Արման Ծառուկյան- Իսլամ Մախաչեւ հանդիպման մասին այնքան ենք լսել, որ թվում է՝ այս մարզիկները երկրորդ անգամ չէ, որ միմյանց դեմ մրցելու են, այլ պարբերաբար են հանդիպում:
Ծառուկյանն այնքան է տենչացել այս դիմակայությանն ու խոսել Մախաչեւի մասին, որ նրանց մրցակցությունը դուրս է եկել սովորականի շրջանակներից:
Եվ ահա վերջապես օրեր անց՝ հունվարի 19-ին նրանց կտեսնենք դեմ առ դեմ, նրանք UFC-ի թեթեւ քաշային կարգում գոտու համար կմրցեն հրդեհներից մի կերպ «գլուխն ազատած» Լոս Անջելեսի Intuit Dome արենայում:
NBA-ի թիմերն արդեն իրենց վրա փորձարկել են անվտանգության կանոնները, եւ որպես պլան B՝ UFC 311 մրցաշարը Լաս Վեգաս տեղափոխելու կարիք չի լինի:
Ծառուկյանը
Ոչ մեկի համար նորություն չէ, որ մարզիկները 2019-ին Սանկտ Պետերբուրգում արդեն հանդիպել են միմյանց հետ, մրցավարների որոշմամբ հաղթել է UFC-ի չեմպիոն Մախաչեւը, Ծառուկյանն անչափ ծանր է տարել այդ պարտությունն ու մինչեւ հիմա ձգտում է հասնել ռեւանշի:
Ծառուկյանը խառը մենամարտերի մարզիկի համար մի քիչ անսովոր ճանապարհ է անցել: Մինչեւ 2014 թվականը նա Հոկեյի կոնտինենտալ լիգայում է հանդես եկել ու ներկայացրել «Ամուր»-ի պատանեկան թիմը: Հիմնական կազմում չընդգրկվելուց հետո որոշել է գրեփլինգով զբաղվել ու սկսել է հանդիպումներ անցկացնել MMA-ում: Դրանից 3 տարի անց էլ նորամուտն է նշել UFC-ում:
Ու հենց առաջին մենամարտում 22-ամյա Ծառուկյանին շատ ուժեղ մրցակից է բաժին ընկել՝ Մախաչեւը, որն էլ հաղթել է:
Այս տարվա սկզբին տված հարցազրույցում Ծառուկյանը պատմել է, թե մրցակիցն իրեն ինչպես է աջակցել. «Իհարկե, հիշում եմ, որ մենամարտից հետո Իսլամն ինձ ասաց. «Դեռ երիտասարդ ես, ամեն ինչ առջեւում է, մի տխրիր»: Իսկ ես արձագանքեցի. «Ինչ ես ասում, այդքան էլ երիտասարդ չեմ»: Նստեցի ու փակեցի աչքերս: Անկախ տարիքից չեմ սիրում պարտվել»:
Իսկ այն հարցին, թե ինչ կփոխեր առաջին մենամարտին պատրաստվելիս, նշել է, որ ձախլիկ մարզիկների հետ ավելի շատ սպարինգներ կանցկացներ: «Հիմնականում աջլիկների հետ եմ պարապել, իսկ տարբերությունն իրականում շատ է: Ամենակարեւոր բանը հենց մրցակցիդ պես տղաների հետ աշխատելն է»:
Լուսանկարը` UFC
Ծառուկյանի կարծիքով՝ Մախաչեւը թեթեւ քաշային կարգի լավագույն մարզիկն է ու իր տիտղոսը մի քանի անգամ հաջողությամբ պաշտպանել է. «Անչափ տրամադրված եմ այդ մենամարտին, ու անհամբեր եմ, թե երբ եմ չեմպիոն դառնալու: Լավ պատրաստված եմ ու հիանալի հնարք ունեմ, որի շնորհիվ փոխելու եմ ողջ դիմակայության ելքը: Մարզումների ընթացքում բռնցքամարտով էլ շատ եմ զբաղվել, ինչի շնորհիվ ձեռքերս շատ են ամրացել: Հնարավոր է՝ մեկ հուկը բավական լինի արդյունքի հասնելու համար: Անհամբեր եմ, թե երբ եմ ցույց տալու, թե ինչի եմ ընդունակ»:
Մախաչեւը
33-ամյա Մախաչեւն առաջին քայլերն արել է թաեքվոնդո եւ ուշու սանդա մարզաձեւերում: Այդ ընթացքում հասցրել է սիրողական մրցաշարերի հաղթող դառնալ: Երբ ընտանիքով տեղափոխվել են նովի Խուշետ գյուղ, ստիպված է եղել թողնել ուշուն ու 2 տարի ֆուտբոլով է զբաղվել՝ մասնակցելով գյուղական թիմերի առաջնությանը: Ապա եւս մեկ տարի էլ ազատ ոճի ըմբշամարտով է պարապել:
Նա Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է դարձել մարտական սամբոյից: 2014-ին պետք է մասնակցեր Աշխարհի առաջնությանը, սակայն այն բաց է թողել սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով: Աշխարհի չեմպիոն դարձել է 2 տարի անց, եւ նրա հետ հանդիպումներում մրցակիցները ոչ մի միավոր չեն վաստակել:
Մախաչեւն ԱԱ էր մեկնել UFC-ից գաղտնի, իսկ մենամարտից մի քանի ժամ անց ուղեւորվել է Նյու Յորք՝ Խաբիբ Նուռմագոմեդովի մենամարտին: Մախաչեւը խառը մենամարտերում նորամուտը նշել է դեռ 2011 թվականին:
Լուսանկարը` mmafighting.com
Մամուլի ասուլիսի ժամանակ Մախաչեւն ասել է, որ իրենց առաջին հանդիպումից հետո հիմա Ծառուկյանի առավելությունն այն է, որ փորձ է ձեռք բերել.
«Հիմա նա UFC-ում շատ մենամարտեր ունի անցկացրած, նման բան գնել հնարավոր չէ, ժամանակի ընթացքում է կուտակվում: Թեեւ հիմա ավելի շատ փորձ ունի, բայց հմտությունները նույնն են: Տեսել եմ նրա մենամարտերը, լավ է պայքարում, մրցակիցներին գետնին տապալում, փորձում նրանց համար խնդիրներ ստեղծել: Բայց գիտեմ, որ նրա հարվածներից պաշտպանվելու համար ունեմ բոլոր որակները, դրա համար էլ այս պահին լավագույն մարզիկն եմ համարվում»:
Նա նաեւ չի բացառում, որ հանդիպումը կարող է ժամանակից շուտ ավարտել: Գտնում է, որ Օլիվեյրայի դեմ իր վերջին մենամարտում էլ Ծառուկյանը կարող էր այդպես զիջել, բայց ինքը նման հաղթանակի հասնելու ավելի շատ շանսեր ունի:
«Ծառուկյանն արժանի էր չեմպիոնի հետ մենամարտ անցկացնել, նա թեթեւ քաշային կարգում գոտու հիմնական թեկնածուն է: Ողջ կյանքում ասել եմ, որ ցանկանում եմ մրցել իսկական հավակնորդի հետ, ով արժանի է գոտուն: Ւսկ Արմանը լավ որակներ ունեցող մարզիկ է, նա վերահսկում է այս քաշային կարգն արդեն երկար տարիներ՝ դեռ սկսած Խաբիբի ժամանակներից: Արմանը արժանիորեն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ու այն թեկնածուն է, որի հետ իրոք ցանկանում եմ մենամարտել»:
Լուսանկարը` UFC
Վերջին հանդիպումները
Հունիսին Մախաչեւը խեղդող հնարքով գերազանցել է ամերիկացի Դասթին Պորյեին, ինչից հետո հայտնել է, որ այնքան էլ հետաքրքիր չէ գոտին պաշտպանել ու ցանկանում է նոր տիտղոսի համար պայքարել կիսաթեթեւ քաշային կարգում:
Մախաչեւը գոտու 3 պաշտպանություն է ունեցել՝ կրկնելով թեթեւ քաշային կարգի դիվիզիոնի ռեկորդը, որոնք պատկանում էին Հաբիբ Նուռմագոմեդովին, Բենսոն Հենդերսոնին, Ֆրենկի Էդգարին ու Բի Ջեյ Փեննին: Ի դեպ՝ Ծառուկյանի դեմ մենամարտում Մախաչեւի մարտավկան լինելու է Խաբիբ Նուռմագոմեդովը:
Մախաչեւն իր կարիերայում 26 հաղթանակ ունի տարած, իսկ մեկ անգամ զիջել է միայն 2015-ին: Նա ամենաերկար անպարտելի հանդիպումների շարքն ունի՝ 14: Այդ ցուցանիշով Աշխարհում ռեկորդակիրը Անդերսոն Սիլվան է 16 հաղթանակներով:
Ծառուկյանն իր վերջին մենամարտում ապրիլի 14-ն UFC 300 մրցաշարում մրցավարների որոշմամբ հաղթել է Չարլզ Օլիվեյրային: Այդ հաղթանակի շնորհիվ նա իրավունք է վաստակել կռվել Մախաչեւի դեմ: 27-ամյա Ծառուկյանը MMA-ում 22 հաղթանակ ու 3 պարտություն ունի գրանցած:
Մախաչեւին զիջելուց հետո նա 9 հանդիպում անպարտելի է եղել ու 10-րդում պարտվել Մատուեշ Համրոտին: Այդ պարտությունն անակնկալ է եղել շատերի համար:
Լուսանկարը` Անձնական արխիվից
Շանսերը
Բուքմեյքերները Մախաչեւին են համարում հանդիպման ֆավորիտ: Նրա հաղթանակի գործակիցը տատանվում է 1,16–1,22-ի սահմաններում, իսկ Ծառուկյանի գործակիցը՝ 3,70–4,50-ի: Նրանք նաեւ ակնկալում են, որ մենամարտն առնվազն 2 ռաունդ է տեւելու, գործակիցը 1,15 է:
Նախկին չեմպիոն Օլիվեյրան երկու մարզիկների հնարավորությունները հավասար է գնահատում:
«Նրանք նման ոճերով երկու հիանալի մարզիկներ են: Կարծում եմ՝ Իսլամն աննշան առավելություն կունենա, քանի որ զգալիորեն լավացրել է իր հարվածների տեխնիկան: Հաղթողին կորոշի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը»:
MMA-ի ամենահեղինակավոր մրցավարներից մեկը՝ Ջոն Մաքքարտին էլ հայտնել է, որ այս պահին Ծառուկյանը միակ մարզիկն է, որը կարող է դիմակայել Մախաչեւին:
Լուսանկարը` UFC
«Ավելի լավ մենամարտի մասին նույնիսկ երազել չէինք կարող: Իսլամն ապացուցել է, որ անհավանական չեմպիոն է: Բայց եթե կա մեկը, ով կարող է նրան դիմակայել, դա հենց Արմանն է: Նա կարող է գերազանցել մրցակցին, քանի որ որպես մարզիկ բավական խելացի է դարձել»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: