Սեպտեմբեր 08, 2024
890 դիտում

Կատաղի մրցակիցներից՝ ցմահ ընկերներ․ Ֆեդերերի ու Նադալի ճամփորդությունը ձյունածածկ լեռներով


Լուսանկարը` Louis Vuitton

Լուսանկարը` Louis Vuitton

Լուսանկարը` Louis Vuitton

Լուսանկարը` Louis Vuitton

Լուսանկարը` Louis Vuitton

Լուսանկարը` Louis Vuitton


Ռոժեր Ֆեդերերը եւ Ռաֆայել Նադալն այն մրցակիցներից էին, ովքեր տարիների ընթացքում մտերմացան միմյանց հետ ու դարձան լավագույն ընկերներ՝ մեծագույն հարգանքի արժանացնելով միմյանց։

Այս անգամ ընկերների հանդիպումը կազմակերպել է Louis Vuitton-ը՝ իր Core Values (կարեւոր արժեքներ) արշավի շրջանակներում։ Նկարահանումները կատարվել են իտալական Ալպերի Դոլոմիտե լեռնաշղթայի գագաթին։ Նրանց հետ աշխատել է աշխարհահռչակ լուսանկարիչ Էնի Լեյբովիցը։ Ֆեդերերի ու Նադալի գովազդին ընկերությունը տվել է «Սրանք ճամփորդություններ են, որոնք վերածվում են լեգենդների» անվանումը։

Լուսանկարը` Louis Vuitton


«Սա եզակի հնարավորություն է աշխատել Ռաֆայի հետ: Բոլորը գիտեն, թե մենք ինչպիսի մրցակիցներ էինք, իսկ կարիերայի վերջում մնացինք իրար կողքի։ Հիմա այս հիանալի արշավի մի մասն ենք, այն էլ այստեղ՝ լեռան գագաթին։ Մեզ համար դա իմաստալից եւ առանձնահատուկ բան է»,-ասել է Ֆեդերերը։

«Գիտեմ, թե որքան կարեւոր դեմքեր են եղել այս արշավում։ Ինձ համար պատիվ է դառնալ դրա մի մասը, մանավանդ, երբ այն կիսում եմ Ռոժերի հետ։ Նա եղել է իմ մեծագույն մրցակիցը եւ հիմա՝ ամենամոտ ընկերը։ Իմ կարիերայում ես հասել եմ այն ամենին, ինչի մասին երազել եմ։ Սակայն կարեւոր է մարդկային արժեքները»,-սրանք էլ Նադալի խոսքերն են։



«Սրանք ճամփորդություններ են, որոնք վերածվում են լեգենդների» կարգախոսը թենիսիստներին բարձրացել է գեղեցիկ ու ձյունածածկ Դոլոմիտե։ Ինչպես նախորդ բոլոր արշավները, այս անգամ եւս լուսանկարիչը եղել է Էնի Լեյբովիցը։ Լեյբովիցը նախկինում աշխատել է Ֆեդերերի հետ, սակայն Նադալին նա լուսանկարել է առաջին անգամ։

Լուսանկարներում Ֆեդերերն ու Նադալը կրում են հովանավորչական ժամացույցներ եւ LV-ի Christopher եւ Eclipse պայուսակներ։ Հարցազրույցի ժամանակ, որը ձայնագրվել են ընկերության արկղի վրա նստած, նրանք պատասխանում են նույն հարցերին՝ հիշում, թե երբ են առաջին անգամ տեսել միմյանց, առաջին անգամ հանդիպել կորտում, ինչպես կուզեն իրենց հիշեն եւ այլն։

Լուսանկարը` Louis Vuitton


Զրույցն անցել է բավական մտերմիկ, ինչպես եղել է նաեւ ընկերների նախկինում արված զրույցների ժամանակ։ Օրինակ՝ իսպանացի Նադալն ասում է, որ իրեն դուր է գալիս ձյունը, չնայած ցրտի պատճառով ականջները չի զգում։ Իսկ ցրտին սովոր շվեյցարացի Ֆեդերերն էլ նշել է պատճառը՝ քանի որ Ռաֆան առաջին անգամն է ձյուն տեսնում։ Մի խոսքով, կարող եք ինքներդ լսել այս մեծագույն թենիսիստների հարցազրույցը։



«Միշտ ասել եմ, որ Ռոժերը ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց, այդ թվում նաեւ ինձ։ Համոզված եմ, որ մեր պայքարը բարձրացրել է սպորտային նշաձողն առողջ մրցակցության առումով, ցույց տվել, որ մարզիկները կարող են ցանկանալ հաղթել բոլոր մրցաշարերում, բայց միեւնույն ժամանակ հարգել մրցակցին։ Մրցակցությունը միշտ մնացել է կորտում, մենք գիտենք, որ այդպես էլ պետք է լիներ»,-ասել է Նադալը։

«Կորտում մենք մարտահրավեր ենք նետել միմյանց, որը դրդել է զարգանալ, կատարելագործվել եւ հասնել այնպիսի բարձունքների, որոնց մենք երբեք չէինք հասնի առանց մրցակցության։ Կորտից դուրս մեր հարաբերությունները կատաղի մրցակիցներից վերածվել են ցմահ բարեկամության, որը պայմանավորված է մեր անհատականությամբ եւ ընդհանուր արժեքներով»,-ավելացրել է Ֆեդերերը:

Լուսանկարը` Louis Vuitton


«Վստահ եմ, որ Ռոժերը կհամաձայնի ինձ հետ, որ մեր կարիերայի ընթացքում մենք միասին բազմաթիվ «սարեր ենք բարձրացել», հիանալի պահեր կիսել։ Ռոժերի հետ ամեն հանդիպում յուրահատուկ է եղել, տարբերվող ու կախարդական»,-ավելացրել է Նադալը։

Core Values արշավը Louis Vuitton-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Պիետրո Բեկարին սկիզբ է դրել 17 տարի առաջ։ Այն «կրում է Louis Vuitton-ի ճամփորդության, բացառիկ մարդկանց հետ աշխատանքի եւ սերունդներին փոխանցելու ժառանգությունը»:

Լուսանկարը` Louis Vuitton


Արշավը նվիրված է ընկերության պայուսակներին։ Գովազդներում նկարվել են բազմաթիվ աստղեր, այդ թվում նաեւ մարզիկներ։ Նրանք են Անդրե Աղասին ու Շտեֆի Գրաֆը, Պելեն, Դիեգո Մարդադոնան ու Զինեդին Զիդանը, Մոհամեդ Ալին ու նրա թոռը, Լարիսա Լատինինան ու Մայքլ Ֆելփսը։ Որոշակի դադարից հետո Core Values-ի գովազդը վերադարձավ 2022-ին, երբ Աշխարհի առաջնությունից առաջ նկարեց Լեո Մեսսիին ու Քրիշտիանու Ռոնալդուին։
 
Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին