Փետրվար 22, 2025
563 դիտում

Սպերցյան. Ակումբի հանդերձարանում հայկական երգեր միացնելուց հետո տղաները հարձակվում են վրաս


Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` ՀՖՖ


«Կրասնոդար»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ուղիղ եթերում պատասխանել է ակումբի երկրպագուների հարցերին։

Առանձնացրել ենք «Կրասնոդար»-ի ավագի առավել ուշագրավ պատասխանները։

«Դուբայում մեր հավաքը վերջապես ավարտին է մոտենում, այն հիանալի է անցել, բայց արդեն հարազատներին կարոտում ենք ու ցանկանում վերադառնալ, որպեսզի սկսենք խաղալ ու հանդիպենք ձեզ հետ։  

Թիմի ավագ լինելը մեծ պատասխանավություն է, բայց բարդ չէ, թեեւ քեզնից շատ բան է կախված խաղադաշտում։

«Կրասնոդար»-ի ակադեմիայում սովորելիս մյուս տղաներն ինձնից 3 տարով մեծ էին, նրանք հաճախ էին կատակներ անում ու ընդգծում տարբերությունը։ Սկզբնական շրջանում բավական բարդ էր, նաեւ տնեցիներին էի կարոտում ու երբեմն արտասվում։ Հետո բոլոր տղաներն ավելի մեծացան, ու ես շարունակում էի նրանցից ֆիզիկապես եւ հոգեբանորեն հետ մնալ, բայց կարողացա հաղթահարել այդ փուլը։

Լուսանկարը` FC Krasnodar


«Կրասնոդար»-ի կազմում մի քանի հիշարժան հանդիպում եմ ունեցել, նախ «Խիմկի»-ի (7:2) դեմ նորամուտս էր, ապա առաջին գոլը, որն ուղարկեցի «Ռոստովի» դարպասը, չեմ կարող չառաձնացնել նաեւ սեփական հարկի տակ խփածս առաջին գնդակը՝ աչքի ընկա «Սոչի»-ի դեմ։ Թեեւ Չեմպիոնների Լիգայում քիչ հանդիպումներ եմ անցկացրել, բայց դրանք էլ անմոռանալի են։ Իսկ ահա լավագույն գոլս տուգանայինից խփել եմ «Սպարտակ»-ին։

Հայաստան-Վրաստան պայքարը հետաքրքիր է լինելու, դրա համար էլ անհամբերությամբ ենք սպասում այդ դիմակայությանը։

Հենրիխ Մխիթարյանի հետ հավաքականում մի քանի խաղ եմ անցկացրել, նրա հետ գործելն իսկական հաճույք էր, բառերով դժվար է փոխանցել այդ ամենը։

Լուսանկարը` Getty Images


Ամենաբարդ ֆուտբոլիստը, որի դեմ երբեւէ խաղացել եմ, Լուկա Մոդրիչն էր, իսկ հավաքականը՝ Գերմանիան։

Տարիներ առաջ շատ էի հավանում Անդրես Ինիեստային ու այն «Բարսելոնա»-ին, որի կիսապաշտպանությունում նրա կողքին խաղում էին Չավին ու Բուսկետսը։ Հիմա էլ լավ կիսապաշտպաններ կան, կնշեմ Ջուդ Բելինգեմին ու Ֆլորիան Վիրցին։

Եթե ֆուտբոլիստ չդառնայի, կընտրեի թենիսը, այն շատ եմ հավանում։

Եվրոպական ակումբներից «Լիվերպուլ»-ին եմ սիրում, իսկ ֆուտբոլիստներից ամենաշատը կուզեի խաղալ Մեսսիի հետ։

Լուսանկարը` ՀՖՖ


Սովորաբար հանդիպումներից առաջ ականջակալներով հայկական երաժշտություն եմ լսում, եթե տրամադրությունս բարձր է լինում, միացնում եմ նաեւ «Կրասնոդար»-ի հանդերձարանում։ Ճիշտ է՝ մի քանի վայրկյան հետո տղաները հարձակվում են վրաս, բայց դիմանում եմ։

Հայերեն մի քիչ եմ հասկանում։

Իմ ամենասիրելի սերիալը «Թղթե տունն» է, որը մի քանի անգամ դիտել եմ, իսկ ֆիլմերից կառանձնացնեմ «Մարվել»-ի աշխատանքներն ու նաեւ տարբեր պատմական գործեր։  

Դեռ վաղ է մարզչական աշխատանքի մասին մտածել, բայց կարիերան ավարտելուց հետո կցանկանամ զբաղվել դրանով։

Մարսել անունով շուն ունեմ, որն արդեն բավական ծեր է ու Պյատիգորսկում ծնողներիս հետ է ապրում։

Ամուսնանալուց հետո կյանքս փոխվել է, էլ միայնակ չեմ, բացի այդ էլ ավելի հասուն եմ դարձել։ Կինս միշտ կողիքս է, աջակցում է ինձ ու անհանգստանում հանդիպումների ժամանակ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին