Ապրիլ 15, 2025
exclusive
467 դիտում

Սուր զգացություններ եւ տակտիկական պայքար`կովկասյան դերբիին ընդառաջ


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա


Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականը կխաղա Վրաստանի հետ: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին՝ Թբիլիսիի Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո Արենա»-ում:

Mediamax Sport-ը ծանոթացել է թիմերի ներկայիս մարզավիճակին, կազմերին եւ կորուստներին, թիմերի գլխավոր մարզիչներին ու դիմակայության պատմությանը: Կփորձենք հասկանալ նաեւ, թե թիմերից յուրաքանչյուրը հաղթանակի հասնելու ինչ շանսեր ունի:

Մարզչական պայքարը. Հայաստան

Վրաստանի հավաքականի հետ խաղերում Հայաստանի մարզչական ղեկը կստանձնի հոլանդացի Ջոն վան՛տ Սխիպը, որին հենց առաջին խաղերում սպասվում է մեծ փորձություն:

Սպորտային մեկնաբան Արման Աբելյանն ասում է՝ երկու թիմերի համար էլ սա սկզբունքային դիմակայություն է, որում շատ կարեւոր կլինի հոգեբանական գործոնը:

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա


«Վան՛տ Սխիպի գլխավորությամբ «Այաքս»-ը Նիդերլանդների առաջնությունում այլ ոճով էր խաղում, իսկ Հունաստանի հավաքականը՝ այլ, ուստի դժվար է կանխատեսել թե մարզիչն ինչ տակտիկական քայլեր կարող է կիրառել այս խաղերում»,- նշել է Աբելյանը:

Նա հավելել է, որ մարզչի գլխավորությամբ Հունաստանի հավաքականը լավ տպավորություն էր թողնում, ինչը երեւաց նաեւ 2019 թվականին Հայաստանի հավաքականի դեմ մրցավեճում:

 Ջոն վան՛տ Սխիպը 2022 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլում Հունաստանի հավաքականի ղեկին 2 անգամ հանդիպել է Սանյոլի գլխավորած Վրաստանին: Հունաստանում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով, իսկ պատասխան խաղում գրանցվել է 0:2 հաշիվը։

Վրաստան

Ի տարբերություն իր գործընկերոջ, Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլլի Սանյոլը տեւական ժամանակ է աշխատում է վրացիների հետ եւ ունի հստակ խաղային ձեռագիր: Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ վրացիները ամենից շատ օգտագործում են 3-5-2 պաշտպանողական մարտավարությունը՝ ապավինելով սուր հակագրոհներին: Դա տեսանելի էր նախորդ տարի կայացած Եվրոպայի առաջնությունում, որտեղ վրացիները հասան մինչև 1/8-րդ եզրափակիչ: Չնայած այդ ամենին՝ կախված մրցակցից Սանյոլի թիմը կիրառում է նաեւ այլ մարտավարություններ:   

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա


Ըստ մարզական մեկնաբանի, երեւանյան խաղում մրցակիցը կարող է զիջել նախաձեռնությունը եւ ցույց տալ փոքր-ինչ պաշտպանողական ֆուտբոլ, հաշվի առնելով այն փաստը, որ պատասխան խաղն անցկացնելու է տանը՝ երկրպագուների բուռն աջակցության ներքո:

Հայտացուցակները

Հայաստանի հավաքականի կազմում Վրաստանի հետ խաղը վնասվածքների պատճառով բաց կթողնեն միանգամից 4 ֆուտբոլիստներ՝ Էդուարդ Սպերցյանը, Հովհաննես Հարությունյանը, Անդրե Կալիսիրը եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Սակայն կորուստներն այսքանով չեն սահմանափակվում, քանզի ընտանեկան խնդիրների պատճառով թիմին չի կարողանա միանալ նաեւ արգենտինական «Բելգրանո»-ի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, իսկ գերմանական «Յան Ռեգենսբուրգ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանն այլեւս չի ցանկանում հանդես գալ ազգային թիմում, ինչի մասին հայտնել է Ջոն վան՛տ Սխիպը:

Մարզիչների կողմից ֆուտբոլիստի ամբողջ ներուժի օգտագործման անկարողություն, թիմակիցների հետ համագործակցության խնդիր, սպասելիքների գերագնահատում եւ երբեմն նվիրման պակաս: Ըստ մարզական մեկնաբանի՝ սրանք այն պատճառներն են, որոնք կարող էին ֆուտբոլիստին ստիպել նման որոշում կայացնել:

Այս ամենի հետ մեկտեղ կարելի է առանձնացնել նաեւ դրականը, քանզի առաջին անգամ ազգային թիմին են միացել ԲԿՄԱ-ի երիտասարդ ֆուտբոլիստներ Պետիկ Մանուկյանն (18 տ.) ու Արայիկ Էլոյանը (20 տ.), ինչպես նաեւ վերջերս «Ուրարտու»-ի շարքերը համալրած Նիկոլաս Կալուկյանը (22 տ.):

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա


Վրաստանի հավաքականում պատկերը շատ ավելի լավ է, քանզի թիմում կորուստներն այդքան էլ շատ չեն: Թիմի առաջատար ֆուտբոլիստներ Գուրամ Կաշիան եւ Խվիչա Կվարացխելիան որակազրկման պատճառով բաց կթողնեն առաջին հանդիպումը, իսկ իտալական «Էմպոլի»-ի պաշտպան Սաբա Սազոնովը հավաքականին չի միացել վնասվածքի պատճառով:
 
Փոխարենը առաջին անգամ հավաքական է հրավիրվել ուկրաինական «Չեռնոմորեց»-ի երիտասարդ պաշտպան Լուկա Լաստաբիձեն:

Հայաստան-Վրաստան դիմակայության պատմությունը

Հայաստանի եւ Վրաստանի հավաքականները միմյանց դեմ մրցել են 7 անգամ: Խաղերից 5-ը կրել են ընկերական բնույթ, մյուս 2-ը 2020 թ. եղել են Ազգերի Լիգայում: 3 հաղթանակ տարել է Վրաստանը, 2 անգամ էլ ուժեղ են եղել հայերը:  

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա


Առաջիկա խաղերից սպասումները

«Վրաստանը ֆուտբոլիստներ ունի թոփ-5 լիգաներում եւ այլ ուժեղ առաջնություններում: Այդ հանգամանքը կարող է որոշիչ լինել, բայց դա էլ միանշանակ չէ: Ամուր հարձակման գծից բացի, վրացիներն ունեն բարձրակարգ դարպասապահ՝ Մամարդաշվիլին: Հետեւաբար, ֆուտբոլիստների ակումբների եւ առանձին խաղացողների մակարդակով պայմանավորված՝ առավելությունը մրցակցի կողմն է, բայց, դա կարող է առաջնային չլինել: Հայաստանի հավաքականը հաճախ ավելի լավ է խաղում հենց կարգով հավասար կամ բարձր հավաքականների դեմ, ինչը ցույց տվեց վերջին ընտրական փուլը: Հետեւաբար, ավելի կարեւոր կլինի թիմային խաղն ու հոգեբանությունը»,- ավելացրել է Աբելյանը:


Առաջիկա խաղերը շատ սպասված են ֆուտբոլասերների համար, որոնք երկու ճամբարի են բաժանվել`հարցականի տակ առնելով, թե ի՞նչն է ավելի շահավետ Հայաստանի հավաքականի համար՝ հաղթել ու B դիվիզիոնում խաղալ, թե պարտվել եւ մնալ C դիվիզիոնում:  

Անկախ խաղերի վերջնարդյունքից, ֆուտբոլասերներին սպասվում են վառ էմոցիաներ ու սպասման լարված 180 րոպեներ:

 Գեւորգ Թովմասյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին