Ժամանակակից ֆուտբոլում լավ ու գրագետ մասնագետ լինելը քիչ է, սուպերաստղերի հետ աշխատանքն այլ որակներ էլ է պահանջում:
Կամ համաձայնվում ես նրանց կանոններին ու հանդերձարանում հաստատած սկզբունքներին, կամ հեռանում ես, ինչպես դա արեց Խաբի Ալոնսոն: Նա նախընտրեց հավատարիմ մնալ իր արժեքներին ու առաջին տեղում դնել ֆուտբոլը:
Գերմանիայում մեծ անուն ու հեղինակություն վաստակելով որպես լավ մարզիչ՝ ժամանակն էր, որ նա մեծ ակումբ գլխավորեր: Ալոնսոյին շատ ակումբներ էին ցանկանում ձեռք բերել, բայց նա նախըտրեց իր նախկին թիմը, որի հետ չաշխատեց նույնիսկ մեկ տարի:
Հեռանալու պատճառները
Մարզչի հեռանալու պատճառը բնավ էլ վատ ցուցանիշները չեն․ նա վաղուց էր մտադրվել դիմել այդ քայլին:
Արքայական ակումբը 45 միավորով Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 2-րդն է, իսկ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր ցանկում՝ 7-րդը:
Վերջին 10 տարվա ընթացքում Ալոնսոն «Ռեալ»-ի բոլոր մարզիչներից լավագույն արդյունավետությունն ունի՝ նա հաղթել է իր անցկացրած խաղերի 71%-ում։ 68.8%-ով 2-րդը Կառլո Անչելոտտին է, Զինեդին Զիդանը՝ 60.5%-ով 3-րդը:
Լուսանկարը` Getty Images
Իսպանացին ինքը որոշեց լքել ակումբը 2 պատճառով՝ նա հոգնել էր եսասիրությունից ու հանդերձարանի կողմից անընդհատ անհարգալից վերաբերմունքից, որն այս շաբաթ ավելի սրվեց։ Վերջին ամիսներին նա զգացել էր նաեւ ակումբի ղեկավարության աջակցության պակասը։
Գնալով մարզիչներին ավելի ու ավելի դժվար է ղեկավարել աստղերին: Այդպես եղավ նրա վերջին խաղում, երբ Ալոնսոն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնա»-ին (2:3) զիջելուց հետո փորձում էր հաղթողների համար իր ֆուտբոլիստներով պատվո միջանցք կազմել: Մինչդեռ Կիլիան Մբապեն թիմակիցներին ուրիշ կողմ տարավ՝ այդպիսով անհարգալից վերաբերմունք դրսեւորելով մարզչի ու մրցակցի նկատմամբ:
Տարաձայնությունը
Ալոնսոյի ու Վինիսուսի տարաձայնության իրական պատճառի մասին դեռ 2025-ին գրել է The Atletic պարբերականը:
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2027 թվականի հունիսի վերջը։ Այն երկարացնելու ուղղությամբ բանակցությունները սկսվել են 2025-ի հունվարին, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։
Հոկտեմբերի 26-ին «Բարսելոնա»-ի նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո Վինիսիուսն իր պահվածքի համար Ֆլորենտինո Պերեսից ներողություն է խնդրել: Նա էմոցիոնալ էր արձագանքել 72-րդ րոպեին իր փոփոխությանը եւ զայրացած գոռալով հեռացել խաղադաշտից. «Միշտ՝ ես։ Ես լքում եմ թիմը, այդպես ավելի լավ կլինի, ես հեռանում եմ»։
Լուսանկարը` ESPN
Այդ հանդիպման ժամանակ Պերեսն ու Վինիսիուսը խոսել են նաեւ ակումբում նրա ապագայի մասին: Ֆուտբոլիստն ակնարկել է, որ պայմանագրի երկարացումն այդքան էլ լավ տարբերակ չէ, քանի որ Ալոնսոյի հետ հարաբերությունները լարված են: Բրազիլացուն մոտ կանգնած աղբյուրները The Athletic-ին մի քանի անգամ պատմել են, որ նա անհանգստացած է Ալոնսոյի պատճառով:
Նրանց միջեւ անհամաձայնությունն առաջացել է դեռ ամռանն Ակումբային ԱԱ-ի կիսաեզրափակչում ՊՍԺ-ից 0:4 հաշվով կրած պարտությունից հետո: Ալոնսոն մտադիր էր Վինիսիուսին թողնել պահեստային նստարանին, սակայն Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի վնասվածքի պատճառով նա դուրս եկավ խաղադաշտ, բայց ոչ իրեն հարազատ սովորական ձախ, այլ աջում եզրում:
Վինիսուսը համարում է, որ Ալոնսոն անարդար է իր նկատմամբ: «Բարսելոնա»-ի հետ խաղից հետո սոցկայքերում հրապարակային ներողություն խնդրեց, շնորհակալություն հայտնեց թիմակիցներին ու ակումբի նախագահին, բայց միտումնավոր չնշեց մարզչի անունը: Նման որոշումը «Ռեալ»-ում շատերին զարմացրեց, քանի որ Ալոնսոն անձամբ էր ներկա եղել, երբ ակումբի մարզաբազայում Վինիսիսուսը թիմակիցներից ներողություն էր խնդրել:
Ալոնսոն ասուլիսների ժամանակ բազմիցս է խոսել իրենց հարաբերությունների մասին ու նշել, որ Վինիսուսիս հետ որեւէ տարաձայնություն չունեն, իսկ կազմում փոփոխություններ անելն իր մոտեցման կարեւոր կողմերից է:
Լուսանկարը` Getty Images
«Ռեալ»-ի հետ ունեցած մեծ ծրագրերը
Ալոնսոն Մադրիդ էր ժամանել ակումբում համակարգային ֆուտբոլի հիմքերը դնելու, մեթոդաբանությունը եւ խաղի նկատմամբ մոտեցումը փոխելու նպատակով։ Խնդիրն այն է, որ «Ռեալ»-ում արմատական փոփոխությունների պատրաստ են միայն խոսքերով, բայց ոչ իրականում:
Դրա համար էլ շատ արագ պարզ դարձավ, որ Ալոնսոյի գաղափարները հակասում են թիմի ինքնաընկալմանը։ Ազատ կարգավիճակին ու իմպրովիզներ անելուն սովոր խաղացողները սկսեցին մերժել նոր մոտեցումը ոչ թե բացահայտ ապստամբության, այլ իրենց վարքագծի ու փոքր դիմադրությունների միջոցով:
Ալոնսոն ստիպված էր կողմնորոշվել սեփական սկզբունքների ու թիմին հարմարվելու անհրաժեշտության միջեւ, որպեսզի վերջնականապես չկորցներ հանդերձարանը, ինչն, իհարկե, ի վերջո տեղի ունեցավ: Մի կողմից նուրբ հավասարակշռություն էր պահպանում, մյուս կողմից՝ կորցնում հեղինակությունը, ինչպես նաեւ առաջ գնալու ու զարգանալու իր տեսլականը:
Նա ցանկանում էր «Ռեալ»-ին նոր գործիքակազմ ու մոտեցում տալ, սակայն կարգը փոխելու ընթացքը խնդիրներ առաջացրեց: Թեեւ գլխավոր մարզիչը Ալոնսոն էր, սակայն իր գաղափարները կյանքի կոչելու լիակատար իշխանություն չուներ ու վերջնականապես հրաժարվեց իր մեթոդներից:
Լուսանկարը` Getty Images
Գործնականում Ալոնսոն կարող էր հանդերձարանը հարմարեցնել իրեն, եթե ստանար Արքայական ակումբի ղեկավարության լիակատար աջակցությունն ու վստահությունը: Սակայն նա ղեկավարներից ո՛չ հանրային աջակցություն ստացավ, ո՛չ էլ իր կողքին լինելու որեւէ այլ ազդանշան: Ֆլորենտինո Պերեսը մարզչի համար վահան չհանդիսացավ, գնալով ճնշումն ավելանում էր:
Ակումբում անցկացրած վերջին ամիսներն Ալոնսոյի համար այդքան էլ հեշտ չէին։ Մամուլում անդադար վերնագրեր էին հայտնվում, որ հաջորդ պարտության դեպքում նրան կհեռացնեն աշխատանքից, մինչդեռ ինքն էր մտադիր թողնել ակումբը:
Այնպես չէ, որ Ալոնսոն անսխալ էր գործում, սակայն մարզչի նկատմամբ նման ճնշող մթնոլորտում հանգիստ աշխատելն անհնար էր՝ նա դադարեց ստեղծագործել ու սկսեց գոյատեւել: Նրան սկզբում հանդերձարանը սկսեց «կուլ տալ», ապա ԶԼՄ-ն ու ակումբի ղեկավարությունը: Ողջ պատասխանատվությունն Ալոնսոյի վրա էր, բայց նա այլեւս ոչինչ չէր վերահսկում:
Լուսանկարը` FC Real Madrid
Ալոնսոն այդ ամենից գլուխ չհանեց ոչ թե աշխատել չիմանալու պատճառով, այլ որովհետեւ հայտնվեց մեկուսացված վիճակում ու դադարեց մարզիչ լինել։
Խնդիրն Ալոնսոյի հեռանալով բնավ էլ չի լուծվելու, «Ռեալ»-ն այդպես էլ պատրաստ չէ արտաքին ու ներքին փոփոխություններին, ու հանդերձարանն է շարունակելու ղեկավարել թիմը: Այս դեպքում Վինիսիուսի, Մբապեի ու մյուսների հսկայական աշխատավարձերին ու ազդեցությանը ո՛չ նորանշանակ Ալվարո Արբելոան, ո՛չ էլ մեկ ուրիշ մարզիչ դիմակայել չեն կարողանալու:
Հասմիկ Բաբայան





















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: