Նոյեմբեր 08, 2024
exclusive
12333 դիտում

Արման Ծառուկյան. Հոկեյիստի կարիերայից մինչեւ UFC-ում հաջողությունը


Լուսանկարը` bloodyelbow.com

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` gettyimages

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` europsort

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` UFC

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` нор.ге

Լուսանկարը` FightTime

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` GettyImages

Լուսանկարը` FightTime

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` bolshoyvopros.ru


24-ամյա Արման Ծառուկյանը UFC-ի ամենախոստումնալից հայ մարզիկներից է: Նա մարզվել է ազատ ոճի ըմբշամարտով ու սպորտի վարպետ է:

Օրեր առաջ Ծառուկյանն իր 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ UFC-ում՝ առավելության հասնելով ամերիկացի Մեթ Ֆրեվոլի նկատմամբ: Այդ հաղթանակի համար նա 40 հազ. դոլար վաստակեց:

Mediamax Sport-ն ուսումնասիրել է մարզիկի անցած ուղին ու ձեզ է ներկայացնում նրա կյանքի ու կարիերայի ուշագրավ դրվագները:

Վրացառուսահայը

Արման Ծառուկյանը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 11-ին Ախալքալաքում: Երբ 2 տարեկան է եղել, նրա ընտանիքը տեղափոխվել է Խաբարովսկ, որտեղ էլ նա մեծացել է ու դպրոց հաճախել, հետագայում ստացել է ախալքալաքցի մականունը:

«Ինձ ռուս եմ զգում, բայց ազգությամբ հայ եմ, ընդ որում՝ վրացահայ: Ամեն ինչ բավական խառն է»,- անկեղծացել է նա:



Սպորտով վաղ տարիքում է սկսել զբաղվել, ըմբշամարտից բացի նաեւ հոկեյ է խաղացել ու մինչեւ 18 տարեկանը հանդես եկել «Ամուրի» պատանեկան հավաքականում: Երբ թիմի հիմնական կազմից դուրս է մնացել, տարվել է գրեպլինգով (մենապայքարային սպորտի տարատեսակ է): Հաջողությունները նրան վստահություն են տվել ու օգնել ուժերը փորձել խառը մենամարտերում:

«18 տարեկան էի, երբ ինձ առաջարկել են պրոֆեսիոնալ մակարդակում մենամարտել: Միշտ սիրել եմ կռվել, մարզվել ու համարել եմ, որ ինձ մոտ ամեն ինչ հեշտ է ստացվում: Հենց առաջին հաղթանակից հետո 2-րդն են առաջարկել, ընդ որում՝ 7-8 հազարանոց դահլիճում: Նորից եմ համաձայնվել ու այդպես էլ հասել եմ UFC»:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մուտքը խառը մենամարտեր

Կարիերան MMA-ում սկսվել է 2015 թվականի սեպտեմբերին, երբ մասնակցել է MFP: Assault Night on Spassk-ին: 2017-ին Road FC (MMA) փրոմոութերական ընկերությունը նրան հրավիրել է մենամարտել Քյունգ-Պյո Քիմի հետ: Մասնագետների կարծիքով Ծառուկյանն այդ երեկո անհավանական հաղթանակ է տարել:

Սակայն հաջորդ իսկ մենամարտում նոկաուտով զիջել է Ալեքսանդր Բելիխին: Այդ հանդիպումը հոգեբանորեն շատ է ազդել մարզիկի վրա ու կոտրել նրան: Վերջերս խոստովանել է, որ մինչեւ հիմա չի կարողանում հանգիստ դիտել այդ դիմակայության տեսագրությունը:

Մեկ տարի անց MFP 220-ի մրցաշարում եւս մեկ հաղթանակ է տարել, այդ անգամ՝ Ժունիոր Ասսունսաոյի նկատմամբ: Ծառուկյանը պաշտպանել է MFP վարկածով գոտին ու նվաճել Kunlun Fight-ի վարկածով Ասիայի չեմպիոնի կոչումը:

Լուսանկարը` gettyimages


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան բազմաթիվ անգամներ շնորհավորել է նվաճումների կապակցությամբ:

2019-ի մարտին Ծառուկյանը պայմանագիր է կնքել UFC-ի հետ. «Երբ UFC-ն պայմանագիր առաջարկեց, պետք է որոշեի, թե որ երկիրն եմ ներկայացնելու՝ Ռուսաստա՞նը, թե՞ Հայաստանը: Քանի որ առաջին մենամարտում Հայաստանի դրոշի տակ հանդես եկա, այդպես էլ շարունակում եմ անել: Բայց միշտ ընդգծում եմ, որ հայկական ծագմամբ ռուս մարզիկ եմ: Հայկական անձնագիր չունեմ, ոչ էլ վրացական, թեեւ այնտեղ եմ ծնվել»:

Կատարելության ճանապարհին

Իր վերջին մենամարտին Ծառուկյանը պատրաստվել է ԱՄՆ-ում, որտեղ առաջին անգամ էր մեկնել: Հիմնականում Լոս Անջելեսում է մնացել, սակայն հասցրել է լինել մի քանի այլ քաղաքներում եւս:

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Շատ հավանեցի ԱՄՆ-ն: Հնարավորություն ունեի տարբեր դահլիճներում լինել, տեխնիկաս լավացնել: Ոմանցից ջիու-ջիթսուի հնարքներ էի սովորում, ոմանց մոտ՝ ըմբշամարտի, հիմնականում վերցնում էի այն, ինչ ինձ պետք էր»,- sport-express-ին տված հարցազրույցում ասել է նա:

Ծառուկյանը գտնում է, որ լրիվ այլ մարզիկ է դարձել, ավելի փորձառու ու պատրաստված: Նա սկսել է մտածել մենամարտերի ժամանակ, ինչը նախկինում չէր անում, ավելի դիմացկուն է դարձել ու պայքարող:

«Ցանկանում եմ ամենաունիվերսալ մարզիկը դառնալ, որպեսզի իմ մասին խոսելիս զարմանան, թե որքան եմ բազմակողմանի պատրաստված: Ուզում եմ, որ հարվածող մրցակիցները վախենան իմ կեցվածքից, իսկ ըմբիշները՝ իմ պայքարից: Ամեն մրցակցի հետ ինձ տարբեր կերպ եմ դրսեւորում, որպեսզի ինձ չկարողանան կարդալ ու բացահայտել: Ամեն ինչ փոխում եմ, որ լրիվ անսպասելի կերպով հանդես գամ»:

Լուսանկարը` europsort


Նա խոստովանել է, որ կարիերայի սկզբում այնպիսի պարտություն է ունեցել, որը նրան ամբողջովին շոկի է ենթարկել: Մարզիկի դեմքը պատրաստ չի եղել այդքան հարվածներ ընդունել, սակայն փորձի հետ դրան էլ է սովորել դիմակայել.

«Հիմա մարզումների ժամանակ մինչեւ 1000 հարված եմ ստանում ու ընդհանրապես խնդիրներ չեմ ունենում: Ծնոտս ամեն ինչի դիմանում է»:

Չհանձնվողը

Ծառուկյանը խոստովանում է, որ երբեք չի սիրում հանձնվել ու գոհանալ եղածով:

«Ես այդպիսի մարդ եմ՝ մինչեւ վերջ գնում եմ, անկախ նրանից, թե ինչ է սպասվում ինձ: Ամենաբարդ գոտեմարտս եղել է սխալ քաշ գցելու արդյունքում: Ահավոր շատ էի հոգնել, դա իմ առաջին 3-ռաունդանոց մենամարտն էր: Առաջին ռաունդի ավարտից հետո մտածեցի, որ պետք է նաեւ 2-ին գնալ, դրանից հետո էլ ասացի՝ մի՞թե 3-րդն էլ է լինելու, բայց շարունակեցի կռվել: Երբեք չի եղել, որ ցանկանամ հանձնվել»:

Համարձակ հայտարարությունը

Ծառուկյանը չի վախենում իր մտքերն արտահայտել ամենատարբեր իրավիճակներում, բայց հատկապես համարձակ ստացվեցին նրա խոսքերը MMA-ում հանդես եկող ռուս մարզիկների մասին:

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Ինչո՞ւ ռուսների մոտ չի ստացվում UFC-ում, քանի որ այնտեղ արգելված է խթանիչներ օգտագործել: Իսկ եթե անկեղծ, Ռուսաստանում 90 % մարզիկները դոպինգ են օգտագործում: Որքան էլ այդ մասին չցանկանանք խոսել, դա է իրականությունը: Դիտում ես մենամարտերն ու տեսնում, որ անգամ 5 նոքդաունից հետո մարզիկը նորից ոտքի է կանգնում ու կռվում: UFC-ում նման բան լինել չի կարող»:

Առողջարար սննդակարգ

Հարցազրույցներից մեկում Ծառուկյանը պատմել է, որ չրեր ու ընկույզ շատ է սիրում եւ հետն ունենում է մեքենայի մեջ, որպեսզի սուրճ կամ թեյ խմելիս անպայման ուտի: Մարզիկն առողջ սննդի սիրահար է ու չի էլ հիշում, թե երբ է վերջին անգամ բուրգեր կերել, Կոկա-Կոլա խմել կամ էլ Մաքդոնալդսում եղել:



«Հետեւում եմ սննդակարգիս, յուղոտ կամ սխալ ուտելիքներ չեմ օգտագործում: Սպորտային ռեժիմը պահելը չափազանց կարեւոր է, եթե ցանկանում ես լավ մարզավիճակում լինել, չպետք է ամեն ինչ ուտես»:

Զայրույթի պատճառը

Թեեւ բնավորությամբ հանգիստ է, երբեմն նաեւ հունից դուրս է գալիս: Ծառուկյանը չի սիրում, երբ իրեն քնից արթնացնում են ու հանգստի ռեժիմը խախտում, իսկ այդպես հաճախ է պատահում: Ահա թե ինչ է նա պատմել.

«Վերջերս մարզումների էի ԱՄՆ-ում ու բավական հագեցած օրեր էի անցկացնում: Շատ կարեւոր էր վերականգնվել ու ուժերը հավաքել: Բարձրացել իմ սենյակ ու համարյա քնել, երբ զանգ ստացա՝ պետք է թեստ հանձնեի: Բացատրեցի, որ պետք է քնեմ ու հանգստանամ, սակայն սպառնացին կարանտինն ավելացնել: Մի կերպ արթնացա, հանձնեցի թեստն ու նորից փորձեցի քնել, կրկին զանգ ստացա ու այդպես շարունակ»:

Լուսանկարը` UFC


Ընտանիքն ու բարի գործերը

2019 թվականին Կրասնոդարում կայացավ Ծառուկյանի մեծ հարսանեկան արարողությունը: Նա ամուսնացավ Միլենայի հետ, զույգի առաջնեկը ծնվեց 2020-ի սկզբին, աղջկա անունը Անահիտ է:

«Դեռ ամբողջովին հոր դերի մեջ չեմ մտել: Բայց դստերս ծնունդն ինձ շատ է փոխել, ավելի հանգիստ ու զուսպ եմ դարձել: Հիմա արդյունքի հասնելու համար ավելի շատ մոտիվացիա ունեմ, որպեսզի նա ոչնչի կարիք չունենա»:

Արմանի հայրը՝ Նաիրին, շինարարական բիզնեսով է զբաղվում: Մայրն Աիդա Ծառուկյանն է: Մարզիկն ավագ եղբայր ու կրտսեր քույր ունի:

Նա պարբերաբար լինում է իր ծննդավայրում: 2018-ին հոր հետ այցելել է Արագյալ գյուղ ու օգնել վերանորոգել տեղի դպրոցը: Գյուղի բնակիչները հպարտանում են իրենց հայտնի հայրենակցով ու նրան միշտ մեծ ոգեւորությամբ դիմավորում:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հանգիստը

Թեեւ հանգստանալու ու ժամանակն ուզածի պես վայելել միշտ չէ, որ ստացվում է, սակայն Արման Ծառուկյանն ամեն հարմար առիթն օգտագործում է վերականգնվելու համար:

Աբու Դաբիում տարած հաղթանակից հետո նա ընկերների հետ անապատում է եղել ու այսպիսի հրապարակում արել:



Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին