Դեկտեմբեր 08, 2024
exclusive
1309 դիտում

«Հայաստանի պատմական նվաճումը ոգեւորություն չառաջացրեց». 100-ամյակի թիմի հաջողության գաղտնիքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարի ՖԻԴԵ-ն նշում է հիմնադրման 100-ամյակը։ 45-րդ Համաշխարհային Օլիմպիադայի ժամանակ տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվեց, որ հարյուրամյակի լավագույն թիմը Հայաստանի տղամարդկանց ընտրանին է։

Mediamax Sport-ը կներկայացնի շախմատին նվիրված հոդվածաշար եւ զրույցներ կունենա այս տարիներին Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված եւ մեդալներ նվաճած տարբեր խաղացողների հետ։ Բացումն անենք թիմի ամենափորձառու խաղացող Գաբրիել Սարգսյանի, երիտասարդ առաջատար Հայկ Մարտիրոսյանի եւ գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանի հետ։

-Եկեք միասին հիշենք, թե երբ եք հայտնվել Հայաստանի հավաքականում ու որ մրցաշարին մասնակցել:

Գաբրիել. 2000 թվականին եմ առաջին անգամ հանդես եկել հավաքականում, երբ 17 տարեկան էի: Թիմում ընդգրկվելու միակ տարբերակը Հայաստանի չեմպիոն դառնալն էր, ինչն ինձ հաջողվեց: Հավաքականը երկրի անկախությունից անմիջապես հետո՝ 1992-ին միանգամից հաջողության է հասել: Մեր հավաքականի ելույթները կարելի է 3 փուլի բաժանել՝ 1992-2004 , 2004-2016 եւ 2016-ից մինչեւ հիմա: Ամենաուժեղը դեռ 2-րդ սերունդն է, երբ մեզ հաջողվեց 3 անգամ դառնալ Օլիմպիադայի հաղթող ու նվաճել նաեւ Աշխարհի թիմային չեմպիոնի կոչումը: Առաջին ու ներկայիս սերունդներն էլ բավական ուժեղ են ու նրանք էլ մրցանակների են արժանացել, բայց երկրորդը շատ-շատ էր տարբերվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկ. Ես 2018 թվականի առաջնությունում հաղթեցի ու հավաքականի անդամ դարձա: Այդ տարի էլ 1-ին անգամ մասնակցեցի Համաշխարհային Օլիմպիադային:

Արման. Հավաքականում 2009-ին եմ խաղացել, 2012-2013-ին թիմի հետ մրցաշարերի եմ մասնակցել որպես երկրորդ մարզիչ, իսկ գլխավոր մարզիչ դարձա 2022-ին:  

-Երբ նոր էիք համալրել հավաքականը, ովքե՞ր էին հանդես գալիս այնտեղ ու ինչպիսի՞ն էր հարմարվելու ընթացքը:

Հայկ. Հավաքականում խաղում էին Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Ինձ համար շատ մեծ պատիվ էր այդ շախմատիստների հետ խաղալ, հիմա էլ ուրախ եմ, որ Գաբրիելը դեռ թիմում է: Մանկուց երազել եմ ընդգրկվել հավաքականում եւ այդ ցանկությունն ավելի մեծացավ ընտրանու նվաճումներից հետո: Նրանց հետ մեկ թիմում լինելը շատ յուրահատուկ էր: Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականն աշխարհում լավագույններից մեկն է, որովհետեւ եթե անգամ մեդալներ էլ չի նվաճում, միշտ պայքարում է ու մոտ լինում լավագույն եռյակին:

Արման. Գաբրիելի նշած 2004-ի հավաքականը, որը մեծ հաջողությունների է հասել, իսկապես, շատ ուժեղ էր: Թիմում խաղացել են Արոնյանը, որը երկար ժամանակ աշխարհի 2-րդ ամենաուժեղ շախմատիստն էր, Վլադիմիր Հակոբյանը, հետո միացավ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիելը հիմա էլ շարունակում է ներկայացնել Հայաստանը:  Գործակցով եւս հավաքականը բավական բարձր հորիզոնականներում էր ու միշտ նվաճումների էր հասնում: Այն ժամանակ 4 շախմատիստներն ընդգրկվում էին գործակցով ու նրանց էր միանում Հայաստանի չեմպիոնը, ես նույնպես այդպես եմ թիմի անդամ դարձել: Հիմնականում միշտ նույն մարդիկ էին խաղում, միայն 1-2 փոփոխություն էր լինում: Հիմա այդ առումով ամեն ինչ այլ է՝ 2022-ի հավաքականից այս Օլիմպիադայում միայն Գաբրիելն ու Ռոբերտն են մասնակցել, մյուսները փոխվել են: Հայկն իր 2-րդ Օլիմպիադային մասնակցեց, թեեւ արդեն երկար տարիներ հավաքականում է: Առաջին խաղատախտակի վրա էլ 2-րդ մրցաշարում ուժերը չափեց, մինչ այդ Եվրոպայի առաջնությունում էր խաղացել: Մշտապես մեր հավաքականը լավ արդյունքներ է ցույց տալիս, այս անգամն էլ բացառություն չէր, կիսեցինք 2-6-րդ տեղերը:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկ. Ցանկալի է 2-6-րդը լինել, բայց արդյունքում արծաթե մեդալակիր դառնալ (ծիծաղում ենք, խմբ.):

-Գաբրիել, վերադառնանք 2000-ականներ, ինչպիսի՞նն էր այն ժամանակվա հավաքականն ու քեզ որպես նորեկի ինչպե՞ս ընդունեցին:

Գաբրիել. Առաջին մրցաշարս շատ լավ եմ հիշում՝ 2000 թվականի Ստամբուլի Օլիմպիադան էր: Առաջին տախտակի վրա Ռաֆայել Վահանյանն էր, 20-ամյա Կարեն Ասրյանը 3-րդն էր, խաղում էին նաեւ Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանն ու ես: 9-րդ տուրից հետո առաջին տեղում էինք ընթանում ու ժողովների ժամանակ միշտ մտածում էինք՝ ինչպես եռյակում ընդգրկվենք, ինչն ինձ համար մի քիչ տարօրինակ էր: Մեր թիմն ուժեղ մրցաշարում դեռ հաղթող չէր դարձել, միայն 1992-ի Օլիմպիադայում էր բրոնզ նվաճել: Հոգեբանորեն առաջինը լինելու մտածելակերպը չունեինք: Հետագայում այդ առումով ավելի մեծ վստահություն ձեռք բերեցինք ու սկսեցինք բոլոր մրցաշարերում պայքարել առաջին տեղի համար: Հաջորդ Եվրոպայի առաջնության վերջին տուրում ոչ-ոքի գրանցելու դեպքում 2-րդը կլինեինք, իսկ հաղթելով՝ առաջինը: Գերմանիայի ընտրանու դեմ էինք մրցում, որը մեզ ոչ-ոքի առաջարկեց, բայց թիմն արդեն հոգեբանորեն միայն հաղթանակի էր տրամադրված ու հրաժարվեց: Արդյունքում զիջեցինք ու մեդալներից զրկվեցինք, բայց իմ կարծիքով՝ միշտ առաջին տեղի համար պայքարելը ճիշտ մոտեցում է: Ամեն դեպքում՝ 2000-ականներին էլ հավաքականն ուժեղ էր, թեեւ խաղացողների տարիքը բավական մեծ էր, օրինակ՝ Վահանյանը 50-ին մոտ էր: Նրա հետ խաղալն ինձ համար երազանք էր եղել ու չէի պատկերացնի, որ 17 տարեկանում նույն թիմում կհայտնվեմ: Բավական հետաքրքիր շախմատիստ էր, շատ արագ էր մտածում եւ վերլուծում, մինչեւ հիմա էլ այդպիսինն է: Լպուտյանը եւ Անաստասյանը եւս ուժեղ էին, բայց ավելի դանդաղ էին գործում: 2002 թվականին Վլադիմիր Հակոբյանի հետ խաղացի, նա էլ խոսելու ու վերլուծելու իր յուրահատուկ ոճն ուներ: Այն ժամանակ համակարգիչներն այնքան էլ ուժեղ չէին ու պարտիայից հետո խաղը վերլուծելու ավանդույթը դեռ կար: Վլադիմիրի հետ նստում էինք որեւէ սրճարանում ու նրա փոքր տախտակի վրա պարտիան վերլուծում: Ինձ համար այդ ամենը շատ կարեւոր էր, երիտասարդ էի ու նրանցից շատ մեծ դասեր քաղեցի, ինչն ինձ անչափ ոգեւորում էր:   

Լուսանկարը` Մեդիամաքս


-Հայկ, քեզ համար էլ հաստատ Գաբրիելի ու Լեւոնի անուններն էին հնչեղ։ Դու պատմիր քո հարմարվելու մասին:  

Հայկ. Միանշանակ, նրանք ինձ համար մեծ շախմատիստներ են, 3 անգամ Օլիմպիադայի չեմպիոն էին դարձել ու մյուս հաջողությունների ժամանակ եւս թիմում եղել: Անհատապես եւս ուժեղ էին, բայց նրանց առաջին հերթին հավաքականում ունեցած նվաճումներից գիտեինք: Բնականաբար, Լեւոնի ու Գաբրիելի կողքին խաղալն ինձ համար մեծ առաջընթաց էր, շատ բաներ եմ սովորել նրանցից: Բայց մինչ հավաքականում տեղ գտնելն էլ ծանոթ էի նրանց․ լավագույն պատանիները մեծահասակների հետ հավաքներ ու շփվելու առիթներ էին ունենում: Երբ թիմին նոր էի միացել, ես էլ Գաբրիելի պես աննկարագրելի էմոցիաներ ունեի: Թեեւ նախապես գիտակցում էի, որ հավաքականի հետ առաջին մրցաշարին եմ մասնակցելու, բայց մեկնարկային պարտիան անցկացնելիս անբացատրելի զգացողություններ ունեի:

Գաբրիել. Հայկն Օլիմպիադայում հենց առաջին մրցաշարի ժամանակ լավ հանդես եկավ, ինչը շատ դժվար է, մանավանդ, որ դեռ 18 տարեկան էր: 2018-ին էլ լավ ելույթ ունեցավ, ու թիմը մոտ էր մեդալներ նվաճելուն: Բնականաբար, մի քանի մրցաշարերում հաջողությունը մեր կողմից էր, որոշներում՝ երես էր թեքել:

Արման. Հաջողությունը նաեւ կամային որակներից է կախված, երբ ամեն կերպ ուզում ես թիմին միավոր բերել ու կարողանում ես այնպես անել, որ քո պարտիայի շնորհիվ ընդհանուր դիմակայությունը ոչ-ոքի է ավարտվում կամ հաղթանակ եք գրանցում: Այս անգամ բաժանեցինք 2-6-րդ տեղերը, եթե խոշոր հաշիվներով հաղթած լինեինք, ավելի բարձր տեղ կգրավեինք: Ինքս հավաքականում խաղացել եմ Լեւոնի, Գաբրիելի, Վլադիմիրի ու Տիգրանի հետ, միայն Վովան էր տարիքով մի քիչ մեծ ու հետը քիչ էի շփվել, մյուսների հետ ընկերներ էինք, թիմի միջավայրն ինձ ծանոթ ու հարազատ էր: Շատ մեծ պատասխանատվություն էի զգում, որովհետեւ մինչեւ ինձ Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն էին դարձել, նոր մարդ էի ու լարվածություն էի զգում: Ուզում էի այնպես անել, որ այդ թիմը չփչացնեմ ու շարունակի լավ արդյունք ցույց տալ (ծիծաղում ենք, խմբ.): 2010-ին Խանտի Մանսիսյկում Օլիմպիադայի մասնակցեցի, չնայած վատ չխաղացի, բայց մեդալ նվաճել չկարողացանք:  

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ երբ արդեն մարզիչ դարձար պատասխանատվությունն ու լարվածությունը որքանո՞վ փոխվեցին:

Արման. Շախմատիստներն ավելի շատ են լարվում ու սթրեսային պահեր ունենում, քան կողքից հետեւող մարզիչը: Պայքարի մեջ հոգեբանական ապրումներն ավելի սուր են արտահայտվում: Երբ Արշակ Պետրոսյանի գլխավորած հավաքականում 2-րդ մարզիչն էի, հիմնականում շախմատային հարցրերով էի զբաղվում, իսկ կազմը նա էր որոշում: 2022-ին Հնդկաստանի Օլիմպիադայի ժամանակ որոշումներս շատ հեշտ ու միանգամից էին ստացվում, վստահություն կար, իսկ այս անգամ կազմի ընտրության առումով ավելի շատ էի մտածում: Բայց չեմ ասի, որ մարզչի համար մեծ բարդություններ են առաջանում, թեեւ դժվար պահեր նույնպես լինում են:

-Արման, ճի՞շտ ենք նկատել, որ ավելի ճկուն մարզիչ ես։ Արշակ Պետրոսյանը հիմնական 4 շախմատիստի փոփոխություն գրեթե չէր կատարում:

Գաբրիել. Դա լավ կյանքից չի, որ Արմանը փոփոխություններ է անում (ծիծաղում ենք, խմբ.):

Արման. Այն ժամանակվա ու ներկայիս հավաքականները բավական տարբեր են:

Հայկ. Արշակ Պետրոսյանի ընտրությունն ավելի հեշտ էր:  

Գաբրիել. Շախմատը ֆուտբոլի պես չի, որ տակտիկաներ կամ սխեմաներ մտածես: Ով լավ մարզավիճակում է, նա էլ խաղում է:

Հայկ. Երեւի, Հնդկաստանի հավաքականի պես կազմով զորեղ թիմ չի եղել, նրանց պահեստայինն էլ բավական ուժեղ է, բայց ողջ մրցաշարի ընթացքում հազիվ 1-2 պարտիա անցկացրած լինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արման. Նույնիսկ երբ հիմնական խաղացողն այդքան էլ լավ մարզավիճակում չի լինում, հակառակորդների համար նրա դեմ գործելը հոգեբանորեն ավելի դժվար է, որովհետեւ նրան ավելի շատ է հարգում, մի քիչ էլ՝ վախենում, ինչի արդյունքում զգուշավոր է գործում: Իսկ երիտասարդ նորեկի հետ այդ ամենը չի գործում, դրա համար էլ 4 հիմնական շախմատիստի գործոնն իրեն արդարացնում է: Բացի այդ էլ չի կարելի որեւէ խաղացողի երկար հանգստանալու հնարավորություն տալ, այլապես մրցաշարային ու սթրեսային վիճակից հետ կվարժվի ու դժվարությամբ կմտնի ռիթմի մեջ: Դրա համար էլ այս Օլիմպիադայի ժամանակ փորձում էի այնպես անել, որ ցանկացած պահի փոփոխություններ անելու դեպքում ողջ թիմը պատրաստ լինի:

-Եկեք վերադառնանք այն կարեւոր իրադարձությանը, ինչը մեզ հավաքել է՝ ՖԻԴԵ-ի 100-ամյակի հավաքական ճանաչվելը: Սպասո՞ւմ էիք նման նվաճման ու ինչպե՞ս արձագանքեցիք այդ նորությանը, որը ստացաք Օլիմպիադայում խաղալու ընթացքում:

Արման. Կենտրոնացած էինք մրցաշարի վրա ու տեղյակ էլ չէինք, թե ինչ է կատարվում: Վերադարձել էինք հյուրանոց, ընթրել ու մյուս օրվա ժողովն ավարտել, երբ զանգահարեց Հայաստանի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գեւորգյանը եւ հայտնեց լուրը: Երբ իմացանք այդ մասին, մեծ ցնծություն չապրեցինք, բայց հետո հասկացանք, թե որքան մեծ ու պարտավորեցնող նվաճման ենք հասել, շատ բարձր նշաձող ենք սահմանել ու հայկական շախմատի պատիվն այդքան բարձր պահել:

Գաբրիել. Մենք առանց այդ էլ գիտեիք, որ լավագույնն ենք (ծիծաղում ենք, խմբ.), բայց երկրի հեղինակության համար կարեւոր էր, որ դա ՖԻԴԵ-ն փաստեր: Կարծում եմ՝ հայ շախմատասերներն էլ այդ մասին գիտեին, պարզապես հիմա որոնողական համակարգում փնտրելու դեպքում այլազգիներն էլ տեղյակ կլինեն: Քանի որ շախմատն ինտելեկտուալ խաղ է, մեր երկրի հեղինակության վրա դրական ազդեցություն կունենա: Մնում է, որ մարզական ղեկավարությունը կարողանա այնպես անել, որ մեր տղամարդանց ընտրանու լավագույնը լինելու փաստը հնարավորինս լայնորեն տարածվի աշխարհում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկ. Մինչեւ 2124 թվականը լավագույնը մենք ենք (ծիծաղում ենք, խմբ.): Աննորմալ կլիներ, որ այդքան նվաճումների հասած Հայաստանին չտային այդ կոչումը: Բացի այդ էլ պետք է հաշվի առնել, որ մեր հիմնական ուժեղ մրցակիցներից բնակչության քանակով շատ քիչ ենք: Այս հաղթանակը, միանշանակ, շատ կարեւոր էր բոլորիս համար, ինչքան էլ ինքներս գիտեինք այդ մասին, բայց երբ նման որոշում իր գագաթնաժողովում ՖԻԴԵ-ն է կայացնում, լրիվ այլ է: Պետք է եղածով չբավարարվենք ու նաեւ երիտասարդ սերնդով առավելագույնն անենք, որ հետագայում եւս հնարավորինս լավ ներկայանանք:  

Արման. Չգիտեմ կա՞ ուրիշ բնագավառ, որում Հայաստանը հարյուրամյակի կտրվածքով աշխարհում լավագույնն է: Այդ նվաճումը պետք է հնարավորինս զարգացնել ու աշխարհին ի ցույց դնել, բայց որքան էլ զարմանալի է, Հայաստանը շատ պասիվ է: Օլիմպիադայի օրերին լուրերին այդքան էլ չէինք հետեւում, բայց հիմա այնպիսի տպավորություն չկա, որ մարդիկ շատ ոգեւորված կամ ուրախացած են այդ մեծ հաջողությամբ: 100 տարվա հաջողությունը 100 ժամ էլ չտեւեց մեր երկրում: Մի բան էլ առանձնացնենք․ այդ հաջողությանը հասել ենք 32 տարում՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, բայց դա էլ բավական է եղել բոլոր հավաքականներին շրջանցելու համար, ինչը ֆանտաստիկ է:   

Գաբրիել. Եթե ավագ սերնդի հաջողությունները չլինեին, մենք չէինք կարողանա նոր նվաճումների հասնել: Անկախ Հայաստանի կազմում հենց առաջին մրցաշարում տղաներն Օլիմպիադայում 2-3-րդ տեղերը կիսեցին: Ինձ համար Օլիմպիադայում հաղթելը երազանք էր համարվում: Երբ 2004 թվականին 3-րդ տեղը գրավեցինք, Ռուսաստանի ընտրանին անպարտելի էր համարվում, բայց այդ տարի Ուկրաինան հաղթող դարձավ, ինչը հոգեբանորեն շատ կարեւոր էր: Բեմում կանգնած մտածում էի, որ մյուս անգամ էլ մենք պետք է փորձենք առաջինը լինել, այդպես էլ եղավ: Շախմատային Օլիմպիադայի հաղթող դառնալը շատ դժվար է, ԱՄՆ-ը ֆանտաստիկ թիմ ունի, համալրված է աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներով ու հսկայական գումարներ է ծախսում, բայց երկու Օլիմպիադա շարունակ չի կարողանում լավագույնը դառնալ:

Անկախ ամեն ինչից, շնորհակալ եմ նաեւ ՖԻԴԵ-ի ղեկավարությանը, հանգիստ կարող էին մրցանակը մեզ չտալ: Այնպես չէ,  որ շատ հայամետ են ու մեզ շատ են սիրում, ներկայիս ղեկավարությունը նույնիսկ ավելի վատ է տրամադրված մեր հանդեպ: Աշխարհի Գավաթն անցկացրին Բաքվում ու ջերմ կապեր ունեն Ադրբեջանի հետ, ՖԻԴԵ-ի փոխնախագահն Ադրբեջանի ֆեդերացիայի նախագահն է, դրա համար էլ այդ որոշումն ինձ համար շատ անսպասելի էր: 3 տարբերակ ունեին՝ մրցանակը տալ գոյություն չունեցող ԽՍՀՄ-ին, քաղաքական առումով անընդունելի Ռուսաստանին, որը 1992-2002 թվականների բոլոր մրցաշարերում հաղթել է, կամ Հայաստանին: Ու որքան էլ չուզեին, միակ ելքը մեզ լավագույնը ճանաչելն էր: Այս իրավիճակում, փաստորեն, մեր բախտը բերեց (ծիծաղում ենք, խմբ.):

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկ. Հայաստանի հավաքականն ամեն անգամ իր լավագույն 4 խաղացողներով էր հաջողության հասնում ու, եթե որեւէ մեկը լավ մարզավիճակում չլիներ կամ հետն ինչ-որ բան պատահեր, թիմը մեծ խնդիրներ առաջ կկանգներ: Իսկ Ռուսաստանն այնքան ուժեղ շախմատիստներ ուներ, որ հանգիստ կարող էր փոխարինող գտնել:  

Արման. Հայաստանի հավաքականն այն հազվագյուտ թիմերից է, որի կազմում միայն հայեր են հանդես գալիս: 2022-ին գործակցով 12-րդն էինք, այս տարի՝ 17-րդը, բայց մեր միջին գործակիցն ավելի է բարձրացել, պարզապես մյուս ընտրանիներն էին ի հաշիվ ռուսների իրենցն ավելացրել: Նրանք համալրել են տարբեր թիմերի կազմերն ու դրանք ուժեղացրել: Անգլիայում, Սերբիայում, Գերմանիայում եւ ուրիշ թիմերում նույնիսկ մի քանի ռուս շախմատիստ կա:

Գաբրիել. Բայց մենք կազմի առումով միատարր ենք, ինչն օգուտ է տալիս:

Արման. Դա շատ կարեւոր է, որովհետեւ միասնական ենք գործում, ամեն ինչը համատեղ ուժերով անում: Թիմային մթնոլորտը միշտ դրական է ազդում, իսկ երբ շախմատիստները տարբեր երկրներից են միանում, այն պահելը դժվարանում է:

Հայկ. Թիմային մթնոլորտը նման խոշոր մրցաշարերում ամենակարեւորն է: Շատ ուժեղ հավաքականների եմ տեսել, որոնց խաղացողների հարաբերություններն այդքան էլ լավ չէին, պարտիայի ժամանակ էին առաջին անգամ տեսնում միմյանց ու իրար հետ բնավ կապված չէին:  

Արման. Թեեւ ԱՄՆ-ի ներքին հարաբերություններին ծանոթ չենք ու կողքից ամեն ինչ լավ է թվում, բայց ամեն դեպքում թիմային ոգի չի զգացվում: Երբ 2004-ից մեր թիմը հաջողության էր հասնում, Ռուսաստանն էլ ուժեղ կազմ ուներ, բայց չէր կարողանում չեմպիոն դառնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկ. Հնդկաստանի հավաքականն այս անգամ պատահական չհաղթեց։ Նրանք թիմային ոգով ու տրամադրող մթնոլորտում էին գործում:

Գաբրիել․ Ամեն բան կախված է մարդկային որակներից։ Նա, ով ես-ը շատ է առաջ տանում, ձգտում է դառնալ լիդեր ու մտածում է միայն իր արդյունքի մասին, ընդհանուր մթնոլորտը, հետեւաբար նաեւ թիմի հաջողությունը, փչացնում է։ Կազմի ընտրությունը կարեւոր է, երբ մարզիչը որոշում է ովքեր են խաղալու, պահեստային շախմատիստը պետք է չխանգարի եւ օգնի թիմակիցներին։ Մեր թիմում եւս որոշակի պահերի լարվածություն եղել է, բայց հիմնականում գերակշռել է լավ մթնոլորտը, ինչն էլ բերել է հաջող ելույթների։

Ուզում եմ նշել նաեւ պարգեւատրումների հարցը, որը մեզ մոտ լավացավ 2004 թվականից, երբ ֆեդերացիան գլխավորեց Սերժ Սարգսյանը։ Պատահական չէ, որ այդ ժամանակից սկսած հավաքականի հաջողությունները մեծացան, որովհետեւ շախմատիստները տեսան, որ գնահատվում են։ Ես 2002-ին էլ եմ խաղացել թիմում, 2004-ին էլ, 2006-ին էլ ու գիտեմ տարբերությունները։ Ինչու եմ սա շեշտում, որովհետեւ պահեստային շախմատիստը դա գիտեր եւ ամեն ինչ անում էր, որ մյուս տղաները լավ խաղան ու հաղթեն։ Մարզիկի համար կարեւոր է գնահատված լինելը, իհարկե, մենք մեր երկրի համար ենք խաղում, բայց աշխատանքը պետք է վարձատրվի:

-Հիմա պետության վերաբերմունքի մեջ կա՞ն փոփոխություններ։

Գաբրիել․ Ֆինանսական աջակցություն կա, բայց կարող էր ավելի լավ լինել։ Օրինակ բերեմ․ տարիներ առաջ Լեւոն Արոնյանն էր Հայաստանի առաջատար շախմատիստը, հիմա՝ Հայկ Մարտիրոսյանը։ Բայց այն ժամանակ Լեւոնի համար շատ լավ պայմաններ էին ստեղծված, որոնք Հայկն այսօր չունի։ Եթե մարզիկները բոլոր ծախսերը վերցնեն իրենց վրա, բացարձակ գումար չեն վաստակի։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկ․ Նորմալ կլինի, որ հարյուրամյակի լավագույն թիմին պետությունը ինչ-որ բանով աջակցի։

Արման․ Շախմատը շատ է փոխվել եւ ավելի մեծ ծախսեր է պահանջվում։ Մրցաշարերում հաղթելուց հետո շախմատիստները գումար են ստանում, բայց դրանով չեն կարող մարզիչ պահել կամ համակարգիչներից օգտվել։ Իհարկե, մենք համակարգիչներ ենք վարձակալում, բայց եթե ուզում ենք լավագույն տասնյակում շախմատիստ ունենալ, պետությունը պետք է լուրջ ներդրումներ կատարի։  

Հայկ․ Բոլոր թիմերի հետ մեծ պատվիրակություններ են գալիս Օլիմպիադա եւ օգնում խաղացողներին։ Նույն ԱՄՆ-ի թիմում մեծագույն շախմատիստներ են խաղում ու կարող է թվալ, թե նրանց օգնողներ պետք չեն, բայց ամեն մեկն իր անհատական մարզիչն ունի։

- ՖԻԴԵ-ի կողմից արժանացած մրցանակի կապակցությամբ պետությունից շնորհավորանք ստացե՞լ եք կամ նախարարությունում ընդունելության արժանացել:

Արման․ Շնորհավորանք նախարարությունից կամ կառավարությունից չենք ստացել։ Ամեն դեպքում մեզ չեն զանգահարել, չգիտեմ ուրիշ ինչ-որ մեկին ասել են, թե ոչ։

Հայկ․ Ոչ, չենք ստացել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գաբրիել․ Միգուցե ֆեդերացիային շնորհավորել են, չգիտեմ։ Ամեն դեպքում հարյուրամյակի թիմ ենք, միգուցե մի քանի տարի անց շնորհավորեն, շտապելու բան չկա։ Բայց մեզ համար նորմալ է, մարզիկները սովորում են նման բաների եւ ուշադրություն չեն դարձնում։ Իրականում լրագրողներից շատ բան է կախված, ձեզ կարդում են, միգուցե գրեք ու իմանան։ Երեւի ՖԻԴԵ-ին չեն հետեւում, ձեր միջոցով կտեղեկանան։  

-Այս մրցանակը պատկանում է բոլոր այն շախմատիստներին, ովքեր տարբեր տարիների հանդես են եկել հավաքականում։ Միգուցե մեդալների չեն արժանացել, բայց հաջողության մեջ հաստատ իրենց ներդրումն ունեցել են։ Ցավոք, նրանցից Աշոտ Անաստասյանն ու Կարեն Ասրյանն արդեն չկան։ Գաբրիել, դու խաղացել ես նրանց հետ, կպատմե՞ս ինչպիսի խաղացողներ էին։

Գաբրիել․ Երկուսն էլ թիմային խաղացողներ էին։ Աշոտ Անաստասյանը ֆանատիկ էր, չափից շատ ոգեւորված էր խաղում, ինչը նրան երբեմն խանգարում էր։ Երբ մարզիչը որոշում էր, որ այդ օրը չպետք է խաղա, ընդդիմանում էր։ Հիշում եմ՝ 2000 թվականի Օլիմպիադայում Աշոտը ֆանտաստիկ լավ էր խաղում, հաղթանակներ էր տոնում, իսկ թիմը պարտվում էր։ Ծանր էր տանում, նույնիսկ 4-րդ տախտակի վրա անհատական ոսկե մեդալ նվաճեց, բայց չէր ուզում մասնակցել փակմանը։

Կարեն Ասրյանի հետ 2006-ին դարձանք Օլիմպիադայի չեմպիոն։ Իրականում Կարենի առաջին հաջողությունը եղել է 1996-ին, երբ Երեւանում կայացած Օլիմպիադայի ժամանակ Հայաստանի 2-րդ հավաքականից էր խաղում ու ապացուցեց, որ թիմային շախմատիստ է։ Նա մինչեւ վերջ էլ մնաց այդպիսին, շատ հուսալի խաղացող էր։ Օրինակ՝ 2006-ին շատ միավոր չբերեց, բայց չպարտվեց Ռուսաստանին եւ Ուկրաինային, իսկ դա կարեւոր էր։ 2008-ին Կարենը կրկին ընդգրկված էր թիմի կազմում, ցավոք, հանկարծամահ եղավ եւ ամիսներ անց առանց նրա դարձանք Օլիմպիադայի չեմպիոն։

Լուսանկարը` Մեդիամաքս


-Որո՞նք են թիմային մրցաշարերի դժվարությունները։

Արման․ Շախմատը մեկ գործոնից չի կախված։ Կարեւոր է հոգեբանորեն, շախմատային, ֆիզիկական լավ վիճակում գտնվելը։ Լինում է, երբ քայլ ես անում ու հենց այդ վայրկյանին էլ հասկանում, որ սխալ թույլ տվեցիր։ Այդպես  հոգնածությունից է լինում, ինչին հանգեցնում է մրցաշարերում երկար ժամերով խաղալը։

Հայկ․ Լարվածությունը պարտիայի վերջնամասում շատանում է։ Օլիմպիադայում կոպիտ սխալ կարող էի թույլ տալ, նույնը եղավ նաեւ մրցակցիս հետ, դրա համար  հարկավոր է ֆիզիկապես ամուր լինել։ Անկեղծ կլինեմ, հավաքականում պարտավորությունն ավելի շատ է։ Արդեն առաջին խաղատախտակի վրա եմ հանդես գալիս, ինչը բարդ մարտահրավեր է, դրա համար փորձում եմ առավելագույնն անել։ Ինչքան էլ աշխատում եմ հանգիստ մոտենալ, բայց Օլիմպիադայի մթնոլորտն արդեն ուրիշ է։ Այն շախմատիստները, որոնց հետ խաղում եմ, բարձրակարգ են։ Օրինակ՝ ես հանդիպեցի Աշխարհի չեմպիոն Դին Լիրենին ու ոչ-ոքի խաղացի, ուրիշ հնարավորություն էլ չէի ունենալու ու պետք է դրսեւորեի ինձ։

Արման․ Առաջին տախտակի վրա խաղալու կարեւորությունն այն չէ, որ Հայկն այդ շախմատիստների հետ անհատական մրցաշարերում չի հանդիպում։ Նա այժմ նոր պարտավորություն է ստանձնել ու դարձել թիմի առաջատար, սա, միգուցե, ավելի պատասխանատու է։

Լուսանկարը` Մեդիամաքս


-Այսինքն անհատական պայքարում ավելի հե՞շտ է խաղալ։

Հայկ․ Չէի ասի հեշտ, բայց անհատական մրցաշարում դու ինքդ ես որոշում ինչպես ավարտել պարտիան։ Իսկ Օլիմպիադայում հատկապես վերջին պարտիաներում շատ ռիսկերի գնացի, որովհետեւ թիմին կարեւոր միավորներ էին պետք։ Անհատականի ժամանակ այդպես չէի վարվի։  

-ՖԻԴԵ-ն ամփոփեց ստեղծման առաջին 100 տարին ու որոշեց լավագույններին, որոնց մեջ է նաեւ Հայաստանի տղամարդկանց հավաքականը։ Հաջորդ հարյուրամյակն ինչպիսի՞ն կլինի մեր շախմատի համար։

Արման․ Այս հարյուրամյակի արդյունքներն արձանագրվեցին, իսկ նորի համար նոր հաջողություններ են պետք, որտեղ հարկավոր է եկող սերունդների ակտիվ մասնակցությունը։ Միանշանակ, դժվար է լինելու տիտղոսը պահել, բայց պետք է անենք ամեն բան, որ գոնե այս բնագավառում առաջատար դիրքերը չզիջենք։ Իհարկե, մենք չենք տեսնի, բայց հուսանք, որ մյուս հարյուրամյակում եւս Հայաստանը հաղթող կդառնա։

Հայկ․ Պետք է փորձենք ամեն մրցաշարում մեդալ նվաճել։ Երբ առաջ շարժվենք քայլ առ քայլ, կրկին կունենանք այն զգացողությունը, որ լավագույնն ենք։

Արման․ Ավելացնեմ նաեւ, որ միայն թիմային հաջողությունները չեն կարեւոր։ Ժամանակին Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի 2-րդ համարն էր, պետք է ձգտենք, որ այսօրվա երիտասարդներն աճեն ու տեղ գտնեն լավագույն հնգյակում։ Հուսամ՝ դա մի օր կլինի։


Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջին հաջողությունը եղել է 1992 թվականին, երբ 1-ին անգամ մասնակցել է Համաշխարհային Օլիմպիադային ու դարձել բրոնզե մեդալակիր։ 2002-ին եւ 2004-ին եւս մեր ընտրանին Օլիմպիադայում նվաճել է բրոնզ։ 2006, 2008 եւ 2012 թվականները հիանալի են դասավորվել եւ հայ շախմատիստները նվաճել են ոսկե մեդալներ։ 2022 թվականին տղամարդկանց ընտրանին դարձել է Օլիմպիադայի արծաթե մեդալակիր։

Հայաստանի հավաքականն Աշխարհի թիմային առաջնության քառակի բրոնզե մեդալակիր է (1997, 2001, 2005, 2015), 2011-ին հռչակվել է Աշխարհի չեմպիոն։

Եվրոպայի առաջնություններում 1997-ին դարձել է բրոնզե մեդալակիր, 1999-ին՝ Եվրոպայի չեմպիոն, երկու անգամ էլ նվաճել արծաթ (2007, 2015)։

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին