Հունվար 23, 2025
exclusive
295 դիտում

Հայ մարզիկների Փարիզի Օլիմպիական մեդալները եւս սկսել են գունաթափվել. Բողոքի ալիք ՄՕԿ-ի դեմ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` people.com

Լուսանկարը` IOC

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` insidethegames.biz

Լուսանկարը` insidethegames.biz

Լուսանկարը` people.com

Լուսանկարը` insidethegames.biz


Օլիմպիական խաղերի ավարտից մոտ կես տարի անց՝ տարեսկզբին, մոտ 100 մարզիկներ վերադարձրին Փարիզի Օլիմպիական խաղերում իրենց նվաճած մեդալները, որոնք ժամանակի ընթացքում փչացել են ու կորցրել գույնը:

Ժանգի բծեր, մակերեսային մաշվածություն եւ մետաղի խամրած փայլ․ հիմնականում այսպիսի երեւույթների հետ են Օլիմպիական մեդալակիրները բախվել: Ոչ մեկի համար էլ գաղտնի չէ, որ մեդալները պարզապես մետաղի կտորներ չեն, այլ պայքարի, չհանձնվելու ու հավերժության խորհրդանիշներ, այդ պարգեւներին բոլոր մարզիկներն են ձգտում, սակայն արժանանում միայն լավագույնները:

Աշխարհի տարբեր երկրները ներկայացնող մարզիկները պահանջում են իրենց հանձնել որակյալ ու ժամանակի ընթացքում չփչացող մեդալներ: Փարիզի խաղերի բազմաթիվ մրցանակակիրներ, որոնց թվում նաեւ հայերն են, իրենց պարգեւները չեն վերադարձրել, սակայն նրանց մեդալները եւս սկսել են խամրել ու գունաթափվել, ինչի մասին պատմել են Mediamax Sport-ին:



Իրական մեղավորները

Մարզիկները խիստ քննադատության են ենթարկել խաղերի կազմկոմիտեին՝ անորակ ու անպետք մեդալներ տրամադրելու համար: Դրա համար էլ միասնական արշավ են իրականացրել ու մեդալները վերադարձրել Օլիմպիական ու Պարալիմպիկ կոմիտեներին:

Լուսանկարը` people.com


Մեդալների որակի մասին առաջին ահազանգերը ստացվել են դեռ խաղերի ընթացքում, օգոստոսի 2-ին ամերիկացի սքեյթդորդիստ Նայջա Հյուսթոնը բողոքել էր, որ իր բրոնզե մեդալը մրցումներից 10 օր անց մաշկի ու քրտինքի հետ շփման արդյունքում սկսել է խամրել:

«Փաստորեն մեդալներն այնքան էլ բարձրակարգ չեն, որքան կարող էինք մտածել: Նայեք, թե մեդալս ինչ տեսք ունի: Դրա համար էլ կարծում եմ, որ դրանց որակը պետք է բարելավել: Մեդալն այնպիսի տեսք ունի, կարծես պատերազմի միջով է անցել: Օլիմպիական մեդալները միայն պատվոհարթակին են լավ տեսք ունեցել: Բայց երբ նախ ինքս եմ կրել, ապա տվել ընկերներիս, այն լրիվ փչացել է»,- սոցիալական կայքերի իր էջում գրել էր մարզիկը:

Օլիմպիական խաղերի ավարտից հետո իրենց դժգոհություններն են արտահայտել նաեւ այլ բրոնզե մեդալակիրներ: Ֆրանսիացի լողորդ Մաքսիմ Գրուսսեն 4×100 մ փոխանցումավազքում իր նվաճած մեդալի որակից նույնպես բողոքել է: Հետագայում նրա օրինակին են հետեւել լողորդներ Կլեման Սեկին ու Յոհան Նդոյնե-Բրուարը:

Լուսանկարը` IOC


ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի կազմում խաղերի չեմպիոն հռչակված Լին Ուիլյամսն էլ պատմել է, որ իր ոսկե մեդալի ժապավենը տոնական արարողության ժամանակ պոկվել է:

«Այն պայուսակի պես ուսիս կախված էր, ցատկում էի, պարում, ուրախանում, երբ հերթական ցատկի ժամանակ մեդալն ընկավ: Բոլորն ուրախանում էին, իսկ ես հատակին նայելով՝ մեդալս փնտրում: Այժմ նրա մեջ անցք կա, այնպես որ իմ մեդալն, անկասկած, իր տեսակի մեջ եզակի է, իսկ ժապավենը պահող փոքրիկ ձողն անհետացել է»,- ասել է նա:

Հայ մարզիկների վնասված մեդալները

Հայաստանի հավաքականի կազմում միակ բրոնզե մեդալը նվաճել է հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը: Նա խոստովանել է, որ իր մեդալի գույնը սկսել է խամրել մրցումների հաջորդ օրը:

«Թեեւ մեդալս հիմնականում տանն եմ պահում իմ հավաքածուի մյուս պարգեւների հետ, բայց այն ժամանակի ընթացքում սկսել է իր գույնը կորցնել: Դեռ Փարիզում էի նկատել որոշակի փոփոխություն, բայց չգիտեի, որ այդքան շատ մարզիկների մեդալները եւս նման վատ վիճակում են հայտնվել»,- անկեղծացել է նա:

Փարիզի խաղերի 2-րդ մրցանակակիր Արթուր Դավթյանն էլ է նկատել, որ իր արծաթե մեդալը սկսել է խամրել. «Մեդալը սկսել է տեղ-տեղ գույնը գցել, թեեւ հիմա դեռ շատ չէ փոփոխությունը, բայց կարծում եմ հետագայում կավելանա»,- նշել է մարմնամարզիկը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պաշտոնանկությունները

Մեդալների նման զանգվածային վերադարձը մեծ աղմուկ բարձրացրեց Փարիզի դրամահատարանում, որն էլ հենց պատասխանատու էր դրանց արտադրության համար։ Հաղորդվում է, որ այդ սկանդալի արդյունքում աշխատանքից հեռացվել են որակի եւ արտադրության համար պատասխանատու 3 տնօրեն:

Ըստ La Lettre-ի՝ աշխատանքից ազատվածների թվում է արդյունաբերական տնօրեն Ջեկի Ֆրեհելը, որն իր պաշտոնը լքել է հունվարին, արտադրության տնօրեն Էրիկ Մատտենը բացակայում է հոկտեմբերից, իսկ որակի ղեկավար Հելեն Յուտոնը հեռացվել է դեռ դեկտեմբերին:

Մեդալների թերությունները կապված են լաքի մաս կազմող թունավոր բաղադրիչի օգտագործման արգելքի հետ։ Ժամանակի սղության եւ փորձարկումներ չանելու պատճառով էլ Օլիմպիական մեդալները վատն են ստացվել։ Խնդիրը լուծելու համար Փարիզի դրամահատարանը դիմել է արդյունաբերական պրոցեսների եւ մակերեսների մշակման մեջ մասնագիտացված ընկերության:

Լուսանկարը` insidethegames.biz


ՄՕԿ-ը մեդալները վերադարձրած մարզիկներին խոստացել է մոտ ժամանակներս դրանք նորերով փոխարինել:

«Վատ որակի մեդալները համակարգված կերպով կփոխարինվեն ու նույնությամբ կփորագրվեն։ Փոխարինման գործընթացը պետք է սկսվի առաջիկա շաբաթների ընթացքում»,- AFP-ին ասել էին ՄՕԿ-ի պաշտոնյաները:

Անորակ մեդալներում իր պատասխանատվությունը հերքել է LVMH-ն: Մինչ այդ խիստ քննադատության էր ենթարկվել LVMH-ին պատկանող Chaumet ոսկերչական տունը:  Ըստ LVMH-ի տարածած հայտարարության՝ թեեւ Chaumet-ը պատասխանատու է մեդալների ձեւավորման համար, սակայն արտադրության մեջ ներգրավված չի եղել:

«Ամբողջ պատասխանատվությունը Փարիզի դրամահատարանի ու Միջազգային Օլիմպիական կոմիտեի վրա է»,- նշել են ընկերությունում:

Ընդհանուր առմամբ խաղերի համար պատրաստվել են 5084 ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ: Դրանց արտադրությունը ներառել է առնվազն 30 փուլ եւ իրականացվել Ֆրանսիայի ամենահին ու հեղինակավոր հաստատություններից մեկի՝ Monnaie de Paris-ի «savoir-faire»-ում։

Լուսանկարը` insidethegames.biz


Այն հիմնադրվել է 1864 թվականին Չարլզ II-ի կողմից ու մեդալներ է թողարկել բազմաթիվ Օլիմպիական խաղերի համար՝ այդ թվում 1896 թ. Աթենքի եւ 1924-ի Փարիզի:

2024-ի յուրաքանչյուր մեդալում տեղադրված է Էյֆելյան աշտարակի վեցանկյուն երկաթի փայլեցված կտոր: Ամեն մեդալի տրամագիծը 85 մմ է, հաստությունը՝ 9,2 մմ, ոսկին կշռում է 529 գրամ, բրոնզը՝ 455։

ՄՕԿ-ը բացատրել է, որ բրոնզե մեդալները պատրաստված են պղնձի, անագի եւ ցինկի համաձուլվածքից, ինչը նրանց խոնավության եւ քրտինքի հանդեպ զգայուն է դարձնում: 2-րդ տեղի մեդալներն ամուր արծաթից են, իսկ հաղթողների պարգեւները պարունակում են 6 գրամ մաքուր ոսկի, որով ծածկված է արծաթը:

Առավել խոցելի են այս դեպքում բրոնզե մեդալները, բայց, ինչպես մարզիկների վկայություններից է պարզ դառնում, մյուսներն էլ անթերի վիճակում չեն:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին