exclusive
183 դիտում

Կանանց մարմնամարզության խնդիրները․ Անտեսված սպորտաձեւի իրականությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում բավական տարբեր են տղամարդկանց ու կանանց մարմնամարզության զարգացվածության աստիճանները։ ԽՍՀՄ-ի տարիներին մի շարք տաղանդավոր հայ մարմնամարզիկներ են եղել, որոնք ընդգրկվել են հավաքականում ու միջազգային խոշոր մրցումների մասնակցել, ինչպես նաեւ համեմատաբար ավելի լավ վիճակում են եղել սպորտային ենթակառուցվածքները։

Mediamax Sport-ը զրուցել է Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Լիզա Չաթրջյանի եւ Հրանտ Շահինյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ։


Կանանց ընտրանու մարզչի խոսքով՝ մարմնամարզության մարզադպրոցները չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի լավ ցուցանիշներ գրանցել։

 

«Ժամանակի ընթացքում սպորտը շատ-շատ է բարդացել եւ արդյունքի հասնելու համար պետք է փափուկ փոսեր ունենալ, որպեսզի բարդ տարրեր կատարելիս երեխաները չվախենան ու վնասվելու մասին չմտածեն։ Իսկ չոր պայմաններում, բնականաբար, ավելի դժվար է եւ հարմար գործիքների քանակն էլ քիչ, վերջին անգամ 2006 թվականին ենք գույք ստացել»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչն ընդգծում է, որ կանանց մարմնամարզությունում շատ կարեւոր են նաեւ ֆիզիոլոգիական տվյալները, օրինակ՝ հայերի մոտ կոնքն «ավելի ծանր է», ինչը նվազեցնում է անհրաժեշտ կազմվածքով մարմնամարզուհիների քանակը։

«Մասնագետների պակաս ունենք, այդ թվում՝ տղամարդ մարզիչների, քանի որ աշխատելու ընթացքում աղջիկներին օգնելու անհրաժեշտություն կա, պետք է նրանց պահել ու պտտել։ Կանանց բաժնում 7-8 մարզիչ ունենք, որոնցից յուրաքանչյուրը միաժամանակ դասավանդում է սկսնակների, պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների խմբերին։ Ծանրաբեռնվածությունը շատ է եւ մարզիչների համալրման կարիք կա»։

Չաթրջյանը գտնում է, որ պետք է հաճախակի ուսումնամարզական հավաքներ անցկացվեն, քանի որ դրանց ընթացքում են աղջիկները փորձ ձեռք բերում։ Մինչդեռ հիմա ֆինանսական խնդիրներով պայմանավորված՝ հազիվ 1-2 հավաք են կարողանում կազմակերպել։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Միասին մարզվելիս տեսնում են միմյանց հնարավորությունների մակարդակն ու բավարարվում են ունեցած արդյունքներով։ Իսկ այլ աղջիկների հետ մրցակցությունը կօգնի ավելիին ձգտել ու բարձրացնել սեփական ցուցանիշները։ Բացի այդ էլ, հավաքների ժամանակ մարզիչները հետեւում են սննդակարգին, քնի ռեժիմին ու պարապմունքների ընթացքին եւ կարող են ավելի ճիշտ աշխատել։ Առանց հավաքների սպորտ չկա»։

Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն էլ ավելացրել է, որ թեեւ ֆինանսական աջակցություն ստանում են, սակայն այն բավարար չէ։  

«Մարզդպրոցը բյուջե չունի։ Շատ հաճախ մարզիչներն իրենք են գումար տրամադրում մարզադպրոցի վնասված գույքը վերականգնելու համար։ Ֆեդերացիայի բյուջեն փոքր է եւ հիմնականում  ուղղվում է տղամարդկանց մարմնամարզությանը։ Տղաները շատ ուժեղ են եւ կարողանում են մեդալներ ապահովել, իսկ աղջիկները դեռ փորձ կուտակելու կարիք ունեն, ինչն արվում է միջազգային մրցումների մասնակցելու շնորհիվ»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Չաթրջյանն ավելացրել է, որ արտերկրում բնակվող շատ աղջիկներ վերադառնում են Հայաստան ու սկսում ներկայացնում մեր երկիրը։

«Առաջիկայում մեր կին մասնագետներից մեկը մրցավարական քննություն կհաձնի, որպեսզի միջազգային մրցումների ժամանակ մեր երկիրը նույնպես ներկայացուցիչ ունենա։ Աղջիկները տղաներին հավասար աշխատում են, ուղղակի անհրաժեշտ է ավելացնել ուշադրությունը»։

Լուսանկարները եւ տեքստը՝ Միլենա Մելքումյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին