Փետրվար 05, 2025
exclusive
324 դիտում

Չեմպիոնների լիգա. ով զարմացրեց խմբային փուլում եւ կարող է զարմացնել փլեյ-օֆֆում



Ավարտվեց 2024/25 մրցաշրջանի ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի խմբային փուլը։ Mediamax Sport-ը վերլուծել է դրա արդյունքները՝ առանձնացնելով գլխավոր պահերը, անակնկալները եւ աչքի ընկած թիմերը։ Փորձել ենք կանխատեսել նաեւ 1/16 փուլի խաղերում թիմերի հնարավորությունները։
 
Ամենատպավորիչ թիմերը

«Լիվերպուլ»․ «Լիվերպուլը» գերիշխող ուժ էր այս փուլում՝ ապահովելով իր տեղը 1/8 եզրափակչում վերջին տուրերից շատ ավելի շուտ։ Առնե Սլոտի թիմը այս տարի մեծ շանսեր ունի մինչեւ եզրափակիչ հասնելու։
 
«Բարսելոնա»․ «Բարսելոնան» նույնպես վաղաժամ որակավորվեց՝ ցուցադրելով դիմացկունություն եւ տակտիկական վարպետություն ողջ մրցաշարի ընթացքում։ Հանսի Ֆլիկի աշխատանքի դրական արդյունքը կատալոնական ակումբում ակնհայտ է․ թիմը խմբային փուլում 28 գոլ է գրանցել։ Ֆանտաստիկ շրջան անցկացրեց Ռաֆինյան՝ 8 գոլ եւ 5 գոլային փոխանցում։


Անակնկալները

«Լիլ» եւ «Ասթոն Վիլա»․ այս երկու թիմերը ապահովեցին իրենց տեղերը թոփ 8-ում, բայց իրենց ազգային առաջնություններում այս տարի, մեղմ ասած, չեն տպավորում։ «Ասթոն Վիլան» ներկա պահին 8-րդ հորիզոնականում է, իսկ «Լիլը»՝ 5-րդ։ «Վիլայի» մարզիչ Ունաի Էմերին եվրոգավաթների վարպետ է եւ դա ապացուցում է արդեն Չեմպիոնների լիգայում։ «Լիլ»-ն ունի շատ երիտասարդ եւ գերմոտիվացված թիմ ու ուժերը կենտրոնացրել է Եվրոպայի ամենամեծ մրցաշարի վրա։
 
Վերափոխված լիգան ավելի բարձր մրցակցություն է բերել։ Եթե «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Ինտերը» եւ «Արսենալը» կարողացան ապահովել 1/8 փուլի վաղաժամ որակավորում, ապա այնպիսի գերակումբներ, ինչպիսիք են Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին», ստիպված էին մինչեւ վերջին տուրերը պայքարել 1/16-ի տոմսերը «գնելու» համար։


Ամենահիշարժան հանդիպումները

«Բենֆիկա» – «Բարսելոնա»․ հետաքրքիր դիմակայությունում «Բարսելոնան» 5-4 հաշվով հաղթեց «Բենֆիկային»՝ կամքի ուժ դրսեւորելով ամբողջ խաղի ընթացքում։
 
«Մանչեսթեր Սիթի» – «Ֆեյենորդ»․ անմոռանալի հանդիպում «Իթիհադում»։ «Քաղաքաբնակները» կարծես վստահ գնում էին հաղթանակի՝ 3-0 հաշվով, բայց հոլանդացիները համաձայն չէին նման ելքի հետ։ «Ֆեյենորդը» 75-րդ րոպեից սկսած իսկական շոու ցույց տվեց եւ մինչեւ խաղավերջ հաշիվը դարձավ 3-3։ Այս հանդիպումից հետո տեղի ունեցավ Գվարդիոլայի հայտնի «ինքնավնասումը»։
 
«ՊՍԺ» – «Մանչեսթեր Սիթի»․ Գրեթե նույն պատկերն էր Փարիզում։ Թիմերը երկրորդ խաղակեսում ցույց տվեցին, թե ինչու ենք մենք սիրում ֆուտբոլը։ «Քաղաքաբնակները» հաշվի մեջ առաջ էին երկու գոլով, սակայն Լուիս Էնրիկեի սաները սեփական երկրպագուների առջեւ «ամոթով չմնացին»․ «ՊՍԺ»-ն չորս գոլ խփեց եւ 4-2 հաշվով հաղթանակ տոնեց։


1/16 փուլի կանխատեսումներ
 
1. «Բրյուգե» – «Ատալանտա»

«Բրյուգեն» խաղում է կազմակերպված պաշտպանությամբ եւ արագ հակագրոհներով՝ 3-5-2 սխեմայով։ «Ատալանտա»-ն բարձր ինտենսիվությամբ հարձակողական թիմ է, որը կիրառում է 3-4-3 մարտավարությունը։

«Ատալանտան» ավելի փորձառու է եվրոպական մրցաշարերում։ Գասպերինին գտել է «Ատալանտայի» օպտիմալ խաղային սխեման։ Նրանք թե՛ «Սերիա Ա»-ում են տպավորում, թե՛ Չեմպիոնների լիգայում՝ թոփ թիմերի հետ խաղերում։ «Բրյուգեն» կփորձի պաշտպանվել, բայց «Ատալանտայի» հարձակումը կգտնի դարպասի ճանապարհը։ Իտալական թիմի շանսերը մեծ են։

2. «Սպորտինգ» – «Բորուսիա Դորտմունդ»

«Սպորտինգը» ավելի կայուն է եւ ունի լավ հարձակողական գիծ։ Թիմում կա բացահայտում՝ Գյոկերես անունով, ով ուղղակի ֆանտաստիկ է հանդես գալիս անցած տարվանից եւ արդեն մի շարք գրանդերի թիրախում է։ Ճիշտ է, «Սպորտինգը» վերջիններից ցատկեց փլեյ-օֆֆի գնացքը, սակայն դա չի խանգարի նրանց հաղթել դորտմունդցիներին, ովքեր ներկա պահին 11-րդն են Բունդեսլիգայում եւ ունեն նոր մարզիչ՝ Նիկո Կովաչը, ով շատ վերակազմավորումներ պետք է կատարի թիմում եւ դժվար թե հասցնի անել դա այս ամսվա ընթացքում։


3. «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»

1/16 փուլի ամենասպասված հանդիպումը՝ վերջին տարիների եվրոպական կլասիկոն։ Բայց եթե նախորդ դիմակայություններում երկու թիմերն էլ հրաշալի մարզավիճակում էին, այս տարի երկուսի մոտ էլ խնդիրները բազմաթիվ են։ Փորձենք կանխատեսել այս զույգի դիմակայության ելքը։

«Սերուցքայինները» պաշտպանությունում ունեն բացեր, որոնք ոչ մի կերպ չի կարողանում լրացնել Անչելոտին։ Գվարդիոլայի «Սիթին» այս տարի անճանաչելի է, չկա նախկին խաղը, թեթեւությունը։ Անգլիական թիմը վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրումներ ունեցավ, դա կարող է ազդել առաջիկա խաղերի ելքի վրա, իսկ «Ռեալը» լռեց, այնինչ կարելի էր գոնե վարձավճարով պաշտպաններ ձեռք բերել։

Մբապեն խաղից խաղ ցույց է տալիս իր աճը, Հոլանդին չեզոքացնելն ավելի հեշտացել է, չկա Ռոդրին, ով ներկա պահին անփոխարինելի է։ Ամեն դեպքում չենք խուսափի կարծիք հայտնելուց. դժվարին եւ դիտարժան խաղերում, մեր կարծիքով, կհաղթի Մադրիդի «Ռեալը»։


4. «Սելթիկ» – «Բավարիա»

«Բավարիա»-ն «չի նկատի» շոտլանդացիներին։

«Սելթիկ»-ն ունի թույլ պաշտպանություն, իսկ գերմանացիների գոլահար Հարի Քեյնը գերազանց մարզավիճակում է։ Բրենդան Ռոջերսի թիմը վերջին անգամ փլեյ-օֆֆ դուրս է եկել 12/13 թվականին եւ մեծ դադարից հետո նրան չժպտաց բախտը վիճակահանությունում․ միանգամից ճանապարհին հայտնվեց «գերմանական մեքենան», որը հիմա ունի խնդիրներ, բայց դրանք ի հայտ կգան ավելի ուշ՝ 1/8 փուլում։

5. «Յուվենթուս» – «ՊՍՎ Էյնդհովեն»

«ՊՍՎ»-ն արդեն հանդիպել է խմբային փուլում թուրինցիներին՝ պարտվելով 3-1 հաշվով, բայց մնացած խաղերում լավ է հանդես եկել։ Հոլանդացիները կվերլուծեն առաջին խաղի սխալները ու կհասնեն հաղթանակի։ ՊՍՎ–ն ազգային առաջնության առաջատարն է եւ կարող է կենտրոնանալ այս երկու խաղերի վրա։

Իսկ «Ծեր սենյորան» այս մրցաշրջանում անվերջանալի ոչ-ոքիներով, լավ պաշտպանվելով ու հույսը դնելով մեկ գոլի վրա՝ կպարտվի «ՊՍՎ»-ին։ Շեշտը դնելով պաշտպանության վրա՝ Մոտտան կարծես մոռացել է հարձակվելու մասին։ ՊՍՎ–ն անակնկալ կմատուցի։


6. «Ֆեյենորդ» – «Միլան»

«Ֆեյենորդը» կայուն չէ եւ իրարից շատ տարբերվող խաղեր է անցկացնում։ Օրինակ՝ հաղթել Մյունխենի «Բավարիային» 3-0 հաշվով, իսկ հաջորդ խաղում պարտվել «Լիլ»-ին 5-1 կամ սեփական հարկի տակ պարտվել «Զալցբուրգ»-ին 1-3, հետո անմոռանալի խաղով ոչ-ոքի կորզել «Մանչեսթեր Սիթիից»-ից․ ահա այսպիսին էր «Ֆեյենորդը» խմբային փուլում

«Միլան»-ն ունի ավելի որակյալ հարձակողական գիծ։ Սերջիո Կոնսենսաոն պահանջկոտ մարզիչ է եւ պետք է Եվրոպայում լավ արդյունք ցույց տա, քանի որ Ա Սերիայում թիմը շատ հեռու է չեմպիոն դառնալուց։ «Միլանը» ունի Լեաո, Պուլիշիչ, Ռեինդերս, ովքեր ցանկացած պահի խաղը կվերցնեն իրենց վրա ու կտանեն թիմին դեպի հաղթանակ։


7. «Բրեստ» – «ՊՍԺ»

Փարիզեցիները բարդությունների չեն հանդիպի։ Էնրիկեն թիմում լավ մթնոլորտ է ստեղծել, խաղում են հարձակողական ագրեսիվ ֆուտբոլ։ Լավ ճանաչում են «Բրեստ»-ին, գիտեն թույլ կողմերը։ Բարկոլան, Դեմբելեն իրենց լավագույն մարզավիճակում են։

ՊՍԺ–ն արդեն երկու անգամ հաղթել է «Բրեստին» այս մրցաշրջանում։ Վերջին հանդիպումը երկու օր առաջ էր, այն ավարտվեց 5–2 հաշվով։ Կարծում ենք, իրենց բովանդակությամբ ՊՍԺ–ի համար սա կլինեն հերթական խաղերը Ֆրանսայի առաջնությունում, որտեղ նա խնդիրներ չունի։

8. «Մոնակո» – «Բենֆիկա»

Իրար արժանի ու հավասար թիմեր, որտեղ կհաղթի այն թիմը, որը քիչ կսխալվի։ Այս զույգը նույնպես հանդիպել է խմբային փուլում, «Մոնակո»-ն սեփական հարկի տակ պարտվել է 2-3 հաշվով։

Երկու թիմերն էլ դավանում են հարձակողական ֆուտբոլ, պետք է ուշադիր լինեն պաշտպանական գծերին։ «Բենֆիկայի» պաշտպանությունը ավելի ուժեղ է (չհաշվենք «Բարսելոնայից» բաց թողած 5 գնդակը)։ Թիմում ունեն լավ գրոհներ եզրափակող Պավլիդիսին, կարիերայի մայրամուտին մոտեցող, բայց փորձառու Անխել Դի Մարիային։ «Մոնակո»-ում Էմբոլոն վերջին խաղերում քիչ գոլեր է գրանցում իր ակտիվում, աջ հարձակվող Մինամինոն նույնպես վերջերս չի տպավորում։ Պորտուգալական թիմի շանսերը ավելի բարձր ենք գնահատում։


Հիշեցնենք, որ 1/16 փուլի առաջին խաղերը կկայանան փետրվարի 11–ին եւ 12–ին, իսկ պատասխան խաղերը՝ փետրվարի 18–ին եւ 19–ին։

Դիմակայություններում հաղթած թիմերին 1/8 եզրափակչում սպասում են․

«Լիվերպուլը»
«Բարսելոնան»
«Արսենալը»
«Ինտերը»
Մադրիդի «Ատլետիկոն»
Լեվերկուզենի «Բայերը»
«Լիլը»
«Ասթոն Վիլան»

Դավիթ Մակարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին