Սեպտեմբեր 08, 2024
431 դիտում

«Բորուսիա»-«Ռեալ»․ ՉԼ-ի եզրափակիչ հասնելու ճանապարհը


Լուսանկարը` Borussia Dortmund

Լուսանկարը` Borussia Dortmund

Լուսանկարը` Borussia Dortmund

Լուսանկարը` Borussia Dortmund

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid


Չեմպիոնների լիգայի հաղթող թիմի անունը կիմանանք հունիսի 1-ին, երբ «Ուեմբլի»-ում միմյանց դեմ մրցեն Դորտմունդի «Բորուսիա»-ն եւ Մադրիդի «Ռեալ»-ը։

Ծանոթանանք այս թիմերի անցած ուղուն, որը հաղթահարելուց հետո նրանք իրավունք ստացան պայքարել եվրոպական ֆուտբոլի գլխավոր տիտղոսի համար։

«Բորուսիա»

Լուսանկարը` Borussia Dortmund


Դորտմունդը ներկայացնող ակումբն ՈւԵՖԱ-ի վարկանիշում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։ Առաջին ու միակ անգամը ՉԼ-ի գավաթին տիրացել է 1996-97 մրցաշրջանում, իսկ անցած տարի հասել 1/8 եզրափակիչ։

Այս մրցաշրջանում «Բորուսիա»-ն F խմբում զբաղեցրել է 1-ին տեղը, ապա փլեյ-օֆֆում հաղթել ՊՍՎ-ին, «Ատլետիկո»-ին ու ՊՍԺ-ին։

Քչերն էին սպասում, որ «Բորուսիա»-ն դժվարագույն F խմբից դուրս կգա առաջին տեղով։ Էդին Տերզիչի սաները նախ պարտվել էին Փարիզում, ապա ոչ-ոքի խաղացել սեփական հարկի տակ «Միլան»-ի դեմ խաղում։ Սակայն դրանից հետո նրանք վերգտան իրենց ու հասուն ֆուտբոլ ցուցադրելով՝ տոնեցին հաղթանակներ։

Հաղթահարելով խմբի արգելքը՝ գերմանական ակումբը հաջողություն գրանցեց նաեւ ՊՍՎ-ի դեմ դիմակայությունում։ Իսկ ահա ՊՍԺ-ի դեմ հանդիպումները (թիմերը մրցել էին նաեւ խմբում) ցույց տվեցին, որ «Բորուսիա»-ն ուժ է, որի հետ հարկավոր է հաշվի նստել։

Լուսանկարը` Borussia Dortmund


Մասնագետները կարծում են, որ երբ «Բորուսիա»-ն թափ է հավաքում, նրան կանգնեցնելը շատ է դժվարանում։ Հետաքրքիր է, որ դորտմունդցիներին հաղթել օգնում են տան պատերը։ Արժե նշել, որ փլեյ-օֆֆի տնային բոլոր խաղերում «մեղուները» միայն հաղթանակներ են տոնել։ ՊՍԺ-ի դեմ խաղերում նրանք ցույց տվեցին, որ մրցաշրջանի ընթացքում դարձել են միասնական թիմ, որը կարողանում է հաղթել։

Փոփոխություններ եղան նաեւ խաղային դասավորության մեջ։ Թիմը նախ խաղում էր երեք կենտրոնական պաշտպանով ու հիմնվում հակագրոհների վրա։ Հետագայում մարզչական շտաբը փոխեց սխեման՝ երկու հակագրոհող հարձակվողի փոխարեն ներառվեց դասական «9» համարը, որից հետո խաղը սկսեց ստացվել ավելի լավ։

Գերմանական ակումբն անփոփոխ սկսեց խաղալ չորս պաշտպանով ու երեք կենտրոնական կիսապաշտպանով, դրա հետ մեկտեղ որոշիչ դեր ունեն արագավազ եզրայիններ Դոնիել Մալենը, Քարիմ Ադեյեմին ու Ջեյդոն Սանչոն։

Լուսանկարը` Borussia Dortmund


Էդին Տերզիչը մարզչական կարիերան սկսել է հենց Դորտմունդում 2010-ին։ 2020-21 մրցաշրջանում նա կատարում էր առաջին թիմի մարզչի պարտականություններն ու թիմին դարձրեց Գերմանիայի գավաթի հաղթող՝ եզրափակչում հաղթելով «Լայպցիգ»-ին։ Նախորդ մրցաշրջանում նրա թիմը Բունդեսլիգայի ոսկե մեդալները «Բավարիա»-ին զիջեց ընդամենը վերջին տուրում։

Թիմի առանցքային ֆուտբոլիստի դերում ՈւԵՖԱ-ն տեսնում է Յուլիան Բրանդտին։ Բունդեսլիգայի ամենակայուն եւ տպավորող ֆուտբոլիստը հինգ ու կես մրցաշրջան «Բայեր»-ում անցկացնելուց հետո տեղափոխվեց «Բորուսիա»։ Այժմ Գերմանիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանը թիմի կարեւորագույն ֆուտբոլիստներից է։ Նա կարողանում է կառավարել խաղը, միշտ օգնում է թիմին դուրս գալ ծանր վիճակից ու իր հետեւից տանել խաղընկերներին։

Վերջին անգամ «Բորուսիա»-ն ՉԼ-ի եզրափակիչ դուրս է եկել 2012-13 մրցաշրջանում։ Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմը կրկին «Ուեմբլի»-ում է փորձել նվաճել գավաթը, սակայն 1։2 հաշվով պարտություն է կրել «Բավարիա»-ից։
 
 «Ռեալ»

Լուսանկարը` Real Madrid


Արքայական ակումբն ՈւԵՖԱ-ի ցանկում 3-րդն է ու ՉԼ-ի բացարձակ ռեկորդակիր՝ 13 անգամ դարձել է չեմպիոն։ Նախորդ մրցաշրջանում «Ռեալ»-ը հասել է կիսաեզրափակիչ ու լքել պայքարը «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունից հետո։ Այս մրցաշրջանում «Ռեալ»-ը C խմբում գրավել է 1-ին տեղը։ Ապա հաղթել նախ «Լայպցիգ»-ին, ապա «Մանչեսթեր Սիթի»-ին ու «Բավարիա»-ին։

«Ռեալ»-ը տասնամյակներ շարունակ մնում է այն թիմը, որի խաղին հետեւելը միայն հաճույք է պատճառում։ Իհարկե, ավելի ուշադիր ուսումնասիրելուց հետո նկատվում են սխալներ, որոնք հատկապես երեւացել են փլեյ-օֆֆ փուլի հանդիպումների ժամանակ։ Մասնագետները կարծում են, որ «Ռեալ»-ը հաղթանակների համար պարտական է ոչ միայն աստղային խաղացողներին, այլ նաեւ դարպասապահին՝ Անդրեյ Լունինին։ Նա հիանալի է դրսեւորել իրեն «Լայպցիգ»-ի ու «Սիթի»-ի դեմ հանդիպումներում։ Առանձնահատուկ պետք է նշել նաեւ Խոսելուի անունը, որի շնորհիվ «Ռեալ»-ն անցավ «Բավարիա»-ի արգելքը։

Լուսանկարը` Real Madrid


ՉԼ-ի գավաթին տիրանալ «Ռեալ»-ը կարող է զուտ միայն անվան հաշվին։ Այնպիսի մեծ ցանկություն, ինչպիսին տարիներ շարունակ ունի «Ռեալ»-ը դեպի ՉԼ-ի գավաթը, թերեւս ոչ մի ակումբի մոտ չկա։ Միանշանակ, մի քանի եվրոպական ակումբներ այսօր ավելի լավ տեսք ունեն, բայց պետք չէ մոռանալ այս թիմի առաջատարներին՝ Վինիսիուս, Ջուդ Բելինգհեմ, Թոնի Կրոս։

Վերջին շրջանում մադրիդցիները խաղում են 4-4-2 սխեմայով։ Անչելոտին մեծ ընտրության հնարավորություն ունի, այս պահին էլ վնասվածքների խնդիր չկա։ Որքան հնարավոր է կիսապաշտպաններ է ներառում դաշտում եւ որդեգրել է ավելի բաց ֆուտբոլ՝ ձախ եզրում գրագետ օգտագործելով Բելինգհեմին։ Կարելի է ասել, որ այս պահին «Ռեալ»-ը Եվրոպայում հակագրոհներով հանդես եկող լավագույն թիմն է։

Լուսանկարը` Real Madrid


Կառլո Անչելոտին մարզիչ է, որն այս ակումբի պատմական նվաճումների շարքը շարունակեց։ Իտալացին դարձել է առաջին մարզիչը, որը Եվրոպական գավաթը/Չեմպիոնների լիգայի գավաթը հաղթել է 4 անգամ։ Նա նաեւ առաջին մարզիչն է, որը չեմպիոն է դարձել Իտալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Իսպանիայում։

Իսկ առանցքային ֆուտբոլիստ ՈւԵՖԱ-ն նշել է Ջուդ Բելինգհեմին։ Անգլիացին հենց առաջին մրցաշրջանից դարձավ թիմի գլխավոր գործոններից մեկը։ Երբ նա վերցրեց Զիդանի լեգենդար 5 համարի շապիկը, պարզ դարձավ, որ «Սանտյագո Բերնաբեու»-ում ամենատաղանդավոր կիսապաշտպաններից մեկից սպասելու են շատ բան։ Ու կարելի է փաստել, որ Բելինգհեմն արդարացնում է հույսերը։

Ահա այսպին էր «Ռեալ»-ի պատմությունը, որը 18-րդ անգամ ՉԼ-ի եզրափակչում է։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին