Փետրվար 05, 2025
153 դիտում

«Ես դեռ շատ երիտասարդ եմ, ծրագրեր ու երազանքներ ունեմ»․ 40-ամյակը նշող Ռոնալդուն


Լուսանկարը` Ռոնալդուի Ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Ռոնալդուի Ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Ռոնալդուի Ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Ռոնալդուի Ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Ռոնալդուի Ֆեյսբուքյան էջից


Այն, ինչ Քրիշտիանու Ռոնալդուն անում է ֆուտբոլում, միայն ու միայն հարգանքի է արժանի։

Նա հասել է անհավանական նվաճումների, բայց շարունակում է անտրտունջ մարզվել ու ձգտել ավելիին։ Ունի բառացիորեն ամեն ինչ, բայց գլուխը չի կորցնում, իսկ այդպես կարող են ոչ բոլորը։ BBC-ն զրուցել է ֆուտբոլիստին ճանաչողների հետ ու փորձել հասկանալ նրա բացառիկությունը։ Հետաքրքիր դրվագները ներկայացնում ենք թարգմանաբար։

Լուսանկարը` Ռոնալդուի Ֆեյսբուքյան էջից


Արդեն 40-ամյա Ռոնալդուն նոր նպատակներ է դրել իր առջեւ եւ, ինչպես երեւում է, չի էլ պատրաստվում մտածել կարիերան ավարտելու մասին։ Նա ապացուցում է, որ կյանքը 40-ից հետո նոր է սկսվում։

«Ես վայելում եմ ամեն ինչ սովորելը»,-վերջերս ասել է Ռոնալդուն։ Իսկ ահա Պորտուգալիայի հավաքականի բժիշկը նշել է, որ ֆուտբոլիստը շատ հետաքրքրասեր է եւ իրենից անընդհատ խորհուրդներ է հարցնում․ «Նա ասում է, թե ինչ նոր գիտական հոդվածներ կան սննդակարգի ու առողջ ապրելակերպի վերաբերյալ, որոնք կարող է կարդալ ու սովորել։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ֆիզիկական եւ մտավոր պատրաստվածության ամենաբարձր մակարդակը»։

Հետաքրքիր է, որ Ռոնալդուն տարված չի եղել երկար կարիերա ունենալու մտքով։ Նրա նախկին թիմակից Կոշտինյան պատմել է, որ ընկերը մի անգամ նշել է․ «Ասաց՝ Կոշտա, ես պատրաստվում եմ խաղալ մինչեւ 30 տարեկանը, իսկ հետո այլ բանով եմ զբաղվելու»:

Բայց նա այդպես չվարվեց ու 30-ից հետո ավելի շատ գոլեր խփեց (460), քան դա արել էր մինչ այդ (440):

Լուսանկարը` Ռոնալդուի Ֆեյսբուքյան էջից



Այժմ նրա նպատակներն են՝

•    հանդես գալ 2026-ի Աշխարհի առաջնությունում ու տուն վերադառնալ նվաճած գավաթով
•    խփել 1000 գոլ (նա իր ակտիվում ունի 923 գնդակ)
•    Պորտուգալիայի հավաքականում անցկացնել 250 հանդիպում (այս պահին 217 է)
•    խաղադաշտում հանդես գալ որդու՝ Քրիշտիանու կրտսերի հետ։

«2003-ին ընկերական խաղ ունեինք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ։ Երբ դաշտ էինք մտնում, մրցակցի կազմում էին Գիգսը,Սքոուլզը, Վան Նիստելրոյը։ Նայեցի 18-ամյա Քրիշտիանուին ու տեսա, որ նա ամբողջովին կենտրոնացած էր խաղի վրա, նույնիսկ հայացք չէր գցում այդ աստղերի վրա։ Դա շատ բան է ասում նրա մասին։

Պորտուգալիայի համար Քրիշտիանուի նման խաղացող ունենալը չափազանց կարեւոր է: Մենք փոքր երկիր ենք, որը ֆուտբոլից դուրս հազվադեպ է աշխարհում ազդեցություն ունենում: Նա թույլ է տալիս, որ մեր փոքրիկ երկիրն ամբողջ աշխարհում հայտնի լինի»,-ասել է «Սպորտինգ»-ի մարզիչներից Ժոաո Արոսոն։

Լուսանկարը` Ռոնալդուի Ֆեյսբուքյան էջից


«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին մարզիչ Միք Քլեգի կարծիքն էլ կարդանք․ «Ռոնալդուն դա Վինչիի, Էյնշտեյնի, Նյուտոնի հետ նույն թիմում է։  Իսկ ի՞նչ են նրանք: Նրանք բոլորը հանճար են: Հիշում եմ, երբ եկավ ՄՅՈւ, ասաց․ «Ես դառնալու եմ աշխարհի լավագույն խաղացողը»։  Յուրաքանչյուր մարզչից սովորում ու վերցնում էր ամեն ինչ։ Նրա ողջ միտքը կենտրոնացած էր տեղեկություններ հավաքելու, մարզվելու ու մարտահրավերներ նետելու վրա»։

BBC-ի բոլոր զրուցակիցները վստահ են, որ Ռոնալդուն շարունակելու է փայլել ու հասնել անհասանելիին։ Ֆուտբոլիստը մեկ անգամ չէ ապացուցել՝ իր համար անհնարին ոչինչ չկա։

«Ես կասկած չունեմ, որ նա կարող է անել դա (մասնակցել 2030-ի Մունդիալին, խմբ․): Նա կօգտվի մի նոր դիետայից եւ կմեկնի մրցավայր՝ գեղեցիկ ու նիհար»,- ժպտալով ասել է նախկին խաղընկեր Նանին:

Լուսանկարը` Ռոնալդուի Ֆեյսբուքյան էջից


«Ես դեռ շատ երիտասարդ եմ, ծրագրեր ու երազանքներ ունեմ։ Բայց հաստատ մի օր մեծ ակումբի սեփականատեր կլինեմ։ Ինչպես բոլորդ գիտեք, ներդրումներ եմ անում տարբեր ոլորտներում, բիզնեսում հաջողելը եւս իմ նպատակներից է։ Առհասարակ, միշտ եմ ցանկանում առաջ շարժվել, գտնել իմ լավագույն որակները եւ միշտ բացահայտումներ անել։

Երեխաներ ու սիրելի ունեմ, աննման մայր, քույրեր ու եղբայր։ Ընտանիքի հարցում բախտս բերել է։ Ներդաշնակություն ունենալն է օգնում առաջ շարժվել ու հաջողակ լինել։ Ափսոսում եմ միայն, որ այս ամենը հայրս չի տեսնում»,- խոստովանել է Ռոնալդուն։

Թարգմանությունը՝ Գոհար Նալբանդյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին