Դեկտեմբեր 22, 2024
1573 դիտում

«Նոա»-ն «Չելսի»-ի դեմ խաղից առաջ պատրաստ է «կայանել տապանը». «Նյու Յորք Թայմզ»-ի անդրադարձը


Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah


«Նոա» ֆուտբոլային ակումբը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում։ Երեկ ակումբի մասին հրապարակում էր արել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, իսկ Կոնֆերենցիաների Լիգայում «Սթեմֆորդ Բրիջ»-ում «Չելսի»-ի հետ խաղից առաջ թիմի մասին գրել է «Նյու Յորք Թայմզը»:


Հոդվածը լույս է տեսել «Ո՞վ է «Նոա»-ն»: Անվանվել է աստվածաշնչյան հեքիաթի պատվին եւ պատրաստ է «Չելսի»-ի դեմ խաղից առաջ «կայանել տապանը»» վերնագրով: Ներկայացնում ենք հոդվածի առավել ուշագրավ հատվածները:

«Գլխավոր մարզիչ Ռուի Մոտայից երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի կապ զգա հայկական ակումբի հետ: ՈւԵՖԱ-ի աղյուսակում 308-րդ տեղը զբաղեցնող «Նոա»-ն գլխավորելուց 6 ամիս անց նա իրենցից 300 հորիզոնականով առաջ գտնվող «Չելսի»-ի հետ կայանալիք խաղից առաջ հնարավորինս մեծ աջակցության կարիք ունի:

Հասկանալի է, որ կարդալով այս ամենը՝ այդքան էլ մեծ տեղեկություններ չեք ստանա «Չելսի»-ի մրցակցի մասին:

Ակումբը գոյություն ունի արդեն 8 տարի, իր ուղին սկսել է «Արցախ» անունով, սակայն 2019-ին անվանափոխվել է «Նոա»-ի: Մինչ այս պահը ակումբի նվաճած միակ տիտղոսները Հայաստանի Գավաթն ու Սուպերգավաթն են:

Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ ակումբի անվանումը կապ ունի բիբլիական կերպարի հետ, իրավացի են: Աստվածաշնչի առաջին գլուխը՝ Ծննդոցն, ավարտվում է Նոյան Տապանի մասին լեգենդով, համաձայն որի՝ ջրհեղեղից փրկվելու համար Նոյի կառուցած տապանը հասնում է Արարատ լեռ: Թեեւ հիմա այն գտնվում է Թուրքիայի տարածքում, սակայն համարվում է ազգային խորհրդանիշ ու պատկերված է Հայաստանի զինանշանի վրա: Լեռը վեր է խոյանում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի դիմաց:

Լուսանկարը` FC Noah


Կոնֆերենցիաների Լիգայում «Նոա»-ն հաղթել է որակավորման բոլոր խաղերում, ամենատպավորիչն ԱԵԿ-ի նկատմամբ էր 3:2 հաշվով գրանցած հաջողությունն էր: Հանդիպումները թիմի համար սկսվել են դեռ հուլիսի 11-ին։ Այդ նույն ժամանակ «Չելսի»-ն ընկերական հանդիպում անցկացրեց մակեդոնական «Շկենդիա»-ի հետ ու հաղթեց 2:0 հաշվով:

Ռուի Մոտան տրանսֆերային պատուհանի ժամանակ պետք է բավական արագ գործեր: 45-ամյա մասնագետին Հայաստան էին բերել վրացական «Դիլա» ակումբից, որին դրանից կարճ ժամանակ առաջ նա կարողացել էր հասցնել մրցաշարային աղյուսակի վերին հատված:  

Ակումբը սկսեց ֆուտբոլիստներ ձեռք բերել, 3 շաբաթվա ընթացքում պայմանագիր կնքեց 16 խաղացողի հետ, որոնց մեծ մասն արտասահմանից է: Ի տարբերություն «Չելսի»-ի, որը վերջին 2 տարիներին իր կազմն ուժեղացնելու համար ծախսել է 1 մլրդ ֆունտ ստերլինգ, «Նոա»-ի բոլոր ֆուտբոլիստներն ազատ գործակալներ էին: Ու եթե անգլիական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Ռիս Ջոնսը շաբաթական ստանում է 250 հազ. ֆունտ ստերլինգ, «Նոա»-ի բոլոր ֆուտբոլիստները 5000 ֆունտից քիչ են վաստակում:

Մոտան 2009 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել մի քանի ակումբներում, այդ թվում՝ 2012-2016-ը վերլուծաբան եղել «Սպորտինգ»-ում։ Իր ունեցած տվյալների երկար ցուցակն օգնեց նրան:

Լուսանկարը` FC Noah


«Ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանն ինձ ասաց, թե որքան գումար ունենք նախատեսած ու հետաքրքրվեց՝ արդյոք դրանով կարո՞ղ ենք որեւէ բանի հասնել: Ու ես պատասխանեցի. «Այո, եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք լավագույն տարբերակը ստանալ»: Իմ թիմն ու ակումբի աշխատակիցները հսկայական աշխատանք են կատարել՝ընդամենը 3 շաբաթ ունեինք, որպեսզի ամբողջ թիմը պատրաստեինք: Բայց նախ պետք էր հասկանալ, թե ինչպիսի ֆուտբոլիստների կարիք ունենք: Տեխնիկատակտիկական որակներն, անկասկած, կարեւոր են, բայց առավել էական է, որ ֆուտբոլիստները կամային լինեն: Մենք հաղթանակների քաղցի ծարավով խաղացողներ էինք փնտրում: Ինձ նույնիսկ ավելի լավ որակներով ֆուտբոլիստների առաջարկեցին, բայց նրանք այնպիսի տեսք ունեին, ասեք իրենց կարիերայում ամենակարեւորին արդեն հասել են ու միակ նպատակը մարզավիճակը պահելն է: Մինչդեռ ես իմ նման «քաղցած» խաղացողներ էի ուզում գտնել»,- պատմել է Մոտան:

Նրա պես մեծ հավակնություններ ունի նաեւ ակումբի նախագահը. «Իմ նպատակն է, որ «Նոա»-ն հայկական ֆուտբոլի հիմնասյուներից մեկը դառնա, հետեւողական հաջողություններ գրանցի Հայաստանի առաջնությունում ու մեր երկիրը հպարտորեն ներկայացնի միջազգային ասպարեզում: Մեր երկարաժամկետ նպատակներից են հայկական ֆուտբոլը նոր մակարդակի վրա բարձրացնելը եւ հավաքականի համար երիտասարդ տաղանդներ դաստիարակելը: Ի վերջո, «Նոա»-ն պատկերացնում եմ որպես հայկական ֆուտբոլի ապագայի հիմք»:  

Նրա խոսքով՝ նախատեսում են 15-20 հազարանոց ստադիոն կառուցել: Արդեն բանակցություններ են վարում աշխարհով մեկ սպորտային կառույցների շինարարության փորձ ունեցող բրիտանական ընկերության հետ: Ստադիոնը նախատեսված է լինելու միջազգային հանդիպումներ կազմակերպելու համար:

Իսկ մինչ այն պատրաստ կլինի, թիմն իր տնային հանդիպումներն անցկացնում է 3100 հանդիսական տեղավորող Աբովյանի քաղաքային մարզադաշտում:

Լուսանկարը` FC Noah


«Չելսի»-ի դեմ խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել Եվրոպայում բնակվող հայերի շրջանում, որոնք պատրաստ են մեկնել Լոնդոն ու աջակցել հայկական ակումբին: Ընդ որում՝ Մեծ Բրիտանիայում էլ մեծ հայկական համայնք կա:

«Սա ամենամեծ հանդիպումն է, որը հայկական ակումբը երբեւէ անցկացրել է եվրոպական մակարդակում ու հանդիպելու է ամենաուժեղ մրցակիցներից մեկին: Մեր երկրպագուների հետ այդ օրը անմոռանալի ենք դարձնելու»,- ասել է Վարդանյանը:

Իսկ ամփոփումն անենք «Նոա»-ի իսլանդացի կիսապաշտպան Գուդմունդուր Տորարինսոնի խոսքով, որը հղում է կատարել պաշտպանություն սիրող թիմերի մասին «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մեջբերմանը. «Կփորձենք սեփական խաղը ցույց տալ, բայց կարող են լինել պահեր, երբ «տապանը կայանելու» կարիք կունենանք»»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին