Նախորդ ուրբաթ տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյուքները խոստանում են լարված եւ դրամատիկ դիմակայություններ։ Եվրոպական ֆուտբոլի հսկաները պատրաստ են դուրս գալ պայքարի՝ քառորդ եզրափակչի ուղեգրի համար։ Ամենահետաքրքիր եւ սպասված զույգերն են «ՊՍԺ»-«Լիվերպուլ», «Բավարիա»-«Բայեր» եւ «Ռեալ»-«Ատլետիկո», որտեղ բավականին վաղ փուլում մրցաշարին հրաժեշտ կտան շատ ուժեղ թիմեր։
Կլինե՞ն անակնկալներ, թե՞ ֆավորիտները կանցնեն հաջորդ փուլ։ Ներկայացնում ենք 1/8 եզրափակչի հանդիպումների մեր վերլուծությունը եւ կանխատեսումները։
«ՊՍԺ» – «Լիվերպուլ»
Սա թերեւս ամենաբարդ զույգն է, որտեղ կարող է մեծ դեր խաղալ այն հանգամանքը, որ պատասխան խաղը լինելու է «Էնֆիլդ»-ում։
«ՊՍԺ»-ն հրաշալի մարզավիճակում է եւ «Բրեստ»-ի հետ խաղում ցույց տվեց թիմի հարձակման գծի բազմազանությունը, երբ բոլոր 7 գոլերը հեղինակեցին տարբեր ֆուտբոլիստներ։ Սակայն «Լիվերպուլի» պրեսինգը եւ արագ հակագրոհները կարող են խնդիրներ ստեղծել ֆրանսիացիների համար։ Արնե Սլոթի թիմը խաղում է 4-2-3-1 սխեմայով, որը թույլ է տալիս թիմին ունենալ խիտ միջին գիծ պաշտպանվելիս եւ բացված եզրեր հարձակման ժամանակ։ Իսկ «ՊՍԺ»-ն հարձակողական 4-3-3 սխեմայով գրոհելիս շատ վտանգավոր է, բայց պաշտպանվելիս թիմը կարող է ունենալ խնդիրներ։ «ՊՍԺ»-ի շանսերը 40% են՝ «Լիվերպուլի» 60%-ի դիմաց միայն այն պատճառով, որ պատասխան հանդիպումը կայանալու է Անգլիայում։

Լուսանկարը` Reuters
«ՊՍՎ Էյնդհովեն» - «Արսենալ»
«ՊՍՎ»-ն տանը վտանգավոր է եւ դա ապացուցեց «Յուվենտուսի» հետ խաղում, որտեղ հոլանդացիներն ավելացված ժամանակում հաղթանակի հասան։ Բայց թիմը խոցելի տեղեր ունի պաշտպանությունում, որոնք «Արսենալը» կարող է օգտագործել։ Արտետան խաղում է մանր փոխանցումներով եւ գնդակի տոտալ վերահսկողությամբ, սակայն այս պահին «զինագործները» չունեն ընդգծված հարձակվող․ չկան Գաբրել Ջեզուսը, Կայ Հավերցը։ Աջ եզրում երկար ժամանակ է բացակայում է թիմի առաջատար Բուկայո Սական։ «Արսենալի» մոտ շատ են կադրային խնդիրները, սակայն իր կարգի հաշվին անգլիական թիմը առավելության կհասնի։

Լուսանկարը` Reuters
«Բրյուգե» - «Ասթոն Վիլա»
Բելգիական թիմը մեծ անակնկալ մատուցեց իր երկրպագուներին՝ պայքարից դուրս թողնելով Եվրոպայի Լիգայի անցած տարվա հաղթող «Ատալանտային»։ «Ասթոն Վիլայի» մարզիչ Ունայ Էմերին եվրագավաթներում մեծ փորձ ունի, թիմն ունի ուժեղ համալրումներ՝ Մարկո Ասենսիոն եւ Մարկուս Ռեշֆորդը, ովքեր արագություն եւ ստեղծագործ միտք են բերել թիմ։ Պրեմիեր Լիգայում «Վիլլայի» գործերը լավ չեն, սակայն «Բրյուգեի» Նիկի Հայեն մարզչական պարտություն կկրի Էմերիից։ Հաջորդ փուլ անցնելու շանսերը՝ 70%-30% հոգուտ «Ասթոն Վիլլայի»։

Լուսանկարը` Reuters
«Ֆեյենորդ» – «Ինտեր Միլան»
«Ֆեյենորդ»-ը վերադառնում է Միլան եւ նույն ստադիոն, բայց այս անգամ կունենա այլ մրցակից՝ «Ինտերը»։ Վերջինս շատ կազմակերպված թիմ է եւ մեծ փորձ ունի։ Ինձագին ստեղծել է մի թիմ, որն ունի շատ ուժեղ պաշտպանություն, կազմակերպված կիսապաշտպանություն եւ գրոհները հաջող եզրափակող հարձակում։ Լաուտարո Մարտինեսն ու Մարկուս Թյուրամը կարող են վճռել խաղի ելքը։ «Ներազուրիները» մեծ խնդիրների չեն բախվի եւ կանցնեն հաջորդ փուլ։

Լուսանկարը` Reuters
«Բավարիա» - «Բայեր Լեւերկուզեն»
Սա ամենահետաքրքիր հանդիպումներից մեկն է, քանի որ Լեւերկուզենը Խաբի Ալոնսոյի ղեկավարությամբ շատ ուժեղ է, իսկ Վենսան Կոմպանին ուղղակի չի գտնում «Բավարիայի» խաղը։ Թիմերի վերջին խաղը (15.02) «Բայ Արենայում» ավարտվեց առանց գոլերի, բայց խաղն անցավ «Բայերի» մեծ առավելությամբ։ Իսկ «Բավարիայի» խաղը նայելիս այնպիսի տպավորություն է, կարծես չկա հստակ պլան։ Որպես օրինակ հիշենք «Սելտիկի» հետ պատասխան խաղը, որը պարզապես փրկեց Ալֆոնսո Դեւիսը վերջին րոպեին։ Լրիվ հակառակն է «Լեւերկուզեն»-ի մոտ․ թիմն ունի մեծ տակտիկական ճկունություն լատերալներ Գրիմալդոի եւ Ֆրիմպոնգի շնորհիվ, ովքեր պարզապես մաշեցնում են եզրային գծերը պաշտպանությունից մինչեւ հարձակում, կրեատիվ Ֆլորիան Վիրցին, ով ստեղծում է անթիվ պահեր թիմակիցների համար, եւ թիմի ռմբարկու Պատրիկ Շիկին, ով վերջին 11 խաղում խփել է 11 գոլ։ Ալոնսոյի տղաները «Բավարիա»-ին դուրս կթողնեն նաեւ այստեղ, ինչպես դա արեցին Գերմանիայի գավաթում։

Լուսանկարը` Reuters
«Բորուսիա Դորտմունդ» - «Լիլ»
Դորտմունդցիները հեշտությամբ հաղթահարեցին «Սպորտինգի» արգելքը, չնայած թիմում եղած բազմաթիվ խնդիրներին։ Խորվաթ մասնագետ Նիկո Կովաչի մոտ կարծես ստացվում է լուծում տալ թիմում առկա խնդիրներին, բայց միայն Չեմպիոնների Լիգայում։ Բունդեսլիգայում առայժմ գրանցվում են պարտություններ եւ ներկա պահին թիմը 11-րդ հորիզոնականում է։
Եթե մրցաշրջանի սկզբում «Լիլը» տպավորիչ եւ լավ առումով զարմացնող խաղ էր ցուցադրում, ապա այս տարին լավ չի սկսել եւ Ֆրանսիայի գավաթի խաղում հետխաղյա 11–մետրանոց հարվածաշարում այն պարտվեց նույնիսկ երկրորդ դիվիզիոնի «Դունկերկե» թիմին։ Այնուամենայնիվ, «Մոնակոյի» հետ վերջին խաղում Ջենեսիո Բրունոյի թիմը ցույց տվեց, որ կարող է հաղթական հաշիվը պահել մինչեւ վերջ (2-1)։ Եթե ֆրանսիական թիմը խաղերին մոտենա առանց կորուստների, ապա նրա շանսերն ավելի մեծ են հաղթանակի հասնելու համար։

Լուսանկարը` Reuters
«Բենֆիկա» - «Բարսելոնա»
Խմբային փուլի ամենավառ հանդիպումներից մեկը, որն ավարտվեց 4-5 հօգուտ «կապտանռնագույնների», կարող է կրկնվել։
«Բենֆիկան» բաց ֆուտբոլի սիրահար է եւ թողնում է մրցակից թիմին խաղալ իր խաղը, սակայն կատալոնացիների հարձակողական խաղի դեմ դժվար է լինելու։ «Բարսելոնայի» մարզիչ Հանսի Ֆլիկը կուսումնասիրի եւ կշտկի սխալները, որոնք խմբային փուլի խաղում բաց թողած չորս գոլերի պատճառ դարձան։
Առաջին խաղում «Բենֆիկան» տանը մինչև վերջ կպայքարի, բայց Իսպանիայում շանսերը շատ են պակասում։ Յամալը եւ ընկերները կանցնեն ¼ փուլ։

Լուսանկարը` Reuters
«Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ»
«Ատլետիկոն» այս տարի հաճելիորեն զարմացնում է իր հարձակողական խաղով։ Սիմեոնեն հարձակման գծում ունի խաղը կառուցելու շատ տարբերակներ։ Կա Ալվարեսը, ով տպավորում է այս մրցաշրջանում իր արդյունավետությամբ, չծերացող Գրիզմանը, Սորլոտը՝ իր գրոհների եզրափակումներով, իսկ պաշտպանությունը միշտ եղել է Սիմեոնեի ուժեղ կողմը։
«Սերուցքայինները» ներկա պահին կարծես գտել են իրենց խաղը, ինչն ապացուցեցին «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ երկու խաղերը։ Ճիշտ է, «քաղաքաբնակները» այս տարի չեն տպավորում, բայց ամեն դեպքում «Սիթին» մնում է «Սիթի»։
Անչելոտին հավասարաչափ օգտագործում է հարձակման քառյակը իր բոլոր ուժեղ կողմերով։ Ինչ վերաբերում է «Ռեալի» պաշտպանությանը, վերջին խաղերում Վալվերդեն խաղում է որպես աջ պաշտպան, Ռուդիգերը կայուն է, իսկ երիտասարդ Ռաուլ Ասենսիոն առավելագույնն է քաղում իրեն ընձեռած հնարավորությունից՝ անցկացնելով համարձակ եւ գրեթե անսխալ հանդիպումներ։ Չեմպիոնների Լիգայում կայացած հանդիպումներում առավելությունը «Ռեալինն» է, ուստի, հաշվի առնելով նրանց տարիների փորձը այս մրցաշարում, ավելի բարձր ենք գնահատում արքայական ակումբի շանսերը։

Լուսանկարը` Reuters
Ֆուտբոլը երբեք չի հետեւում միայն տրամաբանությանը։ Ինչպե՞ս կխաղան թիմերը, ո՞վ կկարողանա անցնել այս փուլի դժվարությունները։ Մեզ միայն մնում է սպասել եւ վայելել այս փուլը, որը խոստանում է լինել լարված եւ լի էներգիայով։
Դավիթ Մակարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: