Հոկտեմբեր 18, 2024
1501 դիտում

Ռոման Բերեզովսկի. Եկեղեցում հաճախ եմ լինում, այնտեղ հոգեկան ցավը թեթեւանում է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Վարդան Խաչատրյանի անձնական արխիվից

Լուսանկարը` FC Dinamo

Լուսանկարը` championat

Լուսանկարը` sportbox

Լուսանկարը` boxmitino.ru

Լուսանկարը` boxmitino.ru

Լուսանկարը` Վարդան Խաչատրյանի անձնական արխիվից

Լուսանկարը` championat

Լուսանկարը` FC Dinamo

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյանի

Լուսանկարը` Վարդան Խաչատրյանի անձնական արխիվից


Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ եւ ընտրանու դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին երկար ժամանակ Ռուսաստանի առաջնությունում հետ մղած 11-մետրանոցներով առաջատար էր: Թեեւ կարիերան վաղուց է ավարտել, բայց հիմա էլ շարունակում է մնալ լավագույն եռյակում:

Բերեզովսկին հայրենիքում վաղուց իսկական լեգենդ է ու ամենասիրված խաղացողներից մեկը, 20 տարի պահանջված է եղել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում, «Դինամո»-ի հետ հանդես եկել եվրագավաթներում, «Զենիթ»-ի հետ տիրացել երկրի գավաթին:

Sport24.ru-ը շատ հետաքրքիր ու ծավալուն հարցազրույց է ունեցել Բերեզովսկու հետ, առանձնացրել ենք ամենաուշագրավ հատվածները:

Վնասվածքները

Առաջին անգամ մեջքի վնասվածք «Սպարտակ»-ի դեմ խաղից առաջ եմ զգացել, ապա խնդիրները շարունակել են անհանգստացնել ողջ կարիերայի ընթացքում: Բայց ի վերջո վիրահատության ենթարկվեցի եւ ճողվածքը հեռացրին, այն աճել էր ու հասել 9 մմ:

Վնասվածքով եմ հանդես եկել նաեւ 1994 թվականին Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Բելգիայի դեմ նորամուտիս խաղում: Մարզման ժամանակ գնդակներ էին փոխանցում ինձ, երբ վայրէջքի ժամանակ բավական ցավոտ ոլորեցի ոտքս: Մտածեցի. «Միեւնույն է խաղալու եմ»: Տաքացա, 27 րոպե անց հաշիվը 0:0 էր եւ ամեն ինչ նորմալ էր ընթանում: Քիչ անց անհաջող դուրս եկա տուգանային հրապարակից, կարմիր քարտ ստացա ու 11-մետրանոց նշանակվեց: Զիջեցինք 0:7 հաշվով: Հանդիպումից հետո մի քիչ քայլեցի ու տեսա, որ ոտքս բավական ուռել է:  

Լուսանկարը` Վարդան Խաչատրյանի անձնական արխիվից


Երիտասարդ տարիքում թվում էր, որ ցանկացած վնասվածքի կարող ես դիմանալ, իսկ ով չի դիմանում՝ տղամարդ չէ: Հիմա բժշկությունը զարգացել է եւ ամեն ինչ այլ է, նախկինում թիմում միան մեկ բժիշկ ու մերսող կար: Նորմալ սարքավորումներ չկային էլ ու ֆուտբոլիստներին հաճախ պարզապես ասում էին. «Դիմացիր»:

Սխալներն ու խորհուրդները

Ողջ կյանքում մաքսիմալիստ եմ եղել, ամաչում էի, երբ թիմին չէի կարողանում փրկել: Թեեւ դրա դեմ փորձում էի պայքարել, բայց միեւնույն է բաց թողած գոլից հետո լրիվ այլ էի դառնում: Ինձ մեղադրում էի ու տանջվում, կապ չուներ՝ ընդունած գոլում կար իմ մեղքի բաժինը, թե ոչ: Եթե մի փոքր մեղավորություն ունեի, ավելի շատ էի տանջվում: Հպարտ եմ, որ ներկայիս դարպասապահներն ավելի կիրթ են եւ կարողանում են իրենց վերահսկել: Օրինակ՝ այդ որակներն ունի «Ուրարտու»-ից Արսեն Բեգլարյանը, գնդակներ է բաց թողնում ու շարունակում ապրել ներկայով:

Նրա հետ կիսվում եմ իմ փորձով, հիմա կարելի է տեսանյութ ցույց տալ ու ցանկացած դրվագ վերլուծել: Այդ ամենը հիմք է դարպասապահների համար:

Լուսանկարը` FC Dinamo


Ինձ էլ խորհուրդ տվողներ կային, բայց առանձնապես չէր օգնում, քանի որ չէի կարողանում վերահսկել ինձ: Հատկապես հունից հանեց 1998 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը, որն անցկացրինք Դորտմունդում: Մրցակիցն աշխարհի չեմպիոն Գերմանիան էր, Կլինսմանի հոբելյանական խաղն էր ու ցանկանում էր գոլ խփել: Գրոհների տեղատարափ էր, 75 րոպե դիմացանք, բայց միեւնույն է տուգանայինից Յուրգենը գոլ խփեց:

Նման իրավիճակ եղավ նաեւ Ուկրաինայի հետ, բայց այդ դեպքում մարզիչն իրեն լավ չպահեց: 2:1 հաշվով հաղթում էինք, բայց ընդմիջման ժամանակ նրա զրույցն ինձ խանգարեց. «Դու դարպասապահ ես, որն իրավունք չունի այդպիսի գոլ ընդունել»: Այո, Շեւչենկոյին թույլ էի տվել մտնել իմ անկյուն, բայց այն ժամանակ նա անկասելի էր, հիշո՞ւմ եք, թե ինչպես գրավեց Բուֆֆոնի դարպասը:  

Մեղադրանքներն ու հավատը

Նույնքան ծանր էր նաեւ 1996-ին Տիխոնովից ընդունած գոլը (1996 մրցաշրջանի վերջում «Զենիթ»-ը 1:2 հաշվով զիջեց «Սպարտակ»-ին, որն «Ալանիա»-ի հետ չեմպիոնության համար էր պայքարում: Բերեզովսկու կոպիտ սխալներից հետո գոլեր գրանցեցին Անդրեյ Տիխոնովն ու Եգոր Տիտովը: Մինչեւ 1998 թվականը այդ հանդիպման մասին բոլորը մոռացել էին, ապա «Զենիթ»-ի նախկին խաղացող Սերգեյ Դմիտրիեւը հանրայնորեն այն անվանեց պայմանավորված,-խմբ.):

Լուսանկարը` championat


Այդ խաղից հետո անչափ շատ էի տխրել, բայց չեմ արտասվել: Մեզ այն ժամանակ «Ժիգուլի» էին հատկացնում, որ խաղից հետո տուն վերադառնանք: Հիշում եմ, թե այդ օրն ինչպես էի կատաղած տուն գնում: Կարծես ցանկանում էի վթարի ենթարկվել, ներսումս անհասկանալի բան էր կատարվում: Կնոջս հետ մոտ 5 օր չեմ խոսել, ամբողջովին իմ մեջ էի պարփակված:

Իսկ հետո սկսեցի ցավ զգալ, որ իմ հասցեին նման անարդար մեղադրանքներ են հնչեցնում, թե կարող էի պատվերով խաղը «հանձնել»: Մարդկանցից ոչ մի ճնշում չեմ զգացել, անգամ փողոցում որեւէ մեկը վատ խոսք չի հնչեցրել, հիմնականում ԶԼՄ-ն էին այդ մասին անդադար գրում: «Զենիթ»-ում էլ բոլորն ինձ աջակցել են խաղալու ընթացքում ու դրանից հետո:

Պարզապես շարունակ տանջվում էի, թե մարդիկ կմտածեն ծախված եմ, ինչպե՞ս ապրեի այդ մտքերի հետ: Այդ ծանր իրավիճակից դուրս գալ ինձ օգնել է Աստված: Մայրիկս է ինձ այդ հավատը փոխանցել: Զգայական մակարդակում հասկանում եմ, որ Աստված է ինձ օգնել: Դրանից հետո սկսեցի ավելի հաճախ գնալ եկեղեցի, այնտեղ հոգեկան ցավը թեթեւանում է:

Այդ ընթացքում նաեւ ինքնասպանություն գործելու մտքեր եմ ունեցել: Հենց դրա համար էլ գնում ես եկեղեցի, որ նման մտքերը հանես գլխիցդ ու շարունակես ապրել հարազատներիդ ու բարեկամներիդ համար:

Լուսանկարը` sportbox


Բոլոր մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր ինձ նեղացրել են, ներում եմ: Ինչ որ պահ, իհարկե, զայրանում եմ, բայց հետո չարությունն անցնում է: Այնքան եմ այդ մեղադրանքներից հետո տառապել, բայց ֆուտբոլը նրանով է լավ, որ օգնում է աշխատանքի շնորհիվ հաղթահարել բացասականը: Ժամանակի ընթացքում ամեն ինչ բուժվում է: Սովորել եմ ներել ու գնալ եկեղեցի, ինչն ամենաշատն է ինձ օգնում:

Ծանր շրջանը

Ամենաբարդն իմ կյանքում 2000 թվականն էր, նախ հայրս մահացավ, ապա ծանր վնասվածք ստացա՝ թիմակիցս արմունկով հարվածել էր դեմքիս: Կապտուկը մի ամիս չէր անցնում: Նույն ընթացքում էլ «Զենիթ»-ն ինձ ցանկանում էր վաճառել «Սենթ Էթիեն»-ին: Ակումբի հետ հարաբերությունները վատացել էին, դրա համար էլ մեկ հայտնվում էի կազմում, մեկ՝ չէ:

«Զենիթ»-ի հետ կարող էինք հաղթել Ինտերտոտոյի գավաթը, հասանք «Սելթա»-ին, խաղից մեկ օր առաջ չգիտեի, որ կազմում կհայտնվեմ, բայց հանդես եկա: Առաջին կեսում լավ գործեցի, իսկ երկրորդում՝ ոչ այնքան: Նախ սեփական սխալից հետո Կարպինից գոլ բաց թողեցի, ապա՝ Մաքքարտնիից:

Լուսանկարը` boxmitino.ru


Մահվանը մոտ

«Դինամո»-ի կազմում «Տորպեդո-Մետալուրգ»-ի դեմ խաղում կյանքում առաջին անգամ մտածեցի, որ մահանում եմ: Ձմռանը մեր հին ստադիոնում էինք խաղում, հեռվից փոխանցում արեցին, երեւի ցրտից էր, գնդակը փոխեց եզրագիծն ու ցած իջավ: Վազեցի նրա հետեւից ու քայլերի ձայն լսեցի: Պարզվեց մեր Գրիշինն էր սահանկումով թռչում, նա գնդակին էր նայում, իսկ ինձ չէր տեսել: Ուղիղ կողոսկրերիս հարվածեց, կարծեցի՝ մեռնում եմ:

Շնչառությունս խախտվեց, ձկան նման էի: Շունչս կտրում էր, կտտոցներ ու խռռոցներ էի լսում: Մրցակիցը հանգիստ գրավեց դատարկ դարպասը, ինչի մասին հետո իմացա, քանի որ ինձ տարան հիվանդանոց: Ու նոր մեղադրանքներ հնչեցին իմ հասցեին, քանի որ «Տորպեդո»-ին միայն հաղթանակ էր պետք: Հետո եղավ «Մարդն ու օրենքը» հաղորդումը, բայց այն լավ չեմ էլ հիշում, քանի որ շատ երկար բուժվում էի:

11-մետրանոցների վարպետը

Փոքր տարիքում 11-մետրանոցներ որսալ ընդհանրապես չէի կարողանում: 16 տարեկանում մի դրվագ եղավ, ինչից հետո սկսեցի հավատալ ինձ: 11-մետրանոցի ժամանակ կարեւոր է այն պահը, երբ սկսում ես գուշակել, թե որ կողմ կհարվածեն: Միայն ռեակցիայի շնորհիվ դժվար է որսալ այն, մանավանդ՝ հիմա, երբ հայացքով վերահսկում են քեզ ու հիմնականում խփում կենտրոնով, իսկ նախկինում աջ ու ձախ էին ուղակում գնդակը, ես էլ գուշակում էի ուղղությունը:

Լուսանկարը` boxmitino.ru


Երբ իմ դարպասին 11-մետրանոց էին նշանակում, երբեք չէի նյարդայնանում: Գլխումս ենթագիտակցորեն նստել էր, որ ոչնչով ռիսկի չեմ դիմում, բայց կարող եմ հերոս դառնալ: Բացի այդ էլ, որոշակիորեն փորձում էի ուշացնել հարվածելու պահը: Գուլպաներս էի բարձրացնում, քայլում տուգանայինում եւ երկար չէի մոտենում դարպասին:

Այնպես էի անում, որ հարվածողը հնարավորինս երկար մնա սթրեսային վիճակում: Քանի դեռ գոլ չես խփել, անհանգիստ ես: Որքան երկար ես մնում այդ իրավիճակում, այնքան մեծ է սխալվելու հավանականությունը:

Գործում էի մեկ պլանով՝ նայում էի, թե գնդակի որ կողմում է կանգնած ֆուտբոլիստն ու ընտրում էի անկյունը: Բացի այդ էլ փորձում էի 15-20 սմ-ով բացել անկյունը, ինչը շփոթեցնում էր մրցակցին՝ սկսում էր մտածել, թե արդեն դիրքավորվում եմ:

Նախ մարզման ժամանակ որսացի Վլադիմիր Կուլիկովի հարվածը: Շատ անսովոր էր, մանավանդ՝ ձյան վրա: Մինչեւ հիմա հիշում եմ այդ պահը:

Առաջ էլ էր անիմաստ ուսումնասիրել 11-մետրանոցներ իրացնողներին, հիմա էլ:  Սովորաբար նրանք ամուր նյարդերով տղաներ են, ամեն թիմում այդպիսի գոնե մեկ խաղացող կգտնվի: Հիմա հարվածողները հիմնականում բազմապլան են:

Լուսանկարը` Վարդան Խաչատրյանի անձնական արխիվից


Մի այսպիսի դեպք գիտեմ: «Բալտիկա»-ի մարզիչ Սերգեյ Գերասիմեցը Լեոնիդ Տկաչենկոյին նման կարգադրություն է տվել. «11-մետրանոց վաստակելը բավական չէ, այն նաեւ պետք է կարողանալ խփել: Դարպասում Բերեզովսկին է»:

Ծնողները

Ծնողներս ծանոթացել են Շպիցբերգեն կղզում (Նորվեգիա), որտեղ միշտ ձմեռ է, նրանց լուսանկարներն եմ տեսել, որ սկաֆանդրեր են կրել: Հայրս հանքափոր էր, մայրիկս էլ սովորական աշխատող: Գնացել են հանածոներ գտնելու, մի քանի տարի աշխատելու եւ վերադառնալու նպատակով: Իսկ 1960-ականներին Հայաստանում սկսեցին կառուցել Արփա-Սեւան թունելը եւ մասնակիցներին խոստացան 1-2 տարի անց բնակարաններ տրամադրել, նրանք էլ միացան:

Կապանում ենք ապրել ու պատերազմի ժամանակ ականատես եղել, թե ինչպես է Ադրբեջանը կրակում: Մի անգամ ականն ընկել է ինձ շատ մոտ՝ պայթեցնելով մի քանի բնակարան: Կյանքը վատանում էր՝ ուտելիք համարյա չկար, միայն կտրոններով էր: Երբ 14 տարեկան էի, Ադրբեջանի հետ հարաբերությունները վերջնականապես վատացան, ու մենք մեկնեցինք:

Երբ նոր էինք տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, հանրակացարանում էինք ապրում՝ 16 ք.մ սենյակում, խոհանոցն ու բաղնիքն ընդհանուր էին: Մոտ 2 տարի ստիպված էինք համակերպվել այդ ամենի հետ:

Լուսանկարը` championat


Մարզչական աշխատանքը

2023 աշունից համատեղում եմ աշխատանքը Հայաստանի հավաքականում ու «Նոա»-ում: «Նոա»-ն նոր սեփականատեր ունի, որն ակումբի հետ մեծ պլաններ է կապում: Ցանկանում է օդանավակայանից ոչ հեռու նոր ակադեմիա եւ մարզումային կենտրոն կառուցել: Երբ ծանոթս ինձ աշխատանք առաջարկեց ակումբում, հավաքականում դեմ չէին ու միացա նրան:

Քիչ ժամանակ է մնում առաջնության հանդիպումները դիտելու համար: Մյուս կողմից՝ հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կազմը փոխելու կողմնակից չէ: Բացի այդ էլ ընտրությունն այնքան մեծ չէ, ամենաուժեղ հայ խաղացողներն արտերկրում են: Մեր առաջնությունում շատ դժվար է առաջընթաց գրանցել, եթե մեզ մոտ լավ մակարդակի խաղացող գա, հետընթաց կգրանցի: Նորմալ ստադիոնները սահմանափակ են:

Հայաստանի հավաքականում քիչ չեն այլ երկրներում ծնված հայերը՝ Ռանոսը մեծացել է Գերմանիայում, Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայում: Արագության ու գնդակին հպվելու քանակով նրանք գերազանցում են մեր առաջնության ֆուտբոլիստներին: Հայաստանում բոլորը դանդաղ են:

Լուսանկարը` FFA


Էդուարդ Սպերցյանը մեծ պոտենցիալ ունի, նրանցի շատ ավելի թույլ խաղացողներ են հանդես գալիս թոփ առաջնություններում: Ավելի լավ, որ 2023-ին չտեղափոխվեց «Այաքս», ակումբը խնդիրների մեջ ընկավ: Բացի այդ էլ նախորդ տարի Էդիկն ամուսնացավ, ինչը շատ է խանգարում, ինքս էլ այդ ամենի միջով անցել եմ:

Ուգուչուկվու Իվուն Թուրքիայի դեմ խաղում միանգամից բացվեց: Դրանից առաջ չգիտեի, թե նա որքան հեռանկարային խաղացող է:

Կարիերայից հետո

Կարիերայի ավարտից հետո 2-3 տարին այնքան էլ ակտիվ չէի: Սկսեցի խնդիրներ ունենալ, հատկապես երբ պառկում էի քնելու: Զգում էի, որ սրտիս հետ ինչ-որ բան այն չէ: Պահերով թվում էր, թե այն կանգ կառնի, ասում էին՝գլխիս պատճառով է այդպես: Արդյունքում սկսեցի կայուն վազել, հիմա էլ մարզադահլիճ եմ գնում ու շաբաթական 4-5 օր մարզվում:

Միշտ ավելացնելու ձգտում ունեմ, մանավանդ՝ մարզչական աշխատանքում: Դարպասապահներին լրջորեն եմ պատրաստում, փորձում նրանց հետ հնարավորինս շատ շփվել: Կյանքում էլ ավելի հանգիստ եմ դարձել, քան երիտասարդ տարիքում էի:
 
Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին