Դեկտեմբեր 22, 2024
274 դիտում

Թենիսի եւս մեկ լեգենդի հրաժեշտը. Չհանձնվելու ու պայքարի խորհրդանիշ Ռաֆայել Նադալը


Լուսանկարը` https://www.squarespace.com/

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Olymics

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` David Cup

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` BBC

Լուսանկարը` People

Լուսանկարը` Melbourne

Լուսանկարը` Next Gen

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` ATP


Ճկունությունը, հարվածների անթերի տեխնիկան, դիմացկունությունն ու կրքով խաղը Ռաֆայել Նադալի հիմնական հաղթաթղթերն էին երկար տարիներ: Լինելով աջլիկ՝ նա անհավանակասն ուժեղ հարվածների էր տիրապետում ձախ ձեռքով: Իր զարմիկին անպարտելի դարձնելու նպատակով այդ հնարքը մշակել ու դեռ փոքր տարիքից նրան սովորեցրել է հորեղբայրը՝ Թոնի Նադալը:

Ռաֆայելը ոչ միայն արդարացրեց նրա բոլոր սպասելիքները, այլ նաեւ թենիսի պատմության լավագույն խաղացողներից մեկը դարձավ:



Թենիսն ու ֆուտբոլը

Ռաֆայել Նադալ Պարերան ծնվել է 1986 թվականի հունիսի 3-ին Մալյորկայում: Նրա ընտանիքը բավական հարուստ էր, հայրը՝ Սեբաստիանը, գործարար էր, իսկ մայրը՝ Աննա-Մարիան, զբաղվում էր երեխաների դաստիարակությամբ:

Ռաֆայելը լրջորեն տարվեց ֆուտբոլով, որն իսպանացի երեխաների ամենասիրելի մարզաձեւերից է: Նրա կուռքը սեփական հորեղբայրն էր՝ 3 աշխարհի առաջնությունների մասնակից Միխել Անխել Նադալը, իսկ սիրելի ակումբները «Մալյորկա»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը, որին մինչեւ հիմա էլ շարունակում է երկրպագել: Ոչ մեկը չէր կասկածում, որ փոքրիկ Ռաֆան մարզիկ է դառնալու, մնում էր պարզել սպորտաձեւը:

Դեռ 4 տարեկանում Անտոնիտո հորեղբայրը, որն առավել հայտնի է Թոնի անունով, Ռաֆային ռակետ նվիրեց: Նոր մարզաձեւն այնքան գրավեց տղային, որ սկսեց համատեղել ֆուտբոլն ու թենիսը: Մարզիչը հենց Թոնին էր, որն այն ժամանակ աշխատում էր թենիսի մանկական ակումբում:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Սակայն երկու մարզաձեւերով տարվածությունը դպրոցում ցածր գնահատականների պատճառ դարձավ, ու հայրը Ռաֆայելի առջեւ պայման դրեց՝ ընտրել միայն մեկը, եւ իհարկե, բոլորս էլ գիտենք, թե նա որին նախապատվությունը տվեց:

Համար մեկ մարզաձեւը

8 տարեկանում Նադալը դարձավ տարածաշրջանային մրցաշարի հաղթող, իսկ 12-ում նվաճեց իսպանական ու եվրոպական բոլոր մրցաշարերի չեմպիոնի կոչումը:

15-ում նա տեղափոխվեց պրոֆեսիոնալ լիգա, որտեղ եւս մեծ հաջողություններ գրանցեց: 16-ում հասավ Ուիմբլդոնի պատանեկան մրցաշարի կիսաեզրափակիչ, իսկ 2 տարի անց Իսպանիայի հավաքականի հետ դարձավ Դեւիսի Գավաթի հաղթող: Հետագա տարիներին մասնակցեց բոլոր կարեւոր մրցումներին, ընդգրկվեց լավագույն եռյակում ու բավական արագ բարելավեց սեփական վիճակագրությունը:

17 տարեկանում Նադալը մրցաշրջանն ավարտեց թոփ-50-յակում ու արժանացավ «Տարվա հայտնություն» մրցանակին: Առաջին անհատական մրցանակն ATP-ում նվաճեց 2004-ին, իսկ մեկ շաբաթ անց նորամուտը նշեց Պեկինի Օլիմպիական խաղերում: Նույն տարվա ավարտին նա Իսպանիայի հավաքականի հետ նվաճեց Դեւիսի գավաթը՝ ԱՄՆ-ի հետ որոշիչ 5-րդ խաղում հաղթելով Էնդի Ռոդիկին:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ Ռոլան Գարոսում, անհավանական հաղթանակը նրան Աշխարհի 3-րդ ռակետ դարձրեց, իսկ հետագա 16 հաղթանակների շնորհիվ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Մրցաշրջանի ավարտին Ռաֆան վնասեց ոտքն ու ստիպված էր բաց թողնել 2006 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը եւ մի քանի այլ մրցաշարեր: Վնասվածքը կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ, սակայն նրա մարզիչը գտավ ոտքի արդյունավետությունը վերականգնվելու միջոցը:

«Ինձ համար սպորտն ամեն օր կատարելագործվելու համար իրականացվող ջանքերն են: Սպորտը հենց այն է, ինչն ամենալավն է բնութագրում քեզ: Կյանքում ամեն ինչի հասնելու ամենալավ միջոցը աշխատանքն է»,- համարում է Նադալը:

Փայլուն նվաճումները

2008-ը Նադալի կարիերայի առաջին գագաթնակետն էր, նա հեշտությամբ նվաճեց Ռոլան Գարոսի հաղթողի տիտղոսը, իսկ ավելի ուշ Ուիմբլդոնի եզրափակչում մրցեց Ռոջեր Ֆեդերերի հետ: Այդ համարյա մեկ օր ձգված եզրափակչում (այն տեւեց 4 ժամ 48 րոպե ու երկու անգամ ընդհատվեց անձրեւի պատճառով), իսպանացուն հաջողվեց ծանր պայքարում հաղթել վաղեմի մրցակցին ու 1-ին տեղը զբաղեցնել Լոնդոնում եւ տղամարդկանց դասակարգման աղյուսակում: Պեկինի Օլիմպիական խաղերը Նադալին եւս մեկ ոսկե մեդալ բերեցին մենախաղում:

Լուսանկարը` Olymics


2017-ին Ֆրանսիայի բաց առաջնությունում նա 10-րդ անգամ հաղթող ճանաչվեց: Մեծ Սաղավարտներն ու տպավորիչ հաղթանակները Նադալի կարիերայում սկսեցին հաջորդել իրար ու նա կարիերան ավարտեց 22 Մեծ Սաղավարտով: Վերջիններն իսպանացին նվաճել է 2022-ին՝ նախ Ավստրալիայի բաց առաջնությունում մի քանի տպավորիչ հաղթանակով հասավ եզրափակիչ, ապա ուժեղ գտնվեց Դանիիլ Մեդվեդեւից ու Մեծ Սաղավարտներում նվաճած մրցանակների քանակով բացարձակ առաջատար դարձավ: Ապա Ռոլան Գարոսում նվաճեց 22-րդ Մեծ Սաղավարտը՝ մրցաշարում տոնելով իր 14-րդ ռեկորդային չեմպիոնությունը: Մեծ Սաղավարտների քանակով իսպանացուն միայն Նովակ Ջոկովիչն է շրջանցել, նա 24-ն ունի:

Վնասվածքները

Յուրաքանչյուր պարտված հանդիպումից հետո տեղի ունեցող մամուլի ասուլիսների ժամանակ լրագրողները Նադալից հետաքրքրվում էին, թե երբ է ավարտելու կարիերան: Թենիսիստը շարունակում էր պնդել, որ այդ անհաջողությունները երբեք չեն կարող առիթ դառնալ, որ թողնի սպորտը: Նա միշտ պատրաստ էր կռվել տիտղոսների համար, քանի դեռ դա թույլ էին տալիս առողջությունն ու մարզավիճակը:

Սակայն վնասվածքները սկսեցին աստիճանաբար Նադալի կյանքի անբաժան մասը կազմել եւ անդադար խանգարում էին նրան: 2023-ին մի շարք պարտություններից հետո ԶԼՄ-ը սկսեցին գրել, որ Նադալն իր կարիերայի վատագույն շրջանն է անցկացնում: Նման վատ վիճակագրությունը բացատրվում էր լուրջ վնասվածքով՝ 2022-ի ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկից առաջ Նադալը պատռել էր փորի մկանն ու չնայած բուժմանը՝ շարունակում էր ցավ զգալ: Ավստրալիայի բաց առաջնությունից առաջ, երբ նա պետք է պաշտպաներ տիտղոսը, այդքան էլ լավ վիճակում չէր գտնվում:

Լուսանկարը` Getty Images


Մելբուռնում հազիվ մեկ շրջան կարողացավ անցնել, ապա պարտություն կրեց ու չթաքցրեց, թե որքան զայրացած է: Հասկանում էր, որ ոտքի վնասվածքի պատճառով, որը նրան խանգարում էր անգամ նորմալ քայլել, չի կարողանա նորից հաղթել, բայց նաեւ ինքնակամ մրցաշարից հեռանալ չէր ուզում:

Հաջորդ ամիս այդպես վարվեց Մայամիի եւ Ինդիան Ուլեսի Մասթերսների դեպքում, ու այդ պատճառով 2005 թվականից հետո առաջին անգամ դուրս մնաց լավագույն 10-յակից: Մայիսին Նադալը մամուլի ասուլիս հրավիրեց ու հայտնեց, որ մինչեւ մրցաշրջանի ավարտը դադար է վերցնում եւ կվերադառնա 2024-ին: Մարզիկն ընդգծեց, որ անգամ մարզումների ժամանակ է ցավ զգում, դրա համար էլ մրցաշարերին չի հայտավորվում: Ամռանը նա ձախ ազդրի վիրահատության ենթարկվեց ու մինչեւ տարեվերջ վերականգնվում էր:

2024-ին թենիսիստն իսկապես վերադարձավ, բայց զգալի հաջողությունների չհասավ: Նորից հանդես եկավ Օլիմպիական խաղերում, սակայն Նովակ Ջոկովիչի հետ պայքարում զիջեց, Կառլոս Ալկարասի հետ զուգախաղում էլ նրանց չհաջողվեց մեդալակիր դառնալ: Դրանից հետո մարզիկը հասկացավ, որ նրա համար բարդ կլինի տիտղոսների համար պայքարել ու հոկտեմբերի 10-ին հայտնեց կարիերան ավարտելու մասին:  

Լուսանկարը` Getty Images


«Վերջին տարիները ու, հատկապես, երկուսը բավական ծանր էին, ի վիճակի չէի առանց ցավազրկողների խաղալ: Սա իսկապես բարդ որոշում է եւ այն կայացնելու համար որոշ ժամանակ պետք եղավ, բայց այս կյանքում ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ: Հիմա ճիշտ ժամանակն է կարիերան ավարտելու համար: Ինձ բացառիկ երջանիկ մարդ եմ զգում, որ կարողացել եմ նման ճանապարհ անցնել ու այդպիսի նվաճումների հասնել»,- հայտնեց նա:

Իր վերջին հանդիպումը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրեց Դեւիսի Գավաթում ու կրեց Իսպանիայի հավաքականի մարզաշապիկը: Նա 4:6, 4:6 հաշվով զիջեց հոլանդացի Բոտիկ վան Զանդսհուլպին:

«Շատ էմոցիոնալ օր ստացվեց, քանի որ պրոֆեսիոնալ թենիսում իմ վերջին հանդիպումն էր: Խաղացողի կարգավիճակում վերջին անգամ Իսպանիայի օրհներգը լսելը յուրահատուկ էր: Ես չեմ հոգնել թենիսից, պարզապես մարմինս չի ցանկանում խաղալ»,- հրաժեշտի խոսքում նշեց հուզված Նադալը:

Իսկ տրիբունաներում ու հեռուստաէկրանների մոտ նրա հետ հուզվել էին թենիսի բազմահազար սիրահարները: Նադալը մի ամբողջ ժամանակաշրջան էր սպորտում,  հաղթանակի եւ չհանձնվելու խորհրդանիշ:

Նա Մեծ Սաղավարտի 22-ակի հաղթող է, 92 անգամ էլ ATP-ի մրցաշարերում է լավագույնը եղել եւ կարիերայի ընթացքում վաստակել 135 մլն դոլար գումար: 209 շաբաթ Աշխարհի առաջին ռակետն է եղել, ռեկորդակիր է նույն ծածկույթի վրա տարած հաղթանակների քանակով՝ Նադալը 81 անգամ լավագույնն է եղել գրունտի վրա: Նա պարզապես սիրելի Ռաֆան է, որն ամեն անգամ նույն սկզբունքայնությամբ ու ճշտությամբ դասավորում էր ջրի շշերը, որպեսզի նրանք գոնե մեկ սմ-ով իրարից չշեղվեն, կրկնում էր դեմքի ու հագուստի հետ կապված արարողակարգը՝ հավատալով, որ դրանք իրեն հաջողություն են բերում:

Լուսանկարը` ATP


Ակադեմիան

Ժամանակին Նադալը ոչ միայն սեփական կարիերայի մասին է մտածել, այլ նաեւ փորձել մարզաձեւը սիրելի դարձնել իր հարազատ Մալյորկայում: Այնտեղ սեփական մարզումային բազայի տարածքում թենիսի ակադեմիա է հիմնել, որտեղ երիտասարդ խաղացողները հնարավորություն են ստանում համատեղել լավագույն մասնագետների հետ մարզումներն ու ուսուցումը:

Ակադեմիայում կա հյուրանոց, սրճարան, մարզումային դահլիճ, բժշկական կենտրոն, թանգարան, որտեղ պահվում են գավաթներ, մեդալներ, ռակետներ ու Նադալի մասնակցությամբ առավել կարեւոր հանդիպումների հագուստներ: Ակադեմիայի հանրակացարանում բնակվում են 11-18 տարեկան սաներ, որոնք այդտեղ են ժամանում աշխարհի տարբեր կետերից:

Ակադեմիան 3 ծածկերով 45 կորտ ունի, պադել խաղալու համար տարածք, ինչպես նաեւ ֆուտբոլային դաշտ, լողավազան, ֆիթնես ու սպա կենտրոն: Թենիս խաղալ ու ակադեմիայի պայմաններին ծանոթանալ կարող է յուրաքանչյուր ցանկացող: Ռաֆան գտնում է, որ երեխաներն ու մեծերը պետք է սեփական փորձով տեղյակ լինեն սպորտով զբաղվելու դրական փորձին ու ընկղմվեն խիստ գրավիչ մթնոլորտի մեջ: Նա հավատում է, որ յուրաքանչյուրի կյանքն էլ սպորտի շնորհիվ կարող ավելի լավը դառնալ:

Լուսանկարը` Անձնական արխիվ


2016-ից գործող ակադեմիան իսկական թենիսի դրախտավայր է եւ ժամանակին այնտեղ մարզվել են Կառլոս Ալկարասը, Կասպեր Ռուդը, Գրիգոր Դիմիտրովը, Իգա Շվենտեկը եւ ուրիշներ:

Ակադեմիայի տարածքում է գտնվում նաեւ Նադալի անվան Միջազգային դպրոցը, որտեղ երեխաները նաեւ սովորում են, իսկ զբոսաշրջիկները կարող են բնակվել սպորտային կենտրոնի համարներում: Թանգարանի շնորհիվ տարեկան մոտ 50 հազար մարդ է այցելում ակադեմիա ու ծանոթանում Նադալի անցած ճանապարհին:

Նադալն ընդլայնել է Ակադեմիայի ցանցն ու մասնաճյուղեր բացել Հունաստանում, Հոնկոնգում եւ Մեքսիկայում: Դրանք գործարկվել են Grand Palladium հյուրանոցների միջազգային ցանցի հետ ու նախատեսված են մեծահարուստների համար: Նրանք լավագույն մարզիչների օգնությամբ բարելավում են իրենց որակներն ու բարեգործության համար գումարներ հատկացնում: Սովորելու այս մեթոդը մշակել է Թոնի Նադալը: Եթե Մալյորկայի ակադեմիան շեշտը դնում է երեխաների վերապատրաստման վրա, ապա այդ կենտրոններն ավելի շատ թենիսային տուրիզմին են զարգացնում:  

Բիզնես կայսրությունը

Նադալն աշխարհի լավագույն թենիսիստներից մեկն էր ու պատահական չէ, որ նրա հետ շատ խոշոր ընկերություններ էին ցանկանում պայմանագրեր ստորագրել: Այդ համագործակցությունների արդյունքում նա կարողացել է ավելի քան 425 մլն դոլար վաստակել:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Իր հրաժեշտի տեսանյութում Նադալը շնորհակալություն հայտնեց իր ընտանիքի անդամներին, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել թենիսիստի բիզնես կայսրության կայացման գործում:

Հայրը՝ Սեբաստիանը, Ռաֆայել Նադալի հիմնադրամի փոխնախագահն է, ինչպես նաեւ որդու եւս մեկ այլ ներդրումային ընկերության՝ Growth Inversiones-ի տնօրենների խորհրդում է: Մայրը՝ Անա Մարիան, հիմնադրամի նախագահն է, ինչպես նաեւ Aspermir ընկերության ղեկավարը: Քույրը՝ Մարիբելը, զբաղվում է Ակադեմիայի մարքեթինգով ու վաճառքներով, հորեղբայրը՝ Թոնին, ղեկավարում է Ակադեմիան, իսկ կինը՝ Մարիան, հիմնադրամի ղեկավարներից է:

Բայց Նադալը ոչ միայն գումարներ է վաստակում, այլ դրանք նաեւ հատկացնում բարեգործությանը: 2007 թվականին նա Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասի հետ բարեգործական ֆուտբոլային հանդիպում է կազմակերպել «Իկերի ընկերներն ընդդեմ Ռաֆայի ընկերների» եւ ամբողջ հասույթը փոխանցել երեխաների համար մալարիայի դեմ պատվաստանյութի ձեռքբերմանը: Միասին նրանք 100 հազ. դոլար են հավաքել:

Հենց այդ հաջողությունն էլ Նադալին ոգեշնչել է ստեղծել սեփական բարեգործական հիմնադրամը, որի նպատակը հասարակության առավել անապահով խմբերին օգնելն է: Հիմնադրամը կենտրոնացած է երեխաների ու երիտասարդների վրա:

Լուսանկարը` David Cup


Հենց նույն օրը, երբ Նադալը հայտնեց կարիերան ավարտելու մասին, Հիմնադրամի ներկայացուցիչները մադրիդյան կլինիկաներից մեկի հետ հայտնեցին հատուկ խմբի ստեղծման մասին, որն անվճար կհետազոտի Մադրիդի խոցելի խմբերի երեխաներին: Հետազոտությունները վերաբերվում են տեսողությանն ու անցկացվելու են Մադրիդում գտնվող Նադալի հիմնադրամի կենտրոնում:

Ընտանիքը

Ռաֆայել Նադալը երկար տարիներ կայուն են եղել ոչ միայն կորտում, այլ նաեւ՝ անձնական հարաբերություններում: 2005 թվականին նա հանդիպել է Մարիա Ֆրանչեսկա Պերելլոյի հետ, ծանոթացել են թենիսիստի քրոջ՝ Էլիսի շնորհիվ:

Նրանք երկար ժամանակ փորձում էին թաքցնել իրենց սիրավեպը, բայց ժամանակի ընթացում լրագրողներն ամեն ինչ բացահայտեցին: 2015-ին տված հարցազրույցում Ռաֆան ու Մարիան խոստովանեցին, որ ցանկանում են ընտանիք կազմել եւ երեխաներ ունենալ: Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 2019 թվականին, 350 հյուրերի թվում էին շատ մարզիկներ, անգամ Իսպանիայի Խուան Կառլոս թագավորն ու Սոֆյա թագուհին:

2022 թվականին հայտնի դարձավ, որ Նադալի ընտանիքում համալրում է սպասվում, տղան ծնվեց հոկտեմբերին ու նրան հոր պես Ռաֆայել անվանեցին: Առաջին մրցաշարին ներկա եղավ 3 ամսականում, երբ 2023-ի հունվարին ծնողների հետ մեկնեց Ավստրալիա: Շուտով Նադալի ընտանիքում եւս համալրում կլինի՝ սպասում են երկրորդ երեխային:

Լուսանկարը` Getty Images


Մազերը

Նադալի կարիերային հետեւող երկրպագուներն անկասկած գիտեն մազաթափության հետ կապված նրա խնդիրների մասին: Թենիսիստին շատ էին անհանգստացնում թափվող մազերն ու նա համարյա չէր հանում գլխարկը: Դեռ 2016-ին էին ԶԼՄ-ը սկսել գրել այդ խնդրի մասին:

Արդյունքում նա որոշեց մազերի փոխպատվաստում անել, սակայն հարցի նման լուծումը էական արդյունքների չբերեց: Սկզբում ամեն ինչ իսկապես Նադալի ուզածի պես էր, բայց աստիճանաբար մազերը սկսեցին նորից թափվել:

Իր կյանքի ու կայացման ճանապարհի մասին Ռաֆայել Նադալը Ջոն Կարլինի հետ համահեղինակությամբ պատմել է «Ռաֆա. Իմ պատմությունը» գրքում, որտեղ շատ հետաքրքիր մանրամասներ կարելի է գտնել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին