի համար։ Այս մարտավարությունը փոխում է ոչ միայն պաշտպանական համակարգերը, այլեւ թիմերի ընդհանուր խաղաոճն ու մրցակցային դինամիկան։

Ի՞նչ է բարձր պաշտպանական գիծը եւ ինչպե՞ս է այն գործում

Բարձր պաշտպանական գիծը ենթադրում է, որ պաշտպանները տեղակայվում են ավելի առաջ՝ կիսադաշտի գծին մոտ։ Այս մարտավարությունը թույլ է տալիս թիմերին ավելի ագրեսիվ պաշտպանվել, կրճատել տարածությունները եւ սահմանափակել հակառակորդի հնարավորությունները։

Հիմնական բաղադրիչներն են․

Տարածությունների նվազեցում. հակառակորդի կիսապաշտպանությունը դժվարանում է գործել, քանի որ ազատ գոտիներ գրեթե չեն մնում։

«Արհեստական խաղից դուրս» թակարդի կիրառում. պաշտպանները պարբերաբար առաջ են շարժվում, որպեսզի մրցակիցներին ստիպեն հայտնվել խաղից դուրս վիճակում։

Հակագրոհների կանխարգելում. «Counter-pressing» խաղաոճը հաճախ ուղեկցվում է բարձր պաշտպանական գծով՝ կանխելով մրցակցի արագ հակագրոհները։

Օրինակ՝ Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» եւ Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը» հաջողությամբ կիրառում են այս մոտեցումը։ Հիմա ակնհայտ բարձր պաշտպանությամբ խաղում է Հանսի Ֆլիկի «Բարսելոնան» եւ դա բավականին հաջող է ստացվում կատալոնացիների մոտ՝ օգտագործելով գնդակի տոտալ վերահսկում եւ կորստի դեպքում՝ գնդակի արագ վերադարձ։

Լուսանկարը` Reuters


Բարձր պաշտպանական գծի առավելությունները

Գնդակի վերահսկման ուժեղացում

Բարձր պաշտպանական գիծը թույլ է տալիս թիմերին պահպանել վերահսկողությունը, քանի որ նրանց կենտրոնական պաշտպանները տեղակայվում են կիսադաշտին մոտ՝ հեշտացնելով փոխանցումների կազմակերպումը։

Օրինակ՝ «Բարսելոնայի» տիկի-տակա ֆուտբոլը հիմնված էր գնդակի արագ շրջանառության եւ պաշտպանների բարձր դիրքի վրա։ Երբ թիմն ակտիվորեն բարձրացնում է պաշտպանությունը, մրցակիցը ստիպված է արագ որոշումներ կայացնել, ինչը կարող է բերել սխալների եւ գնդակի կորստի։

Երկար փոխանցման վտանգը հակագրոհների ժամանակ

Եթե թիմի պաշտպանները չունեն բավարար արագություն, մրցակիցը կարող է օգտագործել խորքից փոխանցումներ եւ արագացումներ։ Արագաշարժ հարձակվողները կարող են օգտվել երկար փոխանցումից եւ, ետ թողնելով բարձր պաշտպանական գիծը, հայտնվել դարպասապահի հետ մեն մենակ։



Դարպասապահի դերի կարեւորումը

Բարձր գիծը հաջող կիրառելու համար թիմին պետք է «սվիպեր-կիպեր» ոճի դարպասապահ, ով կարող է արագ դուրս գալ տուգանային հրապարակից եւ կանխել վտանգները։ Օրինակ՝ Մանուել Նոյերը եւ Էդերսոնը մոդեռն ֆուտբոլի այս դիրքի լավագույն ներկայացուցիչներից են։

Ձախողված փորձ․ 2022-ի Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականը փորձեց խաղալ բարձր պաշտպանական գծով, սակայն ճկունության պակասը թույլ տվեց ճապոնացիներին արագ հակագրոհներով հաղթել նրանց։

Բարձր պաշտպանական գիծը դարձել է ժամանակակից ֆուտբոլի հիմնասյուներից մեկը՝ թիմերին առաջարկելով գնդակի վերահսկման առավելություն եւ հակառակորդի սխալներ պարտադրելու հնարավորություն։ Սակայն այն պահանջում է հիանալի կազմակերպվածություն, արագ պաշտպաններ եւ դարպասապահի ակտիվ մասնակցություն խաղին։ Տեղին եւ ճիշտ կիրառման դեպքում այն կարող է դառնալ հաղթանակի բանալի, բայց սխալների դեպքում՝ բերել խոշոր հաշվով պարտության։

2. Շրջված պաշտպանները եւ նրանց դերը ժամանակակից ֆուտբոլում

Ֆուտբոլի տակտիկական զարգացումները վերջին տարիներին բերել են նոր դերեր եւ մոտեցումներ: Նրանցից մեկը շրջված պաշտպաններն են (inverted full-backs), այն դարձել է առանցքային տարր շատ թիմերի խաղային կառուցվածքում: Այս դիրքը հիմնովին փոխում է պաշտպանների ավանդական դերը՝ ավելացնելով նոր հնարավորություններ եւ ճկունություն թիմերի համար:

Ի՞նչ է շրջված պաշտպանը

Շրջված պաշտպանը եզրային պաշտպան է, որը հարձակման կամ գնդակի վերահսկման ժամանակ տեղափոխվում է դեպի կենտրոնական կիսապաշտպանի դիրք՝ եզրից գործելու փոխարեն: Սա թույլ է տալիս թիմին ունենալ հավելյալ խաղացող դաշտի կենտրոնում՝ ուժեղացնելով գնդակի վերահսկողությունն ու կառուցողական խաղը:

Այս մարտավարությունը հաջողությամբ կիրառում են այնպիսի մարզիչներ, ինչպիսիք են Պեպ Գվարդիոլան, Միկել Արտետան եւ Յուլիան Նագելսմանը:

Լուսանկարը` Reuters


Շրջված պաշտպանի հիմնական գործառույթները

Շրջված պաշտպանները գնդակ ընդունելիս չեն շարունակում շարժվել եզրով, այլ անցնում են դեպի կենտրոն, ինչը թույլ է տալիս ստեղծել թվային առավելություն կիսադաշտում: Սա օգնում է շրջանցել մրցակցի պրեսինգը եւ ապահովել լրացուցիչ անցումներ հարձակման գծում:



Օրինակ՝ Ժոաու Կանսելուն «Մանչեսթեր Սիթիում», Յոզուա Կիմիխը Մյունխենի «Բավարիայում» եւ Զինչենկոն «Արսենալում» հաճախ անցնում են կենտրոն՝ ապահովելով գնդակի հուսալի շրջանառություն:

Պաշտպանական հավասարակշռության պահպանում

Շրջված պաշտպանն օգնում է դաշտի կենտրոնում պաշտպանության ապահովմանը, ինչը թույլ է տալիս կենտրոնական պաշտպաններին չբախվել անբարենպաստ իրավիճակների: Սա կարեւոր է հատկապես հակագրոհների ժամանակ, երբ թիմը մեծ թվով խաղացողներով հարձակվում է:

Շրջված պաշտպանի առավելություններն ու մարտահրավերները

Առավելություններ

Գնդակի վերահսկման ուժեղացում․ թիմը ստանում է հավելյալ կիսապաշտպան, ինչը մեծացնում է ճնշման տակ ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունը:

Տարածքների ավելի լավ կառավարում․ թիմը ավելի հավասարակշռված է լինում թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության ժամանակ:

Տարբեր տակտիկական իրավիճակներ․ խաղի ընթացքում դիրքային փոփոխությունների հնարավորություն, որը շփոթեցնում է մրցակցին:

Բարդություններ

Պաշտպանների հարմարվելու անհրաժեշտություն․ ոչ բոլոր ավանդական եզրային պաշտպանները կարող են կատարել այս դերը, քանի որ այն պահանջում է լավ տեխնիկական պատրաստվածություն եւ խաղային ինտելեկտ:

Հակագրոհների խոցելիություն․ եթե շրջված պաշտպանն առաջ է շարժվում, ապա թիմի պաշտպանական կառուցվածքը կարող է տուժել արագ հակագրոհների դեպքում: Պետք է ունենալ վստահելի հենակետային որպեսզի փորձել կազմակերպել պաշտպանությունը մինչ եզրային պաշտպանի վերադարձը։

Թիմեր, որոնք հաջողությամբ կիրառում են այս մոտեցումը

«Մանչեսթեր Սիթի»․ Պեպ Գվարդիոլայի տակտիկական վարպետությամբ Ժաու Կանսելուի եւ Կայլ Ուոքերի նման խաղացողները հաճախ հաջողությամբ ստանձնում են այս դերը:

«Արսենալ»․ Միկել Արտետան հաճախ օգտագործում է Զինչենկոյին որպես շրջված պաշտպան, ինչը թույլ է տալիս թիմին գերակայել գնդակի վերահսկման հարցում:

Մյունխենի «Բավարիա»․ Յուլիան Նագելսմանը կիրառել է շրջված պաշտպանների մարտավարությունը, ինչը թույլ է տվել ուժեղացնել թիմի տակտիկական բազմազանությունը:

«Լիվերպուլ»․ Տրենտ Ալեքսանդր Առնոլդը Յուրգեն Կլոպի ժամանակ շատ հաճախ զբաղեցնում էր հարձկավողական ոճի կիսպաշտպանի դիրքը։

Շրջված պաշտպանները ֆուտբոլում դարձել են առանցքային մարտավարական գործիք, որը մեծապես փոխում է թիմերի խաղաոճը: Այս դիրքը թույլ է տալիս ոչ միայն հարձակման նոր հնարավորություններ ստեղծել, այլեւ ապահովել պաշտպանական հավասարակշռություն: Սակայն այն պահանջում է բարձր որակներով խաղացողներ, ովքեր ունեն բարձրակարգ տեխնիկական հմտություններ եւ տակտիկական ընկալում: Անկասկած, այս մոտեցումը դեռ երկար կմնա ֆուտբոլի տակտիկական զարգացման առաջնագծում:

3. Դիրքային խաղը

Ֆուտբոլում տակտիկական մոտեցումները տարեցտարի զարգանում են եւ դրանցից մեկը, որն առավել մեծ ազդեցություն է ունեցել վերջին տասնամյակում, դիրքային խաղն է (Positional Play): Այս մարտավարությունը, որը կիրառվում է աշխարհի առաջատար թիմերի կողմից, կենտրոնացած է տարածքների վերահսկման, ճիշտ դիրքավորման եւ գնդակի նկատմամբ առավելագույն վերահսկողություն հաստատելու վրա՝ նույնիսկ առանց գնդակին տիրելու։

Լուսանկարը` Reuters


Ի՞նչ է դիրքային խաղը

Դիրքային խաղը ռազմավարական մոտեցում է, որը հիմնված է ֆուտբոլիստների դիրքավորման վրա՝ նպատակ ունենալով ստեղծել առավելություններ գնդակով եւ առանց դրա։ Այս համակարգում խաղացողները պետք է ճիշտ տեղակայվեն, պահպանեն տարածությունները եւ ստեղծեն փոխանցումների հնարավորություններ՝ օգտագործելով խաղադաշտի բոլոր հատվածները։

Հիմնական սկզբունքներն են՝

Տարածքի օգտագործում. խաղացողները պետք է միշտ գտնվեն այնպիսի դիրքերում, որտեղ նրանք կարող են ապահովել փոխանցումների անկյուններ եւ պահել գնդակը թիմի վերահսկողության ներքո։

Թվային առավելության ստեղծում. թիմերը փորձում են հակառակորդի գոտիներում ավելացնել խաղացողների թիվը՝ հեշտացնելով գնդակի պահպանումը եւ հարձակումը։

Տարածության ստեղծում եւ օգտագործում. դիրքային խաղի առանցքային մասը հակառակորդի պաշտպանական գծերը կոտրելն է, ինչի համար խաղացողները ստեղծում են ազատ գոտիներ՝ տեղաշարժերի եւ փոխանցումների միջոցով։

Դիրքային խաղի առավելությունները

Գնդակի վերահսկման գերակայություն

Այս մարտավարությունը թույլ է տալիս թիմերին պահպանել վերահսկողությունը խաղի նկատմամբ, քանի որ գնդակի երկարատեւ պահպանումն ապահովում է խաղի տեմպի կառավարումը։ Օրինակ՝ Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» եւ «Բարսելոնան» հայտնի են գնդակի շրջանառության բարձր տեմպով եւ դիրքային խաղով։

Հարձակման կառուցվածքային կազմակերպում

Խաղացողները միշտ ունեն փոխանցման տարբերակներ, ինչը հնարավորություն է տալիս հեշտությամբ կոտրել հակառակորդի պաշտպանությունը։ Տիկի-տակա ոճը (Tiki-Taka) հենց այս սկզբունքի կատարելագործված ձեւն է։

Պաշտպանական կայունություն

Դիրքային խաղը թույլ է տալիս ոչ միայն լավ հարձակվել, այլեւ ապահովել պաշտպանական կայունություն։ Երբ թիմը կորցնում է գնդակը, նրանց ճիշտ դիրքավորումը օգնում է արագ վերականգնել վերահսկողությունը։

Բարձր կարգապահության պահանջ

Դիրքային խաղը պահանջում է խաղացողների խիստ տակտիկական կարգապահություն։ Ամեն մի սխալ դիրքավորում կարող է բացել տարածություններ հակառակորդի համար։

Պաշտպանության դեմ պայքարելու դժվարությունը

Շատ թիմեր, իմանալով դիրքային խաղի ուժեղ կողմերը, խաղում են խորը պաշտպանությամբ՝ նվազեցնելով ազատ տարածությունները։ Օրինակ՝ Մադրիդի «Ատլետիկոն» Դիեգո Սիմեոնեի ղեկավարությամբ հաճախ հաջողությամբ դիմակայում է դիրքային խաղով թիմերին։

Ակտիվ եւ տեխնիկապես զարգացած խաղացողների անհրաժեշտություն

Այս համակարգը լավագույնս աշխատում է այն թիմերում, որտեղ ֆուտբոլիստներն ունեն բարձր տեխնիկական մակարդակ եւ տակտիկական գիտակցություն։ Ինյեստան, Չավին, Բուսկետսը, Կրոսը, Մոդրիչը, Կազեմիրոն այս մոտեցման կատարյալ օրինակներն են։ Ներկայումս լավ դիրքային եւ բալասավորված ֆուտբոլ ցույց է տալիս Ինձագիի «Ինտերը»։

Դիրքային խաղը դարձել է ժամանակակից ֆուտբոլի ամենաարդյունավետ մարտավարություններից մեկը։ Այն թույլ է տալիս վերահսկել խաղը, նվազեցնել մրցակցի հնարավորությունները եւ զարգացնել ստեղծագործ հարձակումներ։ Սակայն այն պահանջում է բարձր կարգապահություն, տեխնիկապես հմուտ խաղացողներ եւ խելացի տակտիկական պլանավորում։

4. Պրեսինգի ռազմավարություններ ֆուտբոլում

Պրեսինգը կարեւորագույն տակտիկական տարրերից է, որը թույլ է տալիս թիմերին վերահսկել խաղի տեմպն ու ստիպել մրցակցին սխալներ գործել։ Պրեսինգի տարբեր ռազմավարություններ կիրառվում են՝ կախված թիմի տակտիկական մոտեցումից, ֆիզիկական պատրաստվածությունից եւ խաղաոճից։

Ի՞նչ է պրեսինգը եւ ինչո՞ւ է այն կարեւոր

Պրեսինգը թիմային պաշտպանական մարտավարություն է, որի նպատակն է հնարավորինս արագ խլել գնդակը մրցակցից՝ ստեղծելով ճնշում։ Այն կիրառվում է տարբեր ձեւերով՝ կախված թիմի տակտիկական ունակություններից։

Պրեսինգի հիմնական նպատակը՝ ստիպել մրցակցին շտապ որոշումներ ընդունել, սահմանափակել փոխանցումների գոտիները եւ ստեղծել արագ հարձակման հնարավորություններ գնդակի վերադարձից հետո

Լուսանկարը` Reuters


Պրեսինգի հիմնական տեսակները

Բարձր պրեսինգ (High Pressing) կամ «գեգենպրեսինգ»

Բարձր պրեսինգը ենթադրում է, որ թիմն ակտիվորեն ճնշում է մրցակցի պաշտպաններին՝ դեռեւս իրենց կիսադաշտում։ Այս ռազմավարությունը հաճախ կիրառվում է Պեպ Գվարդիոլայի, Յուրգեն Կլոպի եւ Ռոբերտո Դե Զերբիի թիմերի կողմից։

Առավելությունները․գնդակը վերադարձնելու հնարավորություն մրցակցի դարպասի մոտ, մրցակցի հարձակման կառուցման խափանում, արագ հակագրոհների հնարավորություն։

Թերությունները․եթե մրցակիցը ճեղքում է պրեսինգը, թիմը կարող է խոցելի դառնալ հակագրոհների ժամանակ։



Միջին պրեսինգ (Mid-Block Pressing)

Այս տեսակը կիրառվում է, երբ թիմը պաշպանությունը ձեւավորում է կիսադաշտում՝ սպասելով մրցակցի առաջխաղացմանը եւ սկսելով պրեսինգը դաշտի կենտրոնում։

Դիեգո Սիմեոնեի «Աթլետիկոն» հաճախ օգտագործում է միջին պրեսինգ՝ թույլ չտալով մրցակցին գտնել ազատ տարածություններ:

Առավելությունները  

Հեշտ ադապտացվող տակտիկա՝ կախված մրցակցից, հավասարակշռված պաշտպանություն՝ առանց գերլարվածության։

Սպառնալիքը

Երբ մրցակիցն ուժեղ է գնդակի վերահսկման հարցում, թիմը կարող է կորցնել խաղի թելը։

Ցածր պրեսինգ (Low Block Pressing)

Ցածր պրեսինգը պաշտպանական մարտավարություն է, որի դեպքում թիմը հետ է քաշվում՝ թույլ չտալով մրցակցին ազատ գոտիներ ստեղծել:



Ժոզե Մոուրինյոյի թիմերը հայտնի են ցածր պրեսինգով եւ արագ հակագրոհներով:

Առավելությունները

Կայուն պաշտպանություն՝ նվազագույն ռիսկերով, տարածությունների խտացում՝ մրցակցի անցումային խաղի սահմանափակում։

Թերությունները

Թիմը կարող է կորցնել հարձակողական ուժգնությունը։ Այս տակտիկան հոգնեցուցիչ է, եւ թիմը երկար կարող է չդիմանալ։

Լուսանկարը` Reuters


Պրեսինգի հաջողված օրինակներ ֆուտբոլում

«Լիվերպուլ» (Յուրգեն Կլոպ)․ «գեգենպրեսինգ» ռազմավարության օրինակ, որտեղ թիմը փորձում է հնարավորինս արագ վերադարձնել գնդակը՝ հակագրոհ կազմակերպելու համար:

«Բարսելոնա» (Գվարդիոլայի օրոք)․ «Տիկի-տակայի» մի մասն էր կազմում բարձր պրեսինգը, որի շնորհիվ թիմը թույլ չէր տալիս մրցակցին զարգացնել խաղը:

«Աթլետիկո» Մադրիդ (Դիեգո Սիմեոնե)․ Օգտագործում է միջին պրեսինգ՝ տարածություններ փակելու եւ մրցակցի խաղը սահմանափակելու համար:

Պրեսինգը թույլ է տալիս վերահսկել խաղի տեմպը, կրճատել մրցակցի հնարավորությունները եւ ստեղծել հարձակման նոր պահեր։ Սակայն այն պահանջում է բարձր կազմակերպվածություն, ֆիզիկական պատրաստվածություն եւ ճիշտ տակտիկական իրագործում՝ կախված թիմի խաղաոճից եւ մրցակցի ուժեղ ու թույլ կողմերից։

Այս տակտիկաները ֆուտբոլի ներկան են, բայց ոչ անփոփոխ ապագան։ Ակնհայտ է, որ տարիներ անց նոր մոտեցումներ կմշակվեն, եւ թիմերը կփորձեն վերաիմաստավորել հաջողության հասնելու ուղիները։

Դավիթ Մակարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին