Երեկ հայտնի դարձավ, որ Վահան Բիչախչյանը փոխել է ակումբն ու մինչեւ 2027 թվականը ներկայացնելու է «Լեգիա»-ն:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու հրաժեշտ տվել իր նախկին թիմին՝ «Պոգոն»-ին:
«Այս քաղաքում ապրելն ու ակումբում հանդես գալը իսկական երջանկություն է եղել ամեն օր: Հպարտ եմ եղել ներկայացնել այս ակումբը, քաղաքն ու մարդկանց, որոնք աջակցում էին այս հիանալի թիմին: Սիրում եմ քեզ, «Պոգոն»: Այստեղ ողջ կյանքիս համար ընկերներ եմ գտել, եւ նրանք ինձ օգնել են ավելի լավ խաղացող դառնալ ու խաղադաշտից դուրս գտնել մարդկանց, որոնց հետ լավ պահեր եմ ապրել ու այդ հիանալի հիշողությունները հետս եմ տանում: Միշտ կհիշեմ այդ օրերը, որոնք ինձ կշարունակեն էներգիա տալ»:
Նա «Պոգոն» է տեղափոխվել 2022 թվականին ու ակումբի կազմում 118 հանդիպման մասնակցել՝ դառնալով 12 գոլի հեղինակ: Բիչախչյանն արդեն իր նոր թիմի հետ հավաքի է Իսպանիայում: «Լեգիա»-ի պաշտոնական կայքին նա ասել է, որ ակումբի հետաքրքրության մասին իմացել է իր նախկին թիմի հետ Թուրքիայում հավաքների ժամանակ:
«Վերջին մի քանի օրերը շատ լարված էին, եւ ուրախ եմ, որ արդեն այստեղ եմ: Վերջին 2 օրերին Վարշավայում ստուգումներ եմ անցել, որոնք լավ են անցել: Աննկարագրելի ապրումներ ու հույզեր ունեմ: Անհամբեր եմ, թե երբ եմ թիմի հետ մարզվելու»,- նշել է նա:
Բիչախչյանն ընդգծել է, որ «Պոգոն»-ում անցկացրած 3 տարիները հիանալի են եղել ու օգնել իր կարիերային, բայց եկել է նոր մարտահրավեր ընդունելու ժամանակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: