1989 թվականի մայիսին Կառլո Անչելոտին «Միլան»-ի կազմում մասնակցեց «Ստյաուա»-ի խոշոր հաշվով հաղթանակին ու կարիերայում առաջին Չեմպիոնների Գավաթին տիրացավ: Դրանից 2 ամիս անց ծնվեց նրա որդին, որին Դավիդե անվանեցին:
Երբ նա դպրոց գնաց, Անչելոտին առաջին մարզչական նշանակումը ստացավ Ա Սերիայում, իսկ այն ավարտելիս հայրը բարձրացրեց Չեմպիոնների Լիգայում 4-րդ Գավաթը: Այսօր Անչելոտիները միասին են տիտղոսներ նվաճում, այդ թվում եւ Չեմպիոնների Լիգայում:
Դավիդեն հոր կողքին է եղել «Նապոլի»-ում, «Էվերթոն»-ում, ՊՍԺ-ում, «Բավարիա»-ում, «Ռեալ»-ում եւ պատրաստվում է մի օր արդեն ինքնուրույն թիմ մարզել: Mediamax Sport-ը ներկայացնում է նրանց համատեղ աշխատանքն ու անցած ուղին:
Հորից ստացած դասերը
Շատ տարիներ առաջ, երբ Անչելոտին դեռ այդքան էլ հայտնի չէր որպես մարզիչ, նրա որդուն հաջողվեց անել անհնարինը՝ չափազանց զայրացնել հորը: 4-րդ դասարանում սովորող Դավիդեն կոպտել էր լատիներենի ուսուցչին, խոսել էր «մեռած լեզվի» ոչ պիտանի լինելու մասին ու հեռացվել դասարանից.
Լուսանկարը` FC Milan
«Ինձ հիմարի պես պահեցի, պայուսակիս մեջ սուպերմարկետի պարտատոմսեր կային, որոնք նետեցի ուսուցչի սեղանի եւ ասացի. «Երիցուկի թեյ գնիր դրանցով»,- Corriere della sera-ին տարիներ անց պատմել է նա:
Այդ արարքով հունից հանեց մի մարդու, որը դեմքի արտահայտությունը չէր փոխում նույնիսկ, երբ իր ֆուտբոլիստները վրիպում էին 11-մետրանոցից: Կառլո Անչելոտին զանգահարեց ուսուցչին եւ ներողություն խնդրեց, ապա անցավ որդուն՝ նրան մի լավ դաս տալով:
Նա փորձում էր Դավիդեին այնպես դաստիարակել, որ չմեծամտանա ու չգոռոզանա, իսկ երբ զգում էր չափն անցնում է, իր խստության մասին զգացնել էր տալիս:
«Նրա մեթոդը վստահությունն է, ձեզ տալիս է պատասխանատվության զգացողություն: Նույնն էլ հայրս անում է ֆուտբոլիստների հետ: Հենց դրանում էլ նրա ուժն է, խիղճդ սկսում է տանջել, երբ զգում ես, որ նրան կարող ես հուսախաբ անել: Նրա հետ գրեթե անհնար է վիճել»:
Լուսանկարը` FC Milan
Մարզչական ուղին
Դավիդեն «Միլան»-ի երիտասարդական թիմում հայտնվել է, երբ այն մարզում էր հայրը, սակայն քիչ խաղաժամանակ էր ստանում: «Բորգոմաներո» ակումբ տեղափոխությունը կարիերայի հետընթացի մասին էր վկայում, եւ Դավիդե Անչելոտին 20-ից հետո որոշեց ավարտել կարիերան:
«Այդ մասին շատ եմ մտածել ու հասկացել, որ ամեն դեպքում ավելի լավ է հրաժեշտ տալ ֆուտբոլին: Մեծ խաղացող դժվար դառնայի ու հայրիկին ասացի, որ նոր փուլ եմ սկսում իմ կյանքում, եւ նա ինձ աջակցեց»,- պատմել է Դավիդեն:
Մի քանի տարբերակ ուներ՝ առաջինն առհասարակ թողնել ֆուտբոլը եւ կենտրոնանալ ֆինանսագետի մասնագիտության վրա, երկրորդը՝ գնալ հոր հետքերով ու մարզիչ դառնալ: Իհարկե, նա ընտրեց ֆուտբոլն ու ընդունվեց Միլանի համալսարան, որպեսզի մարզչական արտոնագիր ստանա: Զուգահեռ էլ Դավիդեն մասնագիտանում էր հոր մոտ՝ նրա մարզչական շտաբում հայտնվելով 2011 թվականից: Իսկ իր առաջին աշխատանքը «Չելսի»-ում ոչ պաշտոնական էր:
Լուսանկարը` FC Chelsea
Դավիդե Անչելոտիի դերը
Կառլո Անչելոտիի բոլոր թիմերի առանձնացող կողմերից մեկն այն է, որ ներսում հիանալի մթնոլորտ է տիրում: Եվ Դավիդե Անչելոտին դրանում մշտապես օգնում է հորը: «Չելսի»-ում նա պատասխանատու էր երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանքի համար՝ մարզումների ու հանդիպումների ժամանակ հետեւում էր նրանց, հետները զրույցներ ունենում, իսկ հետո բոլոր վերլուծական տվյալները փոխանցում հորը: Բացի այդ էլ նման աշխատանքի շնորհիվ Դավիդե Անչելոտին լավացնում էր լեզուների իմացությունը:
ՊՍԺ-ում Անչելոտին որդուն պաշտոնապես աշխատանքի տեղավորեց՝ նա ֆիզպատրաստվածության մարզչի օգնականն էր, սկզբում նման պաշտոն ուներ նաեւ Մադրիդի «Ռեալ»-ում, Ֆրանսիայում ու Իսպանիայում: Մյուս մասնագետների հետ նա Կառլո Անչելոտիին օգնում էր կազմակերպել մարզումներն ու վերականգնողական պրոցեսները: Դրան զուգահեռ էլ Դավիդեն շարունակում էր կապ պահել ու զրուցել ֆուտբոլիստների հետ:
«Սիրում էի աշխատել Ֆրանսիայում: Շատերը բացասաբար են վերաբերվում ՊՍԺ-ին, բայց այն սուպերակումբ է, որը պետք է մի փոքր քայլ կատարի Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար: Իմ աշխատելու տարիներին ակումբում շատ աստղեր կային՝ Զլատանը, Պաստորեն, Վերատին, Լավեսին: Մի անգամ Զլատանին մարզմանը հայտնեցի, որ ծուլանում է: Նա պատասխանեց. «Ես գոնե կհավաքվեմ, բայց ահա դու ե՞րբ կբաժանվես քո հայրիկից»: Բոլորս ծիծաղեցինք: Լավ ու հասարակ տղաներ էին, հիանալի հարաբերություններ ունեինք»:
Լուսանկարը` Bayern Munich
Դավիդե Անչելոտին հոր հետ շրջել է Եվրոպայով մեկ, աշխատել նաեւ «Բավարիա»-ում ու «Նապոլի»-ում: Մյունխենում նա հոր օգնականն էր, իսկ Մադրիդում արդեն պատասխանատու է նաեւ մրցակիցների տակտիկական վերլուծության համար: Եւ քանի որ Անչելոտին սիրում է իր սաներին կողքից հետեւել, մարզումների ընթացքը շատ հաճախ վերահսկում է հենց Դավիդեն:
Մանավանդ իտալական ԶԼՄ-ը նրան շատ են հարցնում հոր հետ աշխատանքի ու հետագա պլանների մասին, որոնց սովորաբար այսպես է պատասխանում. «Ինձ համար հայրս գլխավոր օրինակն է: Գաղտնիք չէ, որ ուզում եմ մի օր ինքս էլ մարզիչ դառնալ, բայց դեռ պետք է շատ բան սովորեմ: Հայրս ինձ տալիս է բոլոր անհրաժեշտ գիտելիքները: Մենք շատ հասարակ հարաբերություններ ունենք: Եթե նրա որեւէ քայլ չեմ հավանում, ասում եմ. «Ի՞նչ ես անում: Ինձ թվում է այդքան էլ ճիշտ չես վարվում»: Եթե նրա խաղային որոշումների հետ կապված եմ հարցեր ունենում, միշտ դրանք տալիս եմ: Նրա օգնականն եմ, եթե սխալները չմատնանշեմ, նրան ոչ մեկ էլ չի օգնի:
Իտալիայում մարդուն մարզչական արտոնագիր են տալիս, երբ լրանում է նրա 30-ամյակը, բայց դեռ ինքնուրույն աշխատանքի մասին չեմ մտածում:
Հորս շնորհիվ մեծ փորձ եմ ձեռք բերել, աշխատել եմ տարբեր երկրներում, այդպես սովորել եմ իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն ու անգլերեն: Իսկ դա մեծ առավելություն է տարբեր երկրներից ֆուտբոլիստներ մարզելիս»:
Լեզուներին նա, ի դեպ լավ է տիրապետում, բավական է դիտել «Բավարիա»-ի մամուլի ծառայությանը գերմաներենով տված հարցազրույցը:
Բնավորությունն ու որակները
Կար ժամանակ, որ Դավիդե Անչելոտիի ծառայություններով հետաքրքրված էր «Չեզենա»-ն, որի ղեկավարները պատրաստ են ռիսկի դիմել ու պայմանագիր կնքել երիտասարդ մասնագետի հետ, բայց նա հրաժարվեց:
«Փոխարենը ժամանեցի «Էվերթոն», որպեսզի օգնեմ հայրիկիս թիմին նոր մակարդակի դուրս բերել»:
Հետո էլ Անչելոտիի հետ մեկնեց Մադրիդ ու արդեն 3 տարի է այնտեղ է մեծ նվաճումների հասնում: Այդ շաբաթ նրանք ակումբի հետ 15-րդ տիտղոսին հասան ու ռեկորդ սահմանեցին: Դավիդեն գլխավոր մարզիչի աջ ձեռքն ու անփոխարինելի օգնականն է:
«Անհնար է, որ լքեմ Մադրիդը: Մինչեւ որ ինձ այստեղից չվռնդեն, չեմ գնա: Բայց մի օր կուզեի ինքնուրույն մարզել: Դա հորս կարիերայի վերջն փուլը կլինի, երբ նա դադարի մարզել, ես կանցնեմ աշխատանքի: Բայց նա կարող է աշխատել եւ մինչեւ 100 տարեկանը: Կատարյալ մարզիչ է, բայց դրա հետ մեկտեղ էլ ինձ վրա մեծ պատասխանատվություն է գցում, ինչն աճելու հիանալի հնարավորություն է տալիս»:
Հենց Դավիդեի մտահաղացմամբ է ՉԼ-ի վերջին եզրափակչում Անչելոտին 88-րդ րոպեին խաղադաշտ դուրս բերել Խոսելուին, որը 91-րդ րոպեին հաղթական գնդակն է ուղարկել «Բավարիա»-ի դարպասը:
Լուսանկարը` FC Napoli
Հոր օգնականը լինելուց բացի, Դավիդեն նաեւ նրա պաշտպանն է ու ԶԼՄ-ի հարձակումներից հետո կարող է առաջին հարվածն իր վրա վերցնել: Օրինակ՝ ՉԼ-ի եզրափակչում վերջին հաղթանակից հետո այսպես ասաց. «Արդեն հոգնեցրել եք ձեր բազմաթիվ հարցերով, նա ուզում է հանգստի մեկնել ու, ամենայն հավանականությամբ, Մոնտանայում կովերի բուծմամբ կզբաղվի»:
Դավիդեն նաեւ շատ էմոցիոնալ է ու հաճախ չի կարողանում զսպել արցունքները, ինչպես դա եղավ Թոնի Կրոսի հրաժեշտի ժամանակ:
«Ես զգայուն մարդ եմ, այդ առումով հորս եմ նման: Թոնին մեզ համար շատ կարեւոր խաղացող էր, դրա համար էլ չկարողացա թաքցնել արցունքներս: Ինձ համար շատ հուզիչ պահ էր»:
Վերջերս ինսայդեր Գիլեմ Բալագան պատմեց «Ռեալ»-ի ներքին խոհանոցի մասին:
«Կառլոն իրեն չի ծանրաբեռնում տակտիկայով, եւ աշխատանքի մեծ մասն անում է Դավիդեն: Շաբաթվա կեսին նա որդուն ասում է. «Ռոդրիգոն, Վինին ու Բելինգեմը հարձակման գծում են լինելու»: Որդին պատասխանում է. «Եղավ», եւ սկսում փազլը հավաքել: Նրա ամեն որոշում աչքի ընկնող է»:
Լուսանկարը` Getty Images
Տարաձայնություններն ու ծանր փորձը
Սակայն պետք չէ մտածել, որ հոր եւ որդու միջեւ ամեն ինչ հարթ է ու նրանք տարաձայնություններ չեն ունենում: Այս հոկտեմբերին իսպանական Marca-ն գրեց, որ Անչելոտիների միջեւ կռվախնձոր է դարձել Արդա Գյուլերը, ավելի ճիշտ նրա խաղային դիրքն ակումբում:
Դավիդեն ցանկանում էր, որ նա ավելի կարեւոր դեր խաղա թիմում ու հաճախ լինի մեկնարկային կազմում, իսկ Անչելոտին գտնում, որ 19-ամյա ֆուտբոլիստը դեռ պատրաստ չէ մեծ քանակությամբ հանդիպումներ անցկացնելու Իսպանիայի առաջնությունում ու Չեմպիոնների Լիգայում: Նրա կարծիքով՝ Գյուլերը միշտ չէ, որ առաջադրանքը լավ է կատարում ու նախընտրում է նրան թիմի հիմնական ֆուտբոլիստ դարձնել աստիճանաբար:
Մի առիթով Դավիդե Անչելոտին խոստովանել է, որ ինչքան էլ իր գործը լավ է անում, շատերի համար միեւնույն է մնում է Անչելոտիի որդին: Կառլոն տարիներ առաջ սննդաբանի պաշտոնում նաեւ փեսային էր աշխատանքի տեղավորել, ինչը եւս հաճախակի էր քննարկումների առարկա դառնում:
Լուսանկարը` Football Italia
Դավիդե Անչելոտին ամենածանր փորձն ունեցել է Նեապոլում, որի մասին մինչեւ հիմա էլ ցավով է հիշում:
«Խնդիր եղել է միայն միակ իտալական ակումբում, որտեղ աշխատել եմ՝ «Նեապոլ»-ն է: Հորս հետ արդեն երկար տարիներ եմ աշխատում ու բարեկամական կապերի մասին խոսակցությունների պակաս երբեք չի եղել: Բայց փորձել եմ անգամ ամենաբարդ շրջանում մոտիվացվել մարդկային լավ հարաբերություններով»:
Դավիդեի խոսքով՝ իրականում հոր կապերը նրան օգնել են միայն մեկ անգամ, երբ 90-ականների վերջերին իրեն որպես ֆուտբոլիստ ընդունել են «Միլան»:
Ինքնուրույն դառնալու ճանապարհին
Սնահավատ Կառլո Անչելոտին հաճախ է ուշանում թիմի մարզումներից ու դրանք սկսում է Դավիդեն:
«Նա միշտ գրպաններում միեւնույն առարկաներն է պահում, իսկ մարզումների գնալու ճանապարհին փասիանս խաղում: Եվս մեկ պարտիա էլ սկսում է նախավարժանքի ժամանակ: Քանի հայրիկը այն ավարտին է հասցնում աշխատասենյակում, թիմի հետ զբաղվում եմ ես: Թիմ մարզելու համար 4 բան է անհրաժեշտ՝ փնտրել, խորհուրդ տալ, վերահսկել ու կազմակերպել: Ամեն ինչից մի քիչ անում եմ ու խաղից առաջ դիտում մրցակցի վերջին 2 հանդիպումները»:
Լուսանկարը` Marca
Ասում են, որ Ֆլորենտինո Պերեսը հիացած է Դավիդե Անչելոտիով, նա մարզաբազայում օրական 12 ժամ է անցկացնում ու հանդիպումներից հետո չի քնում՝ ուսումնասիրում է, թե ինչն այնպես չընթացավ:
Հիմա նա երազում է մարզչական աշխատանքի անցնել «Միլան»-ում: Տարիներ առաջ դիմել է իտալական Կովերչանոյում գտնվող մարզիչների լեգենդար դպրոց ընդունվելու համար, սակայն նրան մերժել են՝ պատճառաբանելով, որ պրոֆեսիոնալ մակարդակով երբեք չի խաղացել: Նա պարզապես վերցրել է փաստաթղթերն ու մեկնել սովորելու Ուելս, որտեղի դպրոցը գերազանցությամբ ավարտել է 2023-ին: Հիմա արդեն թոփ մակարդակում մարզիչ աշխատելու արտոնագիր ունի, բայց չի ցանկանում հոր կրկնօրինակը լինել:
«Անհնար է կրկնել հորս նվաճումները, որպես մարզիչ սեփական ինքնության կարիքն ունեմ: Ես մտածում եմ թիմի մասին, որն իր գրոհները սկսում է պաշտպանությունից, բայց ամեն ինչ էլ կարողանում է անել»:
Կառլո Անչելոտին գտնում է, որ որդին արդեն պատրաստ է ինքնուրույն աշխատանքի անցնել. «Նա հիանալի մարզիչ է, ես կարող էի լինել նրա օգնականը»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: