Առանց Անտուան Գրիզմանի Ֆրանսիայի հավաքականը լրիվ այլ է լինելու, իհարկե, նրա փոխարեն նոր երիտասարդներ են գալու կամ թիմի հնաբնակներն են փորձելու լրացնել այդ բացը: Բայց կիսապաշտպանն առանձնահատուկ էր հավաքականի համար ու հենց այդ մասին էլ անդրադառնալու ենք Mediamax Sport-ի հրապարակման մեջ:
10-ամյա պատմության ավարտը
10 տարի Ֆրանսիայի հավաքականում հանդես գալուց հետո սեպտեմբերին Անտուան Գրիզմանը հայտնեց իր միջազգային կարիերան ավարտելու մասին:
«Հիշողություններով լի սրտով հայտնում եմ, որ փակում եմ կյանքիս այդ գլուխը: Շնորհակալություն անհավանական արկածների համար, Ֆրանսիայի հավաքական», -սոցկայքերում գրեց 2018-ի Աշխարհի չեմպիոնը եւ ԵՎՐՈ-2016-ի լավագույն ֆուտբոլիստը:
Գրիզմանը հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով 3-րդն է, իսկ խփած գոլերով՝ 4-րդը (44 գոլ): Օլիվյե Ժիրուն 57 գոլ ունի, Թիերի Անրին՝ 51, իսկ Լիլիան Բաբկեն՝ 48:
Լուսանկարը` FIFA
Հավաքական հասնելու ուղին
Գրիզմանը ֆուտբոլային կարիերան սկսել է Իսպանիայում, դրա համար էլ երկար ժամանակ Ֆրանսիայի պատանեկան ընտրանիների մարզիչները նրա վրա ուշադրություն չէին դարձնում: Սակայն 2010-ին Գրիզմանը, վերջապես, հայտնվեց մինչեւ 19 տարեկանների թիմում ու մասնակցեց տնային Եվրոպայի առաջնությանը, որում 2 գոլի հեղինակ դարձավ ու չեմպիոն հռչակվեց:
Երկրի գլխավոր հավաքականում նրա նորամուտը կայացավ դրանից 4 տարի անց: 2014-ի մարտին Դիդյե Դեշամը Գրիզմանին վստահեց մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալ Նիդերլանդների դեմ դիմակայությունում: Նա հարձակման գծում էր Կարիմ Բենզեմայի ու Մաթիո Վալբուենայի հետ, Ֆրանսիան հաղթեց 2:0 հաշվով:
Այդպես էլ աստիճանաբար ամրապնդվեց Դեշամի հետ 10-ամյա ամուր միությունը, Անտուանը հավաքականի կազմում 137 հանդիպման մասնակցեց, ավելի շատ խաղեր ունեն միայն Ուգո Լյորիսն ու Լիլիամ Թյուրամը, իսկ Օլիվյե Ժիրուի հետ նրանք կիսում են 3-4-րդ տեղերը:
Լուսանկարը` Eurosport
Գրիզմանը Ռուսաստանում Աշխարհի չեմպիոն հռչակվեց ու մասնակցեց թիմի փառահեղ հաղթանակներին: Նա հանդես եկավ բոլոր հանդիպումներում ու 4 գոլ հեղինակեց: Մբապեի հետ նրանք Ֆրանսիայի լավագույն ռմբարկուներն էին, Գրիզմանը աչքի էր ընկել նաեւ Խորվաթիայի դեմ եզրափակչում:
ԵՎՐՈ-ում նորամուտը նշել է տնային մրցաշարում ու մրցաշարի լավագույն ռմբարկու եւ խաղացող ճանաչվել: Նա գոլեր է խփել 6 հանդիպումներում, բացառությամբ եզրափակչի, որում զիջել են Պորտուգալիային:
Անփոխարինելին
84 հանդիպում հավաքականի մեկնարկային կազմում է խաղադաշտ դուրս եկել, 7-ամյա շարքն ընդհատվել է այս գարնանը՝ վնասվածքի պատճառով:
Դեշամը Գրիզմանին միշտ է գնահատել ու այդ մասին չի էլ թաքցրել, դա է վկայում նաեւ այն, որ տարիներ շարունակ կիսապաշտպանին ընդգրկել է մեկնարկում: Ամեն ինչ սկսվել է 2017-ի հունիսին ու շարունակվել մինչեւ 2024-ի մարտը:
Դեշամն անգամ չի էլ փորձել նրա ոճով խաղացող գտնել ու հավաքական է հրավիրել Մատեո Գենդուզիին. «Գրիզմանը միշտ էլ մնում է Գրիզման: Ես չեմ ուզում ուրիշ Անտուանի ու չեմ պատրաստվում հրավիրել որեւէ մեկին, ով նրա պես է փորձելու խաղալ»:
Լուսանկարը` UEFA
ԵՎՐՈ-2024-ի ընթացքում մարզիչը նրան երկու անգամ թողել է պահեստային նստարանին, այդ թվում՝ կիսաեզրափակչում, սակայն դրա համար պատճառներ են եղել: Այն փաստը, որ Գրիզմանը ողջ մրցաշարի ընթացքում ոչ մի գոլ չի խփել, կամ էլ գոլային փոխանցում կատարել, անդրադարձել է ընդհանուր հավաքականի արդյունավետության վրա: Ձախողման մասին խոսակցություններ կային, անգամ Դեշամն էր նշում, որ նա լավ մարզավիճակում չէ.
«Տարբեր պատճառներով Գրիզմանն ու Բաբկեն հիմա իրենց հնարավորությունների գագաթնակետին չեն: Նրանք պետք է մեր խաղն ավելի տպավորիչ դարձնեն: Սակայն նման բան դեռ տեղի չի ունեցել»:
Ունիվերսալ որակները
Ընդհանուր առմամբ մարզիչը ֆուտբոլիստի մասին միշտ էլ լավ է արտահայտվել ու նաեւ գովասանքի խոսքեր ասել. «2018-ին Ոսկե Գնդակն Անտուանը պետք է հաղթեր, հաշվի առնելով թե որքան լավ մրցաշրջան է անցկացրել ու բացի այդ էլ Աշխարհի չեմպիոն հռչակվել: Եթե մինչեւ վերջ անկեղծ ու ազնիվ լինենք, Գրիզմանն արժանի ուշադրության չի արժանանանում»:
Դեշամին դուր էր գալիս խաղացողի մտածելակերպը: Այդ մասին նա դեռ 3 տարի առաջ է խոսել. «Գրիզմանը մեր առաջատարներից մեկն է: Նա փոխում է խաղն իր շարժումներով, գնդակի վերահսկողությամբ, գոլերով ու փոխանցումներով: Անտուանը ոչ սովորական մտածելակերպով հարձակվողական ոճի կրեատիվ խաղացող է»:
Լուսանկարը` UEFA
Նա մեկ անգամ չէ, որ նշել է նաեւ Գրիզմանի ունիվերսալ լինելը, ինչը մարզչին թույլ էր տալիս տարբեր տակտիկական սխեմաներ կիրառել: 2021-ին Գրիզմանը կիսապաշտպանի դիրքում է եղել 4-3-3-ի ժամանակ, 10 համար՝ 4-2-3-1-ում ու նահանջել խաղադաշտի կենտրոն Շվեյցարիայի դեմ խաղում: Նմանատիպ իրավիճակ էր նաեւ 2024-ի ԵՎՐՈ-ին: Խմբային փուլում ազատ դիրքում էր գործում 4-3-3/4-2-3-1 սխեմաների ժամանակ, 1/8 եզրափակչում Բելգիայի դեմ նոմինալ աջ կիսապաշտպան էր (4-3-3), իսկ Պորտուգալիայի դեմ քառորդ եզրափակչում (4-3-1-2) գործում էր ինչպես 10 համար:
«Ոչ մի կասկած չունեի, պարզապես հավասարակշռության հարց էր: Անտուանը մշտապես այդ դիրքում է հանդես գալիս ակումբում, նա հարմարվելու ունակություն ունի: Գիտեմ, որ ամեն իրավիճակում կարող եմ նրա վրա հույս դնել»,- բացատրել է Դեշամը:
Ֆուտբոլիստն ինքն էլ հաստատել է իր այդ ուժեղագույն կողմի մասին. «Միշտ կարողանում եմ հարմարվել: Բայց նախ պետք է հասկանամ, թե ինչով կարող եմ օգնել թիմակիցներիս ու միաժամանակ խանգարեմ մրցակցին»:
Դրա համար էլ հավաքականում բոլորը հասկանում են, թե որքան մեծ կորուստ է իրենց համար Գրիզմանի հեռանալը:
Ճակատագրական հանդիպումը
«Չափից շատ կարճահասակ ես, չափից շատ թույլ, քեզ խաղադաշտում հեշտությամբ կտապալեն»:
Լուսանկարը` Անձանական արխիվից
Այս խոսքերը փոքրիկ Անտուանը լսում էր ամեն անգամ քիչ թե շատ խոշոր ֆրանսիական ակումբում փորձաշրջանից հետո: Աֆրիկյան արմատներով բարձրահասակ ու թիկնեղ ֆուտբոլիստների ֆոնին նա համարյա աննկատ էր՝ նրանք մոտ 10 սմ-ով բարձր էին ու 5 կգ-ով ծանր: Գրիզմանը մերժումներ ստացավ «Սենթ Էթիեն»-ից, «Լիոն»-ից, «Օսերե»-ից...
Ամեն ինչ փոխվեց, երբ 13-ամյա տղային իր հետ Փարիզ պատանեկան մրցաշարի տարավ «Մոնպելյե»-ն: Բոլոր տղաները, որոնց խաղին սկաուտներ էին գալու հետեւելու, մարզաշապիկներով էին, իսկ Անտուանը կրում էր սեւ մարզաշապիկի վրա վառ դեղին գույնով Jamaica գրությամբ շապիկ: Ամբողջ հանդիպման ընթացքում նա պահեստայինների նստարանին էր ու միայն 10 րոպե խաղաց, սակայն դա էլ բավական էր, որ սկաուտ Էրիկ Օլհատսը, որն ամբողջ աշխարհով մեկ ֆուտբոլիստներ էր փնտրում «Ռեալ Սոսիեդադ»-ի համար, նկատի նրան:
ՊՍԺ-ի մարզումային ստադիոնում, որտեղ անցկացվում էր մրցաշարը, նա լրիվ պատահական էր հայտնվել: Վայրէջք էր կատարել Շառլ դե Գոլ օդանավակայանում եւ ընկերները նրան այնտեղ էին հրավիրել պարզապես զրուցելու համար:
Այդ ընթացքում էլ խաղադաշտում նկատեց փոքրիկ, բայց տեխնիկապես ուժեղ Գրիզմանին ու նրան անհավանական տաղանդավոր համարեց:
«Նա խաղում էր տեխնիկապես, շարժվում սահուն, թեթեւ ու մյուսներից ավելի լավ, թեեւ թիմակիցներից ֆիզիկապես էր հետ մնում: Դա ինձ ասեք կուրացրեց: Հասկացա, եթե նրան օգնեն ֆիզիկապես ավելացնել, կարող է շատ հետաքրքիր խաղացող դառնալ», - հիշել է սկաուտը:
Լուսանկարը` leparisien.fr
Օլհատսն իր հեռախոսահամարը գրեց թղթի վրա ու այն հանձնեց Գրիզմանին: Ծնողները, որոնք Թունիսից նոր էին վերադարձել հանգստից, այնքան էլ ոգեւորված չէին: Հասկանալի չէր, թե նա ինչպես է սովորելու դպրոցում, որտեղ է ապրելու ու որքանով այդ առաջարկությունը կարող էր լուրջ լինել:
Սկաուտն իր բոլոր գործերը մի կողմ դրեց ու Գրիզմանի ծնողների հետ 4 օր անցկացրեց: Միայն դրանից հետո իրենց որդուն բաց թողեցին Իսպանիա:
Կյանքի նոր փուլը
Անտուանն ընդամենը 13 տարեկան էր, մինչդեռ նրա տեղափոխությունն այնպիսի կազմակերպչական դժվարություններով էր ուղեկցվում, ասեք նա իսկական աստղ լիներ:
Նախ իսպաներեն չգիտեր, բացի այդ էլ ծնողները պահանջում էին, որ ֆրանսերենով շարունակի կրթությունը, դա էլ բավական չէր՝ գիշերօթիկում տեղ չէր մնացել: Ավելի հեշտ կլիներ այդ նախաձեռնությունից հրաժարվել, սակայն Օլհատսը գտավ լուծումը՝ նա Գրիզմանին բնակեցրեց իր տանը, որը Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում էր գտնվում ու մոտ էր Սան Սեբաստիանին: Առավոտյան Անտուանը ֆրանսիական դպրոց էր գնում, ցերեկն ավտոբուս էր նստում, անցում սահմանն ու մեկ ժամից արդեն մարզվում էր «Ռեալ Սոսիեդադ»-ում:
Լուսանկարը` FourFourTwo
«Անտուանի համար շատ դժվար էր, նրան օգնություն էր պետք ու ցանկանում էր տուն վերադառնալ: Սկզբում միայն 3 շաբաթով հյուրընկալեցի, բայց ընդհանուր լեզու գտանք ու իմ տանը մնաց 6 տարի: Նրա համար հայր, մայր, տատիկ ու պապիկ դարձա»,- հիշել է սկաուտը:
Գրիզմանին ուրախացրել է, որ Իսպանիայում առաջին հերթին տեխնիկական ունակություններին էին ուշադրություն դարձնում, ոչ թե ֆիզիկականին: «Դա ինձ հաճելիորեն զարմացրեց: Մարզումների ժամանակ սովորում էինք գնդակը պահել, դրա համար պետք է շատ շարժվել, խաղալ 1-2 հպմամբ, իսկ ես այդպես գործել միշտ եմ սիրել: Ֆրանսիայում մենք առաջին հերթին մտածում էինք ուժային մարզումների մասին»:
Իսպաներեն խոսել նա սովորեց 3 ամիս անց ու հիմա խոստովանում է, որ իր հիմնական լեզուն է դարձել. «Արդեն 10 տարի է Իսպանիայում եմ ու ֆրանսերեն խոսելն այդքան էլ հարմար չէ: Անգամ շանս հետ եմ իսպաներեն զրուցում»:
Երբ պատանեկան տարիքում մի քանի օրով տուն էր մեկնում, ամեն անգամ հայրը հոգու հետ խաղում էր ու փորձում համոզել, որ մնա: Թեեւ տխրում էր, բայց միեւնույն է վերադառնում էր Իսպանիա: Սկաուտի խոսքով՝ արձակուրդից վերադառնալուց հետո Անտուանը միշտ արտասվում էր ու իրեն մի քիչ ավելի թեթեւ սկսեց զգալ միայն «Ռեալ Սոսիեդադ»-ում նորամուտից հետո:
Լուսանկարը` Sky Sports
Հիմա էլ ֆուտբոլիստը լավ հարաբերություններ ունի Օլհատսի հետ ու մշտապես կապը պահում է. «Հաճախ ենք իրար հետ օրվա մեջ խոսում սոցկայքերով ու ձայնայիններ ուղարկում: Նա ինձ շատ է վստահում: Անտուանը խորհուրդներ է հարցնում կարիերայի, իր խաղի ու ապագայի հետ կապված: Պարզապես իմ կարծիքն եմ ասում, իսկ նա լսում է»:
2016-ի ավարտին Գրիզմանը հայտնեց, որ էլ չի աշխատելու ֆուտբոլային գործակալների հետ: «Լսելու եմ միայն հայրիկիս ու իմ ուսուցիչ Էրիկ Օլհատսին»,- հայտնեց նա:
Նորամուտը «Սոսիեդադ»-ում
Գրիզմանը նորամուտը «Սոսիեդադ»-ում նշեց 2009-ին, ու ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Հիմնական խաղացողներից մեկը պարապում էր, երբ ուրուգվայցի մարզիչ Մարտին Լասարտեն խնդրեց իր մոտ բերել երիտասարդ ձախլիկ ֆուտբոլիստի: Սկզբում մարզիչները ընտրեցին Բինգեն Էրդոզիային, սակայն նա էլ վնասվածք ստացավ, եւ միայն դրանից հետո կանչեցին Գրիզմանին:
Հավաքների ժամանակ նա 5 գոլ խփեց ու էլ հիմնական կազմից չէր բացակայում: Հետո մարզիչ Լասարտեն ժպիտով հիշում էր. «Զգացողությունը, որ Գրիզմանին խաղադաշտ էի դուրս բերում, նույնն էր ինչ «Նասիոլան»-ում Լուիս Սուարեսի ժամանակ ունեի: Կասկած չունեի, որ նա օգուտ կբերի թիմին»:
Լուսանկարը` BeSoccer
2011-ին Գրիզմանի հետ կապվեց Պեպ Գվարդիոլան, իսկ 3 տարի անց նա արդեն «Ատլետիկո»-ի աստղն էր: Դիեգո Սիմեոնեն նրա հետ պայմանագիր կնքեց, որպեսզի նրա տեխնիկայի ու արագության հաշվին իր թիմի խաղն ավելի բազմազան դարձնի, ինչը միանգամից չէ, որ ստացվեց: Մինչ 2014-ի հոկտեմբերը Գրիզմանը դեռ ոչ մի գնդակ չէր խփել Լա Լիգայում, ու դժգոհ Սիմեոնեն նրան հանրայնորեն էր մոտիվացնում. «Հույս ունենք, որ մեզ համար այդ կարեւոր խաղացողը տղամարդ ու հիանալի ֆուտբոլիստ կդառնա»:
Արձագանքը միանգամից էր, հաջորդ օրը Գրիզմանը մարզչին դուբլով պատասխանեց, իսկ հաջորդ 10 խաղերում 7 գոլի հեղինակ դարձավ:
Իր առաջընթացի գլխավոր պատճառ նա նշեց Սիմեոնեին. «Նա շարժիչ ուժ է, առաջին մարզումների ժամանակ շունչս կտրվում էր, ոտքերս անհավանական ծանր էին թվում, բայց հետո ամեն ինչ տեղն ընկավ: Դիեգոն պահանջում է, որ միշտ ներգրավված լինես խաղի մեջ, բացի այդ էլ նաեւ պետք է թիմին օգնեմ ակտիվորեն պաշտպանվել»:
Հետո Գրիզմանը 4 տարի հանդես եկավ «Բարսելոնա»-ում, ապա 2021-ին վերադարձավ հարազատ «Ատլետիկո» ու նրա հետ է շարունակում իր ֆուտբոլային ճանապարհը: Իսկ ֆուտբոլի սիրահարներին մնում է շնորհակալություն հայտնել Օլատսին, որ 20 տարի առաջ ճակատագրի բերումով մի պայծառ օր հայտնվեց Փարիզում...
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: