Ապրիլ 26, 2025
839 դիտում

Բուվայսար Սայտիեւի հիշատակին. «Պետք է այնպես ապրել, որ հետո Աստծուն ասելու բան ունենաս»


Լուսանկարը` sports.ru

Լուսանկարը` sports.ru

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Getty Images


Օլիմպիական եռակի, Աշխարհի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Բուվայսար Սայտիեւի մահը ողջ ըմբշամարտի աշխարհի համար է մեծ ցավ ու անսպասելի կորուստ: Ռուսաստանում պատրաստվում էին մարտի 11-ին մեծ շուքով տոնել նրա 50-ամյակը, անգամ չկասկածելով, թե ըմբիշի հիվանդությունը որքան լուրջ կարող է լինել:

«Ծանր սրտով ձեզ հետ կիսվում ենք մեր մարզաձեւի մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիեւի մահվան մասին լուրով: Թող նա հանգչի խաղաղությամբ»,- հայտնել է UWW-ն:

Mediamax Sport-ը հավաքել է Սայտիեւի կյանքի կարեւոր դրվագներն ու ներկայացրել, թե ինչն էր նրան բոլոր ժամանակների լավագույն մարզիկների թվին դասում:



6 տարեկանից գոտեմարտող ըմբիշը

Ըմբիշ դառնալու երազանքի մասին Սայտիեւը հայտնել է 3-րդ դասարանում գրված շարադրության մեջ: Դեռ պատանի տարիքում երազել է Օլիմպիական չեմպիոն դառնալու մասին: Դաղստանի Խասավյուրտ քաղաքում ծնված Բուվայսարն առաջին գոտեմարտն անցկացրել է 6 տարեկանում, մարզիչները միանգամից էլ նկատել են նրա մեծ սպորտային պոտենցիալը:

13 տարեկանում ավտովթարի արդյունքում կորցրեց հորն ու մայրը միայնակ մեծացրեց 6 երեխաներին, որոնցից երկուսը՝ Բուվայսարն ու Ադամը, Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ դարձան:

Լուսանկարը` sports.ru


Սայտիեւը սպորտում ճանապարհ հարթեց աշխատասիրության եւ համառության շնորհիվ: 14 տարեկանում սպորտի վարպետի կոչման արժանացավ, իսկ 15-ում տեղափոխվեց Նովոկուզնեցկ՝ սովորելու տեղի սպորտային գիշերօթիկ դպրոցում: Դրանից մեկ տարի անց ԽՍՀՄ-ի պատանիների չեմպիոն հռչակվեց, ի դեպ՝ այդ առաջնությունը վերջին անգամ էր անցկացվում:

Դպրոցն ավարտելուց հետո ավելի հաստատակամորեն ցանկացավ մարզիկ դառնալ, ավագ եղբոր խորհրդով, ով նույնպես ազատ ոճով էր զբաղվում, տեղափոխվեց Կրասնոյարսկ եւ դարձավ Գեորգի Մինդիաշվիլիի շատ ուժեղ ազատ ոճի ըմբշամարտի դպրոցի սան:

Լուրջ հաջողությունները

1995 թվականին 20 տարեկանում Բուվայսար Սայտիեւն Ատլանտայում դարձավ Աշխարհի չեմպիոն ու այդտեղից էլ սկսվեց նրա յուրահատուկ սպորտային վերելքը: Մեկ տարի անց՝ նորից Ատլանտայում, արդեն Օլիմպիական չեմպիոն հռչակվեց, նրան հաջողվեց գերազանցել 1992-ի Բարսելոնայի խաղերի չեմպիոն կորեացի Պակ Չան Սոնին, որը երիտասարդ ու ճարպիկ Սայտիեւի հետ պայքարում չկարողացավ նրան դիմադրել:

Լուսանկարը` անձնական արխիվից


Մասնագետները կորեացուն համեմատեցին ցուլի հետ, որը փորձում է արմատախիլ անել կաղնուն: Գոտեմարտն ավատվեց ռուս մարզիկի 5:0 հաշվով հաղթանակով: Նա դարձավ ամենաերիտասարդ ռուս ազատ ոճի Օլիմպիական չեմպիոնը:

Մասնակցեց նաեւ 2000 թվականի Սիդնեյի խաղերին, սակայն վնասվածքից դեռ չէր հասցրել վերականգնվել ու ընդամենը 9-րդ տեղը զբաղեցրեց: Փոխարենն Օլիմպիական հաջողությունը կրկնեց 8 տարի անց Աթենքում՝ իր ճանապարհին ոչ մի շանս չտալով տիտղոսակիր մրցակիցներին: Այս անգամ եզրափակչում նա 7:0 հաշվով գերազանցեց ղազախ Գենադի Լալիեւին: Այդ վառ ու գրավիչ գոտեմարտը մինչեւ հիմա էլ ըմբշամարտի սիրահարները շատ լավ են հիշում:

Թեեւ առհասարակ Սայտիեւի կարիերայում անմոռանալի գոտեմարտերը շատ են եղել, բայց 2003 թվականին Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենի» գորգի վրա բելառուս Մուրադ Գայդարովի հետ պայքարն առանձնահատուկ էր: Սայտիեւն Աշխարհի առաջնության եզրափակչից առաջ դիմային ոսկորի կոտրվածք ուներ, եւ մարզիչները նրա մասնակցությունը կասկածի տակ էին դնում: Բայց Բուվայսարը դուրս եկավ գորգ ու ցույց տվեց իր դիմացկունությունը: Գոտեմարտն ավարտվեց հավասար հաշվով, բայց քանի որ ռուս ազատ ոճայինն ավելի քիչ նկատողություններ էր ստացել մրցավարներից,  հաղթեց ու Աշխարհի 5-ակի չեմպիոն հռչակվեց:

Ոչ պակաս տպավորիչ էր 2008 թվականի Ռուսաստանի առաջնության եզրափակիչը, երբ 33-ամյա մարզիկը հաղթեց Մախաչ Մուրթազալիեւին, որին մինչ այդ 2 անգամ զիջել էր ու Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգիր ապահովեց:

Լուսանկարը` Getty Images


Հետո ըմբիշը խոստովանեց, որ Սանկտ Պետերբուրգում կայացած այդ որոշիչ գոտեմարտում բնավ էլ հեշտ չհաղթեց, զգացնել էին տալիս վնասվածքները, բայց չէր ցանկանում հիասթափեցնել իր երկրպագուներին ու թիմին:

Իր 3-րդ Օլիմպիական ոսկին նվաճեց Պեկինում: Ուզբեկ Սոսլան Տագիեւն եզրափակչում կռվեց մինչեւ վերջ, բայց Սայտիեւին հաջողվեց անզիջում պայքարում առաջ անցնել 3:1 հաշվով ու նորից կանգնեց Օլիմպիական պատվոհարթակի 1-ին աստիճանին:

Կարիերայի ավարտը

Այդ խաղերից հետո ըմբիշը ցանկացավ ավարտել կարիերան ու դա անել իր փառքի գագաթին: Թեեւ 2012-ի Լոնդոնի խաղերից առաջ էլ խոսակցություններ կային, որ կվերադառնա, սակայն չցանկացավ ուժերը նորից փորձել: Կենտրոնացավ ընտանիքի ու 4 երեխաների դաստիրակության վրա:

«Մեծ ընտանիք ունեմ, դեռ այնքան բան չեմ բացահայտել ու արել նրանց հետ: Սպորտի պատճառով գրեթե ամեն ինչ բաց եմ թողել: Կարծում եմ՝ ինձ շատ հետաքրքիր եւ հագեցած կյանք է սպասվում»,- խոստովանեց նա:  

Իր հարազատ Խասավյուրտում Սայտիեւը սեփական տնից ոչ հեռու եղբայրների հետ մարզահամալիր բացեց, որտեղ հարյուրավոր երեխաներ են մարզվում: Համարում էր, որ երեխաներին դեռ փոքր տարիքից է պետք սովորեցնել համառ աշխատել, իսկ լավագույն դաստիարակությունը սեփական օրինակը ծառայեցնելն է:

Լուսանկարը` անձնական արխիվից


Ըմբիշը համարում էր, որ սպորտն ու վատ սովորություններն անհամատեղելի են։ Սայտիեւի կարծիքով՝ հաջողությունների հասնելու համար պետք է չափից շատ կարգապահ լինել:

«Ինձ երբեք էլ լեգենդար մարզիկ չեմ համարել, ես էլ սովորական մարդ եմ, չափից շատ ուշադրությունից նույնիսկ նեղվում եմ: Բայց միեւնույն ժամանակ հիշում եմ, որ ինքս եմ արժանացել այդ ուշադրությանը, ուրեմն պետք է դիմանամ: Ոչ մի վատ բան չկա, որ որոշ մարդիկ մոտենում են ու ցանկանում հետս լուսանկարվել, երեւի, նրանց համար ինչ-որ բանով առանձնանում եմ»:

Խորհուրդները մարզիկներին

Շատ կարեւոր է ճիշտ վերաբերմունք դաստիարակել պարտությանն ու հաղթանակին, հաջողությանն ու ձախողմանը: Մարզիկի ողջ կյանքը կապված է պարտության ու հաղթանակի հետ ու պետք է սովորել ընդունել դրանք: Ի՞նչ է նշանակում ճիշտ վերաբերմունք։ Դեռ փոքր տարիքում մարզիչը մեզ ասում էր. «Հաղթեցիր, քիթդ վեր մի տնկիր, պարտվեցիր՝ այն մի կախիր»:

Լուսանկարը` անձնական արխիվից


Մայրիկս շատ էր անհանգստանում իմ ու եղբորս համար, եւ երբ սկսեցինք պատանի տարիքում հաճախակի հաղթել, մտածում էր, թե ինչ է հետներս կատարվելու պարտվելու դեպքում: Նա մեզ այսպիսի խորհուրդ տվեց. «Իմացեք, որ միշտ չեք հաղթելու, գորգի վրա ձեզ պես երեխաներ են պայքարում, որոնց նույնպես տանը մայրեր են սպասում: Աստծո առաջ անպարտելիներ չկան»:

Մայրիկը միշտ փորձում էր մեզ մոտ այն վերաբերմունքը դաստիարակել, որ հաջողությունից գլուխներս չպտտվի, չխախտենք ռեժիմն ու փոխենք վերաբերմունքը թիմակիցների կամ մարզչի նկատմամբ, իսկ պարտվելու դեպքում՝ ըմբշամարտն ավելի քիչ չսիրենք:

Հաղթանակները պետք է ոչ թե ամենակարողի զգացողություն տան, այլ ավելի գրավիչ դառնան քեզ համար, որպեսզի նորից ցանկանաս հայտնվել պատվոհարթակին ու քեզ օգնեն ավելի վեր բարձրանալ: Ամեն հաղթանակից հետո պետք է հոգեբանորեն աճել եւ ավելի լավ մարզիկ դառնալ: Նման մտածելակերպը տարիներով է ձեւավորվում ու արմատավորվում:

Սպորտային կյանքի ոչ պակաս նշանակալի կողմը պարտություններն են, որոնք երբեմն ավելի կարեւոր են, քան հաղթանակները: Միշտ առավելություն ունեն այն մարզիչները, որոնք երեխաներին սովորեցնում են կարողանալ պարտվել:

Լուսանկարը` անձնական արխիվից


Պատանի տարիքում մրցումներից առաջ ծանր գիշերներ էի անցկացնում։ Պարտվելն ինձ համար հավասարազոր էր խայտառակության, պատկերացնում էի, թե ինչպես եմ գլուխս կախ տուն գնում ու տեսնում հուսահատ ընտանիքիս անդամներին: Էլ չասեմ, որ տան ճանապարհին ավագ եղբայրս մի լավ կզայրանա վրաս, դպրոցում բոլորը կքննադատեն ինձ: Ոմանք այդ անհանգստությունների արդյունքում դիմացկուն են դառնում, բայց շատերի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջանում: Հենց դրա համար է կարեւոր երեխաներին բացատրել, որ պարտությունը փակուղի չէ, այլ պարզապես մեկ այլ գործիք, որն օգնում է ի հայտ բերել սխալները:

Իմ մարզիչը՝ մեծագույն մասնագետ Գեորգի Մինդիաշվիլին, ասում էր. «Մարզիկի աճելու միակ գրավականը սխալների հայտնաբերումը, դրանց օբյեկտիվ վերլուծությունն ու շտկումն է»: Ուշադրություն դարձրեք՝ միակը, ոչ թե մի քանիսից մեկը: Ու երբ երեխան հասկանում է, որ զիջելն ամոթ չէ, ընտանիքի անդամները նրա պատճառով խայտառակ չեն լինելու, մտերիմներն իրեն անհաջողակ ու անարժան չեն համարելու, ամեն ինչ փոխվում է: Նա գիտակցում է, որ իր կյանքում դեռ շատ հաղթանակներ են լինելու, պարտություններ՝ եւս, ու հենց դրանց շնորհիվ էլ աճելու է: Այդ գիտակցումը երեխաներին փոխանցելն ամենակարեւոր ու անհրաժեշտ գիտելիքն է:
 
Սայտիեւն՝ իր, կյանքի ու արժեքների մասին

Շատ ինքնաքննադատական մարդ եմ ու միշտ էլ այդպիսին եմ եղել: Հայրիկից եմ սովորել այդ հատկանիշը: Նա ինձ կյանքում երբեք չի գովել, լռությունն ամենամեծ գովասանքն էր:

Լուսանկարը` Getty Images


Անվանս գրության հետ կապված մի փոքր շփոթմունք կա: Անձնագիր ստանալիս շտապում էի եւ ինձ տրված դիմումի տեքստն ուշադիր չեմ կարդացել: Իսկ երբ հասկացա, արդեն ուշ էր: Այդպես էլ անձնագրում անունս Բուվայսա գրեցին, թեեւ տատիկս ինձ Բուվայսար է անվանել:

Միանշանակ, ամեն մեկը չէ, որ կարող է ընկերս դառնալ: Ընկերներն ինչպես գիտենք, շատ չեն լինում: Իմ ընկերներն առաջին հերթին կյանքում նպատակ ունեցողներն են, որոնք վերահսկում են իրենց:

Թույլ չեմ տալիս բացասական հույզերը կուտակվեն, որպեսզի հետագայում ագրեսիայի չվերածվեն: Շատ կտրուկ եմ արձագանքում կոպտությանը եւ անարդարությանը։

Իմ սիրելի զբաղմունքը ձկնորսությունն է: Ամեն հավաքից առաջ փորձում էի գնալ ձուկ որսալու այն հատվածում, որտեղ Թերեք գետը խառնվում է Կասպից ծովին: Մի անգամ մեկ օրում ընդհանուր 140 կգ կշռող 26 սազան եմ բռնել, ամենամեծը 12 կգ էր կշռում: Իսկ ահա որսորդությունը տանել չեմ կարողանում, չեմ հանդուրժում, երբ կենդանիներին սպանում են:

Երբեք որեւէ մեկին չեմ երկրպագել, պարզապես ոմանք ինձ դուր են գալիս իրենց արարքների, լավ կատարած աշխատանքի ու արագ կայացրած որոշումների համար: Առհասարակ տղամարդն այն ժամանակն է, որը նա անցկացնում է երկրագնդի վրա:

Լուսանկարը` Getty Images


Դեռ վերջնական չեմ որոշել ապագայում ինչով կուզեմ զբաղվել: Հուսամ՝ կկարողանամ դրսեւորել ինձ ու միաժամանակ էլ չհրաժարվել իմ անցյալից: Զգում եմ, որ կուտակված գիտելիքների պակաս ունեմ: Սպորտը փաստացի խլում է ողջ ժամանակդ: Ամենակարեւորն անկախ զբաղմունքի տեսակից՝ մարդկային դեմքը պահպանելն է:

Ոչ մի թալիսման էլ ինձ պետք չէ, ես Աստծուն ունեմ, նա միշտ հետս է: Բայց նրա առաջ պարտավորություններ ունեմ, որոնք փորձում եմ պահպանել: Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք Աստծուն հիշում են միայն ծանր պահերին: Ամեն մարդու կյանքի նպատակն է ապրել այնպես, որ հետո Աստծուն ասելու բան ունենա:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին