Դեկտեմբեր 05, 2024
5118 դիտում

Անհնարինին հավատացող ու մինչեւ վերջ պայքարող Էլինա Ավանեսյանը


Լուսանկարը` Rolan Garros

Լուսանկարը` Nairi26.ru

Լուսանկարը` sportball24.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Nairi26.ru

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Rolan Garros


Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ մոտ ապագայում Էլինա Ավանեսյանը ներկայացնելու է Հայաստանը: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է իրականացրել Հայաստանի թենիսի ֆեդերացիան:

Mediamax Sport-ը ծանոթացել է 21-ամյա թենիսիստուհու կարիերային ու ներկայացնում է ամենահետաքրքիր դրվագները:

Առաջին ռակետ դառնալու ճանապարհին

«Ցավոք սրտի, աշխարհում այնքան էլ հանգիստ չէ, որքան ցանկանում ենք: Այդ ամենն անդրադառնում է նաեւ սպորտի վրա: Իհարկե, լավ կլիներ, որ Էլինան ներկայացներ Հայաստանը, ինքս շատ ուրախ կլինեի: Բայց հիմա նա բավական մեծ է ու շատ որոշումներ ինքնուրույն է կայացնում: Եթե ցանկանա Հայաստանի դրոշի տակ հանդես գալ, նրան միայն կաջակցենք: Դեռ նման առաջարկներ չեն եղել ու որեւէ բան չի քննարկվել», -ավելի վաղ Sportball24.com-ին տված հարցազրույցում ասել է Ավանեսյանի հայրը՝ Արարատը:

Նա նաեւ պատմել է, որ փոքր տարիքում Ավանեսյանը Հայաստանում շատ միջազգային մրցաշարերի է մասնակցել ու առհասարակ չի մոռացել իր արմատների մասին:

Էլինա Ավանեսյանը ծնվել է 1992 թվականին Պյատիգորսկում, նրա ընտանիքը ծնունդով Արցախից է եւ Ռուսաստան է տեղափոխվել 1992 թվականի պատերազմից հետո: Հենց այդտեղ էլ ծնվել են ընտանիքի 3 երեխաները՝ Էլինան, նրա քույրն ու եղբայրը:

Լուսանկարը` Nairi26.ru


Արարատ Ավանեսյանի խոսքով՝ ընտանիքում բազմիցս են եղել Հայաստանում, երեխաներին նաեւ Արցախ են տարել, որպեսզի ծանոթացնեն պատմական հայրենիքի հետ:

Պատմել է նաեւ, որ դստերը կարիերայի մեկնարկում ֆինանսական աջակցություն են ցույց տվել, քանի որ ընտանիքը միայնակ բոլոր ծախսերը հոգալ չէր կարող:

«Բոլորը գիտեն, որ թենիսը բավական թանկ ու ծախսատար մարզաձեւ է: Հաճախ է եղել, որ 13-14 տարեկանում Էլինան միայնակ է մեկնել Եվրոպա մրցաշարերի: Բայց հիմնականում նրան մայրն է ուղեկցել: Երբ Էլինան դեռ պատանի էր, նրա ծախսերի մի մասը հոգացել է հավաքականը, որը շարունակում է աջակցել մինչ օրս, մյուս մասը մեր ուժերով ենք փորձել փակել: Բայց ընդհանուր առմամբ աշխարհում քիչ չեն բարի մարդիկ, երկար տարիներ շարունակ Էլինային օգնել են նրա բարեկամները»,- շեշտել է հայրը:

Արարատ Ավանեսյանը դստեր որակներից հատկապես առանձնացրել է համառությունը, նպատակասլացությունն ու անսահման սերը թենիսի նկատմամբ.

Լուսանկարը` sportball24.com


«Էլինան, համարյա մանկություն չի ունեցել, քանի որ վաղ տարիքից իրեն նվիրել է սպորտին: Դրանից հետո մշտապես մեկնել է տարբեր մրցումների, անդադար մարզվել է ու հեռահար սովորել դպրոցում: Հիմա երբ ավելի հայտնի է դարձել, ես էլ յուրաքանչյուր ծնողի պես հպարտանում եմ նրա հաջողություններով: Երջանիկ ենք, որ Էլինան արդարացրել է մեր սպասելիքները, շարունակում է կատարելագործվել, ավելացնել ու աճել: Հավատում ենք, որ ապագայում նրան մեծ նվաճումներ են սպասվում: Կարծում եմ՝ նրա կյանքի կարեւոր երազանքներից մեկը Մեծ Սաղավարտի մրցումներում հաղթելն է, ընդ որում՝ ոչ մեկ անգամ»,- ընդգծել է նա:

Արարատ Ավանեսյանը նաեւ խոստովանել է, որ չի կարողացել զսպել արցունքները 2023-ի Ռոլան Գարոսում դստեր փայլուն ելույթից հետո: Մանավանդ նրան հուզել են հաղթանակից հետո երկրպագուների գրած մեկնաբանությունները: Դրա համար էլ անչափ շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որոնք Էլինայի կողքին են ու քաջալերում են նրան.

«Չեմ բացառում, որ մի օր առաջին ռակետ կդառնա, բայց դրա համար անհրաժեշտ է երկար ու համառ աշխատել, ինչը եւ շարունակում է անել: Դրա համար էլ հավատում եմ, որ կկարողանա սպորտի պատմության մեջ մնալ ու դրսեւորել իրեն»:

Լուսանկարը` Getty Images


Նվաճումները

Ավանեսյանն իր մասին հատկապես խոսելու առիթ է տվել 2023 թվականի Ռոլան Գարոսի ժամանակ, երբ հասել է մինչեւ 1/8 եզրափակիչ ու 4:6, 3:6 հաշվով զիջել չեխ Կարոլինա Մուխովային, որը դուրս է եկել եզրափակիչ: 20-ամյա մարզուհին մրցաշարի հիմնական փուլում էր հայտնվել որակավորման փուլը հաղթահարելուց հետո:

Առաջին մրցավեճում նա լրիվ հետնապահի դերում ուժեղ էր եղել Տոկիոյի Օլիմպիական խաղերի հաղթող Բելինդա Բենչիչից ու վստահ հանդես եկել եւս 2 փուլերում:

Այս տարվա առաջին Մեծ Սաղավարտի մրցաշարում Ավանեսյանն առաջին անգամ կարիերայում ուժեղ էր եղել WTA-ի դասակարգման աղյուսակի լավագույն 10-յակի ներկայացուցչից: Երկրորդ շրջանում նա գերազանցել էր Մարիա Սակկարին: Օրեր առաջ ավարտված Ռոլան Գարոսում էլ Ավանեսյանը կրկնել է նախորդ տարվա ցուցանիշը՝ հասել է 4-րդ շրջան ու զիջել եզրափակիչ հասած Յասմին Պաոլինիին:

«Թեեւ արդյունքս Ֆրանսիայի բաց առաջնությունում այս տարի էլ 2023-ի պես էր, բայց այս անգամ ավելի լավ խաղ ցուցադրեցի: Անգամ հաշվից է երեւում, որ հանդիպումներն ավելի հեշտ եմ անցկացրել, ավելի մեծ վստահություն ունեցել, խաղամակարդակս էլ բարձր էր»,- խոստովանել էր Ավանեսյանը:

Լուսանկարը` Getty Images


WTA-ում տիտղոսներ հայուհին դեռ չունի, դասակարգման աղյուսակում հիմա 926 միավորով 78-րդն է, նա Ռուսաստանի 11-րդ ռակետն է: Նրա ավելի երիտասարդ հայրենակիցներից բարձր տեղում միայն 2 թենիսիստուհիներ են՝ 17-ամյա Միրա Անդրեեւան (23-րդ տեղ) ու 20-ամյա Դիանա Շնայդերը (48-րդ): Կարիերայում ամենաբաձր հորիզոնականը եղել է 2024 թվականի փետրվարին՝ զբաղեցրել է 60-րդ տեղը: Թենիսիստուհուն մինչ այս պահը հաջողվել է վաստակել է մոտ 1 մլն 129 հազար դոլար:

Ավանեսյանն՝ ինքն իր մասին

«Սկզբում թենիսով եղբայրս`Մարատն է զբաղվել, իսկ ես մայրիկի հետ գնում էի նրա մարզումներին: Մի անգամ, երբ 5 տարեկան էի, մայրիկն ինձ առաջարկեց կորտ դուրս գալ եւ ուժերս փորձել: Չընդդիմացա, իսկ հիմա թենիսն իմ կյանքի անբաժան մասն է դարձել ու ինձ սպորտից դուրս չեմ պատկերացնում: Իսկ ահա եղբայրս որոշեց չշարունակել մարզվել:

Ոչինչ չի համեմատվի այն էյֆորիայի, երջանկության եւ ուրախության հետ, որը զգում ես հաղթանակ տանելիս:

Չնայած բավական ժամանակ է անցել, բայց առաջին հանդիպումս սարսափով եմ հիշում: Մրցակիցս ինձնից մեծ էր ու շատ էի վախենում: Սակայն մայրիկս ինձ ամեն կերպ քաջալերում էր: Նա միշտ կողքիս է եղել ու հետս մեկնել նաեւ մրցումներին: Անգամ երբ պարտվում եմ, ասում է, որ կորտը պետք է լքել գլուխը հպարտորեն բարձր պահած ու ժպիտը դեմքին: Նրա ներկայությունն ինձ միշտ քաջալերում է: Իմ առաջին դիմակայությունում էլ նրան հաջողվեց ճիշտ խոսքեր գտնել, ու ես հաղթեցի:

Լուսանկարը` Getty Images


Թոփ 15-յակի մրցակիցների հետ խաղալիս հատկապես օգնում է այն, որ կորցնելու ոչինչ չունես: Հիմնականում բոլոր հանդիպումներում, որ առավելության եմ հասել, առհասարակ որեւէ բանի մասին չեմ մտածել: Պարզապես հավատացել եմ, որ ամեն ինչ հնարավոր է եւ մինչեւ վերջ պայքարել եմ:

Շատ հաճախ եմ ունենում մեջքի հետ կապված խնդիրներ: Դրա համար էլ ստիպված եմ լինում դադարեցնել մարզումները, հրաժարվում եմ մրցաշարերից, որպեսզի վերականգնվեմ: Մարզումային պրոցեսը միշտ չի, որ իմ ուզածով է լինում, բայց դիմադրում եմ, ինչպես կարողանում եմ:

Ես ծնվել եմ ու սպորտով զբաղվել ոչ այնքան թենիսային Պյատիգորսկ քաղաքում: Ինձ առաջ գնալ ու կայանալ օգնել է բնավորությունս: Պարզապես միշտ սովոր եմ պայքարել մինչեւ վերջ, հավատալ անգամ անհնարինին ու հետեւել երազանքիս:

Լուսանկարը` Getty Images


Հիմա առաջնային նպատակս է աստիճանաբար լավացնել որակներս, մատուցումս ու ֆիզիկական տվյալներս: Ցանկանում եմ քայլ առ քայլ առաջընթաց գրանցել:

Պյատիգորսկում բնավ էլ պայմանները նույնը չեն, ինչ Մայամիում: Բայց կարեւորն ինձ համար այն էր, որ կարողանում էի մարզվել, այդ դեպքում ամեն ինչ էլ հնարավոր կլիներ: Սկզբում հարազատ քաղաքում էի պարապում, հետո՝ Մոսկվայում, ապա տեղափոխվեցի Իսպանիա:

Պարզապես ցանկացանք մարզաբազա գտնել, որտեղ ուժեղ խաղացողներ կպարապեն, լավ մասնագետներ կաշխատեն ու եղանակն էլ բարենպաստ կլինի: Դրա համար էլ մեր ընտրությունը կանգ առավ Իսպանիայի վրա: Այնտեղ 5 ակադեմիաներ եմ փորձել ու նույնքան էլ մարզիչներ: Ընտրել եմ այն, ինչն ամենահարման էր ինձ համար:

Փոքր տարիքում կուռքերս Մարիա Շարապովան ու Ռոջեր Ֆեդերերն էին, երկուսն էլ շատ դժվարությունների միջով են անցել հաջողությունների հասնելու համար: Ես էլ եմ պատրաստ տանջվել նպատակներս իրականություն դարձնելու համար: Հիմա, եթե անկեղծ, թենիս համարյա չեմ դիտում: Լավ խաղացողներ շատ կան ու որեւէ մեկին առանձնացնելը բավական բարդ է»:  

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին