Ապրիլ 15, 2025
exclusive
429 դիտում

Հատուկ օլիմպիադաների աշխարհի խաղերը բացի մարզականից, լուծում են նաեւ սոցիալականացման խնդիր


Լուսանկարը` specialolympics.org

Լուսանկարը` specialolympics.org

Լուսանկարը` specialolympics.org

Լուսանկարը` specialolympics.org

Լուսանկարը` specialolympics.org


Օրեր առաջ Հայաստանի պատվիրակությունը Թուրինում մասնակցել է Հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերին։ Դրանք կազմակերպվում են չորս տարին մեկ անգամ, լինում են ամառային ու ձմեռային եւ նախատեսված են զարգացման տարբեր խանգարում ունեցող անձանց համար։

Թուրինում Հայաստանից կրկնակի ոսկե մեդալակիր է դարձել Սիփան Ծաղկյանը։ Նա հավասարը չի ունեցել դահուկավազքի 2,5 կմ դասական եւ 500 մետր ազատ ոճերում։ Նարեկ Պապյանը 50 մետր դասական ոճում գրավել է 4-րդ, իսկ 100 մետրում՝ 6-րդ տեղերը։

Mediamax Sport-ը զրուցել է Հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերի պատվիրակության ղեկավար, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ ազգային տնօրեն Արտակ Ստեփանյանի հետ։

Լուսանկարը` specialolympics.org


«Ձմեռային խաղերում հանդես եկանք երկու մարզիկով, երկուսն էլ հայտավորված էին դահուկավազքում։ Այն բարդ մարզաձեւ է ու մտավոր զարգացման տարբեր խնդիրներ ունեցողները դժվարությամբ են պարապում։ Մենք արդեն տեւական ժամանակ է համագործակցում ենք Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի հետ ու երեխաները լավ մարզումներ են անցկացնում։ Երկու տարի է պատրաստվում ենք խաղերին, մարզումային պրոցեսի ընթացքում էլ որոշվել է, որ այս տղաներն են ներկայացնելու մեր երկիրը։

Նրանք մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Իտալիայում եւս շատ լավ դիմավորեցին ու նրանք ոչ մի խնդիր չունեցան ամբողջ մրցաշարի ընթացքում։

Երկուսն էլ հաճույք ստացան խաղերից, ձեռք բերեցին ընկերներ, զգացին նման խոշոր մրցումների շունչը, ինչը նրանց շատ ոգեւորեց։ Հատուկ օլիմպիադաները ոչ միայն մարզական իրադարձություն են, այլեւ լուծում են սոցիալականացման խնդիրը՝ զարգացման տարբեր խանգարում ունեցող անձանց ներառելով հասարակության մեջ։

Լուսանկարը` specialolympics.org


Մարզումների ընթացքում արդյունքները հուսադրող էին եւ մինչ մրցումների մեկնարկն էլ ակնկալիքներ ունեինք։ Սիփան Ծաղկյանը մինչ այդ մասնակցել էր Հայաստանի առաջնությանը ու գրավել 10-րդ տեղը, բացի այդ նա նաեւ մասնակցել է 2012-ի Հատուկ օլիմպիադաների ձմեռային խաղերին։ Անսահման էր մեր ուրախությունը, երբ նա երկու ոսկե մեդալ նվաճեց։

Մեկնարկից առաջ Սիփանն անհանգստություն ուներ, բայց բժիշկը, անձնական մարզիչն անընդհատ աշխատում էին հետը, ինչի արդյունքում հաղթահարեց դա։ Վատն այն էր, որ երկու մրցումն էլ նույն օրն էր նշանակված եւ ընդմիջումը մոտ մեկ ժամ էր։ Չնայած մեր մտահոգությանը՝ Սիփանը ոսկե մեդալ նվաճելուց հետո երկրորդ մեկնարկում էլ հաջող գործեց ու կրկին հաղթող դարձավ։

Բազմաթիվ մարզիչներ մոտենում էին մեզ ու շնորհավորում, որովհետեւ, իսկապես, նա որպես մարզիկ ոչ ոքի չէր զիջում։

Նարեկ Պապյանն առաջին անգամ էր մասնակցում խաղերին։ Ցավոք, նա սայթաքեց եւ ընկավ՝ այլապես ավելի բարձր արդյունք կարող էր գրանցել։ Արդյունքում գրավեց 4-րդ ու 6-րդ տեղերը։ Ամեն դեպքում, նրանից եւս գոհ ենք։

Լուսանկարը` specialolympics.org


Հիմա մտածում եմ Սիփանին նախապատրաստել 2027-ի ամառային խաղերի համար։ Նա լավ մարզիկ է ու մեծ հավանականությամբ հանդես կգա աթլետիկայում:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը տարբեր միջոցառումներ է կազմակերպում Հայաստանում։ Մեր նպատակն է հատուկ օլիմպիադաների գաղափարը տարածել ողջ Հայաստանում։ Դրա համար միջոցառումներ կազմակերպել ենք տարբեր մարզերում՝ Լոռի, Գեղարքունիք, Սյունիք, Արարատ։ Դրանցից մեկի ժամանակ էլ բացահայտել ենք Սիփանին (Լոռի) ու Նարեկին (Տավուշ)։ Համագործակցում ենք հանրակրթական դպրոցների հետ, բազմաթիվ ծնողներ զանգահարում են մեզ ու ցանկանում, որ իրենց երեխաները եւս ներգրավվեն եւ զբաղվեն տարբեր մարզաձեւերով։

Լուսանկարը` specialolympics.org


Նախկինում մարզումներն անցկացնում էինք Երեւանի «Սպարտակ» մարզահամալիրում, բայց հիմա մշտական մարզման տեղ չունենք։ Մեր ամենամեծ խնդիրը հենց մարզադահլիճի բացակայությունն է։ Սպորտը եզակի երեւույթ է, որը սահմաններ չի ճանաչում ու բոլորը միմյանց հասկանում են նույնիսկ հայացքով։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում իրականացնում ենք ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստում։ Քանի որ մեր հանրակրթական դպրոցները նաեւ ներառական են, ուշադրություն ենք դարձրել զարգացման տարբեր խանգարում ունեցող երեխաների հետ աշխատելու մեթոդիկաներին, կարեւոր է, որ ուսուցիչները պատրաստ լինեն ու ճիշտ աշխատեն։ Աշխատանքներ այս ուղղությամբ շատ կան, մենք փորձում ենք աստիճանաբար դրանք լուծել»։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին