Իսպանիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Ռոդրին այս տարի առաջին անգամ նվաճեց Ոսկե գնդակը։ The Players' Tribune-ի սյունակում նա ներկայացրել է իր պատմությունը՝ մանկությունից, ուսանողական կյանքից մինչեւ չեմպիոնություն։
Լուսանկարը` Getty Image
«Իմ ընտանիքում կրթություն ստանալը շատ կարեւոր է։ Հայրս միշտ ցանկանում էր դպրոցական ծրագրով տեղափոխվեմ ԱՄՆ սովորելու։ Բայց իմ ֆուտբոլային երազանքը դա անհնար դարձրեց։
Փոխարենը, երբ ես 14 տարեկան էի, մեկնեցի ճամբար՝ Կոնեկտիկուտի անտառներ։ Նույնիսկ անունը՝ «Կո-նեկ-տի-կուտ», խենթ է հնչում մադրիդցի մի երեխայի համար։ Երբ գնացի այնտեղ, կարծես հոլիվուդյան ֆիլմում լինեի՝ կար մեծ լիճ, երեխաներն ունեին փայտե նավակներ, բարձրանում էին ծառի վրա ու քնում վրաններում, խարույկ վառում։
Չունեինք ոչ հեռախոս, ոչ ինտերնետ։ Նոր երկրում ես լրիվ մենակ էի ու փորձում էի ընկերներ գտնել։ «Բարեւ, ես Ռոդրիգոն եմ, Մադրիդից»։ Իմ կոտրված անգլերենով միշտ ասում էի. «Տղաներ, ե՞րբ ենք ֆուտբոլ խաղալու»:
Նրանք ասում էին՝ խաղանք, ինչպես NFL-ում։
Անկեղծ ասած, դա հավանում էի, զվարճալի էր:
Բայց մեկ է, ֆուտբոլ խաղալ էի ուզում։
Ամենավատն այն էր, որ ես այնտեղ էի 2010 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ: Չէի կարողանում նույնիսկ համացանց մտել եւ իմանալ արդյունքները, մեծ ցավ էի ապրում։ Բայց գլխավոր գրասենյակում մի փոքրիկ համակարգիչ կար, եւ ես ամեն օր ճամբարի աշխատակիցներին խնդրում էի ասել, թե ով է հաղթել: Իսպանիան առաջին խաղում պարտվեց Շվեյցարիային։ Ես կարծում էի նրանք մի բան սխալ են ասում:
«Շվեյցարիա՞, իսկապե՞ս։ Համոզվա՞ծ եք, որ ճիշտ եք»:
Ժամանակն անցնում էր, Իսպանիան սկսում էր ավելի լավ խաղալ։ Կիսաեզրափակիչը Գերմանիայի դեմ էր։ Տնակում իմացա, որ Իսպանիան եզրափակչում է:
Ես երբեք ինձ տնից այդքան հեռու, բայց միաժամանակ այդքան մոտ չեմ զգացել։
Եզրափակիչ խաղը նայելու համար ես աղաչեցի գլխավոր խորհրդականին, որ թույլ տա այն դիտել իր համակարգչով: Նա դուրս բերեց իր փոքրիկ նոութբուքը։ Չափսը ինձ չհետաքրքրեց, միայն թե թույլ տային դիտել խաղը։
Նայում էի եզրափակիչը՝ շրջապատված ամերիկացիներով, որոնց չէր հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում։ Երբ Ինյեստան գոլ խփեց, ես սկսեցի բղավել եւ վազել լճի շուրջը:
Vaaaamoooooosssss!!!!!!!!!! ¡Viva España!
Ամերիկացիները կարծում էին՝ ես խելագար եմ։ Չէին կարողանում հասկանալ, թե դա ինչ է նշանակում ինձ համար:
Լուսանկարը` Getty Image
Ինձ չեն հետաքրքրում սոցիալական ցանցերը կամ 400 ֆունտ արժեցող կոշիկները: Երեխա ժամանակ ես չեմ ասել, թե ուզում եմ ֆուտբոլիստ լինել, որպեսզի կարողանամ «Ֆերարի» ունենալ։ Հիշում եմ, մեր թաղամասի կենտրոնում ընդհանուր լողավազան եւ փոքրիկ այգի կար։ Ամառը սա էր՝ ֆուտբոլ, լողավազան, ֆուտբոլ, լողավազան։ Տուն գնալ սնվելու համար, էլի վերադառնալ լողավազան։
Ծնողներիս հետ պայմանավորվեցինք, չնայած դրա մասին մենք երբեք էլ չենք խոսել, պարզապես հասկացել ենք։ Եթե ես ցանկանում եմ հասնել ֆուտբոլային երազանքիս, պետք է ընդունվեմ համալսարան։ 17 տարեկան էի, երբ Մադրիդից տեղափոխվեցի «Վիլառեալ» եւ ընդունվեցի Jaume I համալսարան։
Առաջին տարին ապրում էի «Վիլյառեալ»-ի ակադեմիայում, իսկ 18 տարիս լրանալուց հետո տեղափոխվեցի ուսանողական հանրակացարան։
Ամեն ինչ ընդհանուր էր՝ լվացքատուն, լոգարան, ճաշարան։ Ես փոքրիկ սենյակում էի մնում, չունեի ոչ հեռուստացույց, ոչ PlayStation։ Միայն մեկ նոութբուք։ Առավոտյան գնում էի մարզվելու «Վիլյառեալ»-ում, իսկ կեսօրից հետո սկսվում էին դասերս։
Ուրբաթ երեկոներն ուսանողները գնում էին ակումբ, իսկ մինչ այդ սենյակներում երաժշտություն էր հնչում, գարեջուր էին խմում։ Ես գազավորված ըմպելիքով շփվում էի հետները, հետո գնում ոչ թե ակումբ, այլ սենյակ։ Ոչ ոք չգիտեր, որ ֆուտբոլ եմ խաղում։
Մի օր մեկն ասաց. «Ռոդրիգո, ինչո՞ւ երբեք չես գալիս մեզ հետ»։
Ստիպված ասացի. «Ես ֆուտբոլ եմ խաղում: Առավոտյան մարզման եմ»։
Նրանք մի լավ ծաղրեցին ինձ։
Լուսանկարը` Getty Image
Այդ ժամանակ մարզվում էի երկրորդ թիմի հետ։ Նույնիսկ մեքենա չունեի։ Հանրակացարանը գտնվում էր «Վիլյառեալ»-ի մարզումային կենտրոնից մեքենայով 15 րոպե հեռավորության վրա։ Ես չէի կարող ամեն օր տաքսու համար վճարել։ Հեծանիվով հասնում էի տրամվայի կանգառ, հեծանիվն ինձ հետ բարձրացնում ներս, հետո իջնում ու այն վարելով անցնում ճանապարհի մնացած հատվածը։
Երբ ստացա իմ վարորդական իրավունքը, հորս ասացի, որ 3000 եվրո ունեմ։ Նա գտավ մի ծեր կնոջ, որը 4000 եվրոյով մեքենա էր վաճառում, որն ուներ համակարգիչ։
Ու ես նստում էի իմ Opel Corsa-ն, որի մեջ 8 սմ էկրան կա։ Կարող ես հպվել դրան ու ռադիոն միացնել։ Ես հիացած էի։ Ամեն օր վարում էի մեքենաս ու գնում մարզման, թիմակիցներս ծիծաղում էին ինձ վրա։
Հաջորդ տարի առաջին ելույթս ունեցա Լա Լիգայում։ Ուսանողական ընկերներս ասացին, որ հեռուստացույցով հանդիպում էին դիտում եւ էկրանին տեսել էին հաշվապահական հոսքի իրենց կուրսընկերոջը՝ 6 համարի շապիկով։
Նրանք չէին հավատում, որ դա ես եմ։
«Սպասիր, սա նույն տղա՞ն է»։
«Գուգլով փնտրիր նրան»։
«Ոչ, նա չի կարող նույն Ռոդրիգոն լինել։ Այնքան շատ ռոդրիգոներ կան»։
Երբ սկսեցի ավելի շատ խաղալ, նրանք հավատացին եւ ինձ տեսնելիս կարծես մտածում էին․ «Ի՞նչ ես անում այստեղ, այ տղա։ Երեկ երեկոյան դու Բարսելոնայում էիր խաղում»։
Դրանք իմ կյանքի ամենազվարճալի տարիներն էին: Չգիտեմ ինչու, բայց երբ վերադառնում էի համալսարան, ուղեղս «փոխվում էր» դեպի այլ աշխարհ: Այն ինձ հեռու պահեց ֆուտբոլի ճնշումից: Մյուս հիանալի բանն այն էր, որ համալսարանական հանրակացարանում հանդիպեցի իմ սիրելիին, որը բժշկություն էր սովորում։ Նա ընդհանրապես չէր հետաքրքրվում իմ ֆուտբոլային կյանքով, չէր ցանկանում լսել «Սելտա»-ի հետ ոչ-ոքիի մասին: Նա միշտ իմ «ոտքերը գետնի վրա» էր պահում։
Լուսանկարը` Getty Image
«Վիլյառեալ»-ում ես սովորեցի, թե ինչ է նշանակում լինել պրոֆեսիոնալ։ Ոչ միայն ֆուտբոլիստ, այլ հենց պրոֆեսիոնալ։ Երբ մեկ մրցաշրջանով վերադարձա տուն՝ «Ատլետիկո», իմացա, թե ինչ է նշանակում իրական մրցակցությունը։ Դիեգո Սիմեոնեի օրոք իմացա, որ պետք է խաղադաշտում լինել վատ տղա, որն 90 րոպե կդժբախտացնի մյուս թիմին։ Սա եւս կարեւոր էր։
«Սիթի» տեղափոխությունը երազանք էր: Նախքան համաձայնության գալս ես խոսեցի Սերխիո Բուսկետսի հետ։ Նա ինձ ասաց. «Պե՞պը։ Նա քեզ էլ ավելի լավ խաղացող կդարձնի»։ Սերխիոն Պեպի հետ մեծ հաջողությունների էր հասել, ուստի ես մեծ հավատ ունեի նրա խոսքերի նկատմամբ։ Եւ նա ամբողջովին իրավացի էր։
Պեպի եզակիությունն այն է, որ միշտ մեկ քայլ առաջ է։ Նրա վստահությունն ինձ համար կարեւոր էր, քանի որ 2019 թվականին, երբ եկա, մտնում էի հանդերձարան Ֆերնանդինյոյի, Ագուերոյի, Դավիդ Սիլվայի, Դե Բրույնեի հետ։ Լեգենդներ։ Երբ ես 12 տարեկան էի, գնում էի մարզադաշտ Ագուերոյի հանդիպումները դիտելու։ Նա իմ հերոսներից մեկն էր։ Եւ հիմա հանդերձարանում ես նստած եմ հենց նրա կողքին։
Լավ պահերին ոչինչ չես սովորում, պարզապես վայելում ես։ Իսկ վատի դեպքում տառապում ես ու սկսում աճել։ 2021-ի Չեմպիոնների լիգայի «Չելսի»-ի դեմ խաղից հետո, երբ տեսա ծնողներիս եւ եղբայրներիս, ոչինչ չկարողացա խոսել: Հասկացա, որ այլեւս չեմ ուզում նման զգացողություն ունենալ։ Հիմա ինձ ոչ ոք չի հարցնում 2021-ի այդ պահի մասին: Բայց դա երեւի ամենակարեւորներից մեկն էր իմ կյանքում:
Լուսանկարը` Getty Image
2023 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում խփածս գոլը «հաշվարկ» չէր։ Դա զգացողություն էր, որն ունեցել եմ դեռ 20 տարի առաջ, երբ խաղում էի այգում։ Ես մեկ քայլ առաջ գնացի, նույնիսկ չգիտեմ էլ՝ ինչու։ Դա իմ տեղը չէր, ես այդտեղ չպետք է լինեի։ Ես տեսա, որ գնդակը ցատկում է դեպի ինձ: Մտքովս անցավ․
Այն այստեղ է: Ի՞նչ անեմ։
Ուժեղ հարվածիր։
Դու հավանաբար այդ մեկ հնարավորությունը կունենաս։
Պարզապես խփիր թիրախին։
Գնդակն ուղարկիր դեպի ցանցը:
Այն այստեղ է: Փոխանցիր։
Ամեն ինչ եղավ մի ակնթարթում։ Երբ գնդակը հայտնվեց դարպասում, ես վազեցի ու ծնկներիս վրա սահեցի մեր երկրպագուների առջեւով։ Հետո մտածեցի, եւս 20 րոպե դեռ կա։ Դա երկար ճանապարհ էր։
Այդ 20 րոպեն տանջվեցինք, իսկ հետո հնչեց սուլիչը։ Դա այն զգացողությունն էր, որին սպասում էի ամբողջ կյանքում։ Ուրախությունը, որն ունեցա, ամենեւին էլ գոլ խփելը չէր, այլ 90 րոպե թիմով տառապելը եւ հաղթելն էր: Այն երկրպագուների հետ կիսելն էր, ովքեր ինձ աջակցում էին ամենասկզբից։ Այն երեխաների երեսին ժպիտ տեսնելն էր, ովքեր «Սիթի»-ի շարֆերով գալիս են խաղերին։ Ես գրկեցի ընտանիքիս ու ասացի. «Մենք դա արեցինք»:
Լուսանկարը` Getty Image
Եվրոպայի առաջնությունում եւս այդպես էր։ Եզրափակչի երկրորդ խաղակեսում ես արդեն պահեստայինների նստարանին էի։ Երբ մենք գոլ խփեցինք 85-րդ րոպեին, ես ավելի արագ վազեցի դեպի Միկել Օյարսաբալը, քան վազում էի առաջին կեսում, երբ խաղադաշտում էի։
Երկրի համար հաղթելը բոլորովին այլ զգացողություն է։ Ես հետ գնացի դեպի իմ արմատները, երբ խաղում էի լողավազանում, հետո՝ այգում, հետո կրկին լողավազանում։ Երբ ես հեծանիվս դնում էի տրամվայի մեջ ու գնում մարզման։ Երբ վազում էի Կոնեկտիկուտի անտառներով, ուրախությունից լալիս էի, քանի որ հաղթել էինք Աշխարհի գավաթում։
Գիտակցում ես, որ ուրախացրել ես ոչ թե մի քաղաք, այլ մի ամբողջ երկիր, տարբեր մարդկանց, տարբեր սերունդների։ Մի նոր սերնդի, որն առաջին անգամն է ապրում նման ուրախություն։ Քանի՞ երեխա այդ գիշեր վազեց խելագարի պես։ Հազարավոր, միլիոնավոր։
¡Viva España!
Ես գիտեմ այդ զգացողությունը՝ մաքուր ուրախության:
Լուսանկարը` Getty Image
Մեծ հարգանք ունենալով գրքերի, տնտեսագիտության եւ հաշվապահության նկատմամբ․․․ միայն մի բան կա, որ այդպես դիպչում է սրտին։ Միայն ֆուտբոլը կարող է դա անել։
Շնորհակալություն Աստծուն, որ մեր ծնողները ստիպեցին մեզ ուսում ստանալ։
Շնորհակալություն Աստծուն, որ ստեղծել է ֆուտբոլը եւ հնարավորություն տվել մեզ երազելու»։
Թարգմանությունը՝ Գոհար Նալբանդյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: